Մենք ամենաերիտասարդ հավաքանին ենք եղել միշտ, թե մեզ թվացել է. մենք գործել ենք այս համոզումով։ Երիտասարդ՝  թե՛ ներքին ավյունի, թարմության առումով, թե՛ պարզապես, երիտասարդ տարիքով։  Գրասենյակին խնդրեցի նոր ցուցանիշներ՝ «համառ» փաստեր, և հանրապետական ցուցանիշներ, որ իրար կողքի դնենք մերն ու ավելի մերը։ Ահա։ Հանրապետությունում մինչև 35 տարեկան ուսուցիչները 22, 5 տոկոս են կազմում, կրթահամալիրում՝ 40,5, հանրապետությունում ամենամեծը 50-ից բարձր տարիքային խումբն է (41, 5 տոկոս), կրթահամալիրում՝ մինչև 40 տարեկանները՝ մոտավորապես 54 տոկոս։

Դավիթ Բլեյանի ծնունդը լավ առիթ ու խթան դարձավ մանկավարժի ստեղծականությունը դիտարկելու թե՛ ընդհանուր («Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրի մասին է խոսքը), թե՛ ուղղակի՝ կրթահամալիրի ուսուցիչ-ծնողի, ծնելիության, սեփական երեխա ունենալու տեսակետից։

Ուշադիր։ Ուսուցիչը մարդ է, ունի իր ընտանիքը, հին ու նոր երեխաներ, կենցաղ, բնակելի տարածք, տնտեսություն, և այստեղից՝ քանի՞ մարդ չունի ընտանիք, չի ամուսնանում, չունի երեխա (չի հայրանում, չի մայրանում), չունի սեփական բնակարան, ունի տնտեսական դժվարություններ… Ահա ձեզ երկու ցուցանիշ. 22-50 տարեկան կրթահամալիրի աշխատողներից 42 կին և 13 տղամարդ ամուսնացած չէ, երեխա չունի 62 աշխատող։  Ի դեպ, այս գրի նկարը նշածս 42-ից մեկի՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Բեկյանի բլոգից է։ Բնակարանի սուր կարիք ունի, ըստ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության «սոցիալական բնակարան» ծրագրի տվյալների, 95 հոգի։ Ամեն ինչի մասին օրվա մի գրում եթե անգամ հնարավո՜ր լիներ գրել… կլիներ իմ օրագրի վերջը։ Բայց ոչ։ Ապրել-գործելու եմ, որքան կամ, հաջորդ 59 տարում օրվա գրի տեսքով պատմելու եմ իմ ու ձեր օրվա խնդիրների մասին, հաջողությունների ու ոչ այնքան։ 2011թ. կրթահամալիրի ծնունդների (հայրացած կամ մայրացած աշխատողների) թիվը՝ 12, 2012թ.՝ 13, 2013-ին՝ 9, 2014-ի հուլիսի 17-ի դրությամբ կրթահամալիրում նշվել է 5 ծնունդ, և 8 կին հերթի է… Ծնունդները շարունակվում են. հիանալի է, որ mskh.am-ում ամենաշատը ծննդյան աչքալուսանքն է, այ, այսպիսիԱտամհատիկի ծեսը՝ իր կենդանի զարգացման ու կենդանության դրսևորման՝ մեզանում ավանդույթի ուժ ստացած ձևով չի արհեստականանում-անմարդկայնանում, ինչ, ցավոք, կատարվում է ծես-տոնի հետ հայաստանյան կյանքում։ Մենք գիտենք, որ դեկտեմբերի 12-ին՝ մեր Սասունցի Դավթի ծննդյան օրը, ծեսը ինքնուրույնության նոր աստիճանի ստուգատես կդառնա, մարտ-ապրիլյան միամսյակը նոր մայրիկների ու մայրացողների ձոնենք, հունիսի 12-ին ուսուցիչների երեխաների նոր խումբ հրաժեշտ կտա պամպերսին ու մայրական կաթին…Եվ երեխաների ինքնուրույնության նոր նվաճումներ, որ այլ կդարձնեն մեր կյանքը…

