Կատաստրոֆա՜, առավոտյան արթնացել եմ լույսը վաղուց բացված՝ 6.30: Այսպես ե՜րբ էր եղել մեկ էլ… Պարզվում է, իմ տեղը համակարգչի առաջ Արմինեն է զբաղեցրել 4.30, սա էլ մեր տան թարսը եղավ. Դավիթը քնած է իրեն զարդարող խաղաղությամբ… Ես վռազ պատմում եմ՝ առանց mskh.am-ում իմ պտույտ-թափառումն անելու, առանց քաղաքական անցուդարձին հետևելու: Քնել եմ ջախջախված. 10-11-ի արանքում և գիտեմ՝ ինչից եմ խոցված-նեղացած… Լրագրողից, ով երկար ինձ համոզեց հարցազրույց տալ, ով խոստացավ չուշանալ, զբաղեցնել ընդամենը 5 րոպե ու իմ ասած ժամին, և ով ուշացավ ընդամենը 1 ժամով և ուղիղ 1 ժամ պահեց… այնպես, որ բաց թողեցի Գեղարվեստի կրտսերի դպրոցի համերգը… Կրկնել ապրվածը, համերգը՝ պահն այն մոգական, չի լինի, բայց կարելի է, չէ՞, Հասմիկ Մաթևոսյան ու ընկերներ, իմ թարս օրվան շիտակ արձագանքել ու մի համերգ էլ տալ նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել մասնակցել համերգին… Ես այդպիսի դահլիճ գիտեմ…
Հասմիկ Մաթևոսյանի սաները։
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Օրվա վերջում, Գրիգոր Խաչատրյանի հետ Մեդիայից մտանք Գեղարվեստ. վստահ էինք, որ Գայանե Առաքելյանին ենք հանդիպելու, ծաղկագործ տիկին Շողիկին… Այդպես էլ կար. ընդամենը առավոտյան էինք պայմանավորվել «Պարտեզ տանիքում» նախագծի մասին… ու ես չէի էլ կասկածում իմ ընկերների՝ Գայանեի ու իր սովորող-ուսուցիչ ընկերների, Շողիկի ու իր ընկերների հարազատության, նվիրումի ու կարողությունների հարցում: Մեդիաուրբաթ համերգից՝ սեբաստացիներիս ցնծության հերթական ստեղծագործական ակտից առաջ վայելեցինք Գեղարվեստի տանիքում մեր նոր պարտեզի բացումը…
Հայկ Գրիգորյանը՝ Գեղարվեստի ավագ դպրոցի շրջանն ավարտողը, ոգևորվեց իր անհատական ցուցադրություն-հաշվետվությունն այստեղ անցկացնելու առաջարկից: Որոշված է: Ու հիմա մեզ համախմբում է այս նախագիծը՝ «Ցուցադրություն տանիքում»… Դիմացը՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի, ու ամեն օրն էլ՝ 24 ժամ, եղավ Դավթի սիրած թվաբանությունը… շատ-շատ թվեր…
Տաթև Բլեյանն ուրիշ է, ես գիտեմ իմ Տաթոյին… Իր բնակարանն ունի Ավան թաղամասում, Արևիկ ունի, ինչպես արև՝ միակ-անկրկնելի-պայծառ, այսպիսի աշխարհ ունի դրսևորվելու-արտահայտվելու՝ Դպրոց-պարտեզ պարտեզ դպրոցում… Քանի որ հոր և աղջկա խոսակցություն չէ սա, թույլ տվեք մեջբերեմ իմ փոստից…
Այս մասին շատ անգամ եմ ուզել ասել, բայց առիթը այսօրվա սեմինար-պարապմունքն էր, որին մասնակցում էր, «Արեգնազան» կրթահամալիրը: Մենք բացառիկ առողջ, օգտակար, մարդկային ճիշտ գոտում ենք: Եթե չլիներ Աշոտ Բլեյանը, չլիներ ձեր, հա՛, ձեր ստեղծած կրթահամալիրը, ես, մենք կլինեինք մտավոր և հոգևոր այլ մակարդակի վրա: Գրում եմ՝ որպես կրթահամալիրի աշխատող, այլ ոչ՝ դուստր: Իմ, մեր բախտը բերել է… Ես, մենք հաճախ, շատ հաճախ ուշ ենք հասկանում շատ բան, ուշ ենք յուրացնում, իրականացնում այս կամ այն ծրագիրը, մեր միտքն ամսեամիս է մեծանում, ձերը՝ րոպե առ րոպե:
