Մեր պատշգամբի վարդերը բացվում են հերթով, ինչպես խոստացված-սպասված էր. մայիս է, ու մայիսին բացվում է վարդը… Առաջին ծաղիկը Դավիթը նվիրեց բուժքույր Անուշին, ում նա շատ է պարտական. տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն է կապված… Ընկեր Կարինեի ու Մելինեի համար շարունակում է ընտրել… Բոլորիդ վարդ կհասնի:
Իսկ Նունե Մովսիսյանի հետ քննարկում էինք կրթահամալիրի Բանգլադեշում հայկական կակաչի (կարկաչի) հարթակներ ունենալու ամենակարճ ճանապարհները. սա է, որ անվանում ենք ուսումնական նախագիծ… Ճարտարապետ Համլետ Խաչատրյանը շատ գոհ մնաց Գեղարվեստի կանաչապատումից-ծաղկունքից… Խրախուսեց՝ շա՜տ ծաղիկ. մի՛ համեմատվեք՝ անապատ է մեր շուրջը, ծաղկեցրե՛ք… Նա նոր է վերդարձել Հորդանանից ու տպավորությունները չի հասցրել հաղթահարել… Ուխտագնացություն Ավետյաց երկիր. մեր այս որոշումը կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությանը վայել նախագիծ է, ինչո՞ւ շարունակ հետաձգենք-երազենք, ինչո՞ւ այս տարի այն իրականություն չդարձնենք՝ այսպիսի՜ երգչախմբով ուսուցչական…
Այլընտրանքային նկարչություն:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:
Հետաքրքրությունն իմ կյանքի հեծանվային շրջանի նկատմամբ չի թուլանում, աճում է… Առավել գործնական տրամադրված մարդիկ, բացի ընդհանուր ողջույն-հիացմունք-հավանությունից, մանրամասներով են հետաքրքրվում՝ իմ փորձը ես սիրով-կոնկրետ փոխանցում եմ… Ուրբաթից հաշվեք, այսօր էլ՝ չորեքշաբթի, ես անցնում եմ Բանգլադեշ-Կենտրոն-Բանգլադեշ ճանապարհը հեծանվով՝ առավոտյան-երեկոյան… Ես հաշվեցի՝ հեծանվով երեկ անցել եմ 30-32 կմ ճանապարհ. 24-25 կմ՝ տանից դպրոց, դպրոցից՝ տուն, 6-7կմ էլ՝ կրթահամալիրի միջդպրոցական իմ անցումները. Հիմնական-Մայր դպրոց-Մեդիակենտրոն, Մեդիակենտրոն-Գեղարվեստ-Մայր դպրոց-Նոր դպրոց-Արհեստագործական-Մեդիակենտրոն… Դպրոց-պարտեզ-գյուղացիական տնտեսություն ուսումնական կենտրոնն էլ դուրս թողած… Նկատեցի՞ք, ես 2-3 օր մեքենայից չեմ օգտվել՝ հեծանվով հաղթահարելով բարձունքներ, որոնք առաջ հեծանվային չէին թվում… Կարողանում եմ և իմ ազատությունը պաշտպանում-ընդարձակում եմ շարունակ… Երեկ ես Մեդիակենտրոնից Րաֆֆու փողոցով ու Բ-3 թաղամասով-Միքայելյան նրբանցքով, Եռաբլուրի երկայնքով դուրս եկա Սեբաստիա փողոց, հետո կամրջով բարձրացա Ծովակալ Իսակով՝ նորակառույց եկեղեցու մոտ, մնացածը գիտեք… Երեք բլուրները, որոնցից երկուսը գլխատված-պարսպապատված, որքա՞ն կարող են այսպես օտարված մնալ Բանգլադեշից-Արարատյան զանգվածից… Բանգլադեշը չի կարող իր շրջակա բլուրներից մեկուսացված կյանքով ապրել… Ի՜նչ նախագիծ է, պատշաճ՝ մեր ուսումնական ճամբարների՝ հունիսի 1-ից սկսվող շրջանին, երբ հունիսի 5-ին էլ շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է…
Մայիսի 20-ի բակային աշխատանքների հերթապահներն են 4-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Վիկտորյա Հովսեփյանի:
Կա «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» Վահան Թոթովենցի ինձ այնքա՜ն սիրելի պատումը. Մարիետ Սիմոնյան և ընկերներ մայրենիի, կարդո՞ւմ են մեր դեռահասները պատմության ճամփաները ոտքով անցածի անմոռաց այս ասքը…
Ես էլ գրում եմ, ահա, երևանյան ճամփաների վրա հեծանվով իմ կյանքի մասին՝ որպես օրագիր… Ինձ հարցնում են առավոտյան-երեկոյան-տուն-դպրոց ճանապարհին հանդիպող հեծանվորդների մասին… Ափսո՜ս՝ քիչ ենք, առավոտյան 1-2, երեկոյան՝ 2-3 հանդիպում, ավա՜ղ, ոչ ավելի։ Բոլորին ողջունում եմ հարազատի պես, մենք համերաշխ-ուշադիր ենք միմյանց նկատմամբ. ինչո՞ւ չենք շատանում…
Ուշ ենք արթնանում: Ինչո՞ւ: Տեսեք, ժամը 5-ից լույս է, առավոտյան 6-ից տանը նստելը, հիմա՝ իմ սենյակում-անկյունում բնակարանի գրելն ավելի դժվար է. դուրս եմ գալիս պատշգամբ, նայում եմ շարունակ դուրս, ականջներիս մեջ նժույգիս կանչն է՝ խրխնջոցը, իսկ ժամը 7-ից անդիմադրելի հեծյալ եմ: Շո՛ւտ արթնացեք, սկսե՛ք օրն ինձ հետ:
Մարինե Մկրտչյանի նվագակցությամբ երգում են 1-ին դասարանի սովորողները:
Տեսանյութը պատրաստեց Սեդա Խաչատրյանը:
[embedplusvideo height=”320″ width=”450″ editlink=”http://bit.ly/1EjlLuV” standard=”http://www.youtube.com/v/HxWsYNOLaXY?fs=1″ vars=”ytid=HxWsYNOLaXY&width=450&height=320&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep9576″ /]
Նոր կտակարանից ամենից շատ իմ ընթերցածը՝ «Տասներկուսի առաքելությունը», «Վերահաս հալածանքներ առաքյալների դեմ», «Սուր, խաչ և նեղություն»… Հիմա, այս օրերին, իմ աչքերին անընդհատ այդ տեսարանն է, շարունակ իմ ականջներում Հիսուսի խոսքերն են… «Եվ նա իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և հիվանդություն… Եվ երբ գնաք, քարոզեցեք ու ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է… Ձրի առաք, ձրի էլ տվեք… Մշակն արժանի է իր կերակրին… Եվ երբ այն տունը մտնեք, ողջույն տվեք ու ասացեք՝ «Ողջույն այս տանը»… Եվ եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գալիս ձեր ոտքերի փոշին թոթափեցե՛ք… Այսուհետ խորագետ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման… Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի… Հրապարակեցեք տանիքների վրայից… Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր. քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից և դստերը՝ իր մորից և հարսին՝ իր սկեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն»:
Մարզվում են կրտսեր 1-ին դասարանցիները:
Լուսանկարները՝ Տաթև Մելքոնյանի:
Աշխեն Գրիգորյանի նախագծին էի ծանոթանում, զարմանքիս հետ այս տողերն էին հնչում… Մեր՝ սեբաստացիական առաքելությամբ գործելու ժամանակն է, ստացածը տարածելու, ձեր ուսումնական գործերի մասին պատմելու՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, գյուղ առ գյուղ… Դուք դա չեք կարող չանել, չեք կարող ձեր ուսումնական ծառայությամբ մարդկանց չբժշկել… Կներեք, ես այլ ասելիք չունեմ, այլ անելիքն էլ. տեսեք, անում եմ… ոտքով, գրով, հեծանվով, եթերով, մարդ առ մարդ, ամենո՜ւր… Թո՛ղ ամեն մարդ, ուսուցիչ, սովորող թե ծնող ընտրվի, դառնա իր գործի, իր Ուսուցչի 12 ընտրյալներից մեկը ու կատարի պատգամը… Ձրի առել եք, ձրի էլ տվեք… ֆիզիկական աշխարհում, ո՛չ միայն մեդիայում… Այս օրերին փոքր խմբերով, Մարթայի թե Մարիետի, Սուսան Ամուջանյանի թե Կայի, իմ աղջիկ Տաթևի, Մարի Գաբանյանի թե Միքայել Կամենդատյանի հետ՝ այս մասին է իմ խոսքը՝ ստացածը, ունեցածը որպես բժշկություն մարդկանց հասցնելու… Մեր մանկավարժությունը բուժական է՝ բառիս ուղիղ իմաստով, և շրջանն այս ամենահարմարն է… Հոգ մի՛ տարեք, թե ինչ պիտի ասեք, ինչպես պիտի սկսեք… Քանի որ դուք չէ, որ պիտի խոսեք…
Լուսանկարներում Դավիթի նվիրած և նվիրելիք վարդերն են:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ֆոտոխմբագիր՝ Գոհար Բալջյան