Մինչ դուք կկարդաք իմ այս գիրը,  ես կլինեմ Ստեփանավանում, Կուրթանում։ Իրական է դառնում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ գործարկվող՝ կրթահամալիրի հայրենագիտական, ռազմա-մարզական, բնապահպանական, արշավախմբային բաց «Հնեվանք» ճամբարը, որը օգոստոսի 1-ից կընդունի ճամբարականների հինգ գիշերումով հերթափոխները, հերթափոխում՝  քառասուն 6-12-րդ դասարանի սովորողներ, մանկավարժական աշխատողներ։ Հնեվանքը, որից քիչ հեռու է լինելու մեր դաշտային-անտառային ճամբարը, Կուրթանի ձորը, շնորհիվ մեր ճամբարի կսկսեն նոր կյանքով ապրել։ Ավելի մանրամասն նորություններ՝ երբ ետ դառնամ Կուրթանից։ Ստեփանավանի զորամասը՝ մեր գործընկերը, սկսել է դաշտային ճամբարի տեղաբաշխման-տեղադրման աշխատանքները։ Տեղն է, կրկնենք, այս ճամբարը օգոստոսի 20-ին կընդունի այն 10-11-րդ դասարանցիներին, որ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցում ընտրել են ռազմագիտության խորացված ուսուցումը։ Ահա այս օրերի ամենաթարմ կրթական նախաձեռնության հայտարարությունը։

Դավիթ Բլեյանը, գիտեք, ագահ է և սիրում է ճոճվել այնքան, որ կարող ես չդիմանալ… Ինքը դա գիտի և ուշադիր արձանագրում է այդ պահը. «Հիմա արի հաշվենք, հայրիկ»։ «Հայրիկն» արդեն անվրեպ կաշառք է, իսկ հաշվելն ինձ համար, ինչպես Թումանյան կարդալը Դավթի հետ, ասերգի է նման… Գնաց-եկավ ու մեկ ճոճ, երկու, երեք… տասը ճոճ… Դավիթը յուրացրել է այս ռիթմը՝ 11, 12…. 20, իսկ Դավիթը՝ 21, 22… Այսպես մինչև 100, ու Դավիթը՝ 101, 102… Ինձ միշտ անհամոզիչ ու դաժան է թվացել թվաբանության գործող ծրագիրը, որը երկար պահում է երեխային տասնյակի սահմանում։ Դավթի հետ մենք հաշվում ենք հնարավոր ամեն ինչ մեր շրջապատում՝ սկսած մեր մատներից, վերջացրած ճոճքով՝ այդ թվում՝ և՛ Դավթի … մազերը, և՛ մեր պատշգամբի վարդի թփերն ու թփերի վրայի կոկոնները։ Սա ոչ միայն օգտակար, այլև անհրաժեշտ գործունեություն է՝ սկսած երկու տարեկանից։ Հաշվեք ձեր երեխայի հետ, հաշվեք շրջապատում եղած առարկաները, առանց խտրություն դնելու, առանց հավեսին ու նպատակահարմարությանն ապավինելու։

Երեկ, ինչպես խոստացել էի իմ օրագրի ու բլոգի ընթերցողներին, իրական դարձավ և «Բլեյան բլոգ TV»-ն և իմ տպագիր շրջանի (մինչև 1991թ) մանկավարժական, հասարակական-քաղաքական շրջանակի հոդվածների հրապարակումը՝ շնորհիվ մեր գրադարանի սիրելի ու հայտնի ղեկավար Մարի Գաբանյանի սրտացավության և օպերատիվության։ Առաջին հոդվածը, որ ժամանակին Կամո Վարդանյանի խմբագրած «Երեկոյան Երևանում» այնքան աղմուկ հանեց, ձեր սեղանին է։ Իմ քաղաքական գործունեության մեկնարկն ու գործչի կարգավիճակը իմ կյանքի ետկոմերիտական, ետկոմունիստական շրջանում, 1989թ. նոյեմբերին «Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարը տվեց, որտեղ ես ընտրվեցի կուսակցության վարչության անդամ… Ես թիվ 183 նշանավոր դպրոցի հայտնի տնօրենն էի, ու իմ ագահությունը, հասարակական-պետական կյանքի դրամատիկ-համակողմանի փոփոխությունները չէին կարող չկլանել-տանել դեպի նոր եզերք։ Տարան։ Ո՞վ կարող էր Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում մեծամասնական կարգով ընտրվել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եթե ոչ այդ թաղամասում գործող ու Երևանում, վստահ կարող եմ ասել՝ ամենահայտնի դպրոցի նույնքան հայտնի դարձող տնօրենը… Այդպես էլ եղավ. 1990-ի օգոստոսին Գերագույն խորհրդի պատգամավոր էի։

Իմ քաղաքական գործունեության արձանագրությունը եղավ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուն, որը 1989-92թթ իմ քաղաքական հոդված-հարցազրույցների անդրանիկ ժողովածուն է: Ահա այն. ես հրապարակային եմ գործել-գործում քաղաքական կյանքում, ինչպես հասարակական-կրթականում` ինձ կարելի է ստուգել, հետևել, մեջ բերել… Ես մատչելի եմ շնորհիվ իմ քաղաքական գործունեության օրագրի: 2001թ. այդ գրքույկը վերահրատարակվեց: Ահա խնդրեմ 1990թ. Գերագույն խորհրդի նախընտրական, պատգամավորական հոդվածները,  1998թ. ՀՀ նախագահի թեկնածուի իմ ծրագիրը, 2003թ. Ազգային ժողովի նախընտրական-ծրագրային ելույթները…

Ինձ հարցնում են հիմա էլ , թե ինչու է միշտ այդքան աղմուկ եղել իմ շուրջ: Ահա՛ իմ գործն ու իմ խոսքը, ահա՛ ես՝ որպես գործիչ, բոլորն էլ՝ բաց-հասկանալի… Խոսեք:

Երեք օր անընդհատ իմ բլոգ TV-ի եթերում կլինեմ ես` իմ բլոգ պատումներով հուլիսի 25-ի, 26-ի, 27-ի իմ օրվա գրերին կփոխարինեն տեսպատումները: Այս անգամ որպես տաղավար ընտրեցինք մեր կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը, հաջորդ շաբաթ կրթահամալիրի այլ տարածք կդառնա իմ բլոգ TV-ի տաղավարը:

Մեր տանն այսօր ընդունելություն է՝ ի պատիվ մեզ, իմ ընտանիքին, ուրախ եմ, նաև իմ Տաթևին, Շուշանին ու Արևիկին հարազատ դարձած Շուշվա բնիկների` Նալբանդյան-Խաչատրյան ընտանիքի` Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան  հիմնական դպրոցի հայտնի տնօրեն, Արցախի վաստակավոր ուսուցիչ Նազիկ Նալբանդյանի, Շուշիի մանկաբույժ Նունեի ու իր հմայիչ պատանի Արթուրի ու դաշնամուրից երեկոյի ընթացքում չկտրվող աղջնակ Աննայի, զինվորական ծառայությունը որպես  աշխատանք ընտրած Կարինեի….. Օրեր առաջ իմ օրագրի հերոսուհին՝ սեբաստացի-թոռնուհի 10 տարին բոլորող Արևիկն իր ընկերների հետ հյուրընկալվել էր  Շուշիի Խաչատրյաններ-Նալբանդյաններ ընտանիքում…. Անանց, ժամանակի հետ ուժեղացող ու ապագա որոշող տպավորություններ. ամենակարևորը հիմա Արցախ-Հայաստան հարաբերությունների մարդկայնացումն է բոլոր մակարդակների վրա, ու ի՜նչ լավ է, որ Շուշիի ու Երևանի գործընկեր ուսումնական հաստատությունների ղեկավարները կարևոր օրինակ են դարձնում իրենց ընդարձակվող ընտանեկան-անձնային  հարաբերությունները…

Իմ փեսան՝ Լիլիթ Բլեյանի ամուսին, ծնունդով-ծագումով արցախցի, Աժ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը կասեր՝ փայլուն է…
Ի դեպ, մենք բաժակ ենք բարձրացնում իմ  հենց այսօր հինգ տարեկան դարձող Սոնայի համար, որ այդ պահին  ընտանիքով  նավի վրա է… Բարի նավարկում, բարի հանգիստ ու վերադարձ, բոլոր տարիքների ու կարգավիճակների սեբաստացիներ, տպավորիչ ամառ, որ կարող է այդպիսին դառնալ նշանավոր-իրականացված մի նախագծով, խիզախ նախաձեռնությամբ: Խիզախեք, հանդգնեք, որ այս վիճակը հաղթահարվի…

Օրագրի լուրը, չէ՝ ցնծությունը։ Դավիթ Բլեյանն իր քույրիկ Տաթևիկից երեկ իսկական մեծ դեղին բետոնախառնիչ մեքենա է ստացել ու դրանից չի բաժանվում։ Այդ մեքենայով քնեց… Երեք անգամ արթնացավ թե քնի մեջ կանչեց. «պապայիս եմ ուզում», «սովորական ջուր եմ ուզում», «բետոնախառնիչ մեքենաս ուր ա, ուզում եմ»…

Կրթահամալիրի նախակրթարաններում քնի ժամ է

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որպեսզի կարողանանք տեսնել արևի խավարումը

Լիլիթ Ազիզխանյանը մեծ նապաստակ ձու-ձու կակա է նվիրել Դավթին, որ պահվել է սառնարանում՝ Դավիթ Բլեյանին  որպես անակնկալ հայտնվելու համար… Հիմա, երբ Դավիթն արթնացել է քնից առավոտ շո՜ւտ՝ լրիվ ինքնուրույն-մենակ, իր

Ապրել միասին. Հայաստանում և երջանիկ

«Ապրել միասին»-ը վերնագիր չէ, այլ բանաձև. 2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարգախոսն է՝ հաստատված օրերս Փարիզում ընթացող ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում: Սա է դրվելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկելիք նոր

Խիզախների ու խիզախումների ժամանակը

Բանավոր թե գրավոր, հատկապես բանավոր, սեղանի շուրջ իմ հասցեին հաճախ է հնչել «խիզախ» որակումը, սրա հոմանիշ «համարձակը»… Չնայած իմ ականջը «խիզախն» ու «համարձակն» իրարից տարբերում է… Սրանով մարդիկ հաճախ ինքնապաշտպանվում