Հարգանքով՝ Տաթև Բլեյան
Ես Մարմարյա սրահում դիմավորում էի Դպրոց-պարտեզի երաժիշտ սովորողներին՝ 1-3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանցիներին, որ գալիս էին կարևոր համերգի՝ դասարան-դասարան, ուսուցիչներով ու ծնողներով… Ծնողներից մեկը տեսարանը հիացմունքով բնութագրեց որպես դիմավորում մեծ համերգից առաջ…
Սոֆյա Գրիգորյանի սաները։
Համերգի լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
«Սեբաստացիներ» համերգային դահլիճում միասնական պարապմունքի տոն էր՝ մեր ուսումնական նախագծերից գուցե ամենամարդկայինը, ամենաբնորոշը, ամենահուզիչը, ամենաազգայինը… Համերգ: Ահա կրթական ծրագիրը՝ իր բոլոր մասնակիցներով, որպես ստեղծագործական հավաքանի՝ համերաշխ, արձագանքող, ուրախ… դա կարողանում են անել Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը, Մարինե Մկրտչյանը, Հասմիկ Մաթևոսյանը… Տիկին Սոֆյա Գրիգորյանին այնպե՜ս սազում է այս ամենը, որպես մեդալ… Հալալ է ձեզ, ու ես շնորհակալ եմ՝ այս ժամը որպես պարգև ստեղծած ամեն մեկիդ…
Իսկ շաբաթ-կիրակին աշխատանքային-տոնական է դառնում. մենք, տեսեք, ինչպիսի կարևոր ու շատ հյուրեր ունենք՝ մեր նոր գործընկերները Թբիլիսիից… Սովորելն անընդհատ մի գործ է՝ կյանքի պես, ու պետական տոնացույցի հաղթանակի օրը կիրակին չի կտրում… Ես իզուր չբերեցի Վիկտորյա Բալավաձեի նամակը. քչախոս պետք է լինեմ իմ օրվա գրում. իմ օրն այնքա՜ն խիտ է, լեցուն՝ մեկը մյուսից կարևոր իրադարձություններով… Նառա Նիկողոսյանը, Գևորգ Հակոբյանը, Սուսան Մարկոսյանը, Լիլիթ Ազիզխանյանը ծրագրել են մեր եռօրյա աշխատանքը՝ ինչպես միշտ, բարեխիղճ ու համերաշխ…
Միջին դպրոցի 7-րդ դասարանցի Նարեկը մե՛կ ուրախացնում է, մե՛կ բողոքում-առաջարկում… Սկսել են ձիասերների ակումբ ձևավորել, ճիշտ է, ու կեցցե´ք, սկսում են օգնել կրթահամալիրի ձիասպորտի-ձիավարժության-ձիանոցի նախագծի ղեկավար Խորեն Հազարումյանին, ով թափով առաջ է տանում նախագիծը կառույցի. սկսվել է շինանյութի տեղափոխումը… Թող քար նետի իմ ուղղությամբ նա, ով կասկածում է, որ հունիսի 1-ին կլինի ձիանոցի նորամուտը… Դե, սկսե´ք…
Էջմիածնի ձիարշավարանում: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Նարեկը չի կարողանում դպրոց՝ ուսումնական աշխատանքի գալ հեծանվով. կրթահամալիրի ոչ մի դպրոց կայանատեղի չունի: Խայտառակություն է, ընդունում եմ: Գրիգոր Խաչատրյանի հետ այսօր-էգուց ավարտենք կայանատեղիների նախագծման-տեղադրման գործն ու սկսենք, Նարեկ ջան… ու ավարտենք, ինչպես ես արեցի իմ բնակարանում… Գիտեք, ես ապրում եմ Խանջյան-Չայկովսկի փողոցի վրա գտնվող շենքի վերջին՝ 4-րդ հարկում, ու կայանատեղի հեծանվի չունեի: Իմ հարևան գործընկեր Արամն օգնեց, հատկացրեց 1-ին հարկի իր խորդանոցը. մաքրելուց-նորոգելուց հետո, համեցե´ք, հարմար կայանատեղի է՝ և´ իմ, և´ Դավթի հեծանիվների համար… Իսկ Շուշան Բլեյանը, փոխանակ փոքր հեծանիվ ուղարկի իր եղբորը, մեծ ձու-ձու կակա է ուղարկել, ի դեպ, որպես պարգև-մրցանակ՝ ամեն օր լողացող Դավթին… Այո, այսօր էլ, չնայած «վռազ» հայտարարված ռեժիմին, Դավիթն իր նախաձեռնությամբ կտրել տվեց եղունգները և հեծանվով սլացավ բաղնիք… ուշանում ենք, ու լողն առավոտյան կարճատև վայելք է, իր հիգիենայի անօտարելի մասը… Տղան չի կարող մաքուր-կոկիկ չլինել ամեն օր… Եվ սա ապահովելը հայրական պարտականություն է, հոր գործ, ինչպես և աղբը տանից հանելը… Դավիթը, նաև, ինքնուրույն թերթ է գնում կրպակից…
Առավոտյան Դպրոց-պարտեզում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Հասմիկ Ղազարյանի և Նառա Նիկողոսյանի՝ իրար հաջորդած կլոր սեղան-քննարկումները մի շարքից են. իրական բովանդակությամբ, իրական անհանգստությամբ, հրատապ օրակարգով… Եվ կարևոր է բոլոր կողմերի շահառուների՝ սովորող, ծնող, ուսուցիչ, հանրային սեկտորի ներկայացուցիչների ակտիվ-գործուն մասնակցությամբ… Խելացի կազմակերպված ասելիքով…
2014-2015-ի ավարտը, 2015-16-ի մեկնարկը՝ մեր հեղինակային կրթական ծրագրով, «Ամառային դպրոց», «Ուսումնական ամառ» նախագծերով, հունիսյան ուսումնական, հուլիս-օգոստոսյան արտագնա ճամբարային ընդունելության անընդհատ կազմակերպմամբ պարապության, շունչ քաշելու, «դե լավ հլը»-ի, «ժամանակ կա, սպասենք-տեսնենք»-ի միջանցք չեն թողնում… Սրան գումարեք ավագ դպրոցի ընդունելության կազմակերպման բոլորի դռանը չոքած «դժարը»՝ այս տարվա 9-րդ դասարանի շրջանավարտների կտրուկ պակասը, Հանրակրթության մասին ՀՀ օրենքով պարտադրված՝ կրթահամալիրի դպրոցների ղեկավարների պարտադիր վկայագրման կազմակերպումը բերում են սահմանափակումներ՝ պարտադրելով խելամիտ լուծումներ, կրթահամալիրի կառավարման առողջացման մշակված ծրագրի շուտափույթ ներդրում… Տեսա՞ք՝ ինչ կարևոր անոնս արեցի իմ առաջիկա գրերի համար. երեկվա իրադարձության՝ իմ սիրելի «Չիպոլինո» բալետի մասին խոսակցությունն էլ այս անոնսի շարքում… Վռազ՝ հո չի՞ նշանակում կիսատ-պռատ, ինչպես Գեորգի Մոմցելիձեն է ինձ բնութագրում՝ շուտ արեք, արագ-արագ… Գործի ջանջալը ո՞րն է…
Նոր դպրոցի 6 տարեկանների լողուսուցման պարապմունք Դպրոց-պարտեզի փակ լողավազանում:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի: