Ուրախ չէ, որ տոնածառը Հանրապետության, գլխավորի կարգավիճակով դառնում է դեկտեմբերյան հանրային ամենաքննարկվող հարցը, այնպես, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետը ներկայացնում է կատարված ծախսերը մաս առ մաս՝ լույսեր, ճյուղեր, զարդեր, տեղադրում․․․ Ինքնահաստատման միջոցի վերածվեց, այս ամեա-ամենա-ամենան, քաղաքապետի ու նրան առաջադրած-ընտրած-աչքի լույսի պես պահպանող դաշինքի համակիրների կողմից․․․

Եթե իրավիճակ է փոխվել, ինչո՞ւ էր պետք Հանրապետության հրապարակին ծանրաբեռված տրանսպորտային հանգույցը՝ Տիգրան Մեծ, Վազգեն Սարգսյան, Հանրապետության, Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, Մելիք-Ադամյան տրանսպորտահոսքերով, այսպիսի հանրային ուշադրության, տարատարիք մարդկային հոսքերով, խմբերով, բազմահազարանոց հավաքներով, ծառայություններով․․․ Ես այսպիսի գերկենտրոնացումից չդժգոհող վարորդ-ոստիկան-ծառայող չգտա․․․ Եվ սա՝ համարյա մեկ ամիս․․․

Կրթահամալիրի ամանորյա ուրախության դիմանկարները՝Դիանա Գևորգյանի։

Իսկ ի՞նչ են շահում երևանցիները․ ինչո՞ւ չէր կարելի օգտագործել-խթանել ինքնակազմակերպումը, նախաձեռնողականությունը և ապակենտրոնացնել առավելագույն չափով տոնը-ուրախությունը-տոնակատարությունը տարածելով քաղաքով մեկ, ունենալով լույսերի-ձայների-ղողանջների-տոնական ազդեցությունների մեջ կորած մի քանի տասնյակ ամանորի-սուրբծննդյան հարթակներ՝ Շառլ Ազնավուրի հրապարակ, Ազատության հրապարակ, Երիտասարդական մետրոյով Կոնսերվատորիայի այգի, Կասկադ, Հյուսիսային ու գլխավոր պողոտաներ, Ազգային ժողովի այգի… Այդպես էլ չեմ հաշտվում, որ Նոր Տարին՝ իր բերած հեքիաթով-կերպարանափոխումով, գույներով-ղողանջներով-ուրախություններով շրջանցում է երևանյան այգիները… Մտածել եմ միշտ Կոմայգի-Անգլիական այգու, Օղակաձևի որևէ հատվածի, Մանկական երկաթուղու Ամանոր-Սուրբ Ծնդյան հրաշքի կազմակերպիչը դառնալ… Կրթահամալիրի գեղարվեստի՝ տեխոլոգիայի, ստեղծականության համերգ-ներկայացում-ցուցադրության կազմակերպումը, որպես Ամանոր ու Սուրբ Ծնունդ այս այգիներից մեկում… միայն պատվիրի՛ր, քաղաք… խրախուսի՛ր․․․

Կարելի է ծախսել ավելին, քան մի ծառի, մի հրապարակի տոնածառային շրջանի վրա, բայց մոտենալ մարդուն, բնակավայրին՝ ասպարեզ բացելով քայլքի, զբոսանքի, համայնքային ինքնաբուխ ուրախությունների-հավաքների համար, ինքնագործունեության հարթակները դարձնելով երևանցիների ու հյուրերի սիրո-համերաշխության դրսևորումների համար․․․

Ես սկսում եմ այդպիսի մի շրջայց քաղաքով, Դավիթ Բլեյանի հետ, ամենաբարի, ինքնաբուխ տոնականության ամենափոքր համերգ-ձևավորումները տեսնելու-ներկայացնելու, իմ ուրախությունը-բացահայտումները իմ բլոգով-պատումով փոխանցելու համար։ Ուզում եմ սրանով, այսպիսով հրաժեշտ տանք Հանրապետության գլխավոր տոնածառին ու հրապարակին։ Հանրապետությունը հագցնել պարզապես- հասարակ՝ տոնական տրամադրություն փոխանցելով հրապարակային առօրյային՝ իր տրանսպորտով, մարդկանցով ու հաստատություններով․․․ Ես ուզում եմ ոչ թե հոգս ավելացնել ու հոգոց, այլ՝ Ամանորի, Սուրբ Ծնունդի ուրախություն։

Տոնական «ասիլիկ-վասիլիկներ»-ի պատրաստում։ Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի։

Դավիթը Բլեյան, իր սենյակում սեփական տոնածառն է դրել․ հյուրասենյակի մեծ տոնածառից խաղալիքներ է թռցնում ու կախում իր ծառին, գուրգուրում է իր ծառը, ձեռքս բռում, ցուցադրում։ Ձմեռ պապը, որին անվերապահ հավատում-սպասում է, նվերը կդնի ի՛ր ծառի տակ․․․
— Որ երկուսը բերի, ոչինչ, թող մեկն էլ ձեր ծառի տակ թողնի․․․
Համաձայն չէ, որ Աստղիկի սենյակում էլ նոր ծառ դրվի․․․
— Կբերենք, կպտտացնենք, երկուսն էլ իրենն է․․․

Կրթահամալիրում իր դպրոցի տոնը՝ դեկտեմբերի 21-ի, ո՜նց է հավանել․․․
Հավանել են Լիլիթ Բլեյանն ու Վահեն, Սոնան. ընտանիքով են մասնակցել, բոլոր դպրոցների ծնողները, սովորողները, ում հանդիպեցի․․․ Ձիով-ձյունանուշով կրթահամալիրի Բանգլադեշում անշտապ-տիրական շրջող, բոլորին խաղաղ, ձեռքի թափահարումով շնորհավորանքներ փոխանցող Ձմեռ պապը կհիշվի մինչև մյուս տարի․․․

Չի մոռացվի և Մարմարյա սրահում ուրբաթ-ամանորի համերգը՝ Միջին դպրոցի կազմակերպած․․․ Դեկտեմբերի 20-ի՝ Ազգային պատկերասրահում Գեղարվեստը կրթահամալիրում համերգ ներկայացումը․․․

Իսկ առջևում դեռ ընտանեկան տոներն են, դեկտեմբերի 28-ի ուրախությունը սեբաստացիական Ագարակում, Ագարակում և Արատեսում Սուրբ Ծննդյան խորհուրդները․․․ 2019-ի ծնունդների, ուսումնական նախաձեռնությունների-նախագծերի ավետիսներով․․․

Աստղիկն ու մայրիկը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1532

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ օրվա գիրը՝ որպես օրվա ճամբարային խճանկար

          Լողափնյա պարտեզ: Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւելյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Քրիստինե Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւմտյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Ծաղիկ Գասպարյանի: Լողափնյա ճամբար Հարավային դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Արեւիկ

Հեղինակային մանկավարժության համի ուժը

Իմ զարմանալի քույրիկ Նազենի աստղի՝ Նազենի կրտսեր, իսկական Հովհաննիսյանի ծննդյան առթիվ երեկ կազմակերպած ընտանեկան հավաքի տպավորությունից ծնված, իմ այս գրով փոխանցած․․․ մի օրվա հեղինակային մանկավարժության համի ուժը։ 

Երբ հարևաններով հանդիպում են Բանգլադեշում

Դավթապատումը, ասել եմ, ամենահեշտ գրվող, ամենաանմեղ ու ամենասիրելի բաժինն է իմ բլոգապատումի, որքան հասկացա, նաև ամենակարդացվողը… Պիտի հասցնեմ միայն իմ ու Դավթի՝ տանը միասին անցկացրած ժամերին գրանցել Դավթի կանչերը, կոչերը, մտքերը…