Երեկ ես, ինչպես Դավիթ Բլեյանը, ցերեկվա ժամը 3-ի մոտ անհետաձգելի օգնության կարիք ունեի. մեր քունը տանում էր, և այդ պահից սկսած՝ իմ բոլոր գործողությունների վրա ճնշում կար, կար զոռ։ Գյա, զո՞ռ ա… Շիտակ, որպես սրսուռ քյավառցու զավակ՝ պատասխանում եմ՝ խա։ Դավիթը հենց մեքենայում, Սևանա լճի ճանապարհին քնեց ու արթնացավ. անտեղի, քունը չի առել, ու հայտնի Սասունցի Դավթին ոնց որ փոխած լինեն։ Մսրա Մելիքի ճո՛ւտ։ «Չէ,- լացելու աստիճան նեղանում է,- ես եմ Սասունցի Դավիթը»։ Երեք հարց տվեցի, երեքին էլ ճիշտ պատասխանեց. Մսրա Մելիքի ճուտը որտեղի՞ց կիմանար, դրանք Սասունցի Ծուռի իմանալու հարցեր էին։ Իմ քունը խառնվել էր իրար. ես իմ քունը չէի առել, ես էի ուրիշը։

Այսօր ես երկար քնեցի, քունս առա. բարի լույս, կրթահամալիր. դուք գտաք ձեր տիարին՝ կենսունակությունը վերականգնած, իսկ օրվա գրի ժամը խախտվել է՝ 6.30-ին եմ սկսում գիրը։ Դավիթը քնեց մինչև ժամը 8.00, արթնացավ զինվորի պես. 10 րոպե ուներ հիգիենայի համար՝ նստակոնք, լողալ, հագնվել, պճնվել ու առա՜ջ աստիճաններով… Գնդապետ Առուշանյանը մեզ է սպասում։

Տանել չեմ կարողանում, որ «գյալաջի» են անում հեռախոսով։ Ինչպես այս մի զանգը. գրեք, խնդրում եմ, կա՞ դժվարություն։ Եթե կա, հաղթահարենք դժվարությունը, ես ձեզ կպատասխանեմ, հետո, կարիքը կասի՝ իմ նախաձեռնությամբ կհանդիպենք… Չէ, ինքն է, ու իր անտեղի պատումը… Բջջային խոսակցությունները պիտի լինեն օպերատիվ, ինչպես գնդապետ Առուշանյանինը։ Զանգ. հանդիպենք վաղը՝ 8.30, կառուցվող մարզադաշտերում. 20 վայրկյանը հերիք է մեր խոսակցության համար։ Շնորհակալ եմ։ Հարգանքով լցվեցի և՛ կոչումի, և՛ պաշտոնի, և՛ մեր բանակի հանդեպ։ Ինձ համար ամենաուրախալին մեր բանակի սպայակազմի որակի բարձրացումն է։

Շաբաթ ինձ այցելել էր իմ Էմմա քույրիկի մեծ աղջիկը՝ Սուսաննա Հովհաննիսյանը՝ իր Նազենի Հովհաննիսյան դստեր հետ։ Այո, մենք երկու Նազենի Հովհաննիսյան ունենք, մեկը՝ այս վեց տարեկան ջանավարն ու կրակի կտորը, ով իմ սանիկն է նաև (Դավթի հետ մկրտություն արեցինք նույն օրը, նույն եկեղեցում), իմ երկնքում գտնվող քույրիկի և մերձավորների հատուկ ուշադրությունն է վայելում. ուժը, որ կրում է, նրան դեռ հայտնի կդարձնի։ Նազուկը ձանձրանում է հաճախ մենակ տանը, կամ  չորս պատի մեջ՝ մայրիկի հետ մենակ. խնդիր է… Այս խնդիրը, վստահ եմ, աջ ու ձախ դրա արձագանքներն են ինձ հասնում, նաև մանկավարժական է ու ինձ այնքան է անհանգստացնում, որ կենտրոնանում եմ դրա լուծումը գտնելու վրա… Նազուկը կգա Գեղարվեստի ճամբար. ես, Առնոլդը, Սուսանը, Նազուկը արագ պայմանավորվեցինք։ Այսպիսի անհրաժեշտ ու ձեռքի տակ եղած լուծումներ (ամառային ուսումնական ճամբար՝ լողով, մարզանքով, երաժշտությամբ, կերպարվեստով և երկու տասնյակ ընկերներով, համով-հոտով) կարող են լինել տասնյակ ու տասնյակ երևանցիների համար՝ սեբաստացիների ու ոչ սեբաստացիների։ Մեր ճամբարները՝ հիմա երեքը՝ Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում ու Գեղարվեստում, կարիքի դեպքում՝ նաև Հիմնականում, Մայր դպրոցում, կգործեն անընդհատ, մինչև օգոստոսի 28-ը։ Սա միջոցառում չէ. սա կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված «Ուսումնական ամառ» նախագծերից մեկն է։ Համեցեք, ամառային մեկ այլ նախագիծ՝ ավանդական կրթահամալիրի համար ու գործուն-զարգացնող, քանզի հետևում է (առաջանում է) մեր հեղինակային կրթական ծրագրերից։ Ամառային ուսումնական բազմօրյա ճամփորդությունները, ամառային ստուգատեսային ճամբարները բնության գրկում, ամառային պլեներները…

