Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն վարդերը, ու ճռվողյունը թռչունների ավելի ու ավելի ձայնեղ է… Արմինեի ջանքերով, իմ խրախուսմամբ-նյութական աջակցությամբ, տիկին Շողիկի մասնագիտական խորհրդատվությամբ, պատշգամբը հարմար ուսումնական տարածք է Դավիթ Բլեյանի՝ երկրագործության այբուբենի յուրացման համար՝ արև, ջուր, գործիք, հող, սեր… իսկական փորձարարական տնտեսություն:
Մեզ, մեր բնակավայրերին, բնակարաններին, մեր Բանգլադեշին, կրթահամալիրին շատ են պակասում խնամած-մշակած ծաղկաթմբերը, ծաղկունքը, ծաղկային լուծումները… Անծաղիկ ֆիզիկական միջավայրը, որ հաստատվել է մեզանում, պիտի բեկվի մեր անհատական-ընտանեկան ծաղկասեր գործունեությամբ… Մեր լավ բարեկամ ճարտարապետ Համլետ Խաչատրյանը՝ մեր գնահատելի խորհրդատուն, ամեն անգամ այցելելով-գոհանալով միջավայրի ընդարձակման-կանաչապատման արդյունքներով, չի հասկանում, թե ինչու է ծաղիկը քիչ, Նունե Մովսիսյան ջան, որ 15 հոգով, սքանչելի է, ապրում եք ձեր ստեղծած ալպերում…
– 2000 սեբաստացի տարատարիք, ամեն մեկն ամեն օր մի ծաղիկ չի՞ տնկում-խնամում, չի առաջադիմո՞ւմ,- վրդովվում է Համլետը Խաչատրյանը:
Իմ ընկերոջ այցն ուշացնում եմ. ի՞նչ կասի-կտեսնի, նույն հանդիմանությո՞ւնը (ցանկությո՞ւնը) կլինի… Որքան էլ կա փոփոխություն, բայց չկա բեկում. մայիս ամսվան շատ է սազում-համապատասխան ծաղկաբումը…
Մայիսի 5-ին մեկնարկում է Մայիսյան հավաքը։ Արևիկը՝ խելացի-շիտակ, իր խոսքում նետեց՝ մայիսյան հավաքի իմաստը չեմ հասկանում… Տաթև մայրիկը ներկա չէր, որ ներկա լիներ, երևի ինձ ցավ չպատճառելու համար ջանքեր գործադրեր, որ ես չլսեի: Արմինեն, հակառակը, լսելի դարձրեց։ Առանց անհատի մակարդակում իմաստավորման՝ ի՞նչ հավաք… Մայիսի 5-ին մեկնարկում է հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների հավաքը… Ես ավելի շատ եմ կարդում, դիտում, լսում, զրուցում, կասկածում, որոշումների գալիս, լուծում… Շիտակ ու կոնկրետ գործեք այս օրերին, խնդրում եմ, անհատին ուղղված ու անհատական մակարդակում ընկալելի:
Գեղարվեստի ավագ դպրոցի 10-րդցիներ Աստղիկ Մամիկոնյանն ու Լուսինե Մլքե-Գալստյանը ջութակի և ֆլեյտայի պարապմունքը բաց չթողնելու համար հրաժարվեցին կիրակի առավոտյան միանալ Ծաղկունք մեկնող խմբին, որքան էլ շատ էին ուզում կիրակի օրով ընկերների հետ լինել Սևանի Ծաղկունքում, ելույթ ունենալ… Պետք էր ընտրություն կատարել. նրանք ընտրեցին իրենց անհատական պարապմունքը: Այդպես է միշտ՝ պարապմունքը բաց չեն թողնում: Կեցցե՛ն:
Վիկտորիա-Անիի՝ Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցի Մարկ Միկաիլի 5-րդ դասարանցի քույրիկի մասին շատ եմ լսել մեր տանը. Արմինեն մայրենիի ուսուցիչն է ու հիացած պատմում է այն առաջադիմությունից, այն բարեխիղճ ուսումնառությունից, որ ցուցաբերում են մեր շատ հարգելի պրոֆեսոր Արեգ Գրիգորյանի՝ Ամերիկայում ապրած-մեծացած, ամիսներ առաջ հայերեն չիմացող թոռնիկները: Ուսումնական նախագծի հրապարակված փաթեթը լավ առիթ էր Վիկտորիա-Անիի՝ «Իմ ճամփորդությունը դեպի Արագածոտնի մարզ»-ը կարդալու համար… Ոճը նույն ինքը՝ մարդն է… Տեսեք՝ ինչպիսի՜ առաջադիմություն, հայերենի ինչպիսի՜ գործածում, ինչ պատում՝ զուլալ-անմիջական…
Ջուրը շատ արագ էր հոսում և շատ սառն էր: Ես կուզեի, որ գետի մեջ այդքան քարեր չլինեին, ու որ ջուրը մի քիչ ավելի դանդաղ հոսեր, որ կարողանայինք լողալ մեջը: Կարծում եմ, որ գետով հոսող ջրի կյանքը հավես է:…. Հիմա ես համբերում եմ մյուս ճամփորդությունին:
Մարգարիտ Մանվելյանն էլ նորեկ է. ընտրել է կրթահամալիրը՝ Միջին դպրոցը, 2014-ինձևավորված տարիքում, գիտակից-անհատական ընտրություն է կատարել. մեր կրթական միջավայրը, բլոգային ուսուցումը, արտահայտվելու ազատության հարգումը խթանում են ինքնադրսևորումը… Ահա այսպիսի խոսք.
Պետք է թողնել անցյալն ու գնալ առաջ: Ուղղակի մի քիչ ինքնավստահություն և վերջ: ….Կարծում եմ՝ նույնն է նաև հասարակության դեպքում: Ժողովուրդը պետք է կարողանա վերջապես փակել անցյալի դռները՝ հարգելով այն, թողնի հանգիստ ու ապրի այսօրվա օրով: