Քաղաք — գիշերանց երբ լույսերդ վառին ու տանիքներեն վեր
Գույն գույն մառախուղ մը տարածվի — երբ ամեն ինչ նիհրե
Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար
Հարցնողներուն բարև ըրավ ըսե…
Հեծանվով տիարի և Ագարակ ուսումնական կենտրոնին Գեներալ անունով ձիու վրա մարզիչ Էդգար Ասոյանի հանդիպումը եղավ… Մայր դպրոցի մարզադաշտում… Մեր ձիանք ելել են կրթահամալիրի Բանգլադեշով պտույտի… Իմ հեծանվի վրա օրվա ընթացքում ես բռնեցի արևելքով հյուսիս անցման սովորողների հիացական արձագանքները։ Ագարակից՝ արևմուտքից, հարավ անցումը կարող է լինել ամենօրյա՝ սովորական դառնալով ձիավար սովորող-ուսուցիչների համար… Բաբաջանյան պողոտային զուգահեռ, առայժմ աղբանոց-մեքենաների գերեզմանոց դաշտերով, վերադարձը՝ Թաիրովի այգիների և երկաթուղու միջև, ջրանցքին զուգահեռ, հողե ճանապարհով, կամ հակառակ երթուղով… Ինձ ոգևորեց. արագ կվերականգնեմ ձիավարի իմ վիճակը, կանցնեմ Էդգարի հետ… Հետևե՛ք իմ գրին, շա՛տ քայլեք, հեծանվի վրա եղեք, կհանդիպեք ինձ առաջիկայում… ձիու վրա… Մի՛շտ ձիու վրա…
Արևմտյան դպրոցի նախատոնական տրամադրությունը:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի և Շուշան Սարդարյանի:
Արատեսում 2019-ի գարնանը կունենանք մեր մասնագիտացված ձիավարժությունը, թող Ագարակը մեր արագացնի կրթահամալիրի Դպրական կենտրոն մասնաճյուղում Ագարակի մասնաճյուղի հիմնումը… Ձիեր արշավային, գիշերումով ճամփորդություններ… Գիտե՞ք՝ Արատեսում քանի այդպիսի երթուղի գիտեմ… Չեք ուզենա վերադառնալ ո՛չ ոտքով, ո՛չ ձիով, և դա լավ է. գիշերենք վրաններում, ապրենք սարերում…
Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ութ րոպեանոց Դիլիջանի միջազգային դպրոցում՝ «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը, հաջողված է, վարչապետի վստահ, խաղաղ խոսք է, լսվում է. «Մենք ուժեղ ենք այնքան և հաջողված ենք այնքան, ինչքան մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել և չսպասել ինչ-որ ուրիշ մեկի անելիքին… Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը, ինչ Հայաստանի քաղաքացիներին՝ հնարավորություն։ Մենք ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը»… Միայն թե, սիրելի՛ Նիկոլ, այդ դեպքում ինչու «ստարտափի» ծրագրով հավաքել սփյուռքի մասնակիցներին, ինչո՞ւ սփյուռքի մարդիկ չեն տեղեկացվում և իրենց ընտրությամբ մասնակցում հայաստանյան ստարտափներին՝ ջնջված սահմաններով… Եթե սա իներցիոն է՝ դեռ գոյություն ունեցող Սփյուռքի նախարարության, հին տարվա «ներուժը», լավ, «անցուկը մոռցուկ» կլինի… Ու կմնա գլխավորը՝ ինչպես անել-գործել-ապրել, որ Հայաստանում և ամենուր ավելի մեծ թվով հայեր սպասելու փոխարեն գործեն… Եթե խնդիր կա, սա է խնդիրը կառավարման…
Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ:
Լուսանկարները՝ Տաթև Սահակյանի:
Սփյուռքի նախարարության լուծարման դեպքում կա նաև բարձրագույն կրթությամբ հարյուրից ավելի մարդու՝ նախարարության աշխատողների խնդիրը, որ փորձ էին ձեռք բերել Սփյուռքի հետ աշխատանքի. «սահմանների ջնջումով» կառավարման մեջ նրանք իրենց գտնելո՞ւ են, այս 6-7 ամսում նախապատրաստվե՞լ էին այդպիսի փոփոխության, կառավարությունն իրենը համարո՞ւմ է այս մարդկանց աշխատանքի խնդիրը։ Եթե ոչ, ինչո՞ւ սրանով չէր զբաղվում Սփյուռքի նախարարը։
Վեճերը կարող են օգտակար լինել առողջության համար… Ի վերջո, ճիշտ է «լավ սկանդալը վատ խաղաղությունից լավ է» պնդումը: Ասածը միայն ընտանեկան հարաբերությունների՞ն է վերաբերում, թե՞ նաև աշխատանքային։
Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի Ազդեցության ընդամենը երկու լծակ զրույցը 1-ին լրատվականում, որ սկսեք կարդալ, մեջ եմ բերում. «Ռուսաստանն իրականում ազդեցության շատ քիչ գործիքներ ունի դաշնակիցներ ունենալու համար։ Դրանք են անվտանգությունը և էներգետիկ ռեսուրսները․ «Ռազմական համագործակցությունից և էներգետիկայի մատակարարումից դուրս Ռուսաստանը շատ բան չունի առաջարկելու։ Ո՛չ կապիտալ ներդրումներ, ո՛չ տեխնոլոգիաներ, ո՛չ էլ, ինչպես ամերիկացիներն են ասում՝ soft power (փափուկ ուժ)։ Այսինքն՝ Ռուսաստանի մոդելը որևէ մեկին չի համոզում»։
Հայաստանի համար անվտանգության հանրային ընկալումը, նրա գինը երևաց վերջին անգամ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի հետ… Աշխարհը փուլ էր գալիս ու… Մոսկվայում, Ռուսաստանի իշխանության միջամտությամբ աղետը կանգնեց։ Անմիջական հարևանների հետ լիարժեք համակեցությունը, փոխհամաձայնությունը Ադրբեջանի հետ՝ անվտանգության Նոր ուղու բանաձև են, որը կբերի Ռուսաստան փրկչի դերակատարման հաղթահարմանը… Սրանից դուրս խոսել հայ-ռուսական ոչ վասալային հարաբերությունների մասին՝ անլուրջ է, ոչ առարկայական: Լավրով-Կարասինի հայտարարությունները, Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնական ճշտում-պարզաբանումները, հենց սրա թարմ ցուցադրումն են, Նոր ուղու բանաձևի հաստատումը: Կարդացեք, եթե ժամանակ ունեք… Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը. Լավրովը ստո՞ւմ է հրապարակումը…
Համեղ տարեգաթա են պատրաստում Մերի Գրիգորյանի առաջին դասարանցիները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Նվերն այսպիսին է լինում. Զահրատի (Զարեհ Եալտըզճեան) երկհատորյակը Ստամբուլի (Պոլիս, Կոստանդնուպոլիս) «Արաս» հրատարակչության, որ իմ պայուսակի մեջ ճամփորդական դրեց Ստամբուլից օրերս վերադարձած Տաթևը Աթոյան… Ճաշակով, ընթեռնելի… «Զահրատի ծննդեան ութսունամեակին առթիվ յղացած էինք այս «Ամբողջական երկեր» ծրագիրը, որ ներկայ հրատակութեամբ կ՚իրականանայ իբրև «յապաղած իմացեալ նուէր» առ աշխարհահռչակ բանաստեղծին»… գրված է Ա և Բ հատորների առաջաբանում… Շնորհակալություն հայտնելու ձևն էլ այսպես՝ խոցո՞ղ լինի. ուշքի չեմ գալիս, շուռումուռ եմ տալիս իմ գրասեղանին դրված հատորները, զմայլվում եմ, չեմ կշտանում, Դավթի նման, որ խաղում է իր մեքենաներով, իր ստեղծած քաղաք-աշտարակներով… Կարդալու հերթն էլ կգա, ինձ համար, քեզ համար, Տաթև Աթոյան, ձեզ համար… Հետևենք իմ գրին, իմ պատումին, առանց Զահրատ չի եղել ու հետայսու չի լինի… Սկսենք «Մեծ քաղաք»-ից.
Ամէն ինչ մեծ է մեծ քաղաքին մէջ
հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման
Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ…
Եվ որքան կարևոր է, տարեմուտին մեր Գրական ակումբը Զահրատ է կարդում…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1529