Կանայք, հայտնի է, մղում են մեզ՝ տղամարդկանց, մեծագործություններրի, և… իրենք էլ խանգարում են դրանք իրագործելուն՝ փոքրուց, դաստիարակությամբ-մեթոդաբար «բուլավկելով» ճախրանքի թևերը, կառավարելի դարձնելով թռիչք-ինքնուրույնություն-ինքնազոհումը…
— Դե՛, Դավի՛թ տղա, ժամն է լողալու… Հինգ րոպե ունես, բայց զինվորի համար բավարար է…,- ասում եմ ես։
Դավիթը բազմոցին, ձու-ձու կակայից հույսը չկտրած, ճմլկոտում է.
— Մրսում եմ…
— Լա՜վ, հայրի՛կ, թող իրիկունը լողա, մրսում է տղուկս… Տեսնեմ՝ որտեղի՞ց իր ուզած կոնֆետը գտնեմ…,- Արմինե մայրիկին ճանաչեցիք…
— Ձու-ձու կական են շաբաթը մեկ ուտում, լողում-ձգվում-մարզվում են ամեն օր. հինգ տարեկանն անց տղան ամեն օր պիտի ինքնուրույն լողա. ուրիշ ինչպես տղամարդը կայանա… Դավի՛թ, դու պիտի ընտրես… Յուպիտերի ու երկրի, ցնցուղի ու աչքաջրի, պահել-ստանալու և տալ-նվիրելու միջև…
— Ես ընտրում եմ Յուպիտերը… պա՛պ:
— Չէ, չէ, թող երկրից չգնա տղուկս, մնա մայրիկի մոտ, որ սիրեմ. Առանց իմ տղուկի ես կմեռնեմ…
Դավիթը լողաց, իհարկե, Արմինե մայրիկն ապրում է, վայելում տղուկին… Խաղ է իմ առաջարկած ընտրությունը. համատեղելի բաների միջև ի՜նչ ընտրություն… Այսպես պատրաստվում ենք ընտրության…
Արևմտյան դպրոց-պարտեզ:
Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի շրջայցից:
Յանա Նահապետյանը երազում է նշանավոր նկարիչ դառնալ… Ես հիմա Յանայի բլոգում եմ… Ինչո՞վ է զբաղվելու Յանան ուսումնական արձակուրդի այս օրերին… տունը, բլոգը վերածելո՞ւ է կերպարվեստի արվեստանոցի… Իսկ Դավիթ Մարտիրոսյա՞նը, որ երաժշտական դպրոց է գնում և Ձմեռ պապից թմբուկներ ուզում… մեր երաժշտական լաբորատորիայում է… Ի՞նչ ուսումնական նախագծեր են իրականացնելու հունվարի 9-20-ն անհատական պլաններով վեցերորդ դասարանցիներ Յանան, Դավիթը… Երեկ ես մասնակցում էի մեր երաժշտական դպրոցի լսումներին… Սուրբ Ծննդյան արձակուրդի այս օրերին ինչպիսի՞ն կլինի mskh.am-ի մեր եթերը՝ երաժշտական-համերգայի՞ն… Ինչո՞վ կզբաղվեն սեբաստացի սովորողները, 2017-ի շրջանավարտները, որ հանձնել են դեկտեմբերին պետական ավարտական քննությունները՝ միջնակարգ կրթության համար. ունե՞ն հրապարակված անհատական պլան, սկսե՞լ են աշխատել դրա վրա՝ հունվարի 9-ից, որ իրենց էլ, մեզ էլ տեսանելի լինի, որ կրթությունն իրենց կյանքն է, ու իրենք՝ յուրաքանչյուրը, ավելի ու ավելի ինքնուրույն է տնօրինում իր ամենաթանկ կապիտալը՝ ժամանական ու ջանքերը:
Իրանցի պրոֆեսորը հրաժարվել է տրորել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները… Սրան հավասարազոր բան անցավ մտքովս՝ սեբաստացի ծնողները բռնեն ու նոր տարում հրաժարվեն հանդեսներին վերարկուներով-գլխարկներով-որպես դիտորդ թե սոսկ իրենց երեխայի լուսանկարիչ մասնակցելուց (ուղղակի ներկա լինելուց)… Հանեն վերարկուները, մի կողմ թողնեն պլանշետներն ու դառնան իրենց երեխայի, նրա խմբի, դասարանի, ուսուցչի, դպրոցի հետ ուրախության մասնակից: Գուցե պիտի պարտադրե՞լ այս մշակույթը… Արձագանքեք։
