Նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական ու մտերմիկ զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու… Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես, իմ, մտերիմ ասած, մասնավոր, ինտիմ խոսակցության համար՝ ինչին էլ վերաբերի այդ զրույցը

Այսպես է նամակ գրել Վահան Տերյանը։ Բոլոր կարգի գործիչների նամականին համարում եմ նրանց գործունեության-ստեղծագործական ժառանգության անբաժան մասը և, առիթ առաջանալիս, բացում եմ այն… Ինչպես հիմա, Տերյանի դեպքում: Իսկ Թումանյանի նամակները, հոդվածները կարդացել եմ, երևի, ծայրից ծայր և ոչ մեկ անգամ: Կարևոր եմ համարում, որ Գրականության և արվեստի պետական թանգարանն ի մի բերի, հավաքի հայ հանճարի (հանճարների) ողջ արխիվը, ժառանգությունը, յուրաքանչյուր ձեռագիր նամակ, որ դրանք պատշաճ, ամբողջական հրապարակված լինեն ու մատչելի յուրաքանչյուրին… Լավ է, որ ընթերցողների ակումբի «Ճանաչենք ժամանակակիցներին» նախագծով կրթահամալիր եկած Գևորգ Էմին-Տերյանը մեզ բերեց «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գիրքը։

Ես էլ ահա սկսեցի նամակ գրել ձեզ, սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, որտեղ էլ լինեք, ոչ սեբաստացիներ… Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է.  ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն 2000 թվականից նշվում է՝ ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության։ Մեր ուսումնական օրացույցով էլ մայրենիի բաց ստուգատեսի, «Կարդում ենք…» ուսումնական նախագծերի օրեր են։ Նշանավորենք մայրենիի միջազգային օրը շաբաթ-կիրակիի ընտանեկան նախագծերով. տանն ենք, չէ՞, մեր մայրենիի հետ… Ցույց տանք, որ մայրենին ամենապաշտպանվածն է, յուրաքանչյուրիս ընտանեկան-անհատական հոգածության ներքո է։ Ստուգատեսը մայրենիի նկատմամբ այդ հոգատարության, դրա արտահայտման ձևերի ներկայացում դարձնենք։ Անհամբեր սկսեցի սպասել գունեղ-բազմազան-բազմաձայն-տարատեսակ ձեր նյութերին մեր mskh.am  տանը։ Ցույց տանք, որ.

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։ —
Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։
Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո ՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—
Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բառբառը գեղջկական, —
Բայց նա կգա — լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ… 

Նյութերը տեղադրելիս չմոռանաք նշել «Մայրենի լեզվի օր» բաժինը։

 

Տիգրանյան Աշոտը՝ մեր սեբաստացիական շրջանի, դրանից առաջվա, բոլոր ժամանակների ամենակարդացողը, զննողը, իմացողը, պարբերաբար ինձ ծավալուն թերթեր է տալիս. լավ է՝ հայալեզու կամ ռուսալեզու, լավ է՝ չի ստուգում՝ որքանը կարդացի ու ինչ հասկացա: Ահա, «Новое Время» հայաստանյան անկախ, 1992թ.-ից երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին լույս տեսնող թերթի փետրվարի 12-ի համարում կարդում եմ. «Հայաստանի վիճակագրության պետվարչության տվյալներով՝ 2014-ին գրանցված ամեն 1000 ամուսնության բաժին է ընկել 238 ամուսնալուծություն (բաժանում), 2013-ին այս թիվը եղել է 205»: Ասել է թե՝ ամուսնալուծությունների թիվը մեզանում մեկ տարում 20 %-ով աճել է: Լավ է, որ նույն վիճակագրությամբ ամուսնությունների քանակն էլ աճ է տվել, մի քիչ ավելի՝ 3,4 %-ով, աճել է 2014-ին ծնված մանուկների քանակը… Ուշադիր ու բարձր երկարատև ծափեր՝ 43183 երեխա: Ինչո՞ւ անցա թվերին. Դավիթը հիմա շատ է սիրում թվեր, տառեր էլ է սիրում, կարդում է շուրջբոլորը հանդիպող ամեն ինչ: Հետո, մեր շուրջը, մեզ հետ, մեզանում շատ են դեռևս չամուսնացած ուսուցչուհիները՝ մեկը մյուսից հետաքրիր-գրավիչ կանայք… Այդպես էլ խելքս չի կտրում՝ ո՞ւր են, ինչո՞վ են զբաղված սպիտակ ձիավորներով մեր ասպետները… Սուրբ Սարգսի այս մի տոնն էլ անցավ… Թումանյանի «Փարվանայի»պատմությունը մտաբերեցի. շատ եմ հավանում, Թումանյանը հենց այնպես բան չի արել. սիրելի քույրեր, հարազատներ, երևի պահանջները ձեր մի փոքր վերանայեք-թուլացնեք ու ընդառաջ գնաք, փնտրեք ձեր Սարգսին ձիավոր-ոտավորների մեջ, այսօր, փողոցում, ամենուր… Գտեք, խնդրում եմ: Իմ եղբայր Ստեփանը շատ է նեղվում, որ հասուն իր աղջիկ Աննան, Տաթևը Բլեյան, Էդիտը Հովհաննիսյան ծննդյան օրվան մասնակցում են առանց կողակցի, որքան էլ որ նրանք պնդում են, որ իրենք իրենց երեխաներով, աշխատանքով, իրենց կյանքով լավ են զգում:
– Էլ ի՞նչ շնորհավորանք. չգաք՝ ավելի հեշտ կլինի,- ստեփանավարի բաց խոսում է նա…

Ուրախացնողը, որ հաստատվում է մեզանում, ինքնորոշման-ինքնուրույնության ավելի բարձր աստիճանն է, այն ամրապնդում է կրթահամալիրը: Դո՛ւ ես քո գործածի հեղինակը: Դու չես կարող համաձայն չլինել այն ծրագրի հետ, որ քո աշխատանքով իրագործում ես: Ավելին, դո՛ւ ես որոշում, մշակում այդ աշխատանքը: Սա ամենից շատ երևում է, տեսանելի է դառնում mskh.am-ի գլխավոր էջից: Ես առանձնակի հաճույքով սպասում եմ, բացում այն. պատահական բանի քիչ կհանդիպես. ամեն նյութի-հաղորդման ետևում ծրագիր է, մտահղացումով սեբաստացի կամ այդպիսի խումբ: Այսօրը բացառություն չէ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու

Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա… Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս… — Պապ, դու հո հեռուստացույցի ու

Համերգից առաջ, համերգին ու համերգից հետո

Համերգ, հանուն որի այս 300 կմ-ի չափ ճանապարհն ես հաղթահարել, բազում արգելքներ… Ու «Սեբաստացիներ» երգչախմբով, բեմական նոր զգեստներով, մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ բեմ ես բարձրանում… Թբիլիսիի ազատ համալսարանի ու

Ցնծության ավետի՛ս. ծաղիկ աղջիկ Շուշան Բլեյանը քսան տարեկան է արդեն…

Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