Կամ՝ հայրիկ, դու քանի՞ ժամ ես քնում…

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի նոր հեռախոսից չի բաժանվում. գիտի՝ ոնց խաղեր-անիմացիաներ նայի, մուլտեր…
— Ա՛յ տղա, Դավի՛թ, հեռախոսս տուր, դա իմ հեռախոսն է, հասկացի…
— Սա հեռախոս չի, պլանշետ ա, հայրիկն ա առել, ես էլ մուլտեր եմ նայում:
— Դավիթ, կգցես, հեռախոսս կկոտրես, ես էլ կմնամ շվարած:
— Պլանշետը չեմ գցի, չեմ կոտրի, ես սրանով խաղեր եմ խաղում, նայում եմ…

Իրոք, շա՜տ զգույշ է վարվում. կենտրոնանում է իր նոր գործիք-զբաղմունքի վրա՝ տուտուզով դեպի ինձ, որ չտեսնեմ՝ ինչ է նայում…
— Հայրիկ, հիմա մուլտերս նայեմ, դու էլ քո «Եվրոնյուզ»-ը, գնանք՝ լողանամ (իրիկունը 8-9-ի արանքում):
Այդպես էլ լինում է: Լողանում է, խոսում ենք: Երկու օր չի լողացել. իմ հեծանիվն առավոտվա նոր իրավիճակ է ստեղծել հայր-որդի հարաբերություններում: Դուրս եմ գալիս տանից ոչ 8.30, ինչպես նախկինում, Դավթի հետ, այլ 7.30, հեծանվով, առանց Դավթի։ Հայրիկը չի կարողանում առավոտվա մեկ ժամը հատկացնել Դավթին՝ արթնացում, լող, բնակարանային հեծանիվ, պատշգամբում աշխատանք՝ առավոտ լուսո, Դավիթն էլ ծուլացել է. քնում է երկար, ինչպես մայրիկը… Դավիթը համաձայն չէ, որ մայրիկն իրեն լողացնի.
— Ես ուզում եմ հայրիկը լողացնի, միայն հայրիկը, լսեցի՞ք:

Ահա ես լողացնում եմ գոճիին, ու զրուցում ենք, քննարկում. աշխարհում ոչ ոք մեզ չի խանգարում՝ երկուսով իրար ասելու-լսելու… Տեսարան է ու ձայնագրելու բան…
— Դավիթ, պետք է ամեն օր լողանալ, շուտ արթնանալ…
— Քեզ հետ արթնանա՞մ, ո՞ր ժամին, հայրիկ, դու քանի՞ ժամ ես քնում. մայրիկն ասում է՝ դու չես քնում…
— Դավի՛թ, դու պետք է ինքնուրույն լողանաս, ինչպես ես, մեծ ես, տե՛ս, առավոտյան արթնանաս, մտնես բաղնիք, հանես շորերդ, մտնես ավազան, միացնես ջուրը, ինչպես ես, ամեն առավոտ ցնցուղ ընդունես, լողանաս…
— Ես ուզում եմ, որ դո՛ւ լողացնես, մայրիկը չգա, իր ռադիոն ուղարկի (նկատի ունի «Սեբաստացի» ռադիոյի նյութերը՝ որպես Դպրոց-պարտեզի պատասխանատու). ես լողանամ ու միասին խոսենք… հետո մայրիկն ինձ հագցնի…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Իրոք, հայր և որդու զրույցը, լողացնելու ծեսը, որ մեր ընտանիքում տղամարդկանց զրույցով է ուղեկցվում, կողմերից ոչ ոք չի ուզում ընդհատել… Հատկապես, իհարկե, Արմինե մայրիկը…
— Հայրիկ, ինձ նոր հեծանիվ առ՝ երկանիվ, ես էլ շուտ արթնանամ, լողանանք ու միասին քշելով գնանք Բանգլադեշ…
— Ինչ ուզում եք, արեք. տիար ջան, միայն ինձ շուտ արձակուրդ տուր, խնդրում եմ, ես հիմա արձակուրդ եմ ուզում…

