Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններին ընդառաջ

Ընթերցողները, եթե հիշում են «Դպրոցի դիրեկտո՞ր, թե՞ կարգադրիչ» հոդվածում («Երեկոյան Երևանի» 1987թ. հունվարի 21-ի համարում) որպես իմ մանկավարժական հավատամք ձևակերպել էի. «Լավ ուժեղ դպրոց՝ նույնն է, թե լավ, ուժեղ ուսուցիչ»: Այո, իհարկե, բայց ճիշտ է նաև, որ դպրոցն սկսվում է… ուզո՞ւմ եք՝ հանդերձարանից, չեք ուզում՝ ճաշարանից ու դասասենյակի հարդարանքից, կուզեք՝ զուգարանից:

«…Վերջին 35 տարիների ընթացքում նկատվում է բոլոր տիպի հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համար պետական բյուջեից հատկացվող միջոցների պակասեցման որոշակի միտում… Կրթության ոլորտը ոչ մի բանի պակաս չպետք է զգա: Առանձնացվող միջոցների գումարը պետք է լինի օպտիմալ, լիովին բավարարի եղած և աճող պահանջները» (ՍՍՀՄ լուսավորության մինիստրության թեզիսներից):

Մտեք Երևանի Հարավարևմտյան զանգվածում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված № № 174, 176, 179, 11, 181 և 183 տիպային նախագծով հսկա դպրոցները. տխուր մտածմունքների որքան նյութ. զարմացնող և այո, հանցավոր շինարարական որակ: Թվում էր, թե տիպային նորակառույց դպրոցի դիրեկտորին պիտի հասկանալի նախանձով նայեին շատերը. նոր շենք, որը կարելի է վայելել գոնե 3-5 տարի, առանց կապիտալ վերանորոգման հոգեմաշ հոգսերի, նոր կահույք, որով այնքան են ուրախանում երեխանները: Ես սեփական ժամանակի ծախսման իմ հաշվառումն ունեմ. պարզվում է անցած երկու ուստարիների ընթացքում ժամանակի զգալի մասը ստիպված եմ եղել տրամադրել շենքի հարդարմանը, վերանորոգմանը, դպրոցամերձ հրապարակի բարեկարգմանը: Փաստորեն հիմնահատակ փոխել ենք 1984թ. շահագործման հանձնված նորակառույց սանհանգույցները, ավարտել կոյուղու կիսատ-պռատը, փոխել մի քանի սենյակների ու միջանցքի մանրահատակը, կիսով չափ՝ ջեռուցման համակարգը, կատարել տանիքի մասնակի նորոգման աշխատանքներ… հիմնովին բարեկարգել դպրոցամերձ հրապարակը, շինարարներին մեկ տարի հետո ստիպել, որ կրկնակի կատարեն միջանցքների ու նախասրահի քանդվող մոզաիկ ծածկը…

Այսօր շնորհակալ ենք, լուսավորության մինիստրության գործնական օգնության համար, այդ շինարարական մղձավանջը նոր ուստարում մեզ հանգիստ կթողնի:

Բայց ի՞նչ գնով, ո՞ւմ հաշվին:

Եթե շենքի շահագործումը շինարարների չարածը կամ վայ-արածը, ճարտարապետական ոչ խելամիտ լուծումների շտկումը դպրոցի ղեկավարներից այդքան ուժ է պահանջում (չեմ խոսում վատնված պետական միջոցների մասին) ուրեմն ի՞նչ կա զարմանալու, եթե լավ դպրոց ասելով՝ հասկանում ենք լավ, բարեկարգ շենք, լավ դիրեկտոր ասելով՝ լավ տնտեսվար, իսկ լավ ուսուցիչը՝ ով կարողանում է բարեկարգ վիճակում պահել իրեն տրված դասասենյակը… Այսպիսի մոտեցումը, այսպիսի գնահատականը դպրոցը ներսից կքանդի: Դպրոցի ղեկավարները ամենից առաջ և ամենից հետո դպրոցը սպասարկող բոլոր ծառայությունները ու վերադաս մարմինները գործնականում պիտի սա ընդունեն ու իրականում մեզ անհրաժեշտ է լրջությամբ վերաբերվեն, փաստացի հոգան դպրոցի կենսական կարիքները, խնայեն մեզ ու չզբաղեցնեն մեր երեխաների դաստիարակության հետ անմիջապես կապ չունեցող հարցերով, անխնա պահանջելով մեզնից՝ մոտիկից զբաղվել յուրաքանչյուր աշակերտով ու ուսուցչով:

Մենք` ավագներս, սիրում ենք երդվել. «Հանուն երեխայի պատրաստ ենք ցանկացած զոհողությունների»: Սա՝ խոսքով, ամենատարբեր ամբիոններից: Բարոյականության լեզվում խոսքը՝ արարք է: Իսկ ահա մեր արաքները՝ մեր երեխաների համար ստեղծված մանկապարտեզներն ու դպրոցները իրենց շենքերով, շրջապատով ու սպասարկումով լրիվ հակառակն են ասում: Ես դեմ եմ շռայլությանն ու ճոխությանը: Իմ բողոքը պարզ, համեստ ու ճաշակով հարդարված մանկական կրթօջախների շենքերի համար է: Շենքեր, որոնք թույլ տան հենց երեխաների, ուսուցիչների ու փոքրաթիվ սպասարկող անձնակազմի ուժերով շահագործել շենքը, առանց ուսումնադաստիարակչական պրոցեսից կտրվելու, առանց կրթական գործին վնասելու, ամենօրյա, սովորական. երեխաների առողջության ու բարոյականության գործի համար անհրաժեշտ մաքրություն: Շատ բան հո՞ չեմ ուզում:

Եթե շրջանի, քաղաքի ու հանրապետության ղեկավարները սովորական դարձնեին այցերը մանկական կրթօջախներ՝ այցելելով ոչ միայն տոն օրերին, ոչ միայն գլխավոր մուտքից ու քայլեին դպրոցով, առանց դիրեկտորի ուղեկցության, նայելով շենքի «ծակ ու ծուկերը»…

Բարեկարգ, ուսումնադաստիարակչական պրոցեսին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների ամենօրյա պահպանումն ապահովող, ճաշակով ձևավորված ինտերյերով դպրոցական շենքերի թիվը անգամ մայրաքաղաքում կարելի է մատների վրա հաշվել… Դրանք ամբողջ շրջանի կողմից պահպանվող ցուցադրական շենքեր են, ղեկավարության այցատեղին և լայն հասարակության հավաքատեղին: Այդ շենքերը դարձել են այդպիսին կա՛մ առանձին դիրեկտորների գերագույն ջանքերի շնորհիվ, կա՛մ ինչ-որ շահագրգռված բարձր պաշտոնյայի ամենակտիվ աջակցությամբ: Ե՞րբ մեզանում մանկական կրթօջախների բարեկարգ ու բարետես շենքը կդառնա նորմա՝ սովորական, աչք չծակող ու նախանձ չշարժող նորմա:

Ղեկավարները մեզանից պաշտպանվելու պետական զենք են գտել. ֆինանսական միջոցները սուղ են, խիստ սահմանափակ են որակյալ շինանյութերի (փայտ, մարմար, ներկ, տուֆե սալիկներ, լաք…) ֆոնդերը: Սա՝ խոսքով: Իսկ ահա մեր արարքները՝ իմ ու ձեր շռայլ բնակարաններն ու առանձնատները, մինիստրությունների ու գերատեսչությունների շենքերը, անգամ ամենափոքր հիմնարկների ղեկավարների ճոխ աշխատասենյակները այլ բան են հուշում:

Մեր ունեցած սահմանափակ հնարավորություններն ու սուղ միջոցները պիտի սահմանեն մեր հասարակարգի համար միակ ընդունելի, միակ բարոյական բաշխումը՝ ունեցածի անհարժեշտն ու լավը երեխաներին, ինչ որ կմնա՝ ըստ կարևորության, ավագներին:

Վերջին ժամանակներս մայրաքաղաքը համալրվում է գեղեցիկ կառույցներով. մետրոպոլիտենի սքանչելի կայարաններ, ստորգետնյա անցումներ, մարզահամերգային համալիր, մոնումենտալ հուշարձաններ… ֆիրմային խանութներ: Անշուշտ, ուրախալի է, բայց մտնենք քաղաքի դպրոցներն ու մանկապարտեզները, ամենատարբեր մանկական կայաններն ու մանկական առողջապահական հիմնարկները ու … համեմատենք: Ես գիտեմ, որ քաղաքում ամեն ինչ նաև երեխաներինն է: Բայց եկեք բարեկարգումն սկսենք ծննդատնից, հետո անցնենք մանկապարտեզին, մանկական պոլիկլինիկային, հիվանդանոցին, կառուցենք բարետես դպրոցական շենքեր՝ բարեկարգ դպրոցամերձ հրապարակներով, ավարտենք՝ շենքերի բակերով ու խաղաղահրապարակենրով: Հետո… ինչպես ուզում եք: Ամեն անգամ մեր բնակելի շենքի բացվածքում գտնվող քիմիական ապրանքների ֆիրմային խանութի մոտով անցնելիս նայում եմ դատարկ, բայց հարուստ արված ինտերյերին ու … դառը ժպտում, հիշելով իմ երեխաների (Լեոյի անվ. № 65) ու մեր դպրոցի շենքերը, մեր միկրոշրջանի շենքերի բակերը: Ո՞ւմ հաշվին և ի՞նչ բարոյական իրավունքով:

Այսօր մեծ զոհողություններ երեխաների համար պետք չեն: Դրա փոխարեն, ամենից առաջ, մեր երեխաներին պետք է հատկացնել մեր այսօրվա ունեցածի ամենալավը՝ անհրաժեշտ չափով:

Մի բան անվիճելի է. կրթության բարձր որակն արժանի է մեծ ծախսերի: Ավելի թանկ են նստում միջակ դպրոցի վնասները:

Ա. Բլեյան
№ 183 փորձարարական
դպրոցի դիրեկտոր

«Երեկոյան Երևան», 19.08.1987թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գրի նման անընդհատ, Ստեփանի պարի նման զորեղ

Երգեր երգեցէք հինէն ու նորէն — Տօն է այս գիշեր — Գոյատեւելու տօնն է այս գիշեր Զահրատ Գևորգ Հակոբյանի, Լիանայի՝ իրենց մաթեմատիկոս գործընկերների և սովորողների բարեխիղճ հետևողանկանությունն ինձ հիացնում է.

Ամենասքանչելի բանն աշխարհում անվերջ թվացող ճանապարհն է

Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր

Փառահեղ, անշտապ, մանրակրկիտ երթ անցկացրինք

Ես ու իմ հարյուր տարվա ընկեր, սանիկ ու համախոհ Գևորգ Հակոբյանը չէինք կարող նշանավոր չդարձնել ապրիլի 23-ը։ Այդպես էլ արեցինք։ Ուղիղ 35 տարի հետո (հիշո՞ւմ եք, որ մենք այն ժամանակ