Առավոտը Դավթին մեր մահճակալից հանելուց առաջ զմայլանք պիտի ապրես. ո՞նց մոտենաս խաղաղ իր նինջի մեջ այս հետաքրքիր օր օրի մեծացող մարդուն… Մի նախաբան գտնում եմ ամեն անգամ, որ լսելի լինեմ, որ չձանձրացնեմ, որ չկրկնեմ…
— Ես ուզում եմ ընդամենը… պառկեմ,- ասում է…
Էլի ճամփորդ է իր ամենաընկերների հետ, որոնցից երեկ անբաժան էր լողափին. ո՛չ Արամին կարողացավ հայր Արտյոմը պոկել, ո՛չ Դավթին՝ մայր Արմինեն, մնացին ու տղայավարի, իրենց աշխարհի բակում, ծովափին իրենց ամառային հավեսը հանեցին… Ճամբար եմ ասել։ Իսկ այսօր նույն ճամբար-դասարանով գրոհում են Թեժառույքը, ու Դավիթը, տեսեք, ո՜նց է պատրաստվում։

Արմինեն Դավթի հետ մտնում է Երևանի Կենտրոնի անձնագրային բաժին… Սրահը՝ աշխատանքային սեղաններով, պատկերացրի՞ք… Կանայք՝ ուսադիրներով-առանց ուսադիրների… Արմինեն է պատմում… Դավիթը, բարձր.
— Շո՛ւտ արեք, սոված եմ, էլ չեմ կարա, մի կտոր հա՛ց տվեք, մեռնում եմ… Էսքանով հավաքվել եք…
Կանայք, զարմանքը հրճվանքի փոխած, չգիտեն էլ, որ Բլեյան է էս ղժղըժը, խառնվում են իրար…
— Կոնֆետ կլինի՞…
— Հա, տվեք, սոված եմ,- երեք շոկոլադը մի շնչով է տալիս,- մի կտոր էլ հաց ճարեք…
Դե, ճարում են, արագ Արմինեի անձնագրի մեջ վավերականությունը հաստատում…

Տեսե՞լ եք՝ ինչ կյանք կա մեր բոլոր լողափերում… Մեր Բանգլադեշի ծովերի շուրջ բոլոր տարիքի, սեբաստացիները սկսում են դիրքավորել, իրենց առանձնահատկություններն ու ճաշակը ցուցաբերել…

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է մարզի բնակչությանը. Հարգելի վայոցձորցիներ, հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել… 

Եվս մի թեժ գիծ. ճանապարհ փակելու նման հեշտ-պարզ… Մի հեռախոսի համար գրում ես, հայտարարությունը պտտում ես, ու պայքարը հանուն հեղափոխության թեժանում է… Կամ մի քանի տասնյակ մարդով հավաքվում եք, վատ էլ գիտեք՝ ինչ եք ուզում, դժգոհ եք, ու վերջ, ձեզ նոր իշխանությունը ուշադրության չի արժանացնում՝ քիչ է, մոտակա հանրապետական նշանակության (ոչ գյուղական) ճանապարհը փակում եք ու վստահ եք, որ մի քանի ժամվա ընթացքում ձեր մասին կիմանան-կգրեն, մի նախարար կայցելի… Մնում է գլխավորը՝ ինչի՛ց եք դժգոհ, ու ինչպե՛ս այն լուծել կյանքում… իհարկե, առանց բողոքավորների մասնակցության, առանց օրինականությանը հարգելու…

Անահիտ Հարությունյանին՝ նշանավոր Բզեզի խմբագրին-մասնախմբի ղեկավարին հանդիպեցի իր հորինուկների մի խմբով, Արևելքի ճամբարի լողափին… Ուրիշ որտե՞ղ, ուշանալ չկա, ճամբար է, պայմանավորվել նույնպես. առավոտից մինչև ավտոբուսներ նստելը անընդհատ ուսումնական-ճամբարային առօրյա է: Նառա Նիկողոսյանի հետ իմ սպասված նվերն են մատուցում մեկնաբանում՝ «Հորինուկների» ժողովածուն… Անունը դիպուկ է գտնված, ձևը՝ էլեկտրոնային, որ արդեն Լուսինե Ալեքսանյանը տեղադրել է «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, թղթային՝ նորաբաց ակումն-ընթերցարանում Արևելքի դպրոց-պարտեզի բացօթյա լողափային ճամբարի… Խոսում ենք, որ հունիսի երկրորդ կեսում, արդեն մանկավարժական նորարարության ճամբարականներով սեբաստացի «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչները՝ 1-3-րդ դասարանների ղեկավարները, իրենց հեղինակած դասարանային Հորինակներով շարքը մատենիկների կդարձնեն յուրահատուկ ընթերցարան…

Երեկ Սոնա Բեզիրգանյան բլոգերն էր այո ասում մեր այս առաջարկին, Գեղարվեստի հարթակում. իր հայտնի բլոգով Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ծրագրավորող-ուսանողը 2018-ի օգտակար կլինի պատանիների ամառային ընթերցանության կազմակերպմանը…Միացեք, Սոնային ու իր ընթերցասեր սեբաստացի ընկերներին, ուսուցիչներ՝ Նունե Մովսիսյանով, Մարիետ Սիմոնյանով մինչև Անահիտ Հարությունյան, քանի՞սն եք, ձեր ճաշակով, ձեր մեծ ու հետաքրքիր գրադարանով, էլեկտրոնային թե ֆիզիկական, «Ամառային ընթերցարան» ամենամյա նախագիծը գործի գցեք… Հունիսը սպասված սրընթաց ու ջրեղեն կիսվեց…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1399

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակի՝ ճամբարական երկուշաբթիից առաջ

Եղավ այդպիսի շրջան իմ կյանքում, երբ ես չէի հավատում խոսքի ուժին, սկզբում՝ բանավոր, հետո՝ նաև գրավոր… Վտանգավոր մի փուլ, որ ես հաղթահարեցի իմ օրագրով՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում. հինգ հարյուր երեսուներկու

Յուրաքանչյուրի խաղաղ նավարկության համար

Կրթահամալիրում այսօր «Ներառականության օր» է՝ սեմինար—քննարկումներով, ներառական խաղերով ու վարպետության դասերով։ Նախագիծը կազմակերպվում է «Սպիտակ ձեռնափայտ», «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների հետ։ 

Մասնագիտական բարեխղճությունը՝ փրկիչ. արշավապատում  է իմ գիրը

Պատմել եմ հունիսի 22-24-ի Ջավախք կրթամշակութային արշավից, Կարծախ՝ Աշուղ Ջիվանու ծննդավայր մեր ուխտից, կառուցվող-ընդարձակվող տուն-թանգարանը, Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանի բարձիթողի վիճակի ազդեցությամբ, մտահոգություններ է առաջացնում, ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա ևս