Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս, Գերմանիա ստեղծած Գերմանիայի ժողովուրդ… 2005-ի նման հարցումներով 35 տոկոսը 1945թ. պատերազմի ելքը պարտություն էր համարում: Համաշխարհային պատերազմի նկատմամբ հասարակության վերաբերմունքի նման փոփոխությունը կապվում է նաև այն բանի հետ, որ այդ օրերը վերապրած ավելի ու ավելի շատ տարեց գերմանացիներ են պատմում այդ ժամանակների մասին: Ահա ինչու՝ ինձ հետաքրքիր-կարևոր են թուրք հասարակական կյանքում կատարվող իրական փոփոխությունները ցեղասպանության ճանաչման, սեփական անհատական մեղքի գիտակցման, զղջման, հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին… Ցավոք, հայաստանյան ներհասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունները կա՛մ քիչ-հազվադեպ են կատարվում, կա՛մ դրանք արժանահավատ չեն դառնում. հասարակական կարծիքի փոփոխությունը որպես գործիք չի կիրառվում… Ահա ինչու «Սեբաստացի» ռադիոյի 104-րդ թողարկումից առանձնացնում եմ երեկ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության, Կարինե Հակոբջանյանի անձնական ջանքերով Երևանի բժշկական համալսարանի և Իզմիրլյան կենտրոնի միջոցներով կրթահամալիրում կատարվող հետազոտության հանրայնացումը: Ուշադիր լսենք, այն մեզնից յուրաքանչյուրին ու մեզ համար կարևորին՝ առողջությանն է վերաբերվում…
Ինչպե՞ս անենք, որ ուսումնական մեր ռադիոն գործընկեր դառնա ավելի ու ավելի շատ թվով սեբաստացիների համար, ինչպե՞ս մեծացնենք մեր ռադիոյի ունկնդիրների թիվը: Այն 19 րոպե 20 վայրկյանը, որ ես տրամադրեցի հաղորդման ունկնդրմանը, ինձ օգտակար ու հաճելի թվաց: Կրթահամալիրի blog.mskh-ը նման առաքելություն ստանձնել էր՝ կրթահամալիրի բլոգերների ընթերցելիությանը-տարածվածությանը նպաստելու: Ես ցավով-սիրով եմ արձանագրում իմ վրիպումը. ինձ համար օգտակար էին իմ օրագրի համար արվող բլոգային ուսումնասիրությունները… Ընդհատեցի. չունեմ արդարացում՝ այդ սովորությունը շուտափույթ վերականգնելուց բացի: Ամենադժվարն ու կարևորը, իհարկե, իրար գրած-ստեղծածը պարբերաբար կարդալ-լսել-տեսնելն է, դրա քննարկումը, դրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքը…
3-րդ դասարանցիների պլեները Նոր դպրոցի այգում: Լուսանկարները՝ Սաթենիկ Սիմոնյանի:
Ավագ դպրոց վարժարանի Վարդանյան Ռաֆայելի բլոգի «Էկոտուր. ներքին բակի հարդարումը» նկարաշարն առանց տեքստի էր ու խոսուն: Հաջողված է, չէ՞, պատումն իր ու իր ընկերների ջանքերի մասին՝ ուղղված շրջակա միջավայրի՝ մի կտոր հայրենիք-Բանգլադեշի խնամվածությանը… Ի՞նչ է կարողանում Ռաֆայելը, ահա իր անգլերեն հաստատումը՝ 1. մուտքագրել տեքստը, 2. համացանցից ընտրել նյութ, կարդալ, հասկանալ, օգտվել on-line բառարանից, թարգմանել մի հատված և գրել կարծիք տվյալ նյութի վերաբերյալ, 3. ունկնդրել տեքստ, հասկանալ և վերարտադրել, 4. ստեղծած նյութը տեղադրել բլոգում, անգլերենի բաժնում, 5. ստեղծել ֆիլմ կամ կազմել երկխոսություն և ձայնագրել այն։
Հետաքրքիր է, Ռաֆայել (նրան ճանաչում եմ դեռ Դպրոց-պարտեզից՝ 1-ին դասարանից, նրա աճին-նկարագրին հետևում եմ ուշադիր), այսքան կարողությամբ անգլերենն ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես քո անձնական-ուսումնական կյանքում կիրառում անգլերենը, ինչպե՞ս է այս չափով անգլերենի իմացությունը փոխում քո կյանքը: Կյանքում զգո՞ւմ ես այն ավելի լավացնելու պահանջ: Ինչպե՞ս:
— Ինչո՞ւ Ռաֆայելի բլոգը,- հարցնում եք դուք,- և նրա բլոգի այսպիսի ներկայացումը…
Այս հարցը հիմա նաև ինձ մոտ առաջացավ… Երեկ Լուսինե Բուշի ու Մարիետ Սիմոնյանի հետ քննարկում էինք Թուրքիայի Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար մեկնող խմբի, ընտրված 12 սեբաստացիների պատրաստության հարցերը: Ճամբարն անգլերեն հաղորդակցությամբ է միայն, ու նրանում կյանքն այնպես է կազմակերպված, որ առանց բավարար անգլերենի հարմար-հետաքրքիր չի լինի… Ինչպե՞ս 2-2,5 ամսում ձեռք բերեն պակասող կարողությունները…
Ռոդարիական ստուգատեսի ամփոփումը Մայր դպրոցի ընթերցասրահում: Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի:
Էկոտուր 2015-ը վաղվանից իրավունքների մեջ է, ու հետաքրքիր էր Ռաֆայելի հայացքը ֆոտոօբյեկտիվում տեսնել: Ռաֆայել Վարդանյանի թեկնածությունն ի թիվս 9 վարժարանցիների ներկայացված է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2015-ի կրթական պարգևի… Ես առաջարկեցի, որ թեկնածուների մեջ լինեն նաև Արհեստագործական ավագ դպրոցի սովորողներ, իսկ տասնյակի ընտրությունը կկատարվի մի քանի փուլով. ներկայացնում-հիմնավորում են թեկնածու սովորողի ուսուցիչները, ինձ անհրաժեշտ-կարևոր է թվում սովորողի վերաբերմունքը մրցանակ-պարգևին, նրա հավակնության հիմնավորումը, ինքնագնահատականը… Ժամանակ քիչ ունենք. երեկ սկսել ենք, եկեք չջանջալացնենք՝ բաց, շիտակ ու արդար գործենք:
Թբիլիսիի էկոակումբի սովորողների ծառատունկը Նոր դպրոցում: Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:
Երեկ հաշվեցինք պտղատու ծառերը՝ ըստ կրթահամալիրի դպրոցների և տեսականու: Այսօր հերթը ոչ պտղատու, դեկորատիվ ծառերինն է: Ահա մեծ աղյուսակը: Մի տողով՝ կրթահամալիրում մեր խնամքի ներքո կա 922 դեկորատիվ ծառ: Չկան հին ու նոր, այս տարվա ծառեր: Կան մեր խնամքի ներքո հայտնված (տնկելու պահից) ծառեր: Այսօր Նոր դպրոցում Թբիլիսիի մեր գործընկերների մասնակցությամբ ավարտվեց ծառատունկ 2015-ը… Հիմա հերթը ծաղկատնկինն է: Մայիս ամսին, երբ բացվում է վարդը, երբ ծափահարելու ենք շրջանն ավարտածներին, եկեք ծաղկանոց դարձնենք, սկսենք դարձնել մեր սեբաստացիական աշխարհը՝ դրսից ու ներսից… Ամենաանսպասելի, հիացնող-զարմացնող, գունեղ-հետաքրքիր ծաղկային լուծումներ… Երեկ, օրվա վերջին, Գեղարվեստում, ժամը 6-ի և 7-ի արանքում հանդիպեցի Ծաղկունք գյուղի մեր ընկերներին՝ Գայանե Առաքելյանի հետ բակում աշխատելիս: Իսկ դպրոցի բակապահ Գալստյան Ավետիքը կլանված ջրում էր Գեղարվեստի ծաղկանոցները… Անգամ ես չնկատված մնացի: Հոյակապ է: Կենտրոն բերենք երկրագործ-դիզայներին, սածիլագործին՝ որպես մեր ժամանակի հերոսի: Մեր ժամանակն այդպիսի գործչի-սովորող-սովորեցնողի մեծ պահանջ ունի…
Ապրիլի 24-ին Վիեննայի հասարակական հրապարակներից մեկում: Լուսանկարները՝ Շուշան Բլեյանի: