Ամեն տարի, քանի՜ տարի, չես հաշվի, ուսումնական սեպտեմբերը (այսքանից հետո ո՞նց նոր անվանես) տարբեր է գալիս՝ և՛ օրով, և՛ տրամադրությամբ… Այս անգամ, այս տարի՝ 2018-ին, նրա գալը ես արձանագրեցի երեկ՝ կիրակի օրով, որքան էլ կիրակիի իմ օրվա մեջ ուսումնական քիչ բան կար, բացի սեպտեմբերյան պատրաստության անհանգստությունից․ այսքա՜ն գործ, որ թողեցի, մեղադրում եմ ինձ, ամռան շրջանից, այս տասը օրում ո՞նց եմ-ո՞նց ենք հասցնելու, ա՛յ բոլոր կարգերի, տարիքների սեբաստացիներ… Մեր աշխատանքն է, մեզ համար արվող-մեզ սեբաստացի միաբանություն դարձնող սեպտեմբերից սեպտեմբեր, անընդհատ։ Վաղը մանկավարժական ճամբարն է մեկնարկում. և սովորողների աշխատանքային ջոկատները, ուսուցիչների հետ, կրթահամալիրի Բանգլադեշը՝ ներսով-դրսով, շինություններով, նախկին-ներկա ուսումնական տանիքներով, որպես վերջին հարկեր, նախկին-ներկա ուսումնական նկուղներով, որպես առաջին հարկեր,  բարվոք տեսքի կբերեն։

Իսկ կիրակին անցավ հանդիպումների, հին ու նոր կապերով քննարկումների մեջ՝ Նիկոլի կառավարության 100 օրվա հանրահավաքի, ետհանրահավաքային իրականության, Երևանի քաղաքային իշխանության սեպտեմբերի 23-ի ընտրությունների հետ… Էս ո՜նց ենք հասցնելու, ա՛յ միլիոնանոց  քաղաք, քո 2800-ի տոնակատարության, 2800 խնդիրների,  ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի պատրաստության խժդժում տեղավորել նոր քաղաքային ավագանու առանձնացումը, որոշումը, քաղաքապետի ընտրությունը…

Ապրում ենք մի անսովոր՝ հոսուն-հեղհեղուկ շրջանում, երբ հանրապետության, նրա ամեն մի ոլորտի, տարածքի, համայնքի, կազմակերպության խնդիրները կարծես կա՛մ չեն քննարկվում, չեն լուծվում, կա՛մ քնարկվում-լուծվում են հընթացս…

Կիրակին հետաքրքիր էր․ես հանդիպեցի երկար ընդմիջումից հետո Վիգեն Խաչատրյանի, Գագիկ Աբրահամյանի հետ, ծանոթացա Մալիշկայի՝ անուն հանած գյուղապետ Մհեր Մովսիսյանին։

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների ճամբար։ Լուսանկարները՝ Տաթև Թամազյանի։

Շնորհակալ եմ, անձրև՛, իմ պահանջով-կարոտով եկար… Ջրի պակասը հագեցնելը երեկ՝ իրիկնային քայլքով թաց Երևանում, երեկ չէ մեկէլ օրը՝ Արատեսում, նրա մեկտեղանոց մի գյոլում, իմ ջրահեղձով, ինձ ազատեց ճամփի-Երևանի փոշուց… Փոշի… փոշի… փոշի՝ մազերումս, մաշկիս վրա, աչքերիս մեջ… անտանելի է… Ես անապատում ո՞նց կապրեի․․․

Ծով գործի, գործի ծովի մեջ որքան էլ ինձ մեկուսացնեմ, կենտրոնանալով կրթահամալիրի, նրա հազար ու մի անելիքներով, ես Բլեյան Աշոտն եմ. պաշտոն է՝ հազար ու մի կապերով, ո՞վ կթողնի…

Իսկ ես կանչից օգնության, իմ պատասխանատվությունից, որ ես հաստատ կրում եմ, փախչողը չեմ… Ահա ինչու՝ երեկ, օրվա մեջ հաշտության-համերաշխության-ներառականության հաստատումն էր Հայաստանով մեկ՝ Նիկոլի կառավարման, մայրաքաղաքի վիճակի, կրթահամալիրի մեծ ու պստիկի… Եղեգիսի-Շատինի յուրաքանչյուր մարդու, նրա առաջադրած խնդիրների հետ… Մեղավոր ես-մեղավոր չես, ժառանգություն է, թե այս օրերում առաջացած՝ կռվով չես լուծի․․․ փնտրել-գտնել հաշտություն հաստատելու ուղիները… Իմը եղել է ու կա ստեղծական-ծավալվող-անխտիր աշխատանքը, այնպիսին, որ քամի քեզ, համախմբի, որ սկսվես նորից… Նոր սեպտեմբեր է գալիս ընդառաջ՝ վարգով ու բարով։ Արի՛։

«Նոյյան Տապան»-ի Գայանե Առաքելյանին, մեր զրույցի-հաղորդման ընթացքում, վերջում խոստացա՝ Արատեսի, Շատինի վեճը լուծել կողմերի՝ իրար լսելու ճանապարհով…

Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի հետ Շուշան Բլեյանին, որ օրեր հետո կմեկնի իր գործի-ուսման Վիեննա, խոստացած ուղեկցեցինք Արատես, ինչպես միշտ՝ Եղեգնաձորով, Գետափ-Եղեգիսով, վերադարձը՝ Շատին- Քարագլուխ-Մարտունիով… Այս անգամ էլ (վերջին անգամ) Մադինա-Գետաշենը շրջանցեցինք՝ զմայլվելով միայն դաշտերում, մեր աչքերի առաջ առուներից գետ դարձող Արգիճիով և արմանք-զարմանք Արմաղան սարով… Շուշոյին տպավորեցինք, ստացվեց. այս կողմերով պիտի նախագծային խմբով անցնել՝ պատրաստվելով հայտարարված, սեպտեմբերի 7-ի մեկնարկող, Արատեսի բնության դպրոցի եռօրյա հայրենագիտական-բնապահպանական հավաքներին…

Արատեսի բնապատկերները՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1442

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմաստն է, որ պիտի գտնվի… Տեղին մտքեր

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն

Կյանքն ինչպես կա, սիրելիներ…

Այսքա՜ն երկար գիշեր, որ ո՛չ տեղդ ես գտնում, ո՛չ անելիքդ, չես քնում-չես զարթնում-չես աշխատում, գիշերն անցկացնում ես շուռումուռի մեջ, իհարկե, գեշ երազով ու կորցնում ես լուսաբացը… Հա, անլուսաբաց գիշեր ստացվեց,

Վերջում ջրել ցողով, այլ ոչ թե շիթով…

Սա՝ վերջում, իսկ մինչ այդ, քանի որ «Նոյեմբեր ամիսը և աշնան թեթև ցուրտը շատ հարմար են աշնանացան անելու համար», կարդացեք մեր Արևմտյան դպրոցի պարտիզպան Էդմոնդ Փաշինյանի «Բակերի կանաչապատում և ձևավորում»