Ոչ սովորական իրադարձության սպասումով էր, որ սկսվեց իմ օրը…. Աշխատանքային հերթական օրը, ի՜նչ լավ բառ է, առօրյան սկսեց։ Ես հայտնի трудоголик եմ. սիրում եմ աշխատել հատկապես ամռան օրերին, երբ շատ է շոգ, որ չաշխատելու բնական մահանա է սիրասուն ազգիս համար։ Էհ, երեք ամիս էլ փնթփնթանք՝ ի՜նչ շոգ է…. Հետո, մեկ-երկու ամիս՝ ի՜նչ ցուրտ է… Մեկ-մեկ էլ Երևանում անձրև է գալիս, բայց նույն փնթփնթոցն է՝ էս անձրևն ինչ է ուզում, է՜… Ես ընդգծված բարձրաձայնում եմ՝ ո՜ւխ, ինչ շոգ է, ի՜նչ հավեսին ցուրտ է, անձրևից էլ լավ բա՞ն, տափաստանում ապրողն էլ անձրևից բողոքի՞… Արևն ինձ իսկապես լիցքավորում է՝ ես արևածին եմ, գնամ կանգնեմ կենարար արևի տակ, լերկ մի տարածքում, որքան ուզեք, Թալինի չոլում գնամ տիտիկ անեմ երկար լերկ քարին, ամենակեսօրին, երբ շուրջդ անխնա արևից փախչում են…
Դավիթը վերցրել է իր շինարարական գործիքները՝ պլաստմասե բահը, քրոջ նվիրած բեռնատար-ինքնաթափ մեքենան ու գնում է պարտեզ՝ կառուցելու. «Ես Դավիթ շինարարն եմ»։ Պամպերսից ու մայրական ծծից կտրված Դավիթն իրեն ամբողջությամբ տվել է կառուցելուն։ Պարտեզի մուտքի մոտ մեզ ընդառաջ է գալիս … իհարկե, մեր պայծառ Շուշոն։ Վիենայի կոնսերվատորիայի ուսանողն իր ամառային առաջին արձակուրդն է անցկացնում Երևանում ու որոշել է այսպես դիմավորել իր եղբորն ու հայրիկին։ Իսկական նվեր. շշմելու տեսք ունի՝ առավել հմայիչ, բարեկազմ, ավելի նրբիկ, խուճուճիկ-թեթև։ Անընդհատ կարելի է հիանալ Շուշանով…. Շուշանը զտարյուն սեբաստացի է, ու առկա սեբաստացիների համար օրը դառնում է անբռնազբոսիկ տոնական։ Շնորհակալ եմ. աղջիկս տուն է եկել։
Մեդիակենտրոնում ինձ սպասում են կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի և գեղարվեստի ավագ դպրոցի «թոփ» տասնյակը՝ ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի «լավագույն աշակերտ» կրթաթոշակ-մրցանակի 2014թ. մեր թեկնածուները։ Պետական հանձնաժողովը սահմանված կարգով, մի քանի օրից կընտրի նրանցից երկուսին։ Հանդիպմանը հրավիրվել են նաև 2012թ. մրցանակակիր Մանե Գևորգյանն ու 2013թ. մրցանակակիր Սոնա Հովհաննիսյանը։ Չգիտեմ՝ մրցանակակիրների համար ինչ, բայց ինձ համար իսկական վայելք է։ Իմ դիրքը նպաստավոր է. հա՛մ իրենց մեջ եմ, հա՛մ էլ այս ամենին վերևից նայելու հնարավորություն ունեմ, այս սովորական-հետաքրքիր-ստեղծական-ուսումնատենչ պատանիների ամառային աշխատանքին։ Միշտ բաց ու արդարացի և համերաշխ. ո՛ր երկուսն էլ ընտրվեն, դա կուրախացնի բոլորին ու համերաշխության ցույցի առիթ կդառնա։ Մեր կրթական ծրագրով չկան միջոցառումներ, առարկաներ, մեդալներ. կա ուսումնական անընդհատ աշխատանք՝ մոբիլ ու ստեղծական, որի իրականացման ձևն ուսումնական նախագիծն է։ Ահա այս սիրելի տասնյակը, որ ընտրվել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ուսումնասիրման և կիրառման համար, ի՜նչ ամառային նախագծեր կարող է իրականացնել։ Նախ՝ հրապարակային նրանց հաշվետվությունն այսօր կարող է օգտակար լինել և՛ իրենցից յուրաքանչյուրի, և՛ այլոց համար, հատկապես կրթահամալիրի ավագ դպրոցներով հետաքրքրվող-դիմողների համար։ Հետո՝ mskh.am-ի նորացումը հենց ամառվա խնդիր է։ Մեր նշանավոր mskh.am-ն արժեքավոր է հենց նրանով, որ ստեղծվել է որպես ուսումնական նախագիծ, և հիմա Սարգիս, Թադևոս Մարկոսյանները, Վարդան Պետրոսյանը, Շանթ Խլղաթյանը, Արսեն Սիրոյանը, նկարիչ Աշոտ Ավետիսյանը… էլի տասնյակ սովորողներ, որ ստեղծելով մեր կայքը և սովորորելով դրա վրա՝ հիմա մասնագիտական կրթություն են ստանում, ինքնարկրթվում են կամ գործունեություն են ծավալել։ Հովհաննես Ալեքյանը, Սևակ Սերգեյանը, «Նեոն» TV-ն հիմնադրած Հովհաննես Իխտիարյանը, նկարիչներ դարձող Էլիզա Բաղդիյանն ու Արթուր Շահվերդյանը, Ավետիս Հարությունյանը, Մերի Շարոյանը…. այս մրցանակակիր խումբը, ճիշտ ժամանակն է, որ ծրագրավորման ակումբի ղեկավար Արմեն Իշխանյանի և նկարիչ Գրիգոր Խաչատրյանի հետ սկսեն այդ աշխատանքը։
Հետո հիմնադիր տնօրենի իմ դիրքը կօգտագործեմ ու Մեդիակենտրոնի առավելությունները՝ կենտրոնում հիմա գտնվողների ուսումնական աշխատանքին հետևելու համար… Մեր Մեդիակենտրոնը մեծ, բաց իսկական ուսումնական կենտրոն ամառային նախագծերի համար, գործում է առավոտից իրիկուն, շաբաթվա բոլոր օրերին։ Շաբաթ-կիրակի կենտրոնում Գավառի ավագ դպրոցի գործընկերներին «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրով վերապատրաստումներն էին՝ բնական ու համոզիչ կազմակերպում…. Հիմա կենտրոնում 2014-2015 ուստարվա նորելուկ 1-ին դասարանցիների մի խմբի ու նրանց ծնողների պարապմունքներն են. խելամիտ են կազմակերպել Գոհար Բալջյանն ու իր ընկերները։ Այսպես ընդունելությունն էլ է դառնում ուսումնական նախագիծ, սովորողի, ծնողի անընդհատ ուսուցում։
Ժամը 16.00-ին կրթահամալիրի վարչական խորհրդի նիստն է, իսկ ավելի ուշ այցելեցինք մեր ուսուցչաց միության նախագահ Հասմիկ Նալբանդյանին, որ ցավակցենք մոր կորստի առիթով… Սեբաստացիների նույն համերաշխությունը, երբ մեր աշխատանքը մեր կյանքն է։
Լավ է, որ ես կարողացա առօրյայում չմոռանալ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունքը. պատրաստվում ենք համերգի, ու մաեստրո Հարություն Թոփիկյանը որգևորված ներկայացնում է նոր երգի կատարումը։ Ես կարող եմ երկար որպես սիրահար հետևել սեբաստացի ուսուցիչների թե պատանիների երաժշտական պարապմունքներին, երբ նրանք երգում են կամ նվագում հիմա թափ հավաքող գործիքային համույթում… Ոգեղենության-ոգեշնչման հոգեպարար տարածքում միասին. իսկական թերապիա է։
Ափսո՜ս, բաց թողեցի կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ Արմինե Մնացականյանի դիպլոմային նախագծի պաշտպանությունը, որ ներկայացնում էր նրա տարիների աշխատանքը։ Ուղղենք սխալը։
Հրավեր կրթահամալիրի տնօրենի բլոգում։ Հուլիսի 7-ին, ժամը 18.00, կրթահամալիրի մեդիակենտրոնում Արմինե Մնացականյանը ներկայացնում է «Դաշնամուրը հանրակրթության մեջ» նախագիծը։ Համեցեք։
Ուզում եմ ինչ-որ տեքստ գրել երաժշտական հանրակրթության մասին ու ինձ բռնում եմ նրանում, որ կրկնում եմ օրեր առաջ Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում սեբաստացիներ սովորողների և ուսուցիչների համերգի առթիվ ասվածը։ Ժամանակ ունեք, լսեք իմ խոսքը եթերում, և որ ամենակարևորն է, լսեք համերգի տեսագրությունը։
Խոստացեք ու սկսեք. վարձատրված կլինեք։ Բարի ունկնդրում։