Մետրո շատ ենք սիրում՝ ես էլ, Դավիթ Բլեյանն էլ, որ մոտենում, ավելի է մոտենում չորս տարեկանին՝ ավելի ու ավելի հեռանալով 3 տարեկանից.
— Ամեն օր մոտենում եմ, ամեն օր հեռանո՞ւմ,- հարցնում է Դավիթը հերթական մեր խոսակցությունից հետո, թե ինքը քանի տարեկան է, քանի ամսական, քանի օրական ու երբ կդառնա կլոր 4 տարեկան…
Երևանյան մետրոն էլ իր այս տեսքով կարծես ցուցադրական ուսումնական վարժասարք լինի… 1981թ. գործարկման պահից այսքան տարի՝ անշարժ-ավարտուն… Այսպես էլ ապրում ենք…

Նոր դպրոցում ծիրանաչիր են պատրաստում։ 
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի։

Ես խուսափում եմ «Զորավար Անդրանիկ» կայարանից, որքան էլ այն հարմար է թվում ինձ ու Դավթին. ստորգետնյա անցումով, Օղակաձև այգով՝ ոտի, հեծանվի (նաև մանկական) ճանապարհի մի կանգառի վրա է մեր շենքը, այգուց էլ՝ մի վերգետնյա մեզ սիրելի անկյուն-անցում, ու Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի մտերմիկ հրապարակում եմ… Բայց մենք, որպես կանոն, բաց ենք թողնում «Զորավար»-ի կայարանն ու իջնում Հանրապետության հրապարակի անբարեկարգ, այդպես էլ անշարժորեն բարձիթողի կայարանում… Ինչո՞ւ… երբ դեռ պիտի անցնենք Վերնիսաժի տարածքով…
«Զորավար Անդրանիկ» մետրոյից դուրս ես գալիս ու տոնավաճառով-տոնավաճառ դարձած անցումով (իմ շունչը կտրվում է, ես արագացնում եմ դուրս գալը) ու հայտնվում… Զորավար Անդրանիկի արձանացած հայացքում ու պաշտպանության տարածքում տեղավորված Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակա… տոնավաճառում, որ սկսվում է «Լուսնի այգի» կոչվողից (Գրիբոյեդովի արձանն էլ մեջը) մինչև Վարդան Մամիկոնյանի արձան-հրապարակը ներառյալ… Այս ցաքուցրիվ, այլանդակ աղմուկով, որ երաժշտություն է կոչվում, ղռղռան փող փախցնողներով, որ կարուսել, «զվարճանքի» այլ միջոցներ, սրճարաններ են կոչվում, ամբողջության մեջ անճաշակ-անխնամ՝ անկիրթ հակամանկական-հակաքաղաքային տարածքը փրկել է պետք, վերադարձնել… այո՛, մանուկներին, նրանց ընտանիքներին… Հանրայնացման մասին է խոսքը։

Հսկա, եզակի լճակը թելադրում է մանկական (ընտանեկան) լողափի հնարավորությունը… Պատկերացրի՞ք, ընտանեկան հանգստի գոտի՝  բաց, պարզ, մարզական խաղահրապարակներով, կանաչ գոտիներով բաժանված ամենատարբեր՝ հեծանվային-անվային-չմուշկային, ավազային վոլեյբոլի-բասկետբոլի-ֆուտբոլի դաշտերով… լճով-լողափով՝ բնական կենդանի մարդու աշխույժով… Իսկական երևանյան ծովափ… որ կարող է գործել մայիսից-հոկտեմբեր, իսկ մարտից մինչև նոյեմբեր՝ որպես մարզադաշտ-զբոսատեղի՝ Օղակաձև այգուն կապող ճեմուղի-անցումով… Չես ուզում՝ անցիր Օղակաձև այգու հաջորդ գոտի, որ սկսվում է արդեն Վարդանանց փողոցից… տարածվում մինչև Թումանյան փողոց, Խանջյան և Ալեք Մանուկյան փողոցների միջև… Այս երկրորդ գոտուն դեռ կվերադառնանք, հետևեք իմ օրագրին. գոտի-գոտի ներկայացնելու եմ Երևանի՝ խորհրդային շրջանի ժառանգություն Օղակաձև այգու հանրայնացման իմ ծրագիրը։ Թեման նոր չէ իմ օրագրում. ինչպե՞ս նոր լինի, եթե ոչ միայն լուծում չի ստանում, այլև ավելի ու ավելի օտարվում է, այլանդակվում Օղակաձևը։

Հիմնական դպրոցի 2-4 տարեկանների լողափնյա մաթեմատիկական ֆլեշմոբը:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Ամառային դպրոցները կրթահամալիրի հուլիսի մեջ, տեսեք, իրենց որքա՜ն լավ են զգում, անգամ, համաբանգլադեշյան-համաքաղաքային այնպիսի իրադարձություն, ինչպիսին կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսությունը և Աննա Բլեյանի՝ իմ եղբայր Ստեփանի սքանչելի դստեր հոբելյանական արարողությունը, չխանգարեցին Հասմիկ Ղազարյանին, որ իր դպրոցի հայտարարության ո՛չ օրը, ո՛չ ժամը չփոխեց… Տպավորված եմ:

Այսօր սկսում է Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատի արտագնա ճամբարը Աղավնավանք-Լաստիվերում… Ջոկատն աշխատանքային վերջին օրը երկար աշխատեց, որ նաև տիկին Էլյայի սրտով լինի իրենց մեկնումը… Հուլիսի 9-ին՝ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար մեկնումից մեկ օր առաջ վերջին հավաքն է անցկացնում կրթահամալիրի Ավագ դպրոցի մյուս խումբը…

Վահրամ Թոքմաջյանը ոչ միայն նախաձեռնել է հասարակագետների ուսումնական դպրոցը, այլև «Երկիր մեդիայի» ներկայացուցչի հետ այցելել էր կրթահամալիր՝ դպրոցի պայմաններին ծանոթանալու… Երեքով մենք ավելի ոգևորվեցինք… Հուլիսի 26-28-ը կդառնա ամենամյա ճամբարի մեկնարկ…

12-րդ դասարանցիների ավարտական վկայականների հանձնումը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Անահիտ Հարությունյանը, որպես համակարգող, իրական է դարձնում դասվարների ճամբարի մեկնարկը, ինչպես մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմոբը՝ «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարի… Որքան էլ ուզենամ, չեմ սպառի ամառային դպրոցի հուլիսյան օրակարգը…

Դավիթ Բլեյանը մեծ տղա է. ինչքա՜ն շուտ են մեծանում մեր երեխաները… թվում է՝ երեկ էր՝ ծնվեցին…Մեդիայում իր այցով անակնկալի բերեց-հիացրեց պաղպաղակի պես անուշ կամ պաղ ջրի պես հուլիսյան՝ Սրբուհի Աղաբաբյանն իր Մինայով… Թվում էր՝ գրկի երեխա պիտի լինի, ա՜յ քեզ մարդ, հասուն-ուրախ, բոլորիս խառնեց — իրենով արեց՝ իր հմայքով-ժպիտով… իսկը մոր նման… հազիվ մեկ տարեկան դարձած: Այսպիսի գործը՝ մարդու ստեղծումը, արարչագործություն է հաստատ… Երբ հազիվ պոկվեցի Մինայից ու հեծանվով անցա դպրոցական իմ այցերին՝ սկսելով Գեղարվեստից, չգիտեի, որ աստիճանների մոտ էլ հանդիպելու եմ Լուսինե Մանուկյանին՝ իր հրաշալի եռյակով՝ Աստղիկ, Էվա, Արեգ… Արեգը՝ Լուսինեի, թե Աստղիկի գրկում, մեկ տարուն մոտեցող, տղամարդու ուժով, ինքնուրույն առինքնող տղուկ… Ես պատմեցի ընտանիքին Մինա-Սրբուհու մասին, ու Լուսինեն որոշեց չկորցնել ընկերուհուն հանդիպելու պահը: Շնորհակալ եմ Աստղիկին՝ իմ խնդրանքն իրեն բնորոշ շնորհքով կազմակերպելու համար… Իմ օրագիրը հենց այսպիսի հանդիպումների արձանագրման համար է…

— Դավիթ, փոքրերը պիտի լսեն մեծերին՝ հայրիկին, մայրիկին…- ուսուցանում է համառորեն Արմինե մայրիկը:
Դավիթը, որ խաղում է, առանց խաղից կտրվելու.
— Որ չեն լսում, ի՞նչ է լինում…
Արմինեն, շփոթված, պատասխան չունի…
— Որ չլսեմ, անցած անգամվա նման կլինի՞… Անցած անգամ ի՞նչ եղավ, ասա՝ իմանամ, մայրիկ…

Սա էլ «Առավոտի»՝ հունիսի 26-ին խոստացած տեսանյութը։ 

[youtube https://www.youtube.com/watch?v=wCQwoel6xXY]

 Ֆոտոխմբագիր՝ Հռիփսիմե Առաքելյան
#382

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեկմեկու նայել կարողանանք…

Աշխարհ է, փոփոխական է, վաղը, մյուս օրը կարող է հանդիպենք, մեկմեկու նայել կարողանանք… Հիմա ես դիտում եմ «Տնից՝ տուն» ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունեցել 1989-ին… թե ինչպես են Ադրբեջանում

Նախաձեռնություններին արձագանքելու ժամանակը

Սեբաստացիական օրացույցով վաղը՝ փետրվարի 9-ին, սեբաստացի կրթական համայնքի հետ առցանց հանդիպման օրն է՝ ժամը 19։00, թվային միջոցի առաջ․․․ Պատրաստվում ենք հանդիպմանը, սեբաստացի սովորող, ընտանիք, շրջանավարտ, մանկավարժական աշխատող, բարեկամ։ Մի շրջանում ենք, երբ ավելի ու

Բարով ես գալիս, տարե՛րք, երկար մնա…

— Ինչո՞ւ ես շորերով չեմ լողանում,- առավոտյան լողի հետ զրույցն սկսում է Դավիթը Բլեյան: — Չգիտեմ, ասա՝ իմանամ… — Դու ես հանում, դու ասա… — Ես հանում եմ, դու էլ