1980-1985
Դպրոցներում, պրոֆտեխուսումնարաններում, միջնակարգ, մասնագիտական ուսումնական հաստատություններում ապահովել ուսուցման և դաստիարակության խիստ հաջորդականություն, հանրակրթական պատրաստման միասնական մակարդակը, ընդսմին հաշվի առնել ազգային ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները:
Մշակել և մտցնել մանկապարտեզում երեխաների դաստիարակության և ուսուցման տիպային ծրագիր, ընդսմին հաշվի առնելով տարիքային ֆիզիոլոգիայի և հոգեբանության, ազգային մշակույթների և ավանդույթների առանձնահատկությունները:
Ազգային կրթությունը ազգային հոգին է: Կոմիտասը պատգամում էր. «Ուսուցիչ պարոններ և քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ ազգ մը կխորտակեք վերջը»: Հանրակրթական դպրոցը ազգի, հանրապետության այսօրը և վաղը որոշող կարևորագույն օղակն է և չի կարող հոգ չտանել ազգային լեզվի և պատմության, ժողովրդական մշակույթի առավել արժեքավոր կողմերի զարգացման մասին: Ուսուցման և դաստիարակության, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների բովանդակությունը, ծավալները, ձևերն ու եղանակները որոշելիս պետք է առավել լրիվ օգտագործվեն և հաշվի առնվեն ազգային դպրոցի առանձնահատկությունները, հայոց լեզուն, հայ ժողովրդական մշակույթը (արհեստները, կիրառական արվեստը, բանահյուսությունը, երաժշտական ֆոլկլորը, ծեսերն ու սովորույթները), հայ ժողովրդի և հայկական պրոֆեսիոնալ մշակույթի պատմությունը (գրականություն, պատմագրություն, ճարտարապետություն, մանրանկարչություն) և արվեստի մյուս ճյուղերը:
Վերոհիշյալ հարցադրումով սովետահայ դպրոցում տարվող աշխատանքները չեն գոհացնում: Այսօր, երբ լուսավորության համակարգում խոշոր վերափոխումներ են իրականացվում, ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ դպրոցում ուսուցանվող առարկաները երեխաների ոչ միայն համամարդկային որակների ձևավորման միջոցներ են, այլև ազգային կրթության, դաստիարակության միջոցներ: Երևի այստեղ պիտի փնտրել պատճառները նկատվող երևույթի. ավելի ու ավելի է բարձրաձայն խոսվում, որ հանրակրթական դպրոցի շրջանավարտները անբավարար են հաղորդակից հայոց լեզվին, մշակույթին և պատմությանը:
Լայբնիցը խոշոր բնագետին վայել խորոթյամբ է ասել, որ լեզուն հոգու հայելին է: «Մեր ազգին բոլոր հոգեղեն ճոխությունը ամփոփված է նրա լեզվի մեջ, և լեզուն է բանալին այդ գանձարանի: Մայրենի լեզվի ուսումը պետք է դարձնել գլխավոր հիմքը ազգային դաստիարակության: Ժողովուրդը պարտական է կատարելապես ուսանել, խոսել, զգալ, հասկանալ և մտածել յուր մայրենի լեզվով» (Ստ. Նազարյանց):
Աննկատ, մի տեսակ հեշտությամբ հաշտեցինք «հայոց լեզու» հասկացության զգալի նեղացման հետ և այսօր մեր աշակերտը հայոց լեզվի տակ միայն արևելահայրերենն է հասկանում: Գրաբարը՝ հին հայերենը Մաշտոցի ու Խորենացու, Նարեկացու լեզուն դարձել է մի քանի տասնյակ մարդկանց մենաշնորհը, թող ներվի ասածս, աշխատանքը: Անգամ համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները չեն տիրապետում գրաբարին, նորից ափսոսանքով, ամոթով արձանագրենք, որ մայրենի լեզվի ուսուցիչների ճնշող քանակը աշխարհաբարով է միայն ունակ կարդալու միջնադարյան հայ գրականության ոսկեմատենիկները:
Աղայանը սովորեցնում է. «Գրականությունը մենք պետք է համարենք ոչ թե նպատակ, այլ միջոց. մեր բուն նպատակը պետք է լինի զարգացնել երեխայի ամբողջ բնությունը»: Ասել է, թե գրաբարի, արևմտահայերենի, բարբառների ուսուցումը պարզապես լեզուների ուսուցում չէ, այլ միջոց, հզոր միջոց, որից զրկվելով, մենք զրկում ենք մեզ, մեր երեխաներին մեր մշակույթի ամենաշողշողուն հատվածից՝ միջնադարյան գրականությունից, խորացնում անդունդը մեր և հայ հոգևոր երգի միջև, խորթացնում մեզանից զարմանալի երգեցիկ արևմտահայ գրական մշակույթը, պատնեշ քաշում մեր և հայ բառ ու բանի՝ բանահյուսության միջև: Ուրեմն հանցավոր և մերժելի չէ՞ մեր բոլորի հաշտվողա-ափսոսական ախ ու վախը: Իրո՞ք այդքան անզոր ենք մենք:
Երկու տարի առաջ ՀՍՍՀ գրողների միության հովանավորությամբ մեր դպրոցը խրախուսելի վճռականությամբ զբաղվեց գրաբարի, արևմտահայերենի, բանահյուսության ուսուցման հարցերով (հայագիտական կոչվող 9-րդ դասարանի օրինակով): Չենք շտապում վերջնական եզրակացություն անել, բայց ասենք ակնհայտը: Աշակերտների խանդավառությունը, առանձին վաստակած մասնագետների կարծիքները, առաջին արդյունքները համոզում են, որ անտեղի է երկմտությունը, թերահավատությունը, վախը (ինչի՞ց կամ ումի՞ց վախենալ), թե՝ դպրոցկական խնդրնե՞ր են դրանք, թե պե՞տք են, ուզո՞ւմ են աշակերտները այդ բոլորը:
Ասենք, մեզ փրկեցին գրաբարի մասնագետ-ուսուցիչ, ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ. գ. թ. Գևորգ Բալդիշյանի, արևմտահայերենի ուսուցիչ, գրող-գրականագետ Գեղամ Սևանի, բանահյուսության ուսուցիչներ բանագետներ Հովհաննես Թաքուկյանի և Արուսյակ Սահակյանի ողջունելի նվիրվածությունը գործին, նրանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը և էլի մի քանի կարևոր և ոչ այնքան կարևոր հանգամանքներ, իսկ… ի՞նչ է խանգարում, որ Երևանի պետական համալսարանը, Երևանի մանկավարժական ինստիտուտը վճռական հարցադրում անեն. բանասիրական և պատմության (թողեք երազեմ) ֆակուլտետների շրջանավարտների համար գրաբարի, արևմտահայերենի, մեկ-երկու բարբառի (ուսանողի ընտրությամբ) ազատ, գործնական տիրապետումը պարտադիր է: Ինչո՞ւ չի կարելի կազմակերպել դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչների գրաբարի արևմտահայերենի, մեկ-երկու բարբառի (ուսուցչի ընտրությամբ) պարտադիր բարձրորակ դասընթացներ, ինչո՞ւ չի կարելի նման դասընթացներ կազմակերպել հասարակության առանձին խավերի համար, անցկացնել գրաբարյան ընթերցումներ, բազմացնել և տարածել Հր. Աճառյանի «Գրաբարի ուսուցիչը» գիրքը, գրաբար-աշխարհաբար լեզվով հատընտիր, ավելի համարձակ օգտագործել հեռուստացույցը, մտածել ձայնապնակի մասին, գուցե՞ արժե փորձել առանձին դպրոցները ապահովելու հարմարեցված մագնիտոֆոնային ձայնագրություններով: Պիտի անպայման դպրոցի ռեֆորմ լինի և այն էլ սևով սպիտակի վրա գրված, որ ամոթ է, վիրավորական, անհանդուրժելի հայ հին ժողովրդական բանահյուսության, հայ գրականության (5-9-րդ դարերում), Փ. Բյուզանդ, Խորենացի, Եղիշե, Կորյուն, «Սասնա ծռեր» էպոսի, Գր, Նարեկացու, հայ գրականության (մինչև Սայաթ-Նովան ներառյալ) ուսուցումը սահմանափակել 8-րդ դասարանում, հատկացնելով ընդամնեը 24 հատ 45 րոպե: Մեր փորձը մի անգամ ևս համոզում է, որ բանահյուսությունը երեխայի մտքի այն թելերին է զարկում, որ նրան ընտանի, հասկանալի, ախորժ, ներդաշնակ են և սրանք վաղուց արդեն լարված են: Ուրեմն չի կարող լինել խելամիտ ոչ մի փաստարկ, թե ինչո՞ւ մեր բանահյուսության ընտիր նմուշները (հեքիաթներ, առակներ, բարոյախոսական զրույցներ, ասացվածքներ, ավանդապատումներ) դուրս են նետված իսկական տեղից՝ մայրենի գրականության դասագրքից:
Հունգար հայտնի երաժիշտ-մանկավարժ Զոլտան Կոդայը համոզված է. «Հունգարացու ենթագիտակցական զգացմունքի ձևավորման երկրորդ անկյունաքարը հունգարական ազգային երաժշտությունն է… Հունգար երեխայի դաստիարակության ելակետը հունգարական երաժշտությունն է… Բոլոր դպրոցներում հարկ է զբաղվել հունգարական ժողովրդական երաժշտությամբ այնպես հանգամանալից, ինչպես մայրենի լեզվով…»:
Զարմանալի ոչինչ չկա, որ Կոդայից երկու-երեք տասնամյակ առաջ նման պարզությամբ և վստահությամբ մոգում էր Կոմիտասին. «Որովհետև երգը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահարտությանց մեջ. կենդանի, որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը…»:
Մեր երեխաների երգային ցածր կուլտուրան թող չզարմացնի մեզ. թերթենք երգ-երաժշտության դասագիրքը, ի մի բերենք դպրոցական երգչախմբերի կատարողական որակը և երգացանկը, ծանոթանանք մոտիկից երգ-երաժշտության ուսուցիչների հետ, ավելացրեք դրան մեր (ուսուցիչների, ծնողների) վերաբերմունքը այդ «երկրորդական» առարկայի նկատմամբ և պատկերը ամբողջական կլինի: Վերջին տարիներս Դ. Կաբալևսկին եռանդուն աշխատանքներ է տանում երգ-երաժշտության դասավանդման նոր «իր» համակարգի ստեղծամ ուղղությամբ: Չեմ ուզում վիրավորել երաժիշտ-մանկավարժների մասնագիտական ինքնասիրությունը, բայց վնասակար է և հասարակության լռությունը: Հերիք չէ՞ տարվենք նոր մեթոդով, ապրենք «հրաշքի հայանման» սպասումը. դպրոցը գործ ունի հավերժական հասարակությունների հետ, եթե կուզեք և ձևերի հետ: Բավական չէ թարգմանենք և տեղայնացնենք, լեզվի և գրականության, երգ-երաժշտության, կերպարվեստի, պատմության ծրագրերը, վերարտադրենք այդ առարկաների դասագրքերը (սովորաբար անհաջողվածները), ներմուծենք կաղապարը, հետո մեր ունեցած նյութը փորձենք խցկել այդ կաղապարի մեջ: Ախր շատ հասկացված է ասված. ելակետ պետք է ընդունել ազգային երգարվեստը: «Դատարկ հնչումեն դատարկ զգացում կառաջանա»,- ասում է Կոմիտասը: Ուրեմն Կոմիտաս և նորից Կոմիտաս: Մեր աշակերտները մեղավոր հո՞ չեն, որ երաժշտություն կոչվող մշակույթում մերը ամենից մեծ չափով երգն է: Դեռ ինչքան պարզ ու հրատապ խնդիրներ ունենք. ստեղծել է պետք դպրոցական երգարան, որը կամփոփի ազգային երգարվեստի լավագույն նմուշները, որոնց ուսուցումը կանոնիկ լինի դպրոցների համար, դեռ պետք է հզոր պատնեշ կանգնեցնել դպրոցի և պատահական երգերի միջև. դպրոցի անհետաձգելի հարցերով զբաղվելը պետք է անհետաձգելի համարել:
«Երեխայի ձեռքերը իր միլիարդավոր դիրքերով մարդկային գիտակցության մեծ դաստիարակներ են, մտքի ստեղծողը: Երեխայի ձեռքերը ոչ թե ֆիզիկական էներգիայի օրգաններ են, այլ ստեղծագործական գործիքներ: Կան մարդու ուղեղի խիստ ակտիվ, առավել ստեղծագործական բաժիններ, որոնք կյանքի են կոչում մարդու աբստրակտ մտածողության և ձեռքերի նուրբ իմաստուն աշխատանքի պրոցեսների միության շնորհիվ: Եթե դրանք չեն կենադանացել մանկության և դեռահասության տարիներին, էլ երբեք չեն կենդանանա»:
Ընդունելով որպես բնաբան Վ. Սուխոմլինսկու այդ պարզ և հանճարեղ մտքերը, կարող ենք երևի, վստահությամբ ասել, որ դպրոցի աշխատանքային ուսուցման առարկայի այսօրվա բովանդակությունը վերոհիշյալ հարցադրմանը չի բավարարում: Չափից ավելի մեծ պոլիտեխնիկացումը, մեքնեյացումը ինքնին տեղ չեն թողնում աբստրակտ մտածողության, ձեռքերի և մտքի նուրբ, ներդաշնակ շարժմանը: Կուսակցության 26-րդ համագումարի հաշվետու զեկուցման մեջ նշվեց, որ երեխայի այսօրվա աշխատանքը պիտի լինի ոչ միայն արտադրողական, այլև ավելի բովանդակալից, հետաքրքիր, ստեղծագործական:
Հիմա, երբ բոլորս մտահոգված ենք հանրակրթական դպրոցում երեխաների աշխատանքի ուսուցման բարելավման հույժ կարևոր գործով, պարտավոր ենք մեծ խնամքով ու ակնածանքով մտածել մեր ժողովրդի նյութական մշակույթի յուրացման մասին:
«Մեր ժողովուրդը իր դարավոր պատմության ընթացքում պճնանքի, արդուզարդի հատուկ իրեր ստեղծելը նպատակ չի համարել: Նա ստեղծել է կենցաղային օգտագործման իրեր, որոնք միաժամանակ և գեղեցիկ են»: Իրավացիորեն նկատում է արվեստագետ Հ. Իգիթյանը: Այսինքն, գեղեցիկի ստեղծումը մեր ժողովրդի համար եղել է ներքին պահանջմունք, նա գեղեցիկը մտցրել է իր կենցաղի մեջ, ստեղծելով ոչ միայն պարզապես ծածկոցներ, այլև չքնաղատես գորգեր ու կարպետներ, աթոռներ ու դռներ, որոնք նաև գեղագիտական մեծ հաճույք են պատճառում: Օրինակներ շատ կարելի է բերել: Ազգային արհեստանոցում հայ վարպետները ձեռքի աշխատանքի կատարալեագործման շնորհիվ ստեղծել և ստեղծում են գեղեցիկ իրեր, հասնելով ձեռքի, մտքի, ընկալման հրաշալի ներդաշնակության: Սա հոյակապ պապենական սկզբունք է, որը պարտավոր ենք շարունակել և զարգացնել: Այս սկզբունքն ենք մենք դրել մեր դպրոցում աշխատանքի ուսուցման բարելավման հիմքում: Առաջին արդյունքները գոհացնող են, հուսադրող: Մտահոգված ենք կերպարվեստ առարկայի դասավանդման բարելավման կարևոր խնդիրով: Մեր խորին համոզմամբ, կերպարվեստ առարկան պետք է դիտել նաև կիրառական արվեստի ազգային ճյուղերին (գորգագործություն, կարպետագործություն, քարի, փայտի, մետաղի գեղազարդում, խեցեգործություն և այլն) աշակերտներին հաղորդակից դարձնելու միջոց:
Աշխատանքի ուսուցման ժամերին ազգային արհեստների, ինչպես նաև կիրառական արվեստի ազգային ճյուղերի միասնական դասավանդումը մի շարք անվիճելի առավելություններ ունի: Հանրապետությունը այսօր զգում է գորգագործների, խեցեգործների, փայտի և մետաղի մշակողների, դարբինների որոշակի պակաս: Աշխատանքի ուսուցման (նաև կիրառական արվեստի) ժամերին հնարավոր կլիներ աշակերտների ուժերով արտադրել կենցաղային օգտագորման ազգայի իրեր (գլխաշորեր, թասեր, կուժեր, ասեղնագործ իրեր, ժանյակներ, գորգեր, կարպետներ), որոնց կարիքը այդքան զգացվում է: Մեծ, լայն պայմաններ են ստեղծվում աշակերտների մտքի և ճաշակի զարգացման համար:
