– Էս հայրիկը մեր գրող ա․․․
– Ո՞նց չի հոգնում, որ ամեն օր գրում ա․․․
– Ինչքա՞ն պիտի գրի անվերջ․․․ Մինչև բոլորը վերջանա՞ն․․․
Բլեյան Դավիթն է պարբերաբար հետաքրքրվում իմ գրով։ Ո՞վ գիտի․․․

Ստամբուլից, հայկական Պոլսից, նրա Տատյան հայկական վարժարանի հետ իրականացրած կրթական փոխանակման ծրագիրնավարտել, ավտոբուսով Երևան-Ստամբուլ-Երևան երեսուն ու էլի երեսուն ժամ տևողությամբ ճանապարհը կտրել ու վերադարձել է երեկ, բարեհաջող, ուրախ ու գոհ, լեցուն պատումներով, ավագ դպրոցի սովորողների և ուսուցիների խումբը՝ Մարթա Ասատրյանի ղեկավարությամբ։ Կեցցե՛ք։ Ուղիղ կրթական փոխանակումների ճանապարհն այսպիսով բաց է․ հունիսին մեզ կայցելեն Պոլսի Կարագյոզյան վարժարանի սովորողները, ուսուցիչներն ու ծնողները, կապրենք-կգործենք միասնական-ուսումնական ճամբարում մեր, կրթահամալիրի բանգլադեշում, հոկտեմբերին էլ կհյուրընկալենք Պոլսի Տատյան վարժարանի խմբին և պատասխան այցով սեբաստացիները կլինեն Ստամբուլում, Պոլսի Կարագյոզյան վարժարանում… Այսպես, իսկական ջրի ճամփա, իսկ ինչո՞ւ ոչ։ Մեր Պոլիսն ու իրենց Երևանը…

Սեբաստացիներն ապրել են մեր հայրենակիցների տներում, ընտանեկան տպավորություններն էլ  այլ կերպ չէին կարող լինել, ամենաուժեղն են․․․ հենց սրա համար ենք չարչարվել, այս մարդկային հարազատության, պոլսեցի Հրակնի և երևանցի Վալերայի միջև հաստատված զորեղ մարդկային կարոտի, Վալերի ամենասիրելի նոր պոլսահայ մայրիկի այսպիսի կապի համար․․․ Կարդացե՛ք, իմ գրում հրապարակում եմ Վալերայի բլոգի պատումը՝ հուզիչը, պարզը, համահայկական մեր կյանքում պակասողը․․․

Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուին արժանի թեմա-վերնագիր դարձա՞վ. փնտրեցի, չգտա։ Կգրվի մի օր, իսկ վերնագիրը գրի ձևափոխումով վերցրեցի Ռոդարու «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են Չ-ով» պատմությունից․․․ Երբ ողջ շրջապատդ՝ քիչ է, սոցցանցերն ամբողջությամբ, բանավոր-կենցաղային խոսքն ու զրույցը, հասարակական միտքը Նիկոլով են սկսվում, ավարտվում։ Նիկոլին են դիմում, կասկածում, պաշտպանում․․․ Պարզապես նրա մասին են խոսում։ Դե, գոնե այպես, զվարճալի, դիտարժան, թեթև արեք, ինչպես մեր Հյուսիսային դպրոցի Դիանա Գևորգյանի հինգ տարեկանները։ Մեր առջև բացված նոր հնարավորություններին համարժե՞ք է խոսողի մեր այս վարքը։

Հակաբռնի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը ես անվանել եմ իրականացնողների՝ պարմանիների անունով։ Ասել եմ ամեն անգամ, երբ անդրադարձել եմ՝ դուք և ձեր Նիկոլը։ Դուք և ձեր Նիկոլն եք սկսել-արել, բոլորիս հաղթանակ բերել։ Հանկարծ բաց չթողնեք. ձեր շնորհքով-մտքով-պատասխանատվությամբ կառավարեք երկիրը։ Սա, այո՛, պարմանիների կառավարություն է, և դա լավ է։

Ասում են՝ ժամանակը Նիկոլ Փաշինյանի, նրա նոր կառավարության դեմ է աշխատում․․․ Ես համաձայն չեմ։ Սկսե՛ք անմիջապես, ձեր ոճով (ոճը նույն ինքը՝ մարդն է), թեթև, ի տես, անմիջական աշխատել, գործի գցել համակարգը՝ չվախենալով սխալվելուց-չիմանալուց․․․

Նախ՝ մարդու համար կառավարումը լավ դպրոց է, սովորելու մեծ հնարավորություններով․․․ Իսկ ընդունակ պաշտոնյայի համար՝ առավել ևս, օրը շաբաթվա տարողություն ունի, սովորելու եղանակն ու հնարավորությունները բազմապատիկ են։

Կեցցե՛ք դուք և ձեր Նիկոլը, որ պիտի երիտասարդացնեք ամբողջ պետական կառավարումը և համայնքային ինքնակառավարումը։ Երիտասարդությունը, եթե ընդունակ է ու համակված գործով, մեծ առավելություն է։ Գործող օրենքների շրջանում այնքա՜ն բան կա անելու, որ նոր փողի, չգիտեմ ինչ ֆոկուսի կարիքը չունի։ Գործե՛ք. մարդուն, որտեղ էլ որ լինի, քաշեք նոր հնարավորությունների Հայաստան, անշարժության-դատապարտվածության-յոլայի հետ անհաշտ դարձրեք մեզ։

Նշանակման սխալը ուղղելուց հեշտ բա՞ն․․․ մի որոշումով, ոնց որ նշանակվել է․․․ Մարդուն հնարավորություն տվեցիք, չդարձա՞վ երևելի… այդ ընթացքում կերևան ավելի արժանիները, կփոխարինեն։ Հիմա, նոր կառավարիչ դարձածնե՛ր, գործե՛ք նույն հավեսով, թափով, խիզախ հնարամտությամբ, հետաքրքիր, ստեղծական, մարդկային, մարդու համար, ոնց որ ապրիլին՝ մարդուն, խմբին հաստատությանը, համայնքին, մարզին խթանելով, համակարգելով, պարտադրելով մեր կյանքի փոփոխությունների ցանցային կազմակերպումը, ինքնակազմակերպումը։ Այնպես գործեք, որ Նիկոլին մոռանան ու խոսեն ձեր մասին․․․

Ավելի դժվար է, թե՞ ամենից հեշտը, Աշոտ Բլեյան աշխատելը․․․ Ոչ ոք չի մտածում քեզ փոխարինելու մասին։ Ոչ ոք աչք չունի՞ էս գործի վրա․․․ Մի աշխատանք-ապրելաձև-ծառայություն, որից պրծում չկա, ինքդ քեզանից ո՞նց ազատվես, ինքդ քեզ հետ ի՞նչ անես․․․ ծերանալ էլ չկա, ամեն սովորող-սերնդի հետ՝ միշտ հասակակից… Իմացեք հիմա, թող Վիեննա, Շուշան աղջկաս էլ հասնի, որ այս տարի ես ու Արմինեն նոր ծնունդ ենք ունենալու՝ իմ հինգերորդը, Լիլիթից, Տաթևից, Շուշանից, Դավթից հետո, Արմինեի երկրորդը՝ Դավթից հետո: Հինգը ավելի շատ է, քան Նիկոլի ունեցած չորսը, բայց քիչ, քան իմ հայր Շամխալի վեցը։ Իմացեք, որ ես միշտ ուզեցել եմ ավելի շատ երեխա ունենալ, քան իմ նախագահ հայր Շամխալը, վեցից գոնե մեկով ավելի, ու կատակով, բայց ասել եմ՝ ավելի շատ երեխա ունենամ, քան իմ երեք աղջիկները միասին… Ու Շուշոն թող խառնի իմ հաշիվները․․․

#1373

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիասքանչը տեսնելու հնարավորություն է իմ օրը, իմ գործը…

Ու ես այն չեմ կորցնում… ուրիշ ինչպե՞ս պահպանես այդ հնարավորությունը, որ հայտնի Կաֆկան կոչել է «հիասքանչը տեսնելու հնարավորություն»… Իհարկե, ճամփորդելը, բարձունք նվաճելը, հեծանվով աշխատանքից-տուն-աշխատանք ամենօրյա երթևեկը մեծացնում են այս հնարավորությունը… Իմ

Կիրակի՝ ճամբարական երկուշաբթիից առաջ

Եղավ այդպիսի շրջան իմ կյանքում, երբ ես չէի հավատում խոսքի ուժին, սկզբում՝ բանավոր, հետո՝ նաև գրավոր… Վտանգավոր մի փուլ, որ ես հաղթահարեցի իմ օրագրով՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում. հինգ հարյուր երեսուներկու

Հարկավո՞ր է գուցե մեզ հոգու երաշտն այս դժնի…

Սպասված, Օրագրով փնտրված Մարսել Պրուստի գիրքը՝ «Կորուսյալ ժամանակի որոնումներում» ընդհանուր անունով շարքը, իմ սեղանին է արդեն երկու օր. գիրք նվիրելու օրով սիրելի Մարի Գաբանյանն ինձ սրանով պարգևատրեց, ու վերջապես բացում