Ստուգեք-համոզվեք-հաստատեք… Դավիթ Բլեյանը առյուծի ձագ չէ, առյուծ է, ու տեսեք, իրիկունը ոչ միայն իր կռիվ է տալիս, պաշտպանվում իր հայտնի հոր, թվում է` լեգիտիմ (օրինակարգ) թելադրանքից-պահանջից, այլև մռնչում-սպառնում (տեսարան է)՝ առանց իմ կողմը նայելու: Մեր՝ արուներիս արանքում մայր Արմինեն է, վայելում է իր սեռը-դիրքը-կոչումը, փորձում հաշտեցնել մեզ… Ոչ մեկս չի զիջի…  Իմ տղան ամեն օր Աստծու առավոտը պիտի ցնցուղի տակ սկսի օրը` հայացքն արևին, ուժեղ մռինչով… Իսկ սա.
—  Չեմ լողանում, հիմա գնում եմ՝ լվացվեմ, չեմ քնելու, առավոտն ինձ մի՛ արթնացրու, քո գործը չի, ես իմ գործերն ունեմ, դու ինձ մի՛ ասա՝ ինչ անեմ… թե չէ…
— Թե չէ, ի՞նչ,- հարցնում եմ…
— Թե չէ, կտամ  էս պլանշետը ջարդուփշուր կանեմ…
Իսկ ես Գեղարվեստի վեց տարեկանների Ջանի Ռոդարին արդեն կարդացել եմ. «Ես խուլ չեմ… Մեր տանը ո՜չ ոք չի հրամայում»…

Մենք հաշտվում ենք առավոտյան (ինձ համար այս օրն էլ սկսվում է ուղիղ գիշերը 4-ին). Դավիթը թփթփալով իր մահճակալից երկար-հայտնի ճանապարհ է անցնում, մոտենում ինձ՝ մահիճում.
— Ջուր եմ ուզում…
Երկու-երեք կում խմում է (ծես է), մտնում իմ ազատած տեղը՝ տաքուկ-ապահով, ես նստում եմ մի քանի րոպե իր կողքին, շոյում բաշը… Քնած է: Հաշտություն… Բարի՜ օր:

Մի այլ երգ երգոց, այս անգամ Նարեկացու, որպես մայրության բերկրանքին սպասող կանանց պատարագ, «Մեղեդի Ծննդի»-ն, Նունեի բլոգում պահել եմ հենց այս ժամի համար… Մամա ջան, կուշաթափվեմ…

Բերանն երկթերթի,
վարդն ի շրթանց կաթէր,
լեզուին շարժողին
քաղցրերգանայր տաւիղն…

Այս մարդը՝ տիար Բլեյանը, չի հոգնում  պահին ասված խոսքից, որ գործ է դառնում. առավոտյան Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքին, Ռոդարի-Ղազարոս ստուգատեսի բացմանը՝ կեսօրին` մանկավարժական հավաքում մեր, թե իմ 635-րդ այս գրում… Պատահարն էլ չի փրկի-չի կպնի… Գիտե՞ք՝ քանի՜ օրհնանք եմ ստանում, քանի՜ բարեմաղթանք… մի օրում… Գիտեք: Գիտե՞ք՝ ումից եմ ուժը ստանում… Ամեն սովորողից, ամեն ստեղծող-ապրող-գործող-ծնող-մարդուց… Հազարից: Ձեր տվածը կուտակում, կերպափոխում, վերադարձնում եմ… որքան էլ որ, գիտեմ, կրկին աշխարհ եմ գալու…

Թատրոն-լաբորատորիայի դահլիճի բացումը Գեղարվեստում:
Լուսանկարները՝  Արմինե Թոփչյանի:

«Այս դպրոցը փոխեց իմ բնավորությունը, մտածելակերպը: Հասկացա, թե ինչպիսի զգացողություն է լինել սեփական նկարների ցուցահանդեսին…. Մեծ հպարտությամբ և ճակատս բաց, բոլորին ասում եմ և կասեմ, որ Սեբաստացի եմ» (Անահիտ Հարությունյան, տասներկուերորդ դասարան): Ես շարունակում եմ բաց չթողնել «Շրջանավարտ 2016»-ի ոչ մի հրապարակում, նախաձեռնություն, գործ…

Երեկ Կրթական պարտեզի սարալանջին ես Ելենա Սարգսյանի պարտիզպան շրջանավարտների խմբին հեծանվից ներկայացնում էի լանջի երեկը՝ որպես Բ-1 թաղամասի ջեռուցման հանգույց, լքված-անպետք-թալանված-աղբանոցի վերածված մի քարաստան, այսօրը՝ իր կենդանի ձայներով, արահետներով՝ որպես մեր «Մետաքսի ճանապարհի» մեծ խաչմերուկ… Օրվա վերջին, մեր մանկավարժական հավաքից հետո ուսուցիչ-ղեկավարների մի մեծ խմբի, իմ ծոցվոր աղջիկ Տաթևն էլ հետը, նորից հեծանվով ես կտանեմ այս մոլորներով  դեպի Գեղարվեստ ու Մեդիա… Հոգնե՞լ եք՝ դադար առեք ձեր Գեղարվեստում, ի՞նչ կա շտապելու, այնքա՜ն բան կա նայելու… Մի տեսարան՝ մեր դրախտից, օրվա մեջ դուրս էր մնացել, ու շնորհակալ եմ mskh.am-ին, հիմա գլխավոր էջով ինձ գտավ… Արևելք-արևմուտքի ճառագայթի վրայի  պտղատու այգում, առվույտի դաշտում միասին են աշխատում Քոլեջի ուսանողներն ու Նոր դպրոցի չորրորդ-հինգերորդ դասարանցիները: Բրավո՜, սեբաստացիներ, ի՜նչ խելահեղ հավաք է մեզ սպասում՝ ուրբաթօրյա, ու ի՜նչ գործեր՝ շաբաթ օրը

Նոր դպրոցի գարունքը:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ցուցասրահն իր առավոտյան ցուցադրությամբ, այսպես փակ դռնով առավել խորհրդավոր -արժեքավոր է… Վաղն այստեղով կանցնեն հազարները… Կողբի Գեղարվեստի դպրոցի մեր գործընկերները նախընտրել են նախագծային աշխատանքը սեբաստացի նկարիչ-արվեստագետների՝ Մարինե Մկրտչյանի հետ՝ լուսանկարչության արվեստանոցում, Արեն Շահնազարյանի հետ՝ գրաֆիկայի արվեստանոցում… Մի խումբ պատրաստվում է գլխավոր նախագծին, որ Կարինեն, Գագիկը, Արմանը կոչել են «Համագործակցային շարունակական նախագիծ»:

Արման Գրիգորյանի՝ բացմանն ասած խոսքում ես փոխում եմ բայի եղանակները բոլոր սահմանական ներկայի. ո՛չ երբեք անցյալ չկատարյալ կամ երազային, ուրիշի ենթադրյալ կատարելիք… Մենք սրանով՝ այս նախագծով, սիրելինե՛ր հայոց աշխարհի, լսեցե՛ք, մեկնարկում ենք… Բոլոր գեղարվեստները  նկարիչ ուսուցիչների սաներով-դպրոցներով կանցնեն այս հանրակրթության-մշակույթի «մետաքսի ճանապարհով»՝ Մայր դպրոցով-սարալանջով՝ Գեղարվեստ: Բոլորը կկարողանան ցուցադրվել ու կարևորվել… Կապրեն մերոնց հետ, նախագծեր կսկսեն, որ կշարունակեն հետո միասին նորից պլեներներում… Մերոնք սիրով-անհամբեր սպասում են Կողբի Գեղարվեստի նշանավոր ամենամյա ամառային դաշտային հավաքին

Կողբի Գեղարվեստի դպրոցի սովորողների ցուցահանդեսը կրթահամալիրի Գեղարվեստում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ես Ավետման օրով իմ լուրն ունեմ հայտնելու… Մազերս կտրեցի… ձեզ փեշքեշ… Իմ ընկեր-վարսավիր հայտնի Իսրայելը երրորդ երեխան է ունեցել այս ընթացքում՝ Մարիան… Մեր Սեդա հարսիկը, լսեցե՛ք, երկու տարի երկու ամսում երեք ծնունդ է ունեցել՝ սեբաստացի երկու տարեկան երկու ամսական Հակոբը, Գեղարվեստի նախակրթարան գալու իր շաբաթները հաշվող մեկ տարեկան երկու ամսական Հրայրը ու քառասունքը նոր-նոր բոլորած Մարիան: Ինչքա՜ն երկար՝ Դավիթ Բլեյանի նման՝ ես չէի կտրել մազերս… Հեծանվին նստած՝ կտրեց Իսրայելը… Ա՜խր, ես շտապում եմ, ինձ կանչում են՝ հազա՜ր ձայնով… հազա՜ր ճանապարհ… բոլորն էլ՝ դրախտի, ստեղծումի, ծնունդի… Ես իմ պատարագը որպես երգ երգոց ավարտեմ պիտի.

Այն թագաւորին,
այն նորածին փրկչին.
զքեզ պսակողին
փառք յաւիտեանս. ամէն:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 635

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեռելոցից՝ կենդանություն…

Մեր ամեն օր չորս տարեկան դարձող Դավթի հումորը, անցումները հիացնում են… — Մենք պատրաստ ենք, գնացինք, Դավիթ Բլեյան, դու մնացիր տանը մենակ, տեսնեմ՝ ի՞նչ ես անելու… — Ճաշ եմ եփելու,

Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ…

Հեգելը՝ Նունե Մովսիսյանի միջոցով, փոխանցել է կրթահամալիրին թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք: Ես էլ ահա՝ այդպիսի թռիչքի համար նոր հարթակներ հայթայթել-նվաճել-մաքրելով եմ զբաղված. Գեղարվեստի տանիքը՝ չէիք հավատում, Արման Գրիգորյանը՝ իր

Գիր ճանապարհի. ամեն ինչ լավ է, երբ չի ավարտվում, շարունակվում է…

«Անհաղթ» բառը Դավիթ Բլեյանն ընկալեց-ստուգաբանեց որպես առանց հաղթանակի մնացած, հաղթանակ չճաշակած… Իմ այս գիրն ընկալեք որպես ճանապարհին գրվա՞ծ գիր, ճանապարհի՞ց վերադարձողի, թե՞ «գիր ճանապարհի»՝ ճանապարհ գնացողի գիր։ Հորդանան գետը, արդեն