Հիմա 8.30 է, երբ ուսուցիչ Արմինեն՝ 1-ին ժամին դասի, ոգևորված իր 90-ի հասնող 4-5-րդ դասարանցիներով այնքան, որ աստիճանների վրա անգամ իր Դպրոց-պարտեզի՝ ուսումնական դարձած ռադիոների  ցանցային համակարգի (Նունե ջան, ցանցերով է դառնում մեր  բաց կրթական միջավայրը՝ իրենում ստեղծվող հեղինակային մանկավարժությամբ. Նորայր Այվազյանը՝ մեր միշտ կենդանի Սպարապետը, կստուգաբաներ՝ ցանցառներ՝ ցանցը առնողներ՝ երեխաներին որպես թիթեռնիկ որսացողներ) մասին պատմելով գնում է, երբ ես փակում եմ տան դուռը, նստում իմ օրագրի առաջ (այսպես ե՞րբ է եղել)… երբ ես դայակություն եմ անում Դավթին, որ գիշերվա 2-ից ինձ նման ու ինձ հետ եղավ և հիմա այնպես խորն է քնած՝ ճիշտ իր հայրիկի նման, որ արթնանա՝ Արմինեի հերթով դրած շորերը, համաձայն իր՝ 10 անգամ կրկնել տված հրահանգի հագցնեմ (ես, գիտեք, համաշխարհային մասշտաբի տուպոյ եմ), երբ ես ապշելու-ծափահարելու աստիճանի եմ հասել՝ mskh.am-ի գլխավոր էջի փետրվարի 4-ի բոլոր նյութերը և, առանց բացառության, յուրաքանչյուրը ակնդրել-ունկնդրել-հոտոտել-շոշափել-ծամծմելու գործում, ականջներդ դեսը տվեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք, ուսուցիչ, ծնող, սովորող թե շրջանավարտ, սեբաստացիների բարեկամ, որ սեբաստացի է բնույթով՝ բարի կամեցողությամբ-օգնությամբ մեզ լսեք, լսեք, լսեք՝ որպեզի կրթությունը, հանրակրթությունը, ընդհանուրի կրթությունը բնական-աստվածատուր լինի, որպեսզի կրթողի (ծնող, ուսուցիչ, այլ) գործադրած ջանքերը համապատասխան լինեն երեխայի (սովորողի) ներքին ու միասնական օրենքներին (մեթոդ կոչվածը), պիտի կենդանացնող լինի՝ կրթության սկզբում, ողջ ընթացքում, արդյունքում սովորողի և սովորեցնողի հավեսը պիտի շարունակ ավելանա, որ մարդու ոչ թե մեռնելը գա՝ մեռնեմ պրծնեմ էս աշխարհից (Հայաստանի՞ց), փախնեմ պրծնեմ էսպիսի կյանքից, այլ ապրելն ու ապրեցնելը, որպեսզի կրթողն ու կրթվողը չծերացնեն, չհոգնեցնեն, չծերանան, չհոգնեն…

Ցատկապարանը սիրելի մարզական գործիք է, որով սիրում ենք և´ ցատկել և´ վարժություններ անել մարմնամարզության դահլիճում, դասարանում, ընդմիջումներին:

Ես երբեք, ոչ մի շրջանում, տարում, ոˊչ 1989-ին, կրթահամալիրի ծնունդին-վերելքին, ոˊչ 1995-ին, երբ կրթահամալիրը նախ արարում էր հանրապետության համար՝ իր հանրակրթության նախարար հիմնադիր տնօրենով, տասնյակ ուսուցիչների ստեղծագործ նվիրումով, փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի հեղինակային կրթության 5-ամյա իրական փորձով, ոˊչ երեկ, այդքա՜ն չեմ հավանել կրթահամալիրն իր ամբողջության մեջ, այդքա՜ն հիացած չեմ եղել՝ ոգևորելու և ոգևորվելու չափ, ինչպես հիմա, այսօր: Կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը, իր հազարի մեջ է: Ինչո՞ւ հանկարծ օրն սկսեցի այսպես՝ հայտարարությամբ. ասել եմ արդեն, որպես բեկման բանալի 2015-ի համար՝ անկեղծ, բարեխիղճ ու որակով՝ ողջ տաղանդի, մասնավոր կենսափորձի ուժով… Այսպես մենք ավարտում ենք հեղինակային մեր ճամբարային-ստուգատեսյան հունվարը, այսպես մենք մեկնարկում ենք 2015-ի ուսումնական կիսամյակը, վաղվա մեր պարատնով, շաբաթ օրվա մեր «Ջան ղափամա» սեբաստացիական ծեսով: Օրացույցով ապրելը, բաց, մոբիլ ու ստեղծական, հրապարակված ու իրական, որպես ապրող կենդանի համայնք, ծես ստեղծելը «հավի խելքի բան չէ, հավի կերակուր չէ»… ինչպես և դդումը, սիրելիներս… ի՞նչ է դդումը. լսենք Անահիտ Հարությունյանին և իր սաներին. «Ռոդարիական հնարքով՝ բառախաղ-դդմախաղ, որն ավարատվում է խեցեգործարանում. Դդմիչ դդումը մի սարք է, որը աղում է միայն դդումին (Նանե Ասատրյան)Դդմած դդումը այն դդումն է, որն այնքան է հնացել, որ հոտել է, փչացել է ու թթվել (Գեղամ Մարգարյան): Դդմեղ դդումը ամենահամով դդումն է՝ մեղրոտ ու քաղցր (Մերի Միքայելյան): Դդմե դդումը ամենահասած դդումն է՝ դեղին ու սիրուն (Ժաննա Հակոբյան): Դդմոտ դդումը անխելք դդումն է (Մինաս Գրիգորյան):

Համարեք սա mskh.am-ի թոփ էջը, որ ես կառանձնացնեի, եթե տեղադրված լիներ Միջին դպրոցի ենթակայքում… Չգիտեմ՝ ով ինչ չի արել, ինչպե՞ս է եղել, որ այն սահմանված կարգով չի անցել Միջին դպրոց-mskh.am գլխավոր էջ ճանապարհը:

Երբ Գեղարվեստի բարձունքից հաշված հայտնի 99 աստիճաններով իջնում էի Մայր դպրոց, բարձրից տեսա Միջինի կազմակերպիչներ Շամիրամ-Գոհար զույգին, որ իրենց հերթապահ դասարանի ընկերների հետ՝ վերից վար, աջից ձախ մաքրում էին աստիճաններին հարակից տարածքը, որը Բանգլադեշ է, բայց կրթահամալիլրի Բանգլադեշը չէ, ամենօրյա խնամքի առարկա չի դարձել… Գործով էին զբաղված ու չէին կարևորել այս գործի գործիքներից մեկը՝ լուսաբանումը: Ես այն լրացնում եմ՝ սիրով, խորին հարգանքով: Պաչիկներ:

Շուշան Բլեյանը հաջողությամբ ավարտել է կոնսերվատորիայի կիսամյակի քննությունները և Վիեննայում վայելում է իր ուսանողական հանգիստը հիմա ու մինչև փետրվարի 9-ը: Սկայպ ստեղծողին իմ հայրական և Դավթի եղբայրական դիջիթեքյան ողջույնները, որի օգնությամբ վայելեցինք Շուշանի բացակայությունը: Դավիթը, պարզ է, Շուշանի գլուխը տարավ, ներկայացրեց իր ձեռքբերումները, որոնք բոլորն էլ մեքենաների տեսքով են: Շուշանը այս ամենին պատասխանում էր իր նշանավոր երգեցիկ, թատերական ծամածռություններով: Իսձ համար կարևորը Շուշանի տեսքն էր՝ իսկական հմայիլ, նրա ինքնազգացողությունը՝ մարտական-խաղաղ: Իմացեք. Շուշանը լրջորեն պատրաստվում է հուլիսի 13-ի երևանյան- հոբելյանական իր համերգին:

– Դավիթ, այսպես չի լինի, ո՞նց կլինի, ասա…
– Քեզ եմ քաշել,- ասում է Դավիթը…
Ես ու Արմինեն իրար ենք նայում՝ շվարած-հիացած…
Մինչ այս, Արմինեն բողոքում է՝ Դավթին լսելի, որ Դավիթը բարկանում է իր վրա… խփում է իրեն…
– Խփում է՞,- զարմանում եմ՝ Դավթին լսելի:
– Հաˊ, հայրիկ, խփում է. ես քեզ խնայում էի, չէի ասում…
– Դավիթ, այս ի՞նչ եմ լսում. մայրիկին խփում ես, գոռում, ջղայնացնում…
– Լավ եմ անում,- լողացած, կազդուրված, հագնված պնդում է Դավիթը…
– Ո՞նց, դու չե՞ս մայրիկի պաշտպանը:
– Չէ, ես չեմ…
– Բա ո՞վ է, ո՞ւմ դիմի մայրիկը, երբ պաշտպանության կարիք լինի, ո՞վ լինի իր կողքին:
– Թող քեզ դիմի, դու լինես մայրիկի կողքին, դո՛ւ պաշտպանի:
– Չէ, քեզ փոխս են գցել, Սասունցի Դավթի փոխարեն Մսրա Մելիքին են տվել մեզ…
– Չէ՜,- բողոք-նեղսրտությամբ մերժում է,- ես Դավիթն եմ Սասունցի, քեզ եմ քաշել…
– Բայց հայրիկից լավ բաներ ե՞ս վերցրել, թե՞ վատ:
– Լավ ու վատ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճանապարհորդ Կիմի առաջին ուսուցչական ուղևորությունը բարով․․․

Մեր այս ճամփորդությունը անոնս է դեկտեմբերի 4-ից սկսվող «Գեղարվեստը կրթահամալիրում» արտագնա աշտարակյան նախագծի համերգ-ներկայացում-ցուցադրության։ Ճիշտ ժամին, անբացակա, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից սկսված ճամփորդությունը Կիմա Ստեփանյանի նախանշած ընթացքը ունեցավ՝ իմ հայտնի

Իմ բզով ծակած աչքերի շրխկոցով

Հիմա կպատմեմ-կավարտեմ իմ հերթական թվով 1385-րդ անընդհատ օրը-գիրը, կհագնեմ սեբաստացի շրջանավարտ 2018-ի Ադելի ու իր ընկերների ստեղծած հեղինակային շապիկը հեծանվորդ տիարի, Բանգլադեշի ճամփին կմասնակցեմ Հանրային ռադիոյի առավոտյան ուղիղ եթերին ու կշտապեմ

Չհանձնվել տապին. գրոհով վայելել հուլիսը…

Սա հենց իմ ուզածն է, իմ սրտովը, հուլիսյան մեր զարգացումը՝ մուտքը Արևելյան դպրոց՝ ճամբարով… 6 տարեկանների համար ո՞ւմ մտքով է ավելի մարդասիրական բան անցնում հուլիսյան այս օրերին Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում…