Իմ գրի այս վերնագիրը առավոտվա մեր երկար զրույցից հետո Արմինեն ընտրեց ու չի սխալվել։

Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։ Դավիթ Բլեյանի վաղ մանկության ամենաազդեցիկ գրական ստեղծագործությունը էպոսը՝ «Սասունցի Դավիթ» վիպերգի Թումանյանի մշակումն է, իհարկե, իմ մատուցմամբ, Լիլիթ Բլեյանինը՝ «Անուշ» պոեմը, իմ պատումով, անշուշտ․․․ Դավթի ու Լիլիթի երաժշտականության համար սրանք, պնդում եմ, աննկատ չեն անցել ու ազդել են։ «Անուշը» պատմում էի, Լիլիթը լսում էր՝ սենյակում գարշոկ-անոթին նստած, թե խոհանոցի աթոռակին, սկզբից մինչև վերջ․․․ քանի՜ անգամ․․․ Դե, Սասունցի Դավիթը կա իմ ընթերցմամբ, ոչ միայն իմ, այլև Դավթի բլոգում։ Երեկ, Մարմարյա սրահում մեր դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարանցիների և նրանց ուսուցիչների վիպերգը, խմբասացությամբ, պարերգով-շարժումով, նոր սկիզբ համարենք, այնքան լավ, որ չի կարող շարունակություն չունենալ. և՛ տանը, և՛ կրթահամալիրում ձեզ հանգիստ չեմ տա։ Հայոց ամենասիրելիի՝ Դավթի մասին վիպերգը ինձ համար պատարագի-հարսանիքի-ծեսի հավասար համարում ունի. բերանացի, միասին, որտե՞ղ և ե՞րբ ասենք, չենք կարող չերգել-ներկայացնել․․․

Դավիթն ու ընկերները: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Այդ նույն ժամանակ ես մտքերով շարունակում էի Անուշի-Սարոյի հետ լինել, իմ ուսումնասիրություններն էի անցկացնում աջ ու ձախ․ լավ, էս ո՞նց է, որ Անուշի-Սարոյի սիրո հուզիչ պատմությունը, որ պարբերաբար ինձ շարքից հանում է, ձեզ որևէ տարիքում, ա՛յ սեբաստացիներ, չի համակում, այնպես, որ իրար պատմեք։ Մարիամ Մնացականյանի հետ երեկվա զրույցը սրա մասին ինձ այնքա՜ն հուսադրեց, որ ահա գիր եկավ, Թումանյանի Դավիթն ու Անուշը իրար շարունակություն եղան։ Մնացածը թողնենք օրացույցին մեր, նրա կազմակերպման ուժին, մեր՝ ավանդապատումի համար շարունակ ծիսական-բեղուն դարձող միջավայրին․․․ Պրծում չունեք։ Միայն թե ջնջեք ձեր ականջներից Արմեն Տիգրանյանի օպերայի երաժշտությունը. լավի-վատի մասին չէ իմ խոսքը, ավելի լավ, եթե հավանում եք, լսեք-երգեք, բայց որպես Արմեն Տիգրանյանի ստեղծագործություն․․․ Թումանյանի Անուշի հետ կապը ո՞րն է․․․ երբ կա Թումանյանի պատումով ամբողջական, այս զարմանալի-ազգային կտավը, ինչպես նրա Դավթի մասին վիպերգը․․․ Այսպիսով ես միանում եմ ձեր երեկվա ներկայացրած խենթ վիպերգին, դուք էլ միացեք իմ ու Մարիամի նախաձեռնած անուշ պոեմին․․.

Գարնան շունչը: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ես գիտեմ, որ իմ գրերը-պատումները մի տեսակ անբաժանելի ատրիբուտներ են այլևս մեր սեբաստացիական աշխարհում, կոմիտասյան «Զար-զընգը»-ի նման, անհատական ընթերցանության չի տրվում, առանձին մարդիկ, երևի, առանձին բաներ են փնտրում, մյուսների-մնացածի համար, դրանք եթե կարևորել են, ապա որ լինեն․․․ սովորել են։ Թե չէ կգտնվեր մեկը, որ իմ 1300-րդ գրում իմ սիրելի Ադրիանայի անվան մեջ վրիպումը կշտկեր․․․ Սխալից առաջացած «Արիանա» էլ կա, սիրելի-ինքնուրույն, Մարիամ Ներսիսյանի օր օրի հայտնի դարձող նորածին աղջիկը։ Մարիամը, մեր Քնարիկ-Սրբուհի Ներսիսյանների կրտսերն է։

Որ կարդայիք, երեկվա իմ գրում․․․ «Ըստ իմ կարծիքի… Տերյանը գրել է հենց սիրո հիման վրա…» մեջբերումից հետո կավելացնեիք հեղինակի, կրթահամալիրի Ավագ դպրոցի Տիգրան Աբազյանի անունը։ Էլի բաներ կարող եմ ասել, բայց․․․ սրանից ավելին չարից է, իսկ ես հավատավորն եմ պահոց ամենաերկար շրջանի, որից ինձ դուրս կարող է բերել միայն ապրիլմեկյան ծիսական ներկայացումը՝ որպես համայնքային ծես-ավարտական աշխատանք Աշտարակում, Արտաշատում, Երևանում․․․

Ծաղկազարդը, գիտե՞ք, ինձ համար գարնան-կենդանության-հարության տոն է, որպես աչքի գերան՝ ծույլ-ուշացող երկրագործին․․․ «Ա՜յ տղա Սիմոն, օրը ճաշ դառավ, վե՛ր կաց քնից, տեղից․․․»։ Սկսել ենք Ծաղկազարդի պատրաստությունը մեր կյանքում, կյանքի ծիսականացումը անհաղորդ-արհեստական միջոցառում չէ, ծեսը կյանքի այլ կազմակերպում է, այլ վիճակ-ազդեցություն։ Ծեսը գործ է, որ պիտի արվի։ Ծաղկազարդի գործերը ծիսական խնամքով ընտրեք, ինչպես երեկ չէ մեկ էլ օրը Հարավում քայլելիս Շամիրամն էր ներկայացնում իրենց ընտրությունը․․․ Ոգևորեց. Արա Գեղեցիկին էլ շատ սազական, մի մեծ, սիրուն, կանաչ աշխատանք․․․

Ծառերը՝ բնության հուշարձան:
Լուսանկարնեը՝ Սեդա Վիրաբյանի  ՖԲ-ի էջից:

Անցած կիրակի՝ Բուն Բարեկանդանին, Մարիետ Սիմոնյանը այնքան էլ արդար չէր համարում, որ աջ ու ձախ ինձ խանդավառ ողջունում են, հալ ու քեֆ հարցնում, տուն քաշում․․․ որքան էլ ինքը ամեն ինչից լավ էլ Մարիետավարի օգտվում էր․․․ Իսկ իրեն մի ծանոթ ռաստ չէր գալիս․․․ Մեկ էլ, խոսքի վրա, Գյումրու նշանավոր, Ռիժկովի անունը կրող բուլվարում մի երիտասարդ սիրուն խմբից մեկը կանչում է բարձր ու Մարիետին մոտենում․․․ Ես այդքա՜ն ուրախացած չկայի։ Իրոք, անարդար էր, ու այսպիսի հաստատումը, հեշտ-սիրով, իմ սրտով էր։ Իսկ ընկերների այդ խումբը առավոտ շուտ եկել էր Գյումրի՝ թափառելու և երեկոյան Գյումրու նշանավոր Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում իրենց ընտրած ներկայացումը նայելու։

Կատարվեց օրեր առաջ իմ գրում կանխատեսումը, և հաստատվեց մեզանում մի այսպիսի ծիսական նշանակության սովորույթ, իր՝ սովորույթի ուժով ու տարածումով․․․ Տարոսը՝ բոլոր կարգի սեբաստացիներիս։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1303

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի

Մեր Դավիթը տղա՜ է, տղա՛, ինչպես ինքն է հաճախ հիշեցնում, ու ինչպես իրենց մաշկի վրա դա ամեն անգամ զգում են իր քույրիկներ Արևիկը, Սոնուլիկը, Մելինե-Մարիամիկը։ Երեկ հերթը Նազենի կրտսեր Հովհաննիսյանինն

Սեբաստացիները՝ արկածներ որոնող…

Մերի Խանջյանին ու կարուձևի մասնագիտական կրթության իր ուսանողներին հանդիպում եմ Սեբաստացի մոլից դուրս գալիս ու, ուշադիր նայելով… կոշիկներին, խնդրում եմ չափել Կենտրոն-Քոլեջ ճանապարհը… Հենց տեղ է հասնում, գրում է իմ

Ախ, գարուն է, գարուն է… Ջա՛ն…

— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա… Ինքն էլ պատասխանում է. — 10 կդառնա… — Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ… —