Ֆիլիպիններում գործում է ջրահարսների դպրոց… Մաշալլա՜… Ես սպասում եմ մեր լողուսուցման ղեկավար Տաթև Համբարյանի համարժեք արձագանքին… Ինչպե՞ս է պատրաստվում լողավազանը հունվարին… Պատրաստո՞ւմ է լողուսուցման սեպտեմբեր-դեկտեմբերի ամբողջական հաշվետվությունները՝ ձեռքբերումներով, վրիպումներով, առաջարկներով… Ինչպիսի՞ տեղ կունենա լողավազանը հունվարյան մեր նախագծային ուսուցման շրջանում։
Կրթահամալիրի մենթորների հավաք մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Իսկ Լուսինե Աբրահամյանը հունվարի 9-ից Ագարակում սկսում է ձիավարժության պարապմունքները. ահա այս լուրը կարդացեք… թե չէ կորել եք այլ համացանցում ու ձեզ հետ ֆեյսբուք տարել ձեզ հետ մեր վերջին մոհիկան Յուրա Գանջալյանին… Եվ դո՜ւ, մի՛ստր Յուրա…
Այս օրերին՝ մինչև հունվարի 9-ը, ու հունվարի 16-ի գիտագործնականի մեկնարկն իմ էլ. փոստը-գիրը, mskh-ը՝ իր սովորողների և ուսուցիչների բլոգերով, պիտի լինեն ամենասպասվող-ընթերցվող:
Երկու հրաշագործ սեբաստացու՝ Էդմոնդ Փաշինյանի և Խորեն Հազարումյանի հետ, արդեն հեշտ չէ։ Երեկ ես ժամեր անցկացրի կրթահամալիրի 2017-ին կառուցվելիք յոթ հրաշալիքներից Դպրոց-պարտեզի տանիքում բնագիտության ջերմոց-լաբորատորիայի և Ագարակում հնգամարտի բացօթյա լողավազանի կառույցների հրապարակներում… Բա որ այս օրերին մինչև հունվարի ինը հայտնի դառնան մյուսների՞ ղեկավարները… Ինձ կարելի է նախանձել, ու ես պատրաստ եմ իրադարձությունների այսպիսի զարգացմանը… Ավելին, 2016-ի դեկտեմբերի այս օրերը հենց 2017 տեղափոխվող մեր ներդրումային՝ շարունակական անելիքի գույքագրման շրջանն է…
Իրոք, արձակուրդը՝ արձակուրդ, տոնը՝ տոն, հասկացանք, կյանք է, ընթացք է. որքա՜ն ցավալի կլինի 2016-ի հաջողված նախագծերի-նախաձեռնությունների ընդհատումը, հաջող մեկնարկը-ընթացքը 2017 չտեղափոխելը՝ զարգացնելու, ծավալելու վճռականությամբ… Երեկ Ավագ դպրոցում այդ մասին էր իմ անհատական զրույցը ոչ միայն դպրոցի ղեկավար Մաթա Ասատրյանի հետ… Վահրամ Թոքմաջյանը, որ գիտակների իր մեծ խմբով նոր է վերադարձել Գյումրիից, որտեղ լիարժեք հանդիպում-խաղեր են ունեցել Գյումրիի՝ մեր գործընկեր դարձած թիմերի հետ, հունվարի 9-ից սկսվող նախագծային շրջանով ոգևորված է… Սովորող-սովորողների՞ց ուսուցչին փոխանցվող ոգևորություն է: Էմանուել Ագջոյանը հրապարակեց բնագիտատեխնիկական ստուգատեսի բլոգը՝ ծրագրով…
Ձնառատ ֆոտոշարք Գեղհովիտ համայնքից:
Իսկ Քնարիկ Ներսիսյանը Սուսան Ամուջանյանի, լուսանկարիչ սովորողների հետ սկսել է նարեկացիական նախագիծը մեդիագրադարանում տեղադրելու գործը… Մարդիկ բան ունեն ասելու, և այս սքանչելի ձյուն-ձմեռը դրա համար լավագույն շրջան է… Մեր տանն էլ այս օրերին նախագծային իրարանցում է. Մելինե Մարտիրոսյանն իր եղբոր հետ տոնական տեսքի է բերում Դավթի սենյակը… տեսեք՝ որքա՜ն շնորհք, ջանք, բարեխղճություն… Բոլոր իրերը, որ զայրացնում էին՝ որպես «թափթուկներ», նոր կերպար-լուծումների մեջ ո՜նց են շողշողում… Իսկ Արմինեն գրական ակումբի իր ընկերների հետ իրենց ուսուցչի ու ակումբի ղեկավարի ծննդյան օրն աշխարհից ու Մարիետ Սիմոնյանից թաքուն վերածում է գրական ակումբի տոնական-ծննդյան պարապմունքի… Բա՜ն ունեն ասելու իրենց ուսուցչին։ Կտեսնենք։
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 888