Սկսում ենք բլոգում հրապարակել 1985-1991թթ հոդվածները։ Շնորհակալություն Մարի Գաբանյանին այդ շարքի թվայնացման համար։
Դպրոց եկել եմ 23 տարեկանում՝ որպես արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ: 7 տարի սիրով աշխատել եմ: Ո՞վ է ասել՝ վատ է այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ: Կամեցե՞լ եմ ես դպրոցի «գեներալը» լինել: Իհարկե:
Հիմա ես 32 տարեկան եմ, մայրաքաղաքի նորակառույց Հարավ-արևմտյան թաղամասի խոշոր դպրոցներից մեկի դիրեկտորը: Հպարտ եմ իմ զբաղեցրած մանկավարժական բարձր պաշտոնով և միշտ երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեկ տարի առաջ այն վստահեցին ինձ:
Նոր կազմավորող թաղամաս, 1800-ից ավելի երեխաներով, տիպային շենքով հսկա դպրոց, երիտասարդ, բազմանդամ մանկավարժական կոլեկտիվ, երիտասարդ դիրեկտոր: Ի՞նչ եմ ուզում ես: Ասեմ՝ ստեղծել լա՛վ, ուժե՛ղ, օրինակելի՛ դպրոց: Օրինակելի՛, ո՛չ ցուցադրական: Ցուցադրական ամեն բան տանել չեմ կարողանում: Պետք է ստեղծել օրինակելի դպրոց: Ինչի՞ց սկսել:
Դպրոցը ուսուցիչն է: Լավ, ուժեղ դպրոցը նույն է, թե լավ, ուժեղ ուսուցիչը: Սա իմ մանկավարժական հավատամքն է: Ո՛րերորդ անգամ երախտագիտությամբ կարդում եմ Վ. Սուխոմլինսկու «Պավլիշևի միջնակարգ դպրոցը» գիրքը: Ահա մի հատված, որը պատասխանում է «Ի՞նչ է նշանակում լավ ուսուցիչ» հարցին.
Վ. Սուխոմլինսկի. «Առաջին: Լավ ուսուցիչն ամենից առաջ նա է, որ սիրում է երեխաներին, ուրախություն է գտնում նրանց հետ շմփան մեջ, հավատում, որ յուրաքնաչյուր երեխա կարող է լավ մարդ դառնալ…
Լավ ուսուցիչ է նա, ով լավ է տիրապետում այն գիտությանը, որի վրա կառուցված է նրա կողմից դասավանդվող առարկան, սիրահարված է նրան…
Երկրորդ: Լավ ուսուցիչ է նա, ով գիտե հոգեբանություն և մանկավարժություն և զգում է, որ առանց տիրապետելու դաստիարակության գիտությանը՝ անհնարին է աշխատել երեխայի հետ»:
Սուխոմլինսկուն ես պաշտում եմ ամենից առաջ իր ազնիվ հետևողականության համար: Խոսքը արարք է, հաստատում է նա իր ամբողջ կյանքով: Կարդում, անընդհատ կարդում եմ «Պավլիշևի միջնակարգ դպրոցը» գիրքի «Մեր ուսուցիչները, դաստիարակները» բաժինը: Զարմանալի է: Ամբողջ մարզով մեկ փնտրել հաճախ մանկավարժական կրթություն չունեցող, «մանկավարժի տաղանդի տվյալներով» օժտված մարդկանց, ոգևորել, բերել դպրոց, ծառայել, անընդհատ ծառայել նրանց, ով կարող է օգտակար լինել երեխաներին, ահա Սուխոմլինսկու ֆենոմենն ինձ համար: Բայց շարունակենք թերթել նրա գիրքը:
«Երրորդ: Լավ ուսուցիչ է նա, ով կատարելապես տիրապետում է այս կամ այն աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ կարողություններին, իր գործի վարպետն է: Շատ կարևոր է, որ դպրոցում մի շատ լավ այգեգործ, ինչպես և մի մարդ, որը սիրահարված լինի մեքենաներին, էլեկտրատեխնիկային մի վարպետ, մի հյուսն, մի բուսաբույծ, որը սիրի փորփրել ուսումնափորձնական հողամասը: Լավ դպրոցում ամեն մի ուսուցիչ ունի իր շատ սիրած աշխատանքը»:
Սպառիչ ու անվիճելի, հավաստի է ձևակերպված: Իսկ թե վիճող կա սրա դեմ, համեցեք. սա՝ հրապարակը, այս էլ՝ Սուխոլմինսկին, Ուշինսկին, Աղայանը (հայ մանկավարժության Ուշինսկին), դպրոցական ռեֆորմի պահանջները… Զարմանալի և հասկանալի միասնություն՝ ուսուցչին ուղղված պահանջները ձևակերպելիս: Բոլորին հայտնի ճշմարտությունն էլ փաստենք. բազում են դիպլոմավոր մանկավարժները, սակավ ընտրյալները:
Ես իմ գլխավոր հոգսն ու գործը համարում եմ ինձ վստահված դպրոցի համալրումը լավ ուսուցիչներով: Դպորցի մթնոլորտը, հողը, ոգին ստեղծում, որոշում են ուսուցիչները. ես նրանց մշակն եմ, նրանց աշխատանքի համար առողջ պայմաններ ստեղծողը:
Իսկ որտե՞ղ գտնել այդպիսի բազմակողմանի զարգացում ունեցող մարդիկ, առանց որոնց դպրոցը դատարկ տուն է: Նորից դիմեմ իմ Ուսուցչին:
Վ. Սուխոմլիսկի. «Լավ մարդիկ կան մեր շրջապատում, հարկավոր է հմտորեն փնտրել նրանց: Ես միշտ հասնում էի այն բանին, որ իրավունք էի ստանում բոլորովին ինքնուրույն կերպով ուսուցիչներ ընտրելու, և գտնում եմ, որ առանց դրան դպրոցն ահնրարին է»:
Ինձ առաջ թվում էր, թե դժվարը այդպիսի մարդիկ գտնելն է: Ոչ, ամենևին: Ես ճանաչում եմ այնպիսի մարդկանց, որոնք իրավունք չունեն դպրոցում չաշխատելու: Եվ ոչ էլ խնդիրը նրանց համոզելը, ոգևորելն է: Խնդիրը (շատ հաճախ անլուծելի) նրանց դպրոցում տեղավորելն է՝ հրամանագրելը:
Ո՞վ եմ ես: Դիրեկտո՞ր: Անունով, հրամանով՝ այո՛, իսկ իրականում, իրավունքներով, փաստացի՝ ոչ: Ինչո՞ւ: Ցույց տվեք մի ուրիշ հիմնարկի ղեկավար, որն ինքը չնշանակի հիմնարկի աշխատողներին (ո՛չ տեղակալներին, այլ շարքայիններին), որն ինքը իրավունք չունենա, գործող օրենքների սահմաններում, աշխատողին ազատել աշխատանքից, արձակուրդ տալ, խրախուսել (նյութապես) ուղարկել ծառայողական գործուղման: Իսկ դպրոցի դիրեկտո՞րը… Խոսքս իրական վիճակի մասին է:
Խնդրեմ, իմ առջև նստած է համալսարանական կրթությամբ ֆիզիկոս-ասպիրանտ, որը նախկինում աշխատել է դպրոցում, հետո լրջորեն զբաղվել գիտությամբ, հետո երեխաների հետ շփման անդիմադրելի պահանջ է զգացել, ի՛նքն է գտել ինձ: Գյուտ է: Այդ են ասում և՛ մարդու կենսագրությունը, և՛ գործընկերները: Դպրոցն էլ մի այսպիսի ֆիզիկոսի պահանջ ունի: Ինչպե՞ս չսեղմեմ նրա ձեռքը, չուղեկցեմ նրան դասարան… Ներիր, սիրելիս, իրավունք չունեմ, որովհետև… շրջժողկրթբաժին կա, քաղժողկրթբաժին կա: Ես ի՞նչ դիրեկտոր, ես կարգադրի՛չ եմ: Ուսուցիչներին նշանակում և ազատում է շրջժողկրթբաժինը, քաղժողկրթբաժինը:
18 ժամից 27-ի սահմաններում տարին մեկ անգամ բաժանում եմ դասերը (մեկ դրույքով վատ ուսուցիչ՝ ինչքա՜ն զավեշտալի է), եղած ուսուցիչների միջից ընտրում եմ դասղեկներին (դասղեկության ձգտողները այդքան էլ շատ չեն), 9 մարդ տասը ռուբլու չափով վճարվող կաբինետի վարիչներ նշանակում: Վերջ: Ուսումնական ծրագրերը չես փոխի, չհավանած դասագրքերից չես հրաժարվի, որ էլ ընտրության հարց կա, ուսումնադաստիարակչական պրոցեսը խստագույնս ռեգլամենտավորված է: Ֆինանսական նախահաշիվ կոչվածն էլ, հո գիտե՛ք, մի շինծու բան է, նրա կազմմանը ես չեմ մասնակցում, առաջարկներ, իհարկե ներկայացնում եմ, բայց… դիրեկտորներ կան, որ նախահաշիվը բաժնից չեն էլ վերցնում: Ինչների՞ն է պետք: Ինչ-որ գումար է պետք՝ կգնաս կենտրոնացված հաշվապահություն, կխնդրես, գուցե և մի ելք գտնեն: Ես անիրավունք-անզոր եմ նաև արտադասարանական աշխատանքների կազմակերպման ոլորտում: Մեկ դրույքի սահանում կարող եմ վճարել մարզական խմբակների համար, կես դրույքի սահմանում՝ երգչախմբի: Կես դրույք էլ տրված է բոլոր մնացած խմբակների վարձատրության համար: Գաղափարները դեղձ չեն, միշտ չէ, որ ճիշտ սեզոնի են հասնում. ասենք՝ անհարժեշտություն է զգացվում շտապ կարգով ավտոփականագործների խմբակ ստեղծել, երեխաները կան, «մեքենաների սիրահարված» մասնագետը կա, անհրաժեշտ բազա՝ նույնպես… Իրավունք չունեմ որոշելու: Ե՛ս չեմ որոշողը: Պետք է գնամ, խնդրեմ արտադպրոցական մանկական օջախների ղեկավարներին, իրոք՝ արտադպրոցական, համոզեմ…
Գուցե ճիշտը եղածն է: Այդ դեպքում, ճշմարիտ եղեք, փոխե՛ք իմ պաշտոնի անվանումը, կոչեք ինձ դպրոցի կարգադրիչ, ինձանի՛ց չէ, այլ ժողկրթբաժվարի՛ց պահանջեք և աշակերտի գիտելիքների ու հմտությունների որակ, և՛ դաստիարակվածություն: Այսօր, այսպիսի իրավունքներով, ես կաորղ եմ պատասխանատու լինել ընդամենը մեր դպրոցական ներքին կարգ ու կանոնի, ուսումնադաստիարակչական պրոցեսի զուտ կազմակերպման կողմի համար: Գուցե մի քիչ խի՞ստ եմ ասում. ով ինչքան կուզի՝ թող մեղմացնի, դարձյալ շատ բան չի փոխվի:
Իմ գործը ավելի հեշտ է. ես չե՛մ դավաճանելու իմ մանկավարժական հավատամքին. դպրոցը ուսուցիչն է: Լավ դպրոց, նույն է թե՝ ուժեղ ուսուցիչ: Եվ միշտ հասնելու եմ այն բանինի, որ իրավունք ստանամ բոլորովին ինքնուրույն կերպով ուսուցիչներ ընտրելու: Առանց դրա ես կթողնեմ իմ պաշտոնը ինքնակամ: Ոչ, ես իշխանատենչ չեմ: Տվե՛ք ինձ այդ իրավունքը և պահանջեք ինձանից՝ լավ, ուժեղ դպրոցի համար: Երեկ այս պահանջը կարող էր վիճելի թվալ, այսօր, դպրոցական ռեֆորմի և մեր կուսհամագումարի լույսի ներքո՝ օրինական և անհապաղ: Թե չէ գիտե՞ք, վտանգավոր բան է ստացվում. աջ ու ձախ, ամենատարբեր ամբիոններից և միանգամայն արդարացի ազդարարում ենք լենինյան ամենակենսունակ ճշմարտություններից մեկը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Իսկ ինձ՝ հիմնարկի ղեկավարիս, ասում են. «Կադրերը քո գործը չեն, դու չէ, որ պետք է որոշես, թե ո՛վ պետք է աշխատի քո ղեկավարած դպրոցում, քոնը սոսկ ղեկավարելն է»…
Լուրջ, պատասխանատու է այս պաշտոնը՝ դպրոցի դիրեկտոր: Կասկածո՞ւմ եք ինձ, չե՞ք վստահում՝ ազատե՛ք միանգամից ու անհապաղ: Պահանջե՛ք ինձանից մարդկային և մարդկանց ղեկավարելու որակներ՝ ամենախսիտ չափանիշներով, առանց համեմատելու, ստեղծե՛ք դիրեկտորին ներկայացվող չափանիշների բացարձակ սանդղակ, ընտեք ինձ: Բայց հենց նշանակեցի՛ք ինձ (ընտրեցի՛ք), լո՛ւրջ մոտեցեք իմ պաշտոնին (ի՛նձ չէ՝ դպրոցի՛ն, երեխաների՛ն), վստահեք ինձ ամբողջությամբ, տվեք այնքա՛ն իրավունք, որքան պահանջում են իմ վրա դրված պարտականությունները, ոչ ավելի և ոչ էլ՝ պակաս: Չե՞մ արդարացնի՝ ճանապարհե՛ք, կշեղվե՞մ, կսայթաքե՞մ, կարատավորվե՞մ՝ քշե՛ք դպրոցից որքան կարելի է հեռու, անվերադա՛րձ: Թե չէ այսպես ճամփա՞ն ուր, ճամփո՞րդն ուր…