Մարթա Ասատրյանի հեռուստաելույթին հաջորդեց Արտեմ Խաչատրյանի ելույթը, շուտով՝ Վահրամ Թոքմաջյանը հանդես կգա հանրային եթերում, իսկ մայիսի 24-ին դիտեք իմ մասնակցությամբ հաղորդումը «Երկիր Մեդիայի» «Կիրակի երեկոյան» ծրագրում։ Լավ է, որ ասելիքով, ներկայանալի, ազատ ուսուցիչների մեծ խումբ ունենք… Ցուցանի՞շ է…

Ներկայացումների՝ հաշվետու ստեղծագործական ելույթների շարքը շարունակում են կրթահամալիրի 2015-ի շրջանավարտները… Հայկ Գրիգորյանի հայտին սպասում էի. չուշացավ ու խորացրեց իմ սպասումը… Հանդիպում ենք մայիսի 25-ին. ի՜նչ էլ անուն է ընտրել՝ համապատասխան՝ «Ինքս իմ դիմաց» մենաներկայացում:

Համերգ-ցուցադրությունը կրթական ծրագրի որպիսության, արդյունքների հավաստի հանրայնացման, արձանագրման լավագույն ձևն է. այս դեպքում կրթահամալիրի տոնացույցով որոշված պարբերական համերգները-ներկայացումները  գտնված են, մերն են: Ահա այսօր էլ՝ մայիսի 21-ին, ինչպես 2014-ի հունիսի 20-ին  և դեկտեմբերի 16-ին, այդպիսի բայց հավաքական՝ որպես այցեքարտ, ներկայացում կունենաք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Սեբաստացիների համերգ-ներկայացում «Սեբաստացիներ» համերգասրահում: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Խոստացա-հրապարակեցի ամենատեղում՝ մանկավարժական աշխատողների միացյալ սեմինար-պարապմունքում, Կարեն Խաչատրյանի և Սերգեյ Ումրոյանի նախագիծ-հայտով հնարավոր կարճ ժամկետում նորացնել-արդիականացնել կրթահամալիրի տեսաձայնագրման սրահը… Կարևոր է, որ կրթահամալիրն ամեն տարի ներկայանա ոչ միայն իր սովորող-նկարիչների՝ թե՛ կերպարվեստ և թե՛ կինո-ֆոտո, տարվա կատալոգով, այլև իր համերգային սկավառակով… Ուսուցիչներ Լիլիթ Առաքելյանի (դաշնամուր), Լիլիթ Գրիգորյանի (ջութակ), սովորողներ Սողոմոն Վարդանյանի (դաշնամուր) և Հայկ Առաքելյանի (թավջութակ), պատանեկան-ուսուցչական «Սեբաստացիներ» երգչախմբերի, վոկալ խմբերի, դուետների, անհատների 2015-ի համերգային կատարումները, որպես հեղինակային-ուսումնական գործունեություն՝ բովանդակային միջուկի և մեթոդի (ռեժիմի) արդյունք, մի՞թե արժանի չեն սկավառակներով տարածման… Ավելի լավ նվե՞ր… Սրանք գովազդ չեն. ո՛չ մի գովազդ, ասել եմ. մենք իրոք դրա կարիքը չունենք, մենք տարածման խնդիր ունենք… Մենք ենք հեղինակը մեր կրթական ծրագրի՝ դրա մշակման, կազմակերպման, տարածման բաղադրիչներով։

Անիմացիայի լաբորատորիայի հաշվետու ցուցադրությանը ես  լաբորատորիային, հիմնադիրներ Լևոն Աբրահամյանին, Արամ Մուրադյանին ու տասնյակից ավելի սովորողների պարգևատրեցի որակյալ տեսագրիչով (խցիկով)։ Ուրիշ ինչպե՞ս գնահատես-խթանես այսպիսի շոշափելի գործունեությունը, ինչպե՞ս նպաստես տարատարիք սովորողների՝ օր առաջ լաբորատորիայում ներառումը, լիարժեք ամառային ուսումնական գործունեությունը. խոստացան, չէ՞, աշխատել ողջ ամառ՝ առանց տարիքային սահմանափակման ընդունելություն կատարելով, գործել ու արդյունք տալ՝ մեր մուլտֆիլմերը…

