Տեսաք՝ ինչ կատարվեց, երբ Շուշան Բլեյանին Վիեննայում միացավ Լիլիթ Բլեյանը. Վիեննայի քաղաքային խորհուրդը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դժվար է չհամաձայնել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ. «Ոչ, մեկուկես միլիոն չէ, որ սրբադասված են, այլ անոնք, որոնք հավատքի համար նահատակված են: Այսինքն՝ նրանք պետք է սրբադասվեին, ովքեր հանուն հավատքի նահատակվեցին»:

Իսկ 20-21-րդ դարերի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Սիդնեյի օպերային թատրոնում դասախոսելիս իր ունկնդիրներին կոչ է արել… «նայել աստղերին, ոչ թե ներքև՝ իրենց ոտքերին: Հետաքրքրասեր եղեք, որքան էլ դժվար թվա կյանքը, միշտ կարելի է ինչ-որ բան անել ու հաջողության հասնել: Կարևորը՝ չհանձնվել»:

Գիրն սկսելու և ավարտելու համար ինձ մի ժամից քիչ ավելի մնաց. էլի ոգևորվեցի ընթերցանությամբ՝ իմ ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ ներհայաստանյան կյանքի բոլոր փոքր ու մեծ դրսևորումները՝ տնկիի, ծիլի… ծաղկի տեսքով՝ սկսած Հիմնադիր խորհրդարանի այս երթով, ավարտած աստղերին նայող հետաքրքրասեր բոլոր տարիքի սեբաստացիների դրսևորումներով, որքան էլ դժվար թվա ծանրացող կյանքը… Այսպիսին է կրթահամալիրի Վարժարանի Սոնա Գրիգորյանը. անընդհատ է, անխոնջ, թափ առնող շարունակ, սեբաստացի շրջանավարտ՝ զինվորական իր ծառայությունը Վայքի զորամասում կատարող, մրցանակակիր Վիտալի Գրիգորյանի քույրը… Սոնա ջան, քո վիճակում եմ հայտնվել. «բթացած վիճակում էի, մինչև չկարդացի այն վերնագիրը, որով սկսեցի իմ օրվա գիրը գրել…

Հիմնական դպրոցի 2-4 տարեկանների առօրյա կադրեր: Լուսանկարները՝ Գոհար Բալջյանի, Գոհար Սմբատյանի:

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն… Ինչի՞ս էին պետք այսքան օրենքները, որ տանջվել կազմել են ու մի հատ էլ չեն հետևում…»։ Իմ էկրանից ջնջվում ու նորից հայտնվում է տարիներ առաջ ձևակերպում ստացած կանչը. «թող գա նա, ում համար…» Ոչ թե չեմ հավանում, ժամանակին անգամ օգտվել եմ այս խոսքից, բայց չգիտեմ՝ տեղ հասա՞վ, լսելի եղա՞վ, իր հասցեատերերին գտա՞վ արդյոք կանչը. հիմա, երբ ուսումնական տարվա ավարտի, նոր ուստարվա՝ 2015-16-ի պատրաստության՝ ընդունելության մեկնարկի մայիս-հունիսի շրջանն ենք մտնում, կարիքը կա՞ նոր կոչի, նոր օրենքի. նոր պատվիրանի… Մենք՝ եկածներս-եղածներս, սովորող թե ուսուցիչ, հետևում ենք այս օրենքներին… Երեկ մենք սեբաստացիական հին գվարդիայի մի խմբով այս մտահոգությունների մեջ էինք մանկավարժական մեր ամենամսյա, արդեն ութերորդ տարին հաստատուն անցկացվող այսօրվա հավաքից առաջ… Ի՞նչ խոսք եմ բերելու ես այս սեբաստացիական «ազգային ժողովին», որն ընդունվի-հաստատվի-հրապարակվի… Ո՛չ, թող առաջ գա նա, ով նայում է աստղերին, ով, չնայած մեր սեբաստացիական կյանքի բազում դժվարություններին, հետաքրքրասեր է եղել ու մնում, ինչ-որ բան է անում ու հաջողության հասնում՝ չի հանձնվում…

Նոր դիզայնով սեղաններով նորացվող միջավայր: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Ահա ինչու մայիս-հունիսին իմ ուշադրության կենտրոնում կլինի այսպիսի կարգավիճակ ստանձնող սեբաստացին՝ սովորող թե ուսուցիչ, ծնող թե հանրային աջակից՝ որևէ կապով մեր աշխարհի ու մեր հոգսերի հետ… Ամենակարողությունը մեր օրերի՝ աստղերին նայելն է, հետաքրքրասիրությունը չկորցնելը, ինչ-որ բան անել-չհանձնվել ու անհատական հաջողության հասնելը՝ մահանա չբերելով անընդհատ դժվարացող կյանքը: Որքան էլ չէի ուզում, նոր կոչ-բանաձև-կարգ թե օրենք ստացվեց, Սոնա ջան, որը, ինչպես քեզ մոտ, ծնվեց ինձ հետ զրույցի ձևով, որ ինձ, ինչպես քեզ, վերջում դուր եկավ: Գործողություն դարձավ: Մենք որոշեցինք-առաջարկեցինք «Ես կարողանում եմ» ստուգատեսը մայիսի վերջին շաբաթից բերել «Մայիսյան ստեղծագործական հավաքի» շարունակություն դարձնել՝ մայիսի 11-ից 15-ը դարձնելով սեփական կարողության դրսևորման, ինչ-որ բան քո սովորածով-ունեցածով-իմացածով փոխելու, հաջողություն դրսևորելու գործնական աշխատանքի շաբաթ՝ թե՛ ազատ ձևավորված խմբերով, թե՛ անհատապես, թե՛… թե… խնդրեմ: Ներկայացիր՝ ներկայացրու քո գործիքներով, քո միջոցներով, պատմիր քո մասին, 2014-2015 ուստարվա քո հաջողությունների, 2015-2016 ուստարվա քո պլանների մասին, կազմակերպիր ցուցադրություններ, համերգներ, քննարկումներ, հրավիրիր դրանց քո նախկին-ներկա-ընկերներին ու ուսուցիչներին, հարազատներին…

3-րդ դասարանի սովորողներն իրականացնում  են «Կանաչ պատ» նախագիծը, տնկում են բարձրացող վարդեր:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Այսպես էլի է եղել. կորցրել եմ ժամանակի զգացողությունը՝ «ոչինչ, կհասցնեմ», — ասել եմ, մոռացել եմ Դավիթ Բլեյանի գործոնը՝ միշտ ինքնաբուխ, ինչպես հիմա. արթնացավ, երբ ես իր ժամանակը արդեն չունեի, ու հիմա ինձանից, միայն ինձանից է ուզում զարթուցիչը.
— Ո՞ւր է իմ զարթուցիչը…
Ես իսկապես չգիտեմ՝ ինչ զարթուցիչի մասին է խոսում, իսկ ուսուցչուհի մայրիկն իր իրավունքի խորը գիտակցմամբ քնած է. արի ու գլուխ հանի…

Դավիթ Բլեյանը շարունակում է «Ռոդարիական ստուգատեսը»՝ իր թարս պատմություններով ու դերերով՝ ի հեճուկս Մարի Գաբանյանի ու Աիդա Պետրոսյանի, որ երեկ մեծ աղմուկով գլխավոր ընթերցասրահում ամփոփել են մեկ ամիս տևած «Ռոդարիական ստուգատեսը», որոշել հաղթողներին… Ես վկա եմ:

Դավիթն առավոտյան գող ագռավ է, «ձու-ձու կակա» է գողանում.
— Պանիրը, հայրիկ, հետո կգողանամ՝ ձու-ձու կական ուտելուց հետո…
Մայրիկի ծիծիկներն էլ շփոթել է երշիկի հետ և ուտում է, հարձակվել է հանկարծակիի եկած մայրիկի վրա…
— Թարս ու թարս… Իսկ ինչ որ ուղիղ-լավն են՝ խնձոր, մասուրի հյութ, խուրմա…
— Դո՛ւ կեր, հայրիկ, ի՞նչ ես թութակի պես կրկնում, ես ագռավն եմ գող. քեզ էլ կգողանամ, ա՛յ թութակ…

Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Ինչո՞ւ եմ ես դեռ կրթահամալիրում. այս աշխարհը շարունակում է պայմաններ ապահովել՝ իմ նորանոր դրսևորումների, հետաքրքրությունների համար… Այս կրթական միջավայրն իմ երկինքն է… Սա չէ՞ որոշիչ գործոն՝ այսպիսի պատանիների գալու, սեբաստացի դառնալու համար:

Երեկ օրվա վերջում մենք հարգանքով-սիրով խոսում էինք Էմանուել Ագջոյանի՝ մինչ այս մեզ անծանոթ ինքնադրսևորումների մասին… Առիթը «Հանրակրթական Էկոտուր 2015»-ն է, իհարկե, որի ղեկավարումը նա ավելի ու ավելի հավեսով է անում: Պատճառը մեր անդրադարձի՝ կրթահամալիրի նոր հնարավորությունների ավելի ու ավելի ինքնաստեղծ գործածումն է՝ լիարժեք ինքնադրսևորման ու ինքնարտահայտման համար: Ինքնադրսևորվելը՝ սեբաստացի լինելու-մնալու պայման ու սեբաստացի դառնալու որոշիչ գործոն…

5-րդ դասարանի սովորողները ջրում են ծիրանենիները և աշխատում բակում: Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:

Ընթերցողին, ով հասավ օրվա գրի վերջին, որպես պարգևատրում Սիդնեյի հանրահայտ թատրոնն եմ ներկայացնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեպտեմբերի 1-ից մինչև կրթական շքերթ, կրթական շքերթից մինչև Սեբաստացու օրեր. համեցեք

Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի  13-15-ին Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք… 

Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս… Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…  Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