Երևան քաղաքում գոյություն ունի մանկավարժական կադրերի տեղավորման հերթ, մեծ հերթ և՝ բոլոր առարկաների գծով: Այդ հերթին կանոնների համաձայն յուրաքանչյուր ուսուցիչ ներկայանում է քաղժողկրթբաժին, վերցվում (կամ՝ ոչ) մանկավարժական հաշվառման և բաժնի ուղեգրով «հերթի կանգնում» շրջժողկրթբաժնում՝ ըստ բնակության վայրի, ստանալով իր համարը: Ուրիշ ո՞ր բնագավառում կա աշխատանքի ընդունման նման կարգ: Օրինակա՞ն է եղածը արդյոք: Ինչո՞ւ քաղաքի ցանկացած ծայրում ապրողը անարգել կարող է աշխատել իր ուզած վայրում, իսկ ուսուցիչը պարտավոր է շատ մեծ դժվարությամբ ստանալ քաղժողկրթբաժնի հատուկ թույլտվությունը նույն քաղաքի, բայց ոչ ի՛ր շրջանում աշխատելու համար:
Մեկ ուրիշ հարց: Ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք չունեն բարձրագույն մանկավարժական կրթություն, չեն ստացել մանկավարժի որակավորում, բայց տարիներ անց գիտակցում են, որ իրենց տեղը դպրոցում է, իրենց կոչումը՝ մանկավարժությունը: Օրինակ, մարդն ավարտել է Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ստացել է «մաթեմատիկոս-ծրագրավորողի» որակավորում, բայց ուզում է, շա՛տ է ուզում և կարո՛ղ է դպրոցում դասավանդել մաթեմատիկա: Գուցե կարելի՞ է ստեղծել մի իրավասու հանձնաժողով, որը նման իրավունքներ շնորհելու լիազորություններ ունենա (թեկուզ ինչ-որ դիսցիպլիններ հանձնելու պայմանով):
Եվ հետո՝ իրավունք ունի՞ շրջժողկրթբաժվարը, առանց օրինականության խախտման, մանկավարժական կադրերի տեղավորման հերթում կանգնած, շնորհալի, դպրոցին անհրաժեշտ երիտասարդ եզակի տղամարդ մասնագետին արտահերթ նշանակել աշխատանքի:
Ի վերջո, եթե մանկավարժական հերթ կոչվածը օրինական է, ի՞նչ պայմանների դեպքում կարելի է խախտել այն (դպրոցի շահերից ելնելով):
Մեծ երախտագիտությամբ՝
Աշոտ Բլեյան
№183 միջն. դպրոցի դիրեկտոր
Խմբագրության կողմից. – Տպագրելով այս նամակ-հոդվածը, խմբագրությունը, իհարկե, որոշ հարցերում ամբողջովին չի կիսում հեղինակի կարծիքները: Բայց այն ռացիոնալ հարցադրումները, որ առաջ է քաշում դպրոցի երիտասարդ դիրեկտորը, այսօր կուսակցության XXVII համագումարի լույսի ներքո, հանրակրթական ու պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի կենսագործման ժամանակաշրջանում, թվում են հույժ կարևոր և ուշադրության արժանի: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է բարձրացված հարցերի շուրջ առողջ, սկզբունքային բանավեճը, որն ինքնին արդեն ճշմարտության հասնելու աղբյուր է: Դե՛, ընկեր դիրեկտորներ, մանկավարժներ, դո՞ւք ինչ կարծիքի եք:
«Երեկոյան Երևան»
21.01.1987թ.
Դիրեկտոր բառի հայերեն իմաստը պետք է դարձնել գործածական՝ ՈՒղղորդող: Հարգանքով՝ Կովդոր-1974 շինջոկատի ընկեր՝Ռազմիկ:
Հարգելի Ռազմիկ Էվոյան, ինչ եղել է, եղել է, այդ թվում՝ դպրոցի «դիրեկտոր»՝ 1987-ին։ Հոդվածը գրված է այդ ժամանակ։ Հոդվածի վերնագիրը որոշել է թերթի խմբագիրը։ Վերահրապարակվող հոդվածում տեքստային միջամտություններ չեն կատարում. նա կկորցնի իր հավաստիությունը։ Իմ բլոգում նշված է իմ պաշտոնը՝ կրթահամալիրի տիար տնօրեն։
1985թ.-ից թ. 183 դպրոցում գործածվել է «դպրոցի տնօրեն», իսկ ինձ ուսուցիչները, հետո նաև՝ սովորողները, ծնողները դիմել-դիմում են տիար Բլեյան կամ տիար տնօրեն կամ պարզապես Տիար։ Որպես զավեշտ պատմում եմ 1985-1987թթ ես Շահումյանի ժողկրթության բաժնի վարիչից նկատողություն եմ ստացել «դիրեկորի» փոխարեն «տնօրեն» գործածելու և պարտավորություն՝ «Տնօրեն» ցուցանակը պատից հանելու։ Սա եղել է։