Գեղարվեստի ավագ դպրոցի շրաջանավարտների վերջին դասը: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Ես տեսած մարդ եմ. նայեք իմ տարիքին ու հիմնադրած սեբաստացիական աշխարհին, չեմ խաբվի, հիմնական հետևողական-կոնկրետ եմ՝ ո՛չ մի կիսատ գործ, ո՛չ մի խոստում՝ անկատար-դրժած թողած, ո՛չ մի պռատություն… Երեկ Դպրոց-պարտեզում էի՝ Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի սրահում… Շշմելու լաբորատորիա… զարմացնող-հիացնող միջավայրով… Հալալ է մեզ, որ Զառա ունենք: 3-րդ դասարանցիներից մեկն առաջարկեց միանալ կավով իրենց աշխատանքին, ու ես հիշեցի կերպարվեստի իմ դասերը… 50 տարի այն կողմ… չնայած մի քանի պատ, մի քանի կմ այն կողմ, գիտեք, այդ նույն ժամանակն է՝ ուղիղ նստիր, ուղիղ գծիր, քանոն ու խզբզոց… Զրո ստեղծականություն, փակ տարածք, պարազիտիկ գործունեություն, ժամանակի մսխում… Իսկ Զառան արդեն, խանդավառ իր սաների հետ, անիմացիայի տիկնիկների կերպարներով էր զբաղված… Շնորհակալություն:

10 մոգական հնարքներ և խաղարկություններ, որոնց շնորհիվ կարելի է դառնալ երեկոյի արքա: Այսպիսի համացանցային նյութերի կարիք կա ճամբարային ամառային գործունեության պատրաստվող, այդ հոգսերով ապրող մեր կրթահամալիրում… Կներեք, բայց «օ՜ֆ, պրծանք վերջապես»-ը մեր կրթական ծրագրի համար չէ…

Կրտսեր և ավագ դպրոցների համագործակցային նախագծի ամփոփում-կլոր սեղան: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Իսկ Դավիթ Բլեյանն ուզում է, որ իր մայրիկը միայն կրտսեր դպրոցում աշխատի, որ մայր դպրոց չգնա… Վերցրել է Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն, տարել է դպրոց, հետո խմբից գնացել 4.2 դասարան, մայրիկի մայրենիի ժամին տվել գիրքը, թե Ռոդարիի հեքիաթները կարդա… իր ուզած, իր նշած… Սովորողների զվարճանքով որոշել է դասի թեման… Հետո էլ գիրքը տարել է խումբ, տվել ընկեր Կարինեին՝ հիմա էլ եկեք շարունակենք կարդալ…

Իսկ Դավթի մեքենաները երկու մեծ խմբով բնակարանի տարբեր անկյուններում խցանվել են… Երկու մեծ խցանում՝ մի բնակարանում. արտակարգ պատահարն այսպիսին է լինում… Դավիթը չի թողնում ծառայություն կանչենք. ոնց խցանվել են, այդպես էլ թող բացվեն… Մեր մանկավարժությունն է ինքնակարգավորումը՝ սրանից բխող ինքնուրույնությունը, ակտիվություն-նախաձեռնողականությունը, անհատական պատասխանատվությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի կիրակի բոլորին

Բարի կիրակի ձեզ: Ձե՛զ էլ, ձեր որդկերանց էլ, իմ օրագրի մշտական ու ոչ մշտական ընթերցողներ, առաջին անգամ օրագիրը թերթողներ,  սեբաստացի ու ոչ սեբաստացի… Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ,

Էս գիշեր երազ տեսա, հերկերը վարած տեսա…

Կիրակի առավոտյան վճռական սկսեցի քանիցս հետաձգած մի նախագիծ՝ կարդում եմ Կոմիտաս՝ երգարան, «Հազար ու մի խաղ»… Վերակազմեց՝ Արթուր Շահնազարյանը, «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամի պատվերով, 2015թ. … Կոմիտասի գրառած մի քանի հազար

Բաժակ ենք բարձրացնում խաղաղության․․․ Կենաց․․․

Կեցցե Հարավը սեբաստացիական՝ Շամիրամ Պողոսյանի դպրոց—պարտեզը, իր համայնքով՝ մեծով—պստիկով, սկսած յուրաքանչյուր երկու տարեկանից. թվում է՝ Հոգատարության ուսումնական նախագծի, նրա ցուցադրություն—հանգանակության երեկվա տոնավաճառին ներկա էր հարավի մեր 2-11 տարեկանների ամեն մի ծնող… Այսպիսի՜ համերաշխություն՝ «Սեբաստացիներ»