Ես ու Արմինե Աբրահամյանը՝ իմ կինը, մեր ամուսնությամբ և Դավթի ծնունդով (աստվածատուր է. մայրս ինձ ունենալիս արդարացել է իր աղջկա, որ 2 երեխա ուներ, հարևանուհիների ու ջահել աղջիկ-հարսների առաջ, որ դեռ երեխա չունեին. «Քա, բալա ջան, ես ինչի՞ց եմ խաբար, մի օր արթնացա, տեսա՝ փորս ուռած է») ջնջեցինք բոլոր տաբուները, անցանք չիկարելիների վրայով։ Ներողություն, հազար ներողություն. բայց ինչո՞ւ ոչ։ Իմ օրագրի հարգելի ընթերցողի պահանջն է Արմինեին շատ ստվերում չթողնելը։ Անդրադառնում եմ հիմա, կանդրադառնամ հետո, միշտ՝ տեղին։ Արմինեն ստվերում չէ, այլ գործում է «ստվերում». ինձ նման արևախում չէ։ Հետո, քա, ընթերցող ջան, ես ինչից եմ խաբար… Պարզվում է՝ մենք առաջին անգամ հանդիպել ենք 1995-ի գարնանը, երբ Հայաստանի լուսավորության նախարարն այցելել էր Դանիել Վարուժանի անվան թ. 89 դպրոց, այն դասարան, որտեղ 10-րդ դասարանցի մի աղջնակ անսեր սրտով դաս էր սերտում… Հետո այդ աղջիկը ձախողել է իր բարձրագույն լրագրողական կրթությունը, որ դառնա կրթահամալիրի մանկավարժական քոլեջի ուսանող, որ ինձ մոտիկից ճանաչի՝ որպես ուսուցիչ…

Պատասխանում եմ օրագրի մյուս ընթերցողի հարցին։ Ես, գիտեք, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1977-ին, ստացել ֆիզիկոսի որակավորում, բայց ֆիզիկոս չեմ աշխատել։ Մի կարճ շրջան, փոխտնօրեն աշխատած ժամանակ, ֆիզիկա եմ դասավանդել, հետո՝ տնօրեն աշխատած ժամանակ մի կարճ շրջան՝ թվաբանություն  2-3-րդ դասարաններում, հետո մի փոքր ավելի երկար ժամանակ՝ մանկավարժություն կրթահամալիրի քոլեջում, հետո կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում մեկ կամ երկու ուսումնական տարի՝ իրավունք։ Հիմա չեմ դասավանդում, տեսնում եք, օրագրի վրա եմ։ Ես գիտեմ, որ վատ ուսուցիչ եմ առարկայի, ահա ինչու ժամանակին ընդհատել եմ դասատվությունը՝ մխիթարելով ինձ, որ առօրյա-ամենօրյա-անընդհատ կենդանի-անմիջական շփումն ինձ հետ օգտակար է եղել սովորողին ու կա. Արմինեն է հաստատում. «Այո, ավելին…»։ Դուք իմացաք՝ քանի տարեկան է Արմինեն, և… ի՛նչ կլիներ մեր կյանքն առանց Դավթի: Այս հարցադրումը, ի դեպ, Շուշան Բլեյանինն է, որ վերջին անգամ լսելի արեց օրերս՝ հուլիսի 13-ին, ծննդյան օրվա խորհրդով… ընդարձակելով  «մեր կյանքի» սահմանը: Երեկ Հասմիկ Ղազարյանի ինտելեկտուալների ակումբի պարապմունքից (լավ է, որ հերթական) հետո գնացել էի իմ երեք սքանչելի աղջիկների մոր տուն՝ Դավիթ Բլեյանի ետևից: Կարինե Ջանոյանն իմ դասընկեր-ընկերն է, ու անբաժան ենք կյանքի մեր ժամանակում: Ահա Կարինեն, Շուշան և Տաթև Բլեյանները (Լիլիթ Բլեյանը կապը պահում է բջջայինով) նստած երկար զմայլվում ենք Դավթի ցուցադրական ելույթով… Տեսարան է: Որքա՜ն է ընկալում, կարողանում, գործում այս երկուսուկես տարեկան մարդը։

Առավոտյան միասին աշխատանքի գալիս մենք հաճախ ենք միասին քայլում Խանջյան փողոցով… Ես Դավթի ձեռքը չեմ բռնում (բաց թողեք երեխայի ձեռքը, մեծահասակներ՝ բոլոր կարգի)։ Դավիթն առաջ է անցնում, ու ես ունենում եմ կրթողի՝ Մարիա Մոնթեսորիի վերապահած միակ դիրքը՝ 2-րդ  պլանից երեխայի գործունեությունը դիտարկողի… Մնացածը հեղինակից լավ, ո՞վ կասի: Կարդացեք Մարիա Մոնթեսորի, ֆիզարձակուրդում գտնվող սեբաստացի ու ոչ սեբաստացիներ, մանկավարժությամբ հետաքրքրված  բոլոր կարգի մեծահասակներ… Այն կա՝ շնորհիվ մեր «Ստեղծողի մոբիլ դպրոցի», նրա «Դպիրի», շնորհիվ մեր ժամանակին ու բարեխիղճ արված թարգմանության… Հատկապես 27-30 (Երեխայի տունը),  22-47 (Ինքնադաստիարակությունն ու ինքնուսուցում կրտսեր դպրոցում) էջերը նորից ու նորից կարդացեք:

Դավիթն ինքնուրույն է փողոցում ու անվտանգ լրացուցիչ. ես իրեն հարմար դիրքից հսկում եմ, առանց խանգարելու-կաշկանդելու իր ինքնուրույնությունը, որը լավագույն անվտանգությունն է ապահովում:  Դավիթը բարևում է համարյա յուրաքանչուր ոչ անհաղորդ (կամ հաղորդ) մեծահասակին՝ «Ես Սասունցի Դավիթն եմ», պատասխանում դիմացինի բոլոր հարցերին, եթե դրանք չկան, ոչինչ՝ ինքը պատմում է իր ուժեղանալու, իր Թուր Կեծակիի… մասին… Ինքնուրույն բարձրանում է մեր տան, նրա հարևանությամբ թիվ 3 դպրոցի, վերգետնյա ու ստորգետնյա անցումների, կրթահամալիրի Մեդիակենտրոնի, այլ աստիճաններով ու իջնում… «Վարորդը պետք է զգույշ քշի մեքենան, որ չկոտրվի…»։ Աստիճաններով ինքնուրույն անցուդարձը հասունության մատչելի տրենաժորներ են… Ինչպե՞ս կարելի է զանց առնել…

Ո՞ւր հասանք։ Ոչինչ, հա՞, ես չեմ գրում, ես պատմում եմ. ինձ հետաքրքիր է, ու ես կրկնակի չեմ գրում, չեմ մշակում. այնքան վախենում եմ արհեստականությունից, որ խոսքս քարոզ չդառնա կամ իմաստակի հոդված… Նախ՝ ամառ է, հուլիսյան պատում, որ ծիրանի կամ այսօր՝ ձմերուկի, վաղը՝ խաղողի (գրել էի՝ խաղի. ասեմ՝ ռոդարիական իմաստավորված անհեթեթություն կամ սխալի նմուշ է) նման գրավիչ լինի: Հայրերը շուտ են ձանձրանում. նորերը՝ մեր զավակները, գուցե և այդպիսին չեն։ Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ երեխայի հետ (ձեռքը բաց թող, հայրիկ) մեր պարտեզ եկող հայրիկի։ Նրանց խոսակցությունը ինձ կարևոր խաղից առաջ մարզչի և սանի երկխոսություն է հիշեցնում։ Այ, ձայնագրեր մարդ այս զրույցները՝ հոր և որդու. առանց այսպիսի կոնկրետ դեպքերի զննության և նյութերի ուսումնասիրության՝ ի՞նչ մանկավարժություն… Հայրեր, եթե պիտի ձանձրանայիք, շտապեիք, եթե ավելի կարևոր գործ ունեիք, քան իրար հետ քայլելը-լինելը, բա ո՞ւր էիք երեխա ունենում՝ ավելի կատարյալ մեկին՝ ձեր ունեցած լավագույնը փոխանցելու, ձեր ցեղն ու ձեր աշխարհն այս մի փոքր ավելի լավը դարձնելու….

Այսպիսի՛ ճամբար Երևանո՞ւմ, Բանգլադեշո՞ւմ։ Այո՛, համեցեք։

IMG_4322IMG_432710517574_784799828236854_3101406848714512552_n 10525839_784800281570142_7597138029676303029_n   IMG_4330 IMG_4331 IMG_4335 IMG_4338 IMG_4346 IMG_4347 IMG_6707 IMG_6713 IMG_6718 IMG_6725

One thought on “Մանկավարժ մարդու մասին է իմ օրվա գիրը”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեբաստացիները պահանջ ունեն ժամանակի մեքենայի ու… ստեղծում են այն

Արթնացել եմ առտու-գիշերվա 4-ին՝ գրելու պահանջով. արթնացել եմ, որ գրեմ, պատմեմ անձայն՝ վայելելով իմ պատրաստած, Շուշվա Քարին տակի մեղրով լուծված սուրճը… Իսկ ժամանակի մեքենայի մասին խոսակցությունը բացվեց Մարմարյա սրահում, երբ

Այ, աշխարհ, աշխարհ․․․

Դավիթ Բլեյանը, Slim production-ն ու Մեդիալաբ—ը իրար շարունակում են ու ստեղծում իմ օրվա գիրը․․․ Ես քնել արթնացել եմ մի անգամ, կես գիշերվա մոտ է․ Պուտինի այս ծավալուն հարցազրույցն եմ լսում․․․ Արմինեն

Հաշվեք, որ դուք արդեն տանն եք…

Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը