Գիշերը՝ ժամը 4-ից 6-ը, տարվեցի ընթերցանությամբ. իմ ընտրությամբ երեկ մարզա-համերգային համալիրում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովից դիտում-լսում եմ առանձին մարդկանց ելույթները։ Համաձայն եմ-համաձայն չեմ, անընդունելի-ընդունելի՝ ես աշխատում եմ բարեխիղճ, այս անգամ որպես ունկնդիր, ու փորձում եմ  հասկանալ դիմացիններին, դրանց մեջ՝ ականավոր ցեղասպանագետներ (ի՜նչ էլ մասնագիտություն է), որ հիմա Երևանում են։ Երբ հասկանում ես, հեշտ է. չհասկացածի նկատմամբ, կրկնո՞ւմ եմ, ակնածանք չունեմ։ Ահա իմ օրագրի ընթերցողներ, ուսումնական աշխատանքային առօրյայից ազատ օրվա (օրերի) համար մի քանի նյութ եմ առանձնացնում. կարդացեք՝ առանց մեկնաբանության։ Ֆլեշմոբի կտրվի՞ իմ օրագրի հղումների ընթերցումը։

Ամենանյութը, ահա՝ երաժիշտ Երվանդ Բոստանջին լքել է Լոս Անջելեսը և վերադարձել Դիարբեքիր… հայկական ժողովրդական երգեր է ներկայացնում քաղաքով մեկ, ընկերների հետ տնական գինի խմում… Ելնեի, այս օրերին (անընդհատ հետաձգում եմ Դիարբեքիր գնալս) գնայի Բոստանջիի հետ թափառեի քաղաքով, գինի խմեի… Հետո այդ մտքից ետ կանգնեցի, երբ հիշեցի՝ 1733 կմ ճանապարհ պիտի անցնեմ… Բոստանջիի երգը՝ հատուկ Գրիգոր Խաչատրյանի համար. վկայագիր որպես, որ կենցաղային հայերը, թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները շատ էլ արժանի են իրար ու նման, և պետք չէ սրանից վիրավորվել ու ժողովուրդներին իրար դեմ հանել։

Հիշում են, երբ մոռանում են… «Ցեղասպանությունը» բառ է, եզրույթ է, ես եթե գործածում եմ, հարկադրված, մեր նորագույն պատմության ամենաողբերգական եղելության վերաբերյալ՝ Հայոց ողբերգության։ Իսկ ողբերգությունը, երբ այն ապրում ես, անկարող ես դառնում մոռանալու, քո անունն է դառնում, քո խարանը… Ու խնդիր է դառնում ապրելը։ Խնդիր եմ ասել, է՜, հայոց համար… Դրա լուծումն ահա,  Բոստանջին է տվել՝ ապրելով։ Լոս Անջելեսում ապրելով չի հիշել ու պահանջել, այլ վեր է կացել ու գնացել Դիարբեքիր՝ առանց երաշխիքի, առանց դատապարտման ու Թուրքիայի կողմից ճանաչման, ապրում է մարդը իր համար։ Մեր հռչակած ազատ Հայաստանում մեր ապրելը թողած՝ գլխավոր գործ է դառնում հիշելը և պահանջե՞լը։

 

Իմ բլոգի ընթերցարանում տեղադրեցի 2009-ի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության տեքստը։ Ես կրկին կարդացի։ Ինչո՞ւ ՀՀ Ազգային ժողովի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունն ուղղված չէ Թուրքիայի իշանություններին և թուրք հասարակությանը։ Ինչո՞ւ եք համառորեն ձախողված ներկայացնում Դարդանելի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված հավաքը, երբ պաշտոնատար մասնակիցների քանակով այն գերազանցում է Հայաստանում անցկացվողը։ Սա ի՞նչ մրցակցություն է անմիջական հարևանների՝ ցեղասպանողի և ցեղասպանվածի միջև… Ձախողում չէ՞ առճակատման այս խորացումը, այս իրար դեմ դուրս գալը…

Ինձ շանթել է «Ականի պայթյունի հետևանքով ՊԲ–ն մարդկային կորուստ չի ունեցել. ԼՂՀ ՊՆ» հաղորդագրությունը… Ես ուզում եմ հասկանալ նախ սրա ողջ խորությունը… Ի՞նչ, ադրբեջանցիներն սկսել են նոր տեխնոլոգիանե՞ր կիրառել, որ ական պայթեցնե՞ն Հայաստան-Ադրբեջան-Արցախ հարյուրավոր կիլոմետրանոց միջպետական-միջգյուղական, պարզապես ճանապարհներին… հեռակառավարմա՞մբ… Նշանառուի թիրախում մինչ այս երկու կողմից զինվորն էր, հիմա կարող է դառնալ յուրաքանչյուր ճամփո՞րդ-բնակի՞չ՝  կին, երեխա… Ու այս լուրը պաշտոնապես չի հերքվում, այլ սոսկ ճշգրտվում է՝ իբր զոհերի մասով… այս անգամ՝ հրաշքո՞վ… Իսկ հետո՞… Իսկ կիլոմետրեր այս կողմ սրբադասում են, ոգեկոչում են, քննարկում են, ճանաչում են, կոչում են, հոխորտում են, հերոսանում են…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ահա այսպիսի Հայաստան

Ես իմ 2012-ի նախըտրական-հրապարակային՝ պայմանագրային արժեք ունեցող խոստմանը (պարտավորությանը) հավատարիմ, ապակուսակցական եմ: Չգիտեմ էլ՝ օրագրի ընթերցողին որքա՞ն են օգնում համացանցային ԶԼՄ-ներից իմ կազմած «թոփերը», որոնք կազմելն ինձ համար բացարձակ դժվարություն

Եթե մարդը փոփոխությունների մեջ լինի, կարող է իր իրավունքները պաշտպանել…

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում առաջին անգամ երկրաշարժի ուժգնությամբ երերում էին Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը։ «Մերժիր Սերժին» շարժումը արդեն դրության տեր էր Երևանում, 6 օրից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Խելահեղ ընթացքի մարտ, ապրիլ, մայիս՝ անձնային-աշխատանքային կյանքի զարթոնքով

Կիրակին ես անցկացրի ընտանիքում Դավթի՝ հիմա էլ հովազ-առյուծ դարձածի սևեռուն ուշադրության ներքո, արտաքին աշխարհով խորասույզ: Կիրակնօրյա իմ գիրը՝ սեբաստացի աշխատողի լիարժեք ինքնադրսևորման մասին իր հակիրճ հատվածով, որ այսպիսի հպարտության զգացում է առաջ