ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի համար կազմած ծրագրով ճանաչողական երկու ժամանոց քայլքը այսօրվա կրթահամալիրով, որ սկսվեց Առնո Բաբաջանյան փողոցի կողմից Մայր դպրոց մուտքով, ներսով—դրսով ու ավարտվեց Հյուսիս—գեղարվեստում, կարող է դառնալ ատաղձ Բլեյան դպրոցով հեռատուրի* համար նաև․․․
Սրա կարիքը, օգտակարությունը Բլեյան բաց կրթական ցանցով 2021-ի աշխուժացող աշխատանքներին ընդառաջ, չես վիճարկի․․․ Ամբողջը չես ընդգրկի աշխարհագրորեն, կրթահամալիրի հարավն ու արևմուտքը մնացին քայլքից անդին, բայց Մայր դպրոցով արևելք՝ Արևելյան դպրոց—պարտեզ, Քոլեջ, Սարալանջով Հյուսիսային դպրոց—պարտեզ, Գեղարվեստ անցումը աշխատանքային բաց խմբով, վստահ եմ, կարևոր էր կրթահամալիրի լիազոր մարմին նախարարության հետ կրթության փոփոխությունների տարվա, միջնաժամկետ ծրագրերի իրականացման համար, մեր հեղինակած մանկավարժությամբ ձեռքբերումները հանրայնացնելու, հանրապետությունով մեկ տարածելու համար։
Կրթահամալիրը պետական կազմակերպություն է, հանրային դպրոցների—ուսումնական կենտրոնների, քոլեջի փորձարարական—հետազոտական միավորում՝ ստեղծված նախարարություն—կառավարություն—սեբաստացի կրթական համայնք շարունակական—բաց—վստահելի համատեղության, նաև պետական մասնակցությամբ—աջակցությամբ զարգացման խնդիրները լուծելու պայմանով։ Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անկեղծ ոգևորված էր տեսածով։ Մենք հավանեցինք փոխնախարարի դիտող—ընկալող հայացքը, քայլքի թեթևությունը, հաղորդակցվելու մշակույթը։ Սրան չի կարող չհետևել այս 2020-2021 բարդ ուսումնական տարվա խոչընդոտների՝ այո, վեճերով, բայց համատեղ հաղթահարման ընթացքում հաստատված գործընկերությունը։ Սուսան Մարկոսյան կրթահամալիրի տնօրենը իր անձնային—մասնագիտական որակներով շատ էլ հարմար է նախատեսած ծավալի ու որակի աշխատանք կատարելու իր ընդունակ—հմուտ աշխատակազմով, ուսումնական հաստատությունների ղեկավարներով։ Իմ մենթորական մշտական ներկայությունը այսպիսի գործում երկուստեք պահանջված է. ես ձեր հուսալին եմ, սեբաստացինե՛ր։
Իմ մենթորական աշխատանքի ծավալը ավելանում է, այսօր իմ օրը «Դար» հիմնադրամի մասնագետ Արմենուհի Վանոյանի, մեր Զառա, Ջուլի, Էլյա հմայիչ եռյակի հետ անցկացնում եմ Գագարին պրոյեկտի Դդմաշենի, Զովաբերի դպրոցներում, մանկապարտեզներում՝ նախապատրաստելով ապրիլի 12-ին՝ Յուրի Գագարինի տիեզերքի նվաճման օրը, պրոյեկտով հանրակրթության աշխատողների ստեղծագործական հավաքը կրթահամալիրում․․․ Դարակազմիկ օրվան արժանի լինելու, համընկնումը ոչ պատահական դարձնելու հնարավորություն ունենք Գագարին պրոյեկտի կայացած հանրային կրթական հարթակում, և մենք այսպիսի հնարավորությանը մոտենում ենք ուժերի մեզ բնորոշ համախմբմամբ։ Հետևեք իմ գրին, բլոգապատմանը, պրոյեկտի ֆեյսբուքյան էջին․․․ Իսկ Գագարին պրոյեկտի կրթական—բնապահպանական—մշակութային—երկրագործական աշխատանքներին ցանկությամբ—պատրաստվածությամբ կընդգրկվեն սեբաստացիներից շատերը․․․ Այսպիսի նախագիծը մեր արածի արդիականության—կիրառելիության հնարավորություն է։
The LOFT հայտնի կենտրոնի երիտասարդ առաջնորդ Արևիկ Համբարձումյանը սիրալիր, հետևողական ինձ ընդգրկում է Իմ մենթոր առաջին համահայկական նախագծում․․․ Ծանոթացեք և՛ Լոֆթին, և՛ նախագծին։
– Աստղի՛կ, ուզում ես Ռուզան մորքուրի հետ մնաս տանը խաղա՞ս, թե՞ գաս պարտեզ գնանք․․․
Ես ու Դավիթը տարբեր շեշտադրումներով կրկնում ենք Աստղիկի համար իր ընտրությունը։ Աստղիկը զարմանալիորեն չի շտապում պատասխանել մեզ, հետո էլ իր նշանավոր քիթումռութի ծռմռությամբ, հասունի խելքով․
– Ես հիմա կիվի եմ ուտում․․․
Ու շարունակում է ծամել՝ մեջքով դեպի բացվող դուռը․․․
Իրիկունը Աստղիկը մայրիկի, եղբոր հետ անցկացրել է Ռոսիա մոլում՝ շնորհավորելու Հակոբյաններին, մեր գեղեցկուհի երեք տարեկան սանուհուն՝ Մարիային․․․ Աղմկոտ մի մոլ, որտեղ ես չեմ եղել համառորեն։ Մի՛ զարմացեք․ լուսա—ձայնա—գունային աղմուկը որևէ ձևով ինձ չի գրավում, վանում է․․․
* հեռատուր – հեռավար շրջայց (հեղինակային նորաբանություն)
#2014