Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ:
Սկսեմ իմ օրագիրը գրքի 1-ին էջով`
Սպասել. ընտրանք:
Չէ´, պարտադրանք:
Ի՞նչ չի կարելի անել հիմա. չի կարելի սպասելը գործ, առoրյա դարձնել: Գործե´ք օրը: Մարտի 1-ն անսովոր զգացողությունների խառնուրդ ստացվեց. աշխատանքային օր էր իմ ու մեծ թվով սեբաստացի աշխատողների-սովորողների համար: Այսպիսի հագեցած ծրագրով վերապատրաստման դասընթաց անցկացնելը հենց սեբաստացիական ջանադրություն էր պահանջում: Շնորհակալ եմ: Այս շարքից էր նաև Արման Երանոսյանի նամակն ու իմ պատասխանը…
Հարգելի տիար Բլեյան, Հանրակրթական Դիջիթեք ամենամյա ստուգատեսին «Տնտեսագետի» ակումբի «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի նախագիծն արժանացավ գլխավոր մրցանակի, և հիմա ընթանում են նախագծի նպատակների իրագործման համար անհրաժեշտ շահառու անհատների և կազմակերպությունների ներգրավման աշխատանքներ: Օգտվելով ինքնակազմակերպման և ինքնիրացման կրթահամալիրյան ազատություններից՝ Մերի Թելունցը և ես տևական ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ ունեցել ենք քննարկումներ, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայամանավորվածություն, որով ԿԲ-ն պատրաստ է նախագծի իրականացման ընթացքում մեզ աջակցել թե՛ մասնագիտական առումով, թե՛ խրախուսական մրցանակներով: ԿԲ-ի ներկայացուցիչ Արաքս Մանուչարյանի կողմից ներկայացվել է նաև պատասխան առաջարկ. ԿԲ-ն ցանկանում է համագործակցել մեզ հետ, խոսքը միջազգային Global Money week միջոցառման մասին է, որի նպատակներն ու էությունը ներկայացված է:
Հարգանքով՝ Արման Երանոսյան:
Արման ջան, ուրախ եմ: Լավ է, որ գործի գլուխ կանգնած եք դու և Թելունցներից Մերին. զուլում զույգ է… Մերիին պատշաճ է դառնալ կրթահամալիրում տնտեսագիտական միջազգային նախագծի մեկնարկողը` քո հաստատուն ներկայությամբ: Եվ լավ է, որ ունենք ՀՀ Կենտրոնական բանկի կարգի գործընկեր: Գործեք: Քայլերի և արդյունքների մասին տեղեկացրեք, լուսաբանեք նախագիծը… Կրթահամալիրը և ես, իհարկե, անհրաժեշտ մասնակցություն կունենանք:
Այս և մնացած բոլոր, յուրաքանչյուր դեպքում իմացեք, նախաձեռնությունը, նախագիծը ստանալու են իմ առավելագույն աջակցությունը:
Էդիտ Հովհաննիսյանը խոստացած գարունը ճիշտ մարտի 1-ին բերեց… Գարունը սկսվում է Էդիտ Հովհաննիսյանով, և հոբելյանական հավաքն Էդիտին հարազատ մարդկանց միասին լինելու հնարավորություն տվեց: 2015-ը` Էդիտի համար գլուխգործոցի տարի. տեղին շնորհավորանք է:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի
Օրը ինձ համար լիքն էր տագնապներով. իմ մյուս քույրիկ Լիլիթ Բազեյանը՝ իմ մեծ քրոջ աղջիկը, այս օրերին դժվար վիրահատություն է տարել ու ապաքինման փուլում է… Իմ տարիքից է երևի… Այսպե՜ս զգալ հարազատական կյանքը. առաջ այդպես չէր… Դժվար է:
«Շտապ. հակառակորդը դիվերսիոն փորձ է իրականացրել. հայկական կողմից զինծառայողներ են զոհվել»։ «Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը»:
Ես ուզում եմ հասկանալ՝ «հակառակորդի հատուկ ջոկատայիններ»-ն Ադրբեջանի բանակի ստորաբաժանումնե՞րն են, թե՞… վարձկաններ: 2015-ի ռազմական գործողությունների հաճախականությունը և դրանց նկարագրությունը պաշտոնական տպավորություն է ստեղծում, թե Ադրբեջանի բանակը, անկախ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից, չի կարող այդպես, այսինքն` կետային գործել… Եթե դրանք իրոք վարձկաններ են, որ արտոնություններ ունեն՝ լարվածության մեջ պահելու, անընդհատ կետային նշանառու հարվածներ հասցնելու` հայկական պաշտպանական գծի անընդհատությունը ստուգելու, այլ վիճակ է: Ադրբեջանական կողմը կարող է հարյուրներով վարձկաններ (մահապարտներ) պահել (վճարել), և չի երևում՝ ինչպես կարելի է չեզոքացնել սա, մեր հասարակության ու բանակի վրա սրա գործած չուսումնասիրված ազդեցության դեմն առնել: Ինչպե՞ս է սա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ազդում մեր անվտանգության վրա: Հո մենք չե՞նք կարող շարունակել զոհվել մեր կողմից չգիտակցվող չարիքների ծանրությունից: 2015-ը, վստահ եմ, այս 25 տարում մեր «համազգային» հորջորջված ամենատարբեր կառույցների փլուզումների ու դրանց ավերակների մաքրման տարի է. այն, ինչ կործանում կթվա-կհայտարարվի, լսեք, ստեղծագործության սկիզբ է, հրճվեք փլուզումներից, հիացեք, թևներդ քշտեք, գործի անցեք. մի կողմ հրեք ավերակները, ու սկսենք, մեր գործքը նորեն սկսենք… Հարկ եղածին չափ հասո՞ւն ենք՝ նախագծումից սկսելու, ամենակարևոր փուլը պատշաճ կատարելու համար…
Թբիլիսի քաղաքի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման
պարապմունքներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում
«Ինչու է պետք է ամեն առավոտ սխտոր ուտել»… Շատ եմ սիրում ու սրա պակասն ավելի ու ավելի սուր եմ զգում… Սխտորը, սոխը կարող եմ ուտել բողկի նման՝ խրթխրթալով… Այն, ինչ կարելի է, ստեղծված է հում ուտելու համար, օրինակ, բազուկը, գազարը, ծաղկակաղամբը, ինչո՞ւ եք եփում… Ինձ անընդհատ բացատրում են, բայց չեն համոզում. թողեք առողջ վիճակում, այնքա՛ն մթերք կա, բազուկ-կաղամբին մի´ կպեք…
Ձգձգվող պատերազմի նախանշանների մասին Բորիս Նեմցովի այս տողերն արժե կարդալ. «Ուկրաինայի վերաբերյալ Բորիս Նեմցովի արտահայտություններից 10 ամենավառ մեջբերում. Forbes»: Հիմա ինձ համար ավելի հետաքրքիր է, ու ես բաց չեմ թողնում Նեմցովի մասին ոչինչ… Թումանյանն էր ասում՝ միշտ վերջումը, միշտ վերջումը… Ռուսաստանի փոխվարչապետը, երկար տարիների նահանգապետը ո´չ օլիգարխ դարձավ, ո´չ բռնակալի ենթակա… Մնաց ազատ Ռուսաստանի գաղափարի մարմնացումը… Դմիտրի Մուրատովի՝ «Նոր թերթի» գլխավոր խմբագրի կենդանի խոսքը՝ Մոսկվայից, տպավորիչ սգո (պայքարի, կյանքի) երթից կարևորում եմ, լսեք, այսպիսին է լինում խոսքը՝ պայքարող, գործող: Խոսքի և գործի այս անդունդը, որ մեզանում խորացավ-խորացավ, խլացրեց մեր մեջ կենդանի ձայններն ու ստեղծական կանչը… Եկել է իրար լսելու ժամանակը: Մարդկային առօրյա հաղորդակցություն պիտի հաստատվի, վերջ՝ խոսքերին, պատրանքներին… Մեր միջից, սովորական մարդիկ, որպես իրենց նախաձեռնությունների ղեկավարներ, իրագործման աջակցություն պիտի ստանան՝ աշխատանքն ավարտի հասցնելու, մեզ այդ գործում լիարժեք մասնակից դարձնելու ճանապարհով:
Մեդիադահլիճի մուտքն այսօր՝ Գեղարվեստի ավագ դպրոցի սովորող
Արթուր Շահվերդյանի նկարչությամբ
Բլեյան Դավիթը նորից Դպրոց պարտեզի իր կուկուներին, Մելինե-Կարինեին կարոտել-հիշել է. նորից կիրակին անցկացրել է բուռն, օրվա վերջում «աստղային» ընկերակցությամբ՝ է´լ Նազենի Հովհաննիսյան, է´լ Սոֆի Մխեյան, է´լ Լիլիթ Բլեյան, Վահե ու Սուսան Հովհաննիսյաններ… Բոլորը մի կողմ. սրճարանում նա իր Սոնա, Նազենի կրտսեր քույրիկների և դիջեյի հետ էր… Տեսարան. ո՜նց ժամից ավելի՝ ականջակալներով, դիջեյի ծնկին նստած, մի ձեռքում` Տաթև քույրիկի նվիրած դեղին մեքենան, վարում էր Էդիտ քույրիկի տոնակատարությունը… Քույրիկին ինքը տպավորիչ մատուցեց հատուկ ընտրած ծաղկի թաղարը… Թող սովորի՝ ապրելով: Փոքր չէ: Նրա նշանավոր շարքը բառերի, որ, խնայելով Սուսան Հովհաննիսյանին, թարգմանության անհարմարություններ չստեղծելու համար բերում եմ համառոտ.
— Ծիծիկ, տուտուզիկ… սրանք ամո՞թ բառեր են, հայրիկ, թե՞ շինարարական, ասա տեսնեմ…
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի
Հոգեբանական, թե մտավոր զարգացումները ես գործածում եմ, որպես հոմանիշներ. մեր մանկավարժությունը հետևողական ուշադիր է այսպիսի առողջ-ամբողջական զարգացման միջավայրի ստեղծման հարցում: Վեց փաստ, որոնցից, ըստ այս ուսումնասիրության, կախված է երեխայի IQ-ի մակարդակը:
Իսկ գարնան առաջին օրվան նվիրված` իմ օրագրի ընթերցողին վայել կլինի՞ այս նյութի ընթերցումը, որպես տոնական հավելված, որտեղ սիրո մասին բժշկական փաստեր են. հայտնի-անհայտ՝ կարդացողը կորոշի: Ինչ լա՜վ է. գարուն է՝ օրացույցով ու դրսում, գարուն՝ բոլորիս ներսում, որ դառնանք ու ապրենք ներդաշնակ. ա՜խ, գարուն է…
Ավարտեմ օրագիրը՝ հիշատակած ժողովածուի վերջին՝ 366-րդ բանաստեղծությամբ.
Հիմա, երբ եկել ես,
այս մեկ բառը բավ է՝
եկել ես: