Երևի չթողնեմ՝ Վազգենի մասին սկսված զրույցն ընդհատվի ու չհետաձգեմ, ես էլ պատմեմ իմ տեսած-իմացած Վազգենի մասին: Պատմելուց կերևա՝ կավարտեմ մի գրով, թե անշտապ՝ շարքի ձևով…

1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի մոտ` խճուղու վրա, կտրեց իմ ճամփան, մենք իրար արդեն լավ գիտեինք, նախ` «Գարուն» ամսագրից, որտեղ տպագրվել էր իմ՝ այնքան աղմուկ հանած «Դպրոցը պիտի դառնա դպրանոց» նախագիծը, և մենք հասցրել էինք երկար խոսել իմ դպրոցի մասին, 1988-ին սկիզբ առած շարժումից, Երասխի ճակատամարտից, որին ես մասնակցել եմ որպես ՀՀՇ վարչության անդամ, անզեն, իհարկե, Վազգենը՝ որպես ճակատամարտի հրամանատար… Մի ողջ գիշեր եղել ենք միասին… 1990-ի այդ օրը ես շտապում էի Եղեգնաձոր՝ Արատեսի դպրանոցի գործերով, և Վազգենը, ով ակնածելու չափ կարևորում էր իմ կրթական գործունեությունը, ինձ համոզեց-խնդրեց այցելել Դավալու՝ Արարատ գյուղ՝ իրենց տուն, և հացի սեղանի շուրջ մենք երկար ու հիմնավոր զրուցեցինք իմ կրթական նախագծերից: Երբեք չեմ մոռանա Վազգենի խոնարհ-ոգևորված լռությունը, լսումը… Ես՝ չորս տարով մեծ, հայտնի դպրոցի տնօրեն, կրթական ամենախիզախ նախագծերով, Վազգենը՝ նոր անուն հայոց նոր պանթեոնում՝ «Գարունի» գրող-լրագրողի ագահությամբ…

1994-ին, երբ ես դարձա Հայաստանի լուսավորության նախարար, Վազգենն արդեն հաղթանակած սպարապետ-հրամանատարն էր, պետնախարար՝ կառավարությունում, Հայաստանի ամենաազդեցիկ-հայտնի եռյակում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի հետ… Վազգենի աջակցությունը կարևոր էր ինձ համար՝ պարտվողական-պացիֆիստի, Նոր ուղու «խարանով» լուսավորության նախարարիս… Ես այն ստացա: 1995 թ. պետական բյուջեում նախատեսված չէր գումար՝ դասագրքերի տպագրության համար, և ես խիզախեցի այդ դժվար շրջանում, որպես դասագրքերի տպագրության ազատականացում՝ ընտրելու բաժանորդագրության եղանակը… ետպատերազմական Հայաստանում… «Երկրապահ» միությունն իմ հայտարարած-բացած՝ նոր դասագրքերի տպագրության պետական հաշվին փոխանցեց էական գումար։ Վազգենը ծանոթացավ դասագրքերի նմուշներին, լսելի գովեց-խրախուսեց, իմ կողքին կանգնեց Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ…

1995-ին կամ 1996-ին, օգոստոսին երևի, Էդիկ Եգորյանի հրավերով, ես մի քանի օրով հայտնվեցի «Կապույտ Սևան»-ում հանգստացող քաղաքական-պետական երևելիների շրջապատում: 1995-ի Ազգային ժողովի, մեղմ ասած, կասկածելի ընտրությունները, որոնց ես մասնակցեցի սոսկ որպես շարքային ընտրող, հանրապետության իշխանության կուսակցության ձևաչափը, շեղումը հայտարարված քաղաքական սկզբունքներից այլ էին դարձրել իմ՝ «Նոր ուղի» կուսակցության ղեկավար – լուսավորության նախարարիս հարաբերությունները ՀՀՇ-ի վերնախավի ու մերձավոր զինակիցների հետ: Էդուարդ Եգորյանն ուզում էր սրանով, երևի, հարթել հարաբերությունները: Լողափին մի խմբով կանգնած էինք, երբ մեզ միացավ Վազգեն Սարգսյանը, ով քիչ այն կողմ, ոչ մեծ առանձնատանն էր տեղավորվել: Ֆուտբոլ խաղալու որոշումը տղամարդկանց միանգամից ոգևորեց: Վազգենը պարտվել չէր սիրում, չէր կարողանում… Բայց պարտվեց. ես ու Վազգենը տարբեր թիմերում էինք, և մեր թիմն ուժեղ էր այնքան, որ Վազգենի առավելագույն զոռն արդյունքի վրա չազդեց: Ես իմ ֆուտբոլով պարտական եմ իմ թաղին, մանկությանը, իմ հորեղբոր տղա Մարսելին. պատմել եմ: Գուցե հնարավոր լինի սկսել, վերջապես, ֆուտբոլի-բասկետբոլի պարբերական պարապմունքները. ոչինչ չի խանգարում. իմ այս որոշման համար այսքան նպաստավոր միջավայր չգիտեմ… Խաղից հետո Վազգենն ինձ թևանցուկ արեց, ու մենք հեռացանք դեպի լողափ: Լավ եղանակ էր: Վազգենը լավ էր լողում: Մի լավ լողալուց հետո ափին մտերմիկ արևը ևս նպաստեց մեր տղամարդկային անկեղծությանը: Խոսեցինք ամենակարևոր, ամենացավոտ հարցերի մասին… Ինձ անակնկալի բերեց Վազգենի ցասումը Վանոյի գործունեության նկատմամբ, Վազգենի այլայլված դեմքը, բերանի փրփուրը՝ Վանո Սիրադեղյանի մասին խոսելիս. չեմ մոռացել… Զուր ջանքեր էի գործադրում «Գարունով»-գիտական կյանքով-Շարժումով-ազատամարտով ամենաազդեցիկ զույգի՝ ընկերների միջև հաշտեցման կամուրջներ հաստատելու…Միամիտ անուղղելի եմ հայտնի. եղել եմ ու կամ… Ափսո՜ս, չեղավ, ու անջրպետը խորացավ…
Շարունակությանը սպասեք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթերում, ինչպես երկնքում, կայծակից առաջ-հետո․․․

Կայծակները Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, տեսե՛ք, ինչ մարդկային ողբերգություններ են պատճառում․․․ Ճամփորդելով ուսուցումը` հայրենագիտություն-հայրենաճանաչություն կրթական ծրագիրը մեր հեղինակած, պիտի ճանաչի կայծակը, դրանից պաշտպանվելու անվտանգության հմտություններ փոխանցի․․․ Բարձունքների նվաճման՝ կրթահամալիրի օրացույցով որոշված

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց