ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանին

Հարգելի պարոն Փաշայան

Նորից պնդում ենք, որ ԳԹԿ-ն չի կարող ո՛չ թեստային, ո՛չ մեկ այլ եղանակով ընթացիկ գնահատում (ստուգում) կատարել, քանի որ հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 18-ի առաջին կետում գրված է. «Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան»: ԳԹԿ կանոնադրության 12բ) կետով որոշվում է կազմակերպության մասնակցությունը ընթացիկ գնահատմանը, այն է՝ «սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը»: Կարդացի՞ք՝ առաջադրանքների մշակում և տրամադրում: Ո՛չ ավելին: Ուսումնական հաստատությունը կարող է ԳԹԿ-ի տրամադրած նյութերը բոլորովին չօգտագործել: Դրանք պարտադիր չեն, քանի որ օրենքը այդպիսի ազատություն է տալիս ուսումնական հաստատությանը: Ձեր գրության մեջ շատ ճիշտ եք նշում, որ այդ կետով որոշված է «գործունեության առարկայի իրականացման մեխանիզմը, միջոցը»: Մնացե՛ք այդ շրջանակում: Ավելին, մենք թույլ չենք տա այդ շրջանակից դուրս գալ, որովհետև դրանով խախտվում է ՀՀ օրենքը։ Մենք արձանագրում ենք, որ Դուք հանրապետությունով մեկ, Ձեր նշած 133 դպրոցներում Ձեր 157 Ա/Ը հրամանի գործողությամբ խախտել եք «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը (հոդված 18)։

ԳԹԿ-ն չի կարող անհատական ակտ ընդունել որևէ դպրոցի սովորողի նկատմամբ: Դուք կարող եք անհատական ակտ ընդունել ձեր աշխատակիցների նկատմամբ: Նորմատիվ ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված 2-ի 1-ն կետի 5-րդ ենթակետը սահմանում է. «անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց»: Կարո՞ղ ենք իմանալ, թե այդ հրամանով ի՛նչ վարքագծի կանոն կամ ի՛նչ փաստական հետևանք է սահմանվում, և ո՛ր անձանց է վերաբերում՝ այդ խեղճ 133 իրավաբանական անձա՞նց, թե՞ յուրաքանչյուր սովորողի: Ո՞ր անձի գիտելիքն եք ստուգում: Ի՞նչ կարգով է անցկացվելու ստուգումը, որքա՞ն ժամանակ է տևելու, ինչպե՞ս է գնահատվելու… Սա սովորողի համար ի՞նչ ծանրաբեռնվածություն է համարվում։ Իսկ ի՞նչ է լինելու այն աշակերտների հետ, ովքեր չեն մասնակցել այդ ստուգումներին: Չէ՞ որ նրանք չեն կատարել Ձեր հրամանը: Մենք արձանագրում ենք, որ Դուք Ձեր հրամանով խախտել եք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (հոդված 2, կետ 1.5)։

Որ անօրինական ստուգումների մասին գրավոր տեղեկացրել եք կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին, լավ եք արել: Իսկ այն անձանց, ում վերաբերում էին այդ ստուգումները, պետք էր տեղակացնել օրենքով սահմանված կարգով. «Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ» (ՀՀ օրենքը նորմատիվ իրավական ակտերի մասին, հոդված 23): Այդ դեպքում Դուք ինչպե՞ս էիք ուզում Ձեր ուզած օրը՝ նոյեմբերի 5-ին, Ձեր ուզած ժամին՝ ժամը 10.00-11.00 և՛ տեղեկացնել, և՛ անմիջապես անցնել հրամանի կատարմանը։

Կարելի՞ է իմանալ, թե դպրոցներին բանավոր տեղեկացնելը ո՞ր օրենքում, ո՞ր կարգով, նորմատիվ ակտով է սահմանված: Ի՞նչ է նշանակում բանավոր տեղեկացնել, ո՞վ է տեղեկացրել, ո՞ւմ է տեղեկացրել: 2018թ. երբ հանրապետության բոլոր դպրոցները վաղուց միացված են համացանցին, երբ բոլոր դպրոցները պարտադիր օգտվում են համացանցից, երբ ԿԳ նախարարությունը հայտարարում է սովորողների մեդիագրագիտության մեկշաբաթյա ստուգատես, այդքան դժվա՞ր էր էլեկտրոնային փոստի, ԳԹԿ կայքի միջոցով մասնակից անձանց իրազեկելը: Ինչո՞ւ չեք մոռացել տեղեկացնել Ձեր նշած հասցեներով, երբ նրանք գործառույթ չունեն, իսկ «զոհերին» շրջանցել եք։ Մենք այդպես էլ չտեսանք Ձեր 157 Ա/Ը հրամանը, որը համարում եք՝ ենթակա էր պարտադիր կատարման: Դուք պարտավոր էիք, սահմանված կարգով, անհատապես տրամադրել և չտրամադրեցիք։ Մենք արձանագրում ենք, որ Դուք Ձեր գործողություններով (անգործությամբ) խախտել եք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (հոդված 23)։

Եվ վերջում. ուշադրություն դարձրե՞լ եք, որ «թեստ» բառը կազմակերպության անունից բացի (որը 2004թ. է որոշվել) կանոնադրությունում կա 12դ) կետում և 13-րդ կետում, որը վերաբերում է կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը:

Հարգանքով՝
կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան
կրթահամալիրի խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգելի նախարար.

Մեր նոյեմբերի 5-ի թ. 18-11-553 գրությունը լրացնում ենք։

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10.30, կրթահամալիրի Մայր դպրոցի շենքում պատահաբար հանդիպեցի, ինչպես ներկայացան՝ ԳԹԿ աշխատակիցներ Լիլիթ Հարությունյանին, Մարիամ Խանգելդյանին, Արմեն Ասրյանին, Արմինե Սարգսյանին՝ ընթացիկ ստուգում անցկացնելու պահանջով։ Իրավական ակտը՝ ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնակատարի 2018թ. սեպտեմբերի 11-ի 157 Ա/Ը  հրամանը, որով պիտի որոշված լիներ նրանց գործողությունը, կրկին չներկայացվեց, չնայած ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի  բանավոր հավաստիացմանը։ Նրանք ծանոթ էին կրթահամալիրի տնօրենի, խորհրդի նախագահի և ավագ դպրոցի ղեկավարի ստորագրությամբ մեր 18-11-552 գրությանը։ Մենք չէինք կարող թույլ տալ և թույլ չտվեցինք ՀՀ օրենքի խախտումներով կազմակերպվող այդ ստուգումը։ Մեր 12-րդ դասարանի սովորողները, նրանց միջոցով՝ նաև ծնողները, տեղյակ էին մեր դիրքորոշմանը. սովորողները հրաժարվեցին այդ անօրինական գործողությանը մասնակցելուց։ Ի դեպ, նախագծային ուսուցման շաբաթվա առաջին օրը՝ նոյեմբերի 5-ին, կար երկու բացակա. բոլոր սովորողներն ընդգրկված են ուսումնական նախագծերում, այդ թվում՝ գնահատման  նախագծերում։

Նոյեմբերի 5-ին՝  ժամը 15.05, ստացել ենք Արմեն Փաշայանի ստորագրությամբ պատասխան (կցում ենք)  մեր նոյեմբերի 1-ի թ. 18-11-534 գրությանը։ Ուղարկում ենք նաև մեր պատասխանը։

Հարգելի նախարար, ցավով արձանագրում ենք, որ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը իր գործողություններով հանրապետությունով մեկ (իր նամակում նշված է 133 դպրոց) խախտել է ՀՀ օրենքները՝ Հանրակրթության մասին (հոդված 18), «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (հոդված 2, կետ 1.5, հոդված 23)։ Համոզված, որ պետական կազմակերպության ղեկավարը պիտի շարժվի բացառապես օրենքով՝ պնդում ենք, որ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը ԳԹԿ հիմնադրի՝ ՀՀ կառավարության, լիազորված պետական մարմնի՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից պիտի ենթարկվի պատասխանատվության։

Քանի որ ո՛չ առճակատում է, ո՛չ մասնավոր վեճ, առնչվում է հանրապետության բոլոր սովորողներին, վստահ ենք, որ կգտնեք ժամանակ անձամբ կարդալու մեր գրությունները և որպես ՀՀ կառավարության անդամ՝ պաշտպանելու սովորողների շահերը ԳԹԿ-ի՝ սովորույթի ուժ ստացած անօրինական միջամտություններից։

Հարգանքով՝
կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան
կրթահամալիրի խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արի կրթահամալիր. սրանից էլ լավ առի՞թ:

Բարի երեկո, տիար Բլեյան։ Թեպետ ավելի քան տասը տարի է՝ չեմ աշխատում կրթահամալիրում, սակայն հետևում եմ այդ մեծ ընտանիքի անց ու դարձին։ Հիանում եմ Ձեր էներգիայով և նախաձեռնությունների անսահմանափակ «փաթեթով»։

ՀՀ ԿԳ նախարար պարոն Ա. Հարությունյանին

Կրկին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի ՀՀ ԿԳՆ հայտում կրթահամալիրի առաջարկությունը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի աջակցության ընդարձակում։ Բերվող ծախսերը կրթահամալիր-հաստատության սովորողներին և ուսուցիչներին չեն ուղղված, դրանց շահառուները հանրապետության այլ ուսոսւմնական հաստատությունների սովորողները-մանկավարժական աշխատողներն

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի