… որ հայ-ադրբեջանական սահմանները դառնան կամուրջներ, հաղորդակցություն հաստատեն հարևան Ադրբեջանի հետ, մեծացնեն մեր շփումը աշխարհի հետ։ 

Երևանում՝ Սևանի փողոցին հարող իմ հայրական տանը, Գետառի և Զանգվի միջև պարփակված փակուղիներից մեկում, պատին փակցված էր ՀԽՍՀ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քարտեզը։ Ե՛վ ինձ, և՛ իմ մեծ եղբոր տղաներին փոքրուց ցույց էին տալիս քարտեզը Հայաստանի, հարցախեղդ անում, սովորեցնում։ Գեղեցիկ  կնոջ ուրվագծով այս պատկերը, վստահ եմ, զարդարում էր հայաստանցիների տները՝ գյուղական, թե քաղաքային բնավայրերում. մեր ծնողները, ավագ քույր-եղբայրները մեր աշխարհագրության ուսուցիչներն էին… 1988-ից ՀԽՍՀ քարտեզներն անհետացան մեր տների պատերից… Թումանյան Հովհաննեսն էր ժամանակին՝ 100 և ավելի տարի առաջ, զգուշացնում, թե որքա՛ն կարևոր է հայրենագիտությունը, և որքա՛ն վտանգավոր բան՝ աշխարհագրական մեր տգիտությունը։ Հին հիվանդություն է հայոց համար։ 

Այս և էլի մտքեր, որ 1990-ից իմ հոդվածներում, գրերում, հրապարակումներում ընթերցողը հաճախ կհանդիպի, կենդանացան այս օրերին, երբ Սյունյաց աշխարհի Կապանի, Գորիսի, Մեղրու տարածքների (բնակիչները՝ դեռ ոչինչ) քաղաքապետեր, գյուղապետեր, այլ պաշտոնյաներ դիմադրությամբ, մինչև անեծքի ու դժբախտության, ազգային դավաճանության կասկածի աստիճանի դժգոհությամբ, ճշտում են իրենց իրական-իրավական Հայաստանի՝ իրենց բնակավայրի եզրագծերը՝ արտաքին, որպես հայ-ադրբեջանական սահմաններ… Այսպես եղավ, որովհետև 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած հարձակումով Ադրբեջանը կարողացավ տիրապետել նաև Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը պատկանող Զանգելանի շրջանին ամբողջությամբ։ Ո՛չ հիմա, ո՛չ էլ 1992-ի դեկտեմբերին, երբ հայկական բանակը պատերազմով գրավեց Զանգելանը, չենք հաշտվում միջազգայնորեն ամրագրված իրողության հետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, ՄԱԿ-ի անդամ երկրներ դարձան ԽՍՀՄ ներքին սահմաններով։ 

Այո, խորհրդային շրջանում Ադրբեջանին հարող Հայաստանի սահմանները, որպես ներքին սահման, բաց են եղել մարդկային ազատ շարժի ու ապրանքների տեղափոխության, առևտրի համար՝ ոտքով, մեքենայով, գնացքով. այնքան բաց, որ չենք էլ նկատել, որ ոչ թե սահմանակից ենք ողջ երկարությամբ, այլև տեղ-տեղ, նաև կիլոմետրերով՝ իրար մեջ, ինչպես Գորիսի-Կապանի միջև։ 1992-1994թթ ադրբեջանական յոթ շրջանների՝ Զանգելանի, Ջաբրայիլի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Ֆիզուլու, Աղդամի գրավումով, 1994-ից Զանգեզուրին հարող՝ Ադրբեջանի հետ մեր արտաքին, խորհրդային սահմանները գործածում էինք որպես Հայաստան-Արցախի ներքին սահմաններ, սրանից բխող անհոգությամբ-հովվերգությամբ։ Եվ սահմանների ուղղումը 2020-ի այս, իհարկե, սարսափելի-բարբարոս պատերազմով, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնումն էր։ Իսկ մեր զինվորական պանթեոն Եռաբլուրում իրար կողքի հայտնվեցին 1992-1994-ի ազատամարտի  և 2020-ի պաշտպանության հայ մասնակիցները։ Եթե մխիթարանք է, նույնն է Ադրբեջանում։

Եվ ինչ… Այս իրողությունների առաջ՝ իրար հարևան հայ և ադրբեջանցի ժողովուրդները նոր ռազմագերի-պատանդ-զոհ են տալիս՝ իրար մեղադրելով ու ճակատագիրն անիծելով, փոխանակում-ուրախանում, դիակներ հանձնում հողին, սահմաններ ճշտում ներքին օգտագործման թամաշայով, զուգահեռ՝ ռուսական դրոշով խաղաղապահն սկսում է զբաղեցնել հայ-ադրբեջանական սահմանը… Սա՞ էր հանգրվանը Արցախյան շարժման, որ անկախ պետականությունը որպես դրոշ ծածանենք, իսկ արտաքին սահմանները՝ Թուրքիայի, Իրանի,  հիմա էլ՝ Ադրբեջանի հետ, հանձնենք Ռուսաստանի՞ն։ Ինչո՞ւ։ Երեսուն տարի այդ սահմանները Պաշտպանության բանակի զինվորի ու սահմանամերձ բնակիչների մահվան «աղբյուր» էին, հիմա էլ՝ օտարի պահպանությանը հանձնվող գո՞ւյք։ Սահմանները երկրի հարստության աղբյուրներ, ճանապարհ-կամուրջ՝ հաղորդակցության ուղիներ չե՞ն, ինչպես աշխարհում է… Մերն էլի՞ ուրիշ է։ Ինչո՞ւ չենք կարող հենց Զանգեզուրում սկսել հայ-ադրբեջանական միասնական ուղեկալներով, բաց ճանապարհներով սահմանային անվտանգություն կազմակերպելը… 

Սա Նոր ուղի է. դժվար է, բայց ձեռք ձեռքի անցելու ճանապարհ։ Դեմքով դեպի իրար. ժամանակն է…. 

#1933

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սրանից էլ տաք-լուսավոր, ճերմակ-փափուկ, խաղաղ-ներառող կիրակի․․․

Մինչև դուք, անշտապ ընթերցող-չընթերցող, սեբաստացիներ` բոլոր կարգերի ու ժամանակների, արթնանաք, ձեր կենցաղով-օրվա բեռով, ճամբարային, նախագծային, ստուգատեսային հունվարի, վաղը մեկնարկող նոր ուսումնական շրջանի չարածը-պռատ արածը կարգի բերեք, ձեր խիղճը մաքուր՝ պատասխանեք

Զարմանալի աշուն․․․ Նոյեմբեր

Սիրելի Նունե Մովսիսյանի «Եղիշե Չարենց. Զարմանալի աշուն» փունջը բանաստեղծությունների ինձ գրավեց միանգամից։ Գիտեք նոյեմբերի նկատմամբ իմ խանդոտ վերաբերմունքը։ Նունեն այս փնջի տակ դրել էր Չայկովսկու հոկտեմբեր ամսվա երաժշտությունը, որն իմը չէ, երաժշտությունն էլ

Բարձունքներում անկախության շունչն առավել հզոր է…

Երեկ այդպես էլ չհասկացա՝ ինչու-ինչից թարսվեց օրս, ի՛նչ տեղեկություն-տեսարան խոցեց ինձ այնպես, որ օրվա իմ բազում գործերի, գյոզալ հավաքի մեջ բնականոն չէի տեղավորվում, օրվա իմ հոգսով անբավարար էի… Նկատեցի՞ք՝ կեսօրին