Թե լսես Սյուզի Մարգարյանին, իմ գիրը գիրք դարձնող օրագիրն էլ գրականություն է, այն էլ՝ իր համար ամենակարդացվողը… Բա՜: «Սեբաստացիներ» ռադիոյի 179-րդ թողարկումը, որ երեսուն րոպե անձանձրույթ լսեցի, լի է այդպիսի լուրերով, իսկ mskh.am-ից տեղեկացա, որ նոյեմբերի 18-ին, «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնի» ծրագրում օրագրի ընթերցողները պատրաստվում են նշելու գրքի հինգհարյուրյակը. հրավիրեն-չհրավիրեն, մասնակցելու եմ…
Թե լսես Արտեմ Հարությունյանին… Ո՞նց չլսես, գրող-գրականագետ, բանասիրության դոկտոր պրոֆեսորը նաև հոբելյար է… Դոստոևսկին ասել է, որ գրականությունը երկսայր փայտի պես է՝ մի կողմում հեղինակն է, մյուս կողմում՝ ընթերցողը… Իմ գիր-գրականություն-օրագիրը երկսայր քորոցի՞ պես է…
Դավիթ Բլեյանին հարցրեցի իմ օրագրի մասին… Պատասխանները հրապարակման արժանի են, բայց ոչ իմ օրագրում. կարդացեˊք Արտեմ Հարությունյան…
Լարված էի. ափսո՜ս, լավ բան չէ լարումը, երկսայր ձողի նման, որի մյուս ծայրում զայրույթն է… Գործիք է անպետք… Ինձ խանգարեց՝ բաց թողեցի Վահրամ Թոքմաջյանի խրախուսելի նախաձեռնությանը մասնակից լինելու հնարավորությունը… Վահրամը խոստացել է սեբաստացիական մեդիայում շարունակել նման ինքնաբուխ հրապարակային պարապմունքները…
Աշոտների ծիսական առանձնազրույցը՝ ճիշտ ժամը 12-ին, նախօրոք պայմանավորված, քառասուն րոպեանոց, կետ առ կետ կարևոր խոսակցություն մեր մանկավարժության զարգացման շուրջ՝ մեդիակենտրոնում. մի բազկաթոռին՝ Տիգրանյանը, մյուսին՝ Բլեյանը… Այսպես, միայն այսպես, առերես, կոնկրետ, համաձայնությամբ…
Սեբաստացիների դիմանկարներ։ Արխիվային լուսանկարներ։
Նոյեմբերը՝ այս շաբաթով սկսվող, մինչև նոյեմբերի 22-ը ձգվող իր տոնական շրջանով, տոնացույցով, ծառատունկի համար է՝ էտելու, մեր ութ բակերում ու նրանց շուրջը նոր ծառեր դնելու, բակ-պարտեզները ձյանը-ձմռանը պատրաստի վիճակի բերելու… Ո՞ւմ ծառայությանն է հանձնված այս՝ քաղաքակրթություն որոշող գործը, մեծ ու կրտսեր սեբաստացինեˊր… երկսայր գործիքի նման, որի մի կողմում փոցխն ու բահն է, մյուսում՝ ջանքը… Բայց փոցխով ոչ թե մեր բակերի տերևներն ենք հավաքելու, այլ հարակից փողոցների տերևները՝ կոմպոստ նախագծերի համար… Իսկ ծառեր տնկելու ենք մեր տնկարաններից… Պարտիզպան խմբերին որտե՞ղ պիտի հանդիպեի… ման եկա ամբողջ օրը՝ չկային Մայր դպրոցում, Գեղարվեստում, Նոր դպրոցում… Որտե՞ղ են նրանք։
Իմ լարվածությունը խոստումով էր պայմանավորված. մեր բոլոր կրտսեր դպրոց-նախակրթարանների ծնողներին խոստացել էի երկուշաբթիից ջեռուցվող շենքեր… Ինձ համար անհնար է չլարվել, ապրել սովորական կյանքով, երբ երեխաները, որ իմ պատասխանատվության տակ են, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-ից 17.00 մրսում են… Մեր շենքերը, բացի Մեդիակենտրոնից ու Մայր դպրոցից, ջեռուցման պատրաստ են, ջեռուցման կոճակն էլ դպրոցների ղեկավարների ձեռքին է, իսկ շահագործման ծառայությունը (որ մշտապես գործող լինի համակարգը՝ իր կաթսայատներով ու ջեռուցման ներքին ցանցով) ղեկավարում է Ռուդիկ Սահակյանցը… Ահա հեռախոսը՝ 094(091)(055) 48 06 07, սա էլ էլ. հասցեն՝ Rudik.Sahakyants@mskh.am… Մեդիակենտրոնն ու Մայր դպրոցը ջեռուցման վիճակի կբերվեն այսօր-վաղը՝ մինչև նոյեմբերի 12-ը, ինչպես որոշված է կրթահամալիրի տնօրենի հրամանով… Հրաման չէ՝ մի երկսայր սուր, որի մի կողմում, երևի, սեբաստացին է, մյուս կողմում՝ աշխատողը… Մրսել չի կարելի, թույլ չեմ տա, թույլ միˊ տվեք… տանը թե դպրոցում։
Շաբաթ օրվա աշուն-Բյուրականը՝ իր ձայներով-գույներով, ինձնից չի հեռանում… Չեմ սիրում պլաններ՝ հետոյի հետ կապված, բայց, գոնե, մի վաթսուն տարի էլ ես կզբաղվեմ պարտիզպանությամբ… Մեր մեջ, ինձ կներեք, այսօր մի պարտիզպան եմ տեսնում՝ Հրաչյա Առաքելյանը… հենց փոցխն ու բահը ձեռքն է առնում՝ անշտապ, բարեխիղճ, նախանձս զայրույթ-լարում է դառնում… Ինչո՞ւ է միայնակ։ Նոյեմբերի 20-ի տոնական ծրագրում, Ավագ-Միջին դպրոցի սովորողնեˊր և ուսուցիչնեˊր, չե՞ք մոռանա նշել հայրենագիտական-արշավախմբային կայանի նորամուտը՝ իր երկրագիտական թանգարանով ու պարտեզով, բրուտանոցի վերաբացումը՝ իր բացօթյա արհեստանոցով-պարտեզով… Չե՞ք մոռանա, հարցնում եմ, միˊ լարվեք, ամբողջ տասն օր կա… Խորեն Հազարումյան, Նառա Հարությունյան, չե՞ք մոռանա հրաձգարան-նետաձգարանի վերաբացումը՝ իր բացօթյա դաշտով, պարտեզով… «Սեբաստիա» մարզադաշտի ամբողջական բարեկարգումը՝ իր ծառատունկով… Ախր, ի՞նչ կա լարվելու… Տեսե՛ք, Միջին-Ավագ դպրոցում քանի՜ տղամարդ կա՝ ուսուցիչ թե սովորող, ամեն մի տղամարդ աշխատողի կողքին որ հինգ հոգի էլ սովորող կանգնի, կմնա աշխատանքի խելամիտ կազմակերպումը… Միայն, խնդրում եմ, առանց լարվելու…
Բնապատկերներ: Լուսանկարները՝ Շուշաննա Ճշմարիտյանի. 11-րդ դասարան։
«Արհեստանոց-լաբորատորիա-դահլիճ» բառերն այս օրերին իմ սուրհանդակ-գրերում ամենագործածվողն են նորից… Ես միայն ֆիզիկական միջավայրը նկատի չունեմ… Այստեղ կա դինամիկ, ակնհայտ արդյունքներով տեղաշարժ… Կրթահամալիրի յոթ-ութ հոմանիշներից ո՞րերորդն է արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան…
Տոներն են մոտենում… Ես խոսում եմ պարտեզի մասին՝ իր պարտիզպանով, արհեստանոց-արվեստանոցի մասին՝ իր արհեստավորով, հետազոտող վարպետ ուսուցչով… Աշոտ Տիգրանյանն ու Վահրամ Թոքմաջյանը, որքան երևում է, գործի են անցել, Մարիետ Սիմոնյանն ու Ժաննա Հակոբյանը՝ նույնպես… Ես չեմ որոշում, ես աջակցում եմ, ինչպես կրթահամալիրին՝ իր վարչական-կազմակերպական-նյութական ողջ ուժով, այնպես էլ յուրաքանչյուրին, ով խիզախություն և մասնագիտական բարեխղճություն, միով բանիվ՝ տաղանդ կդրսևորի, որ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին»՝ նոյեմբերի 16-ից սկսած, մանկավարժ-վարպետն իր հրավերներն անի լայն, մեդիա, թե ֆիզիկական միջավայրում բացի իր վարպետանոցի դռները… Առանց լարումի, խնդրում եմ, ժամանակ դեռ կա, բայց և, առանց հետաձգելու, որ տոնն անձնական դառնա, հեղինակային, հեղինակավոր, նշանավոր, տոնը՝ ձեր նշանով…
Մարմարյա սրահում երեկ ընդհանուր պարապմունքին ասացի. ինձ հուզեց, որ Աշոտ Տիգրանյանի սանը՝ իր նախագծով, որպես սկզբնաղբյուր, նշել էր իմ այս հաղորդումը… իմ հինգ հարյուր գրի արժեքն ունեցավ… Դիտեˊք, խնդրում եմ… Ես այն մարդը չեմ, որ ուրիշների համար, խոսելու համար, մի բան անելու համար, եթերում երևալու համար մի բան ասեմ, երբե՛ք: Կրթահամալիրի տնօրենի բլոգն է. իմ օրվա գիրը, իմ արհեստանոցը, որ տեսեք, հինգ հարյուր օր կդառնա, բաց է՝ Աստծո ամեն առավոտ…
[youtube https://www.youtube.com/watch?v=5qa54iM5ECM?rel=0&controls=0&showinfo=0]
Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
#492