Նման բարդության խնդրի լուծումը թելադրեց մեզ դպրոցում ստեղծել արհեստանոց արվեստանոցների համակարգ: Այն է. հատուկ կահավորված կաբինետ-սենյակներ, որոնք դասերի ընթացքում ծառայում են աշխատանքի ուսուցում, կերպարվեստ առարկաների դասավանդմանը, իսկ դասերից դուրս լավ պայմաններ են նկարչության, գրքազարդողների, տիկնիկագործների, կարպետագործների, ասեղնագործների, քարի և փայտի փորագրողների խմբակների համար:
Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք փոխենք մեր պատկերացումները աշխատանքի ուսուցման, կերպարվեստի ուսուցչի նկատմամբ՝ ձեռքի աշխատանքին ներկայացվող վերը շարադրված պահանջներին համապատասխան:
Համոզված ենք, որ տարրական դասարաններում այդ ժամերը պետք է ավելի շատ դիտել որպես կիրառական արվեստի ժամեր:
Գործի հաջողությունը, ինչպես ամենուրեք, վճռելու են կադրերը: Հազիվ թե նոր կադրերի պակաս զգացվի: Հանրապետությունում աշխատում են բազմաթիվ տաղանդավոր ժողովրդական վարպետներ: Ժողովրդական արվեստի պետական թանգարանի միջոցով մեր համագործակցությունը ժողովրդական վարպետների հետ ցույց է տալիս, որ արդյունավետ եղավ: Արդեն երրորդ տարին դպրոցում մեծ հաջողութամբ աշխատում է ճանաչված ասեղնագործ Արփենիկ Մարաբյանը:
4-10-րդ դասարաններում մեծ արդյունքով կարպետագործություն և գորգագործություն են ուսուցանում շնորհաշատ վարպետներ Վալյա Հովհաննիսյանը և Լալա Մնեյանը:
Տարրական դասարաններում աշխատանքի ուսուցում (կիրառական արվեստ) է հաջողությամբ դասավանդում շնորհալի ժողվարպետ Թամար Վարդանյանը:
Մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ստեղծել է բազում հիանալի, օգտակար սովորույթներ, ծեսեր: Ավանդույթի, ապրելու իրավունք են ձեռք բերել շատ տոներ, մշակվել է ազգային նիստ ու կաց, ազգային բնավորություն՝ վառ արտահայտված գծերով: Որտե՞ղ, եթե ոչ դպրոցում այս հոգևոր ժառանգությունը պիտի յուրացվի, արժեքավորվի, ներարկվի երեխայի մեջ: Միթե՞ կարևորագույն և ամենից մեծ չափով դպրոցախնդիր չէ հետևյալ հարցադրումը. դպրոցի շրջանավարտը պետք է իր ժողովրդի հոգևոր մշակույթի ժառանգորդը, կրողը, զարգացնողը, տարածողը լինի: Ներելի՞ բան է, երբ դպրոցը չնկատելու է տալիս Վարդանանց հերոսամարտի ու Մուսալեռան օրերը, դպրոցի «կողքով են անցնում» Վարդավառի, Ջանգյուլումի տոնակատարությունները, չեն օգտագոևծվում մանկավարժների կողմից ազգային խաղերը:
Լարված, պատասխանատու, որոնումներով և բարեփոխումներով լեցուն օրեր ու տարիներ են սպասվում մեզ: Համոզված եմ, որ դպրոցի ուսուցման ու դաստիարկության արդտադասրանակական և արտադպրոցական աշխատանքների բովանդակության ծավալը, ձևերն ու եղանակը որոշելիս անհրաժեշտ է առավել լրիվ օգտագործել և հաշվի առնել ազգային դպրոցի առանձնահատկությունները, ազգային հոգեբանությունը, լեզուն ու գրականությունը, ժողովրդական մշակույթը (արհեստները, կիրառական արվեստը, բանահյուսությունը, երաժշտական ֆոլկլորը), ծեսերն ու սովորույթները, ժողովրդի պատմությունը և պրոֆեսիոնալ մշակությը: Այդպիսի ճանապարհը բնական է, ասել է թե և միակ ճիշտը:
Աշոտ Բլեյան
26 կոմիսարների անվան դպրոցի փոխտնօրեն