Դու էլ արի, Նորեկ տարի,
Գըլխիս վերից Անցիր — գընա….
Անհետ, անտես Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ Տիեզերքի:
Հովհ. Թումանյան
Գևորգ Հակոբյանի հետ, ինչպես մանրակրկիտ-արշավական, հասել էինք Դպրոց-պարտեզ՝ ետևում թողնելով Մայր դպրոցում Մարինե Մկրտչյանի և քոլեջի դաստիարակների մասնագիտական կրթության հանդիսություն-պարապմունքը, մեր մանկավարժական երթի մշտակամ ուղեկիցներ տիկին Աիդայի, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի հետ։ Նույն անշտապ կոնկրետությամբ, ետևում թողնելով իմ խանդավառ աղջիկ-ղեկավար Տաթևի ու իր կյանքը դարձած ընկերների համով-հոտով-զնգուն սեղանը, այս անգամ առանց ուղեկիցների, կրթահամալիրի տնտեսությամբ՝ ողջունելով մեր խորհրդանիշ Ռոքսիին ու իր ընկերներին, համոզվելով՝ իր նոր բնակարանը տեղ է հասել, հետիոտն հանդիսավորությամբ, ստուգելով Մայր դպրոցում ընթացող բարելավման աշխատանքներն ու 2016-ին շարունակելիք-սկսվելիք գործերը՝ ընդարձակում-բարելավումները մեր նյութական միջավայրի, շարունակական անելիքները, Կրթական պարտեզի սարալանջի կենդանի արահետներից մեկով եկանք կանգնեցինք այն դիտարան-հարթակի՝ ավտոտնակների վրա, որի մասին ես ձեզ պատմել եմ… Կարդացել ենք-չենք կարդացել, ժամանակն է՝ թարմացրեք, որ 2016 տարին դարձնենք նոր…..
Դպրոց-պարտեզի 3-4 տարեկանների ամանորյա տոնահանդեսը:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Օրը շաբաթ է, արձակուրդային, ժամը 14.10, արևոտ, որ կարելի է և բաճկոնները հանել, Բանգլադեշի Բ-1 աշխարհագրական կրթական-կենտրոնի հե՛նց աշխարհագրական կենտրոնո՞ւմ, շուրջ բոլորը փոխված բնակելի (բնակելի՞՝ հարցնում եմ) բարձրահարկ շենքերով ու շենքերով… Ուրիշ բան, երեխա, այլ մարդ, այլ շարժ չի երևում. անմարդաբնակ մի կեսօր է, մեկն է անհասկանալի՝ ո՞ւր է մարդը: Տիար Գևորգն ու ես արագ տեղափոխվեցինք մեր թաղեր:
…Փրկություն չէ: Կրթական պարտեզը ֆիզիկական միջավայր չի կարող լինել սոսկ. դրա համար չէ ինձ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպությունը Ձմեռ պապ մրցանակի արժանացրել-պարգևատրել… Ահա հրաշագործ մի գավազանով հարվածում եմ, և կենդանանում է շուրջս, աղմուկ ու խնդություն խաղերի ու կյանքի… Ահա ինչու՝ այն նոր մանկավարժություն է՝ այլընտրանք մեզանում հաստատված անշարժությանը, մահվանը, մեր հատվածական-ընդհատումներով-միջոցառումային առօրյային…
Ահա քեզ և 2016-2018 թթ զարգացման ծրագրի մի օրագրային համառոտում…
Հիմնական դպրոցի 2-4 տարեկանները պատրաստում են տարեգաթա և մարդահացիկներ:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:
Եվ մի՛ զարմացեք, որ 2015-ի դեկտեմբերի աշխատանքային վերջին շաբաթի կարևոր անելիքների մեջ առաջինը Կրթական պարտեզի առաջարկ-սխեմայի արահետները բացելն էր, այնպես, որ ես կարողանամ իմ հեծանվով Մեդիայից Գեղարվեստով, հարևան թիվ 93 պարտեզով անցնելով քոլեջով, հարևան թիվ 95 պարտեզով, «Սեբաստիա» պտղատու այգով, Նոր դպրոցի երկայնքով դեպի Սարալանջ, Սարալանջով իջնեմ Մայր դպրոց՝ առանց հեծանիվից իջնելու… Բան չհասկացա՞ք՝ բացեք էլ. փոստը ձեր կամ էջը ֆեյսբուքի ու հետևեք ինձ Կրթական պարտեզի (արվարձանի)՝ Երևանի քաղաքապետարանի հավանության առաջարկ-սխեմայով…
Ի՞նչ եմ կարդում ես դեկտեմբերի 28-ին՝ գիշերվա ժամը 3-ին… Ինձ տարեմուտի օրերին երրորդ լրագրողն է տարբեր ձևակերպումներով նույն հարցերը տալիս՝ ի՞նչ եմ կարդում, նայում (տարվա ամենա… գեղարվեստակա՞ն, երևի, գիրքը, ամենա… գեղարվեստակա՞ն, երևի, ֆիլմը)… Ես էլ իբր հայտնի հանրային գործիչ, ասել է թե՝ անազնիվ ու հավակնոտ, իբր թե ազդում եմ հասարակական ճաշակի ձևավորման վրա այսօր և ուղղակի, իբր իմ կարդացած-տեսած տասնյակի չափ գիրք-ֆիլմերից պիտի առանձնացնեմ ամենա՞-ն… Պարզունակ ու կեղծ է, կներեք…
Դավիթ Բլեյանին սուփրա-սեղանով չես շեղի:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Դավիթ Բլեյանն ուղիղ իմ աչքերին է նայում հավատարիմ-շիտակ գամփռի պես…
— Պա՛պ, դու չգիտես,- ասում է,- բոլոր դինոզավրերը չեն, որ դանդալոշ են, եղել են արագաշարժ ու ճարպիկ դինոզավրեր…
Եվ ես հիմա թերթում եմ Bookinist-ի «100 փաստ. դինոզավրեր. նախագծեր, հարցեր, զարմանալի փաստեր, զվարճալի նկարներ»՝ Miles Kelly-ի 2015-փետրվարին Չինաստանում հայերեն տպագրված գիրքը, որ Դավթին ո՞վ է նվիրել իր 4-ամյակի առիթով…. Ու Դավիթը դեկտեմբերի այս օրերին դինոզավրի կյանքով է ապրում. իսկական դինոզավր, որ ոչ միայն վախեցրել է մեր հարազատներին (ի՞նչ եղավ մեր օրինավոր տղան), այլև երեկ Ստեփան հոպարենց տանը կերավ Դանիելին, Առնոլդին… վերջում էլ Ստեփանին… Աղջիկներին՝ ո՛չ Էդիտային, ո՛չ Տաթևին ու Աննային, քույրիկներին իր, մոտ չեկավ…. Իսկ կիրակի օրով պարբերաբար վերադառնում ենք NatGeoWilde ալիքի ֆիլմերին… Հայր ու տղա՝ կլանված, զրուցելով, դիտում ենք հերթական ֆիլմը… Դե, հո չեմ թողնի, որ խորանա անջրպետը մեր մեջ… որ Դավիթը նորից ասի.
— Պապ, դու չգիտես… Դինոզավրերը, բոլորը չի, որ վերացել են….
Գրքի վերջին էջի վերնագիրն եմ կարդում՝ «Դինոզավրերն այսօր»։
Այն մանկավարժությունը, որ պետական կրթական ծրագրով պարտադրվող է, ու այն կյանքը, որ ապրում ենք 25 և ավելի տարիներ, որպես դինոզավր շարունակում է խժռել…. զրկում է մեր երեխաներին մանկությունից ու փոխանցում վախեր… Սառցադաշտի ձախողումը ահազանգ է. սա նախագիծ չէ, Հրաչ Առաքելյան ու ընկերներ, թող գան չմուշկով երեխաները ու մեր աջակցությամբ իրենք կառուցեն իրենց խաղադաշտը Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում… որտեղ կստացվի։
2015 թ. առաջին և առայժմ վերջին ձյունածածկ պատկերները:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Օրագրի ընթերցարանը
Քաղաքական
- 2015թ-ին Ղարաբալա-ադրբեջանական շփման գծում ունեցել ենք 72 զոհ։ Անցյալ տարվա 46 մահացության դիմաց…
- Ամերիկացիները նշել են 2016-ի գլխավոր սպառնալիքները
- Հայկական պետականության տխուր վկայականը…
Ու ոչ քաղաքական
- Ամեն օր մեղր ուտելու 8 պատճառ
- 2015-ի լավագույն կադրերը GoPro-ի տեսանյութերում
- Իրանի դեմքերը. լուսանկարներ, որոնք կարծրատիպեր են կոտրում
- Տոնական օրերին շատ ուտելու հիմնական պատճառը
- Ինչպես են օրորոցային երգերն ազդում
- Բարձը մարդու համար…
- Վագր Ամուրը որոշել է դառնալ բուսակեր
- Վեց մթերք լավ տրամադրության համար. ինչպես երջանիկ զգալ
Ֆոտոխմբագիր՝ Գոհար Եղոյան
#539