Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ էլ Սյուզի Մարգարյանը շարունակո՞ւմ է օրվա գրի ընթերցումը, որպես նորօրյա աղոթք (Պարույր Սևակի համանուն ստեղծագործության անունն է, ինչո՞ւ կրկին-նորից չկարդալ այն), բայց հավատալիքի մոգական ազդեցության նորանոր նշաններ է ցույց տալիս… Հայտարարել եմ, չէ՞, առտու 5-7-ը անել օրվա շարադրանքը և հրապարակել այն երեկոյան 5-7-ը, ամեն օր, անխափան՝ չջոկելով շաբաթ-կիրակին, տոնը-արձակուրդը, աշխարհագրական վայրերը… Հենց խախտվում է այս պայմանավորվածությունը, մի ուժ սկսում է խառնվել ու խառնել, անգամ, պատժել…

Նախավերջին նախազգուշացումն Արցախից ետ գալիս էր՝ Լիլիթ Բլեյանի համերգի օրը։ Ես ուղարկել էի օրվա գիրը ճանապարհի ու համերգի սկզբի արանքում, բայց իմ խմբագիր համահեղինակները՝ Սուսան Մարկոսյանն ու Սուսան Հովհաննիսյանը, ևս հրավիրված էին ու մասնակցեցին Լիլիթի համերգին, և գիրը մնաց թողարկելու… Համերգից առաջ խաղաղ, չոր եղանակ էր՝ անամպ երկնքով… Երբ դուրս եկանք, եղանակն այլ էր, ամպրոպ ու անձրև… Ահա մենք շտապեցինք թողարկել գիրն օրվա արդեն կեսգիշերին, ու եղանակը խաղաղվեց, կայունացավ… Երբ կասկածում ենք, մի բան ուզում ենք ստուգել, դիմում ենք Սուսան Մարկոսյանին. դիմեք:

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ հոկտեմբերի 26-ի (կիրակնօրյա) գիրը բացակայում է… Սրան չէր կարող փոխարինել հոկտեմբերի 27-ի ողբերգության առիթով շատ տեղին հրապարակումը՝ «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը», որ, շնորհակալ եմ կրկին Սուսան Մարկոսյանին, իմ «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից հրապարակեց:
Ես, բոլորիդ համար անակնկալ, գամվեցի անկողնուն… Տարիքի հետ սնահավա՞տ եմ դառնում… Էլ ի՞նչ…

Արցախից վերադառնալիս շատ դադարներ ունեցանք։ Ես այդպես էլ չեմ հասկանում, թե իր գյուղով անցնող փողոցում գյուղացին նույն ապրանքն ինչո՞ւ է նկատելի թանկ վաճառում, քան Մալաթիայի գյուղմթերքի շուկայում է: Ա՛յ սառնակունքցի տատիկ, 500 դրամանոց ավելուկի կապն ինչո՞ւ է 1000 դրամ. իմ նման միամիտ, գնից անտեղյակ մարդկանց թիվը Հայաստանում մեկ տարում կրկնակի շատացե՞լ է: Կամ սունկը՝ դույլով… Ինչ չեմ սիրում՝ որ սակարկման համ ու հոտը, խոսք ու զրույցը մոռանում են. տնաշեն, հո ինչ-որ մի սեփականատիրոջ անիրավունք վաճառողը չե՞ս, քո ապրանքն է, քո գյուղը, քո գնորդը դարձրու, քաղցր-մեղուշ… Բա ապրանքի փաթեթավորումը, բա շրջապատը, բա դժգոհ մռութը… Հենց իշխանավոր տեսնի, թևերը վեր կբարձրացնի ու տեսախցիկի դեմ կպարի… Չէ, մարդ չդարձավ էս մեր գյուղացին էլ,- մոտավորապես այսպես կբացականչեր Հովհաննես Թումանյանը. ինքը (գյուղացին) համոզված է, որ բարեգործություն է անում, ինձ նման հեշտ ապրողն էլ դեռ պահանջներ է ներկայացնում:

— Եկանք-եկանք՝ ո՞ւր հասանք,- շարունակ հարցնում է Դավիթը, որ չհավանեց մեր առևտուրը, ասել է թե՝ գյուղացու մուննաթը… Չի իջնում, չի մոտենում. ցուցանիշ է, մնում է մեքենայում… Զանգակատուն գյուղում՝ Պարույր Սևակի ծննդավայրում, փողոցում առևտուր անողները մայր ու որդի են, որքան հասկացանք… Ու մեկ էլ այս հիսունին մոտ տղամարդը թե՝
— Դուք Բլեյանն եք…

Եվ ի՞նչ… Ես կյանքով գիտեմ, որ իմ գործոնը գինը բարձրացնող է. մարդիկ համոզված են, որ ես, գոնե միլիոնատեր եմ, և մի քիչ փախցնելու առիթն ինչո՞ւ բաց թողնեն: Ահա ինչու՝ ես շուկա, խանութ հազվադեպ եմ մտնում. հա՛մ գներից գլուխ չեմ հանում, հա՛մ խառնում եմ ապրանքի լավն ու վատը վաճառողի իմ ընկալման հետ, հա՛մ էլ՝ գլխավորը, չեմ սիրում, որ խաբում են…
— Այդ դո՞ւք եք մեր Սևակին քննադատել, կպել… ժամանակին…

Օ՜յ, այ քեզ գաղափարական նաղդող, նախ, այս մի բուռ մորդ, ցուրտ է, փողոց է, թող տանը՝ թոռների ու տան գործերի հետ: Դու շիտակ կանգի, ապրանքը վաճառի… Ես փնտրում եմ գաղափարի մարդուն նրա մեջ.
— Որտեղի՞ց գիտես, ի՞նչ ես լսել,- օրագրիս ընթերցող է հայտնվել, չնայած օրագրի հոկտեմբերի 10-ի համարում, կարդացեք, ինչ եմ գրել…
— Չէ, ինձ ասել են… Ես կարդալու հավես-ժամանակ չունեմ. մեր գյուղացին է Սևակը…

Ահա այսպես են թասիբին կանգնում. իրենց սեփականությունն է, դուք պիտի պաշտեք… «Նորօրյա աղոթքի» հեղինակն իրենց գյուղացի Սևակն է…

Ու ես հիշեցի Մուշեղ Գալշոյանենց գյուղը՝ մեր Աբրահամ Հովհաննիսյանի ծննդավայրը նաև…

Ամեն տարի Մուշեղի ծննդյան օրը ես, իմ դպրոցը հայագիտական հատուկ ներկայացումով-ծեսով այցելում էինք Թալինի Կաթնաղբյուր… Համերգ-հանդիպում-տոնախմբություն… Ես չգիտեմ՝ Կաթնաղբյուրում, Մուշեղի մերձավորները թող ներեն ինձ, իմ չափ Գալշոյան կարդացած, Գալշոյան փոխանցած, Գալշոյանի կորուստը մեր գրականության ու իրականության համար սգած մեկը կա՞: Առիթ է. առաջարկում եմ կարդալ-վերընթերցել Մուշեղի «Մարութա սարի ամպերը» ժողովածուն. ի՜նչ լեզու է, ի՜նչ աշխարհ, ավա՜ղ, կորսվող…
Եվ, ահա, մութին, երբ մեծ դահլիճային հանդիպումից հետո դուրս ենք եկել ու գյուղի փողոցներով իջնում ենք, մի ձեռքի հարված ստացա մեջքից ու… մթության մեջ փախավ-կորավ «էրգրապաշտը»…

Իմ օրվա գիրը «լեգո» գիր չեղավ, այլ լաբիրինթոսից դուրս գալու մի փնտրտուք…

Նոյեմբեր ամիսը, գիտեք, իմ ամիսն է։ Տրամադրությունը, որ ունենում եմ այս ամսին, Հ. Թումանյանի «Պատրանք»-ով և Կոմիտասի «Չինար ես» երգով է արտահայտվում… Բակունցի «Միրհավ»-ով… Ուզում ես առանձնանալ ամենահարազատներից անգամ ու քայլել. ոտքով՝ անծանոթ ճանապարհ, անտառ, բարձունք հասնել… Տաք-հարմար հագնվես ու քայլես երկա՜ր, անշտապ, քո ականջում մնացած էն զիլ ձայներով միայն:

Անցյալ տարի այս ժամանակ էր կարծես, Արմինե Թոփչյանը թող ճշտի, ես առաջարկեցի մի ուսումնական նախագիծ… երևանյան այգիներում, պուրակներում, անտառային գոտիներում (հա´, հա´ անտառային գոտինե՜ր) լինել խմբով, դասարանով… ու պատմել: Իջնենք, սարերից, դաշտերից, մեր տուն ու բույն, բայց չկտրվենք բնությունից:

Առաջարկում եմ տարատարիք խմբերին, ակումբներին (բոլորն անելիք ունեն՝ զինված մեդիամիջոցներով, նկարակալներով) այսպիսի մի երթուղի՝ հետիոտն, քայլարշավ, թափառում՝ անշտապ, շուրջը զննելով, գրանցելով ձայներ, գույներ, տեսարաններ… Սկսում ենք Լունապարկից (Լուսնայգուց) Խանջյան փողոցի՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող հատվածից, գրանցում ենք ժամանակն ու քայլում այգով մինչև Վ. Մամիկոնյանի արձան, անցնում նշագծած կամ ստորգետնյա անցումով Մամիկոնյան փողոցը, մտնում նորից Օղակաձև այգի՝ մինչև Սայաթ-Նովա փողոց, հետո, Եղիշե Չարենցի արձանի մոտ դադար առնում, նստում խոտերին, մի քիչ կարդում-զրուցում, շարունակում ճանապարհը Ալեք Մանուկյան և Խանջյան փողոցների միջև ընկած այգով (ուսանողականով), Կամերային երաժշտության տան այգով, Իսահակյանի արձանով (տեսեք, կա՞ հարմար միջավայր՝ «Ավետիք Իսահակյան» գյոզալ նախագծի ներկայացման համար), անցեք Օղակաձևի Առագաստանավային հատվածը մինչև Թամանյանի արձան, շուռ եկեք, նայեք Օպերայի շենքին, կարդացեք Չարենցի բանաստեղծությունը՝ «Նա տեսել է երևի արևային մի քաղաք…», հետո՝ Կասկադով վեր… մինչ «Խորհրդային Հայաստան» հուշարձան ու Հաղթանակի այգի… Նայեք ժամացույցին… Կարելի է նույն ճանապարհն անցնել հեծանվով, անիվներով, պատանիները, երիտասարդ մեր ուսուցիչները՝ զույգերով, թևանցուկ… Ես վստահ եմ, որ այս հետիոտն-քայլքային ճանապարհը չենք կարող չդարձնել ամենաբանուկը. բացենք հետիոտն երևանցու առաջ մի առանցք, մի ճառագայթ՝ ճանապարհին հաղթահարելով բազում խոչընդոտներ…

Դավիթ Բլեյանը, գիտեք, դառնում է ավելի ու ավելի վտանգավոր. սիրված, սիրվող շարունակ, խելքը տեղը, լեզուն բացել է մեր էպոսի ծուռ ախպերը… Երեկ ուշ, տեսնելու բան էր ժամը 11.00-ին միասին Շուշոյի՝ ելակ, Դավթի նուռ ուտելը, Շուշոյի՝ իր նոր արդուզարդի, սանրվածքի, Դավթի՝ իր նոր մեքենաների հատ-հատ ցուցադրումը։ Դավիթը նստել է բազկաթոռին՝
— Շուշո, բեր ցույց տուր՝ տեսնեմ, հագնվի՝ տեսնեմ… քայլի՝ տեսնեմ…
Շուշոյի համար այսպիսի «էքսկլյուզիվ» հնարավորություն էր ստեղծվել…

Իսկ «Դավթապատում»-ն ամբողջությամբ՝ հաջորդիվ…

One thought on “Լաբիրինթոսից դուրս գալու փնտրտուք”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ հաղթանակը անձնական ապրեցնող լինի

Շուշիի վերադարձը` որպես ազատ հայոց քաղաք, Շուշիի ազատագրումը 1992-ի մայիսի 8-ին` որպես համահայկական տոն, թվում է`անցնող 23 տարիների ընթացքում իր բազմաձևությամբ-իմպրովիզով պիտի ընդգրկեր ու ընդգրկեր նորանոր խմբեր-շերտեր այնպես, որ տոնը

Ուղղակի անկեղծ

Կանաչ Սասնալանջի հրավերը, որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծային շաբաթի երկրագործության ստուգատեսային բաց հարթակ, տեսեք՝ ի՜նչ գործուն արձագանք ստացավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և կանաչապատման կազմակերպության՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ—ի կողմից…

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր