Կտամ` կթռնես լուսին… Սկսել է այսպես սպառնալ Դավիթ Բլեյանը.  ինձ, Արմինեին, իր քույրիկ-հորաքույր-մորաքույրերին, եղբայր-հորեղբայներին հաճախ է թռցրել լուսին… Մի բան կասի՝ կտա, մի գործ կանի՝ կտա, մեկ էլ՝ այնպես թափ կտա, որ ուղիղ… լուսնի վրա կհայտնվես…   Մեր հեղինակային կրթական ծրագիրն էլ է այդպիսին՝ տարատարիք սովորողին, ուսուցչին թև կտա՝ կթռցնի  լուսին… Մեր հեղինակային կրթական ծրագրի համար դիպուկ անուն-նշանաբան-խորագիր է սա, որին Գրիգոր Խաչատրյանը նախանձեց ու թռավ լուսին… Լուսին թռչելու թևեր տանք մեկմեկու, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ, որ լինեք… Թևածող-ճախրող-թռչող սեբաստացիներ… Ամեն մի թիվ սահման է, կատարելությունը սահման չունի… Այս մշտական ձգտումը դեպի կատարելություն, ճախրանքի-թռիչքի մշտական թա՞ փը չի մեզ փոխանցում Ռիչարդ Բախը՝ իր նշանավոր Լիվինգսթոն ճայի միջոցով… Վռազ, մի հարվածով ինձ երեկ լուսին թռցրած մի քանի հատվածներ ներկայացնեմ. մեր Գեղարվեստի նախակրթարանի Արեգը՝ իր մեքենաներով, էվակուատորով (Բնագիտատեխնիկական ստուգատեսը հասավ լուսին… մտավ մեր նախակրթարաններ) …

 

«Շողակն»-ի 100-րդ համարի լուրը տարավ ինձ լուսին-բերեց… Այս ե՞րբ, այս ո՞նց… թևեր առավ Նունե Մովսիսյանը 8.3-ի իր սաների հետ մեր կրթական միջավայրում,  ու նրանք, ահա, լուսնի վրա են… Մենք, իհարկե, խնդիրներ կունենանք… Մի կողմից՝ այսքա՜ն հասուն, մյուս կողմից՝ մենք շարունակում ենք հարաբերվել նրանց հետ,  ինչպես երեխաների հետ… Ընդամենը 12-13 տարեկան երեխաներ են, ասում ենք… Իջնենք լուսնի վրայից, հարգելի գործընկերներ. նրանք են մեզ տարել, նրանք էլ, կարծես, մեզ վերադարձնում են երկիր…

Վարժարանի Ֆրեդ Սահակյանի բլոգի «Թե ինչպես ծագեց հաղորդում նկարահանելու միտքը» ինձ օգնեց՝ հասկանալու Վարժարանի Մարինա Մնացականյանին՝ «Սեբաստացի TV»-ի «Նրանք բարձունքին են» հաղորդաշարի հեղինակին… Ես, գիտեք, տասնյակ տարբեր հաղորդումների եմ մասնակցել՝ միայն անցած 2014-ում… Բայց «Սեբաստացի TV»-ի տաղավարում  երեկ, ինչպես լուսնի վրա՝ այնքա՜ն զարմացած ու հիացմունքի մեջ էի…

Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցի Միլենան հաջողությամբ փորձում է բլոգ վարել… Կարողանում է: Կարողությունների դրսևորման, զարգացման-ձևավորման մանկավարժության հեղինակներիս համար այս հունվարը՝ իր ուսումնական ստուգատեսային-ճամբարային կազմակերպմամբ, հենց դրա համար է՝ յուրաքանչյուր սեբաստացու իր կարողունակությամբ լուսին հասնելը՝ կոնկրետ գործերի, նախաձեռնությունների, նախագծերի, կյանքում գործածվող պիտույքների ներկայացման ձևով… Իրականում, մինչև վերջ, ասենք, մեր մեծերիս կարողության դրսևորման ամիս է հունվարը: «Իսկ ուսուցի՞չը» հարցին հիշեցնեմ, թե ինչպես էր պատասխանում Ջաննի Ռոդարի մանկավարժ-մանկագիրը. «Ուսուցիչը ոգեշնչողի դեր է ստանձնում, ստեղծագործելը` խթանողի: Ուսուցչի դերը չի հանգեցվում «փաթեթավորված» վիճակում օրն այսքան գիտելիքների փոխանցմանը. ուսուցիչը ո´չ անվարժ ձիեր սանձահարող, ո´չ էլ ծովառյուծներ վարժեցնող է: Նա չափահաս մարդ է, որը երեխաների հետ է լինում, որպեսզի նրանց իր մեջ եղած լավը փոխանցի, որպեսզի իր մեջ էլ ստեղծագործելու, երևակայելու հմտություններ զարգացնի, արդեն որպես հավասարապես գնահատվող գործունեության տարբեր ձևերին կառուցողաբար մասնակցի: Դրանց մեջ են մտնում և´ նկարչությունը, և´ պլաստիկան, և´ թատրոնը, և´ երաժշտությունը, զգացմունքների ու բարոյականության բնագավառը (բարոյական արժեքներ, վարվեցողության նորմեր), գիտելիքները (բնական գիտությունները, լեզվաբանությունը, հասարակական գիտությունները), տեխնիկան, խաղը: Ու գործունեության բոլոր ձևերից և ոչ մեկը, ի տարբերություն ավելի պատվավոր համարվող մյուսների, պարզապես ժամանց կամ զվարճություն չի դիտվում»:

Հայրենիքը հենց բոլորիս մեջ եղած ընդհանուրն է. հայրենիքաստեղծումն է, որ բոլորին ընդհանուրի է բերում, մեկ դարձնում. ներառելու,  հանդուրժողականության-համաձայնության-գործընկերության-եղբայրության հաստատման հրապարակ է հայրենաշինությունը… Վանո Սիրադեղյանին մեջբերեմ. «Սփյուռքից եկածները մի հերթապահ հարց ունեն՝ «Սահմանի վախ չունի՞ք»։ Ունենք։ Վախ ունենք, բայց սարսափից չենք կապտել։ Բայց այդ վախից ավելի լուծվելու֊ վերանալու վախ ունենք: Կարծում են՝ այսպես ապրելով հնարավոր է Հայաստան պահպանել, որի հիմքի վրա հետագայում բարենպաստ պահի կստեղծենք «ազատ-անկախ-միացյալ Հայաստան»։ Հնչում է, չէ՞։ Մնում է՝ թևերդ պարզես ու պարես այս ցնծագին նվագի տակ, փոխանակ թևերդ քշտես ու ձեռնամուխ լինես այս մի կտորի, հիմքի ազատագրմանը։ Սիրուն բառերի քաղաքականություն՝ գործնական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն։ Շահավետ է և անվնաս, և կերպդ է բարեկիրթ։ Պարոններ, այսպես ապրելով՝ չի մնա այս Հայաստանը՝ որպես հիմք «ազատ-֊անկախ ու միացյալ Հայաստանի», և միացյալը այլևս չի ստացվի։ Այսինքն՝ ոչինչ չի ստացվի»:

– Ի՞նչ է կատարվում Հայաստանում այս օրերին… Բեկո՞ւմ, – հարցնում է օրագրի հարգելի ընթերցողը… Ձեր՝ այդքան հիշատակած «բեկումը» երևո՞ւմ է… Առաջարկում է ինձ կազմակերպել կլոր սեղան-քննարկումներ… Սկսեմ առաջարկից… Կրթական, «ընդհանուր հայրենիք» ունեցողներիս կրթության նվիրված քննարկումներ, որպես Մանկավարժական ակումբ, ես նախաձեռնեցի՝ «լուսին» չտարավ… Ես, իհարկե, գործել, գործելու եմ համոզումով, որ եթե մի գործ մի անգամից չի ստացվում, երկրորդ անգամից նրա հաջողության հավանականությունը մեծանում է այնքան, որ 3-րդ անգամ եթե անես, եթե չես հրաժարվել մտքից, անպայման կհաջողես, կստացվի: Կրկին փորձիր, ասել է թե:  Մանկավարժական ակումբին սպասեք:

Քաղաքացիական ընդվզումները, որ քաղաքացիական խմբերը-ակտիվիստները կարողացան մեծացող ուժգնությամբ կազմակերպել Գյումրու ողբերգական դեպքի կապակցությամբ, կենդանի հասարակության կարողության դրսևորում է, իհարկե: Այսպիսով՝ դառնաս հասարակական պահանջի գործուն մասնակից՝ձևավորելով-ձևակերպելով այդ պահանջը… Իհարկե, խնդիրը քաղաքական է. Ազգային ժողովն ընդամենն իր նախագահի լեզվով դամբանական է կարդում. չգիտեմ՝ որտեղ են պատգամավորները… Դուբայներում-Մոնակոներում… չկան… Բա էլ արտահերթ նիստը ո՞ր դեպքերի համար է, բա ո՞ւմ պատվիրակներն են, եթե հիմա, որպես մեկ մարմին, հասարակության ցնցումներին չեն արձագանքում:  Քաղաքական կուսակցությունները 2014-ի նոյեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի անդամակցության իրենց միահամուռ քվեարկությամբ դադարեցրին իրենց գոյությունը՝ վերածվեցին ապաքաղաքական խմբակների կամ խմբավորումների… Զուտ իրավական տեսակետից, շարունակելով հարգելի ընթերցողի հետ խոսակցությունը, ուզում եմ ասել, որ ես, մենք, հենց առաջին ժամին, այն պահից, որ հայտնի դարձավ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը, պիտի իմանայինք՝ ով է քննիչը (քննչական խմբի ղեկավարը). Հայաստանի Հանրապետության պետական քննչական մարմնի կողմից պետք է անհապաղ գործ հարուցվեր, ու քննիչ այսինչյանը գործը վերցներ իր վարույթ, սկսեր գործի քննությունը ՀՀ օրենքով… Թե չէ, ՀՀ փոխոստիկանապետին, գլխավոր դատախազին առաջին պլան բերելով` փորձ արվեց քողարկել քրեական գործի ապաիրավական  ընթացքը:

Դավիթ Բլեյանը դաստիարակ Կարինե Խառատյանից առաջին տնային հանձնարարությունն է ստացել՝ պատմել իր ընկեր խաղեր-խաղալիք-մեքենաների մասին… Մենք կօգնենք, իհարկե, բայց անշտապ և զգույշ, մեր ստուգատեսների երկիր կրթահամալիրում. Դավիթը, իր ստուգատեսով անդրանիկ, թող չարչարվի, գլուխ հանի… Այսօր արդեն ես մի տեխնիկական լուծում տեսա՝ Դավիթը Ձմեռ պապի նվեր տնակը դարձրել է ավտոտնակ՝ իր մեքենաների մի մասի համար.
-Լավ կայանատեղի՞ է, հայրիկ, – զվարճանում է Դավիթը…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուզում եմ ապրել անչար ու բարի…

Գմբեթի ճեղքում բուսնած տուղտի պես․․․

Նաև փորձության ժամին, փորձառության առաջ… միասին

Արմեն Խաչատրյանը, երեք ու կես տարեկան Արեգ Խաչատրյանի հայրն է. Արեգը հիմա Քյոլնի կլինիկայում է, հայրիկի ու մայրիկ Աննայի հետ, ու մեր գործուն աջակցությամբ, Քյոլնի հայտնի բժիշկ Ֆրանք Բերթոլի վարպետությամբ, ինչու-ինչպես հրաշք

Բա՞ց, թե՞ բաց թողած…

Բլոգային ուսուցում, ձեռքբերումներ… Սա էր մանկավարժության ճամբարում հունիսի 19-ին քննարկվող թեման։ Մանկավարժության ճամբարային պարապմունքներին ինձ տրված չէ որպես ճամբարական լիարժեք մասնակցելու… հմայքը. ես ուսուցիչ չեմ, ավելին՝ մանկավարժական աշխատող չեմ… Կրթահամալիրում լրացուցիչ