Հունիսի մասին չեմ խոսում. հունիսը մեր ուսումնական օրացույցով լիարժեք աշխատանքային-ուսումնական է. ի՜նչ խաբար է երեք գյոզալ ամիս պաշտոնապես արձակուրդ հայտարարելը,  արձակվում են ինչի՞ց՝ հարցնում եմ։ Սրա մասին դեռ կխոսեմ։ Ես պատմում եմ ձեզ հուլիս-օգոստոսին իրականացվող ուսումնական նախագծերի մասին։ Այս պահին 15 հոգիանոց մի խումբ Սևանի Ծաղկունքում է՝ էկոճամբարում, սեբաստացիների 14 հոգիանոց մի այլ խումբ՝ Տավուշի Կողբում՝ Կողբի արվեստի դպրոցի ամենամյա վրանային ճամբարում խփել է սեբաստացիների 4 վրանն ու փռել քնապարկերը. դռները բաց են, կարող են և հյուրեր ունենալ։ Օգոստոսի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք Լոռի-Ստեփանավանի Կուրթանի տարածքում տալիս ենք 40 տեղանոց արշավախմբային ուսումնա-հայրենագիտական ճամբարի մեկնարկը… Գումարեք Մարգարիտ Հարությունյանի և Նունե Մովսիսյանի՝ Սիսիանի Լոր գյուղի ճամբարը, հետևեք, Արցախյան հայրենագիտական-ազգագրական  ճամբարը անիվների վրա (այսպիսի արցախապատում), Գեղարվեստի դպրոցի Շուշիի պլեները՝ «Ավերակները շշնջում են», Վրաստանի Բուլաչաուրիի ճամբարը, Զիկատարի էկոճամբարը, Արցախի «Ասպետը»… «Հուլիսի գործն ու իր գործիչը» անվանակարգի թոփ տասնյակում, իհարկե, առաջինը  վարժարանի նոր սովորողներն են՝ իրենց հիմնական դպրոցներն ավարտած ու մեր ավագ դպրոցում ուսումնառության պայմանագիր կնքած, ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ։ Շատ լավ ավանդույթ է հաստատել տիար Գևորգը, որ արդեն հինգերորդ տարին վարժարան ընդունվողների մուտքն անցնում է Արագածով։

Գումարենք՝ կստացվի, որ հուլիս-օգոստոսին ամենահետաքրքիր վայրերում ուսումնական-հետազոտական, հայրենագիտական-ազգագրական գրավիչ հանգստի ու բնության վայելքի նախագծերին մասնակցում են-կմասնակցեն 400-500 սովորող ու մանկավարժական աշխատող։ Ես էլ կասկածեցի, բայց որ mskh.am-ը թույլ է տալիս փարատել յուրաքանչյուր կասկած. մենք գործում ենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ի տես ու հրապարակային։ Հուլիս-օգոստոսին յուրաքանչյուր հինգշաբթի սովորողների և ուսուցիչների մի խումբ մեկնում է Սևանի հանրային լողափ՝ հանրային լողափի մոնիտորինգ, վերահսկողություն իրականացնելու, որպես պարգևատում ամառային ուսումնական աշխատանքի համար։

Նայում եմ ժամացույցին։ Երկու արգելք կա, որ ընդհատում է գիրս. ծավալը արդեն լրացել է, և ժամանակն է դուրս գալու։

Հետո կանդրադառնանք երևանյան բաց ու գրավիչ Մեդիակենտրոնին, ակումբային ընթերցանության նախագծերին, mskh.am-ին՝ որպես լրացուցիչ կրթության կազմակերպիչ-կենտրոն…

Իսկ նկարաշարը ընդունեք որպես գովազդ իմ օրագիր- մեդիապատումներին, որ Նառա Նիկողոսյանի առաջարկով դուք կարող եք դիտել իմ բլոգում այս շաբաթվա վերջում։

Դավիթը՝ իր քանդակագործ եղբայր 8 տարեկան սեբաստացի Արմենի հետ ծեփագործության և կոնստրուկտավորման հմտություններ է յուրացնում՝ հիանալով իր ընդունակ և ուժեղ եղբորով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ստեղնաշար դարձած աստիճաններով…

— Դավիթ Բլեյան, պրծի հավաքվի, դուրս ենք գալիս… Դավիթը մեր՝ վերացա՜ծ, բաց դաշնամուրի առաջ կանգնած նվագում-երգում է… — Համ էլ ես գտա նոտան… Այսօր տոն է Սուրբ ծննդյան… Ու շարունակում

Գործիս իմաստն այն է, որ ձեզ օգնեմ սիրահարվել…

Համաձայնեք, որ պակասող մասնագիտություն է… Շնորհակալ եմ Ռեյ Բրեդբերիին՝ մասնագիտական կողմնորոշման, «Ժպիտը» պատմվածքի համար, և կրթահամալիրի Գրական ակումբին, որ մեզ ընթերցանությանը-կյանքին-ստեղծականությանը սիրահարեցնելու գործին է կպել… Նոր դպրոց-Արևելյանի բակում պադոնների վրա

Հնացավ, նա անցավ: Քաջության նորություն-հաղթության նորություն: Վեր կացե՛ք, աշխատենք…

Մի փոքր ուշացումով, բայց միացա Գեղարվեստի դպրոցի Վահե Էբրահիմին, միասին նշեցինք Կոմիտասի ծննդյան օրը: Հուզվեցի-ուրախացա. Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքի հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն