Համերգը չի ավարտվում… Հատկապես, որ համերգից շատ հետո, իրիկունը ուշ, երբ Արմինեն ավարտել է սովորողների ծնողների հետ հանդիպումը Արևմուտքի դպրոցում (պատմեց ու  մի համերգ թվաց), երբ Դավիթ Բլեյանն իր մարզիչ Հասմիկ Սիմոնյանի հետ վերջապես վերադարձել է բանգլադեշյան թափառումից, երբ մանկավարժության կենտրոնի ղեկավարի և մասնաժողովի նախագահի հետ չենք կարողանում ավարտել կրթահամալիրի խորհրդի հոկտեմբերի 20-ի օրակարգի հարցերի քննարկումը-պատրաստումը, մութով, տան ճանապարհին, Դավիթը մեքենայում մի համե՜րգ սկսեց, մի տրամադրությո՜ւն՝ բարձր-զվարթ, մի նո՜ր ծրագիր… որ ունկնդրի կարիք չունի, ինքն իր համար, ամբողջ օրվա ապրածը լիբրետոյի վերածած՝ որպես խանդավառ տրամադրություն… երգում է… Շուշան ջան, որտե՞ղ ես, եղբորդ կողքին լինեիր, հեղինակային արիաների կատարում լսեիր…

«Ձայն մարդկային» մոնոներկայացման փորձ։
Լուսանկարները՝ Միքայել Առաքելյանի։

Դավթից պրծանք, տուն մտանք՝ անջատվեց, անցավ իր ընտանեկան առաջադրանքների կատարմանը, հերթական անգամ ատամները ելակի մածուկով մաքրելով-թե ուտելով. չորս օրում, ըստ Արմինեի, մի նոր տուփը պրծել է… Դե, ընկեր Լուսինե ուսուցիչն է ասել. ուսուցչի ասելով՝ տուն մտնելուն պես շորերն էլ է փոխում… Այնքան սիրում-հնազանդում է մեր գազանը, որ թաքուն գնում ուսուցչին փարվում է, փեշերը գրկում… Այո, Դավթից պրծանք, հանգավ… Իսկ այ, երգից, որ «Սեբաստիա» համերգային սրահում երեկ կատարեց Անի Նավասարդյանի «Խազեր»-ից ու կրթահամալիրի երկսեռ պատանեկան երգչախմբից հենց համերգից առաջ կազմված միացյալ երգչախումբը, ո՜նց պրծնեմ… Մտել է մեջս ու մրմռում է ողջ գիշեր ու թույլ չի տալիս գիրս-օրվա պատումս սկսեմ… երբ լույսը աշխարհի իմ անկյունի պատուհանից այն կողմ բացվում է:

«Անուշ անրջով պաճուճիր հոգիս». Էդգար Հովհաննիսյան (խոսք՝ Վահան Տերյանի)։
Անի Նավասարդյանի կատարմամբ։

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.

Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Բարի առավոտ, կրթահամալիր, որ աշխարհ ես դառել, ու այսքա՜ն մարդ՝ փոքր-մեծ, հետաքրքիր ապրում է, կենցաղային ուրույն մշակույթը՝ իր ազգագրությունը ստեղծում… Վկան՝ հենց երեկվա համերգ-ներկայացումը, մինչ որի սկսելը ես անցա մեր Մայր դպրոցի երաժշտականի թևով… Որքա՜ն տպավորվեցի տեսածս համերգ-նախագծային ուսուցման այս ցուցադրական-բաց փուլից՝ ելույթի պատրաստվող խմբերի փորձերից, նախահամերգային աշխույժից, համերգին լցվող սրահից, հոկտեմբերի նախագծերի ճամփորդական շրջանի տեսաներկայացումները ներկայացողների սպասման անհամբերությունից… Բուն համերգը մի համայնքային ապրում է, մեր մանկավարժությամբ-համատեղ կյանքով ձեռք բերվող հավաքանիի … այնպիսին, որ համերգից հետո համերգը չի ավարտվում…

Հեծանվային պարապմունքներ.
Հյուսիսային դպրոց, 2-րդ դասարան

«Հավելեմ, որ մասնակիցների շարքում միայն մենք էինք դպրոցականներ, ու շատ ցավալի է, որ ուղղակի շատերի կողքով են անցնում բնության պահպանությանն ուղղված այսպիսի հանդիպումները, քննարկումները»,- գրում է «Հոդված 3» ակումբից, «Արևորդի» միջազգային փառատոնից Լուսինե Ալեքսանյանը, որ Մարթա Ասատրյանի ու իր սեբաստացի ընկերների մի խմբի հետ, նրա նախաձեռնությամբ մասնակցել է վրաց բնապահպան-ակտիվիստի 25 հազար գետերի մասին ֆիլմի դիտմանը-քննարկմանը… Ուրախալին այն է, որ դուք կաք, որ «Գետը համայնքում» նախագծով Լիլիթ ՄադոյանիԳոհար Եղոյանի, Վարդան Կարապետյանի…  նախաձեռնած փնջային հավաքին ենք պատրաստվում հոկտեմբերի 25-ին սկսվող, որ իմ էլ. փոստում նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանի հայտն է՝ Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի ֆիլմ պատրաստել-թարգմանել փնջային հավաքին դիտելու համար, որ սովորող-սովորեցնող նախագծով կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներ Նորայր և Սիրանույշ Ասատրյանները, Վանուհի Ազատյանը գնում են ֆրանսիական համալսարանի նոր էլեկտրոնային գրադարանի ստեղծմանը օգնելու, որ Մարիետ Սիմոնյանը հանրակրթության կազմակերպման՝ ուսումնական իր ամենօրյա պարապմունքների հիմքում սովորող-սովորեցնող մեթոդն է դրել… Ուրախալին սա է, որ ուսուցումը դրսևորվում է որպես սովորողի-ուսուցչի անձնական գործ ու իր կյանքի նախագծային կազմակերպում…

Շախմատի առաջնություն Արևելյան դպրոց-պարտեզում։
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1184

Explore More

Վշտանալ, այո, բայց հանկարծ չհուսահատվեք. ստեղծագործական երևակայության ֆլեշմոբ մեր օրերի հասարակության համար

Ջանի Ռոդարին ունի ստեղծագործական երևակայության խթանիչ-առաջադրանքներ երեխաների համար, այսպիսին օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե աշխարհից հանկարծ անհետանար շաքարը… Պատկերացրի՞ք անշաքար պաղպաղակը, շոկոլադը… Երեխաները, չգիտեմ, բայց մեծահասակները միանգամից կոգևորվեի՞ն, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ճա՞ք

Մահիճն ազատ կամքով էակի դաստիարակի փրկություն

Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այս մասին  Նազենի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ: Ահա այսպես պարզ-ճշգրիտ է որոշել հայտնի Հեգելը:

Պարտավոր ենք, ասել է՝ կարող ենք

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —  Մոռանալով աշխարհային չարը, բարին՝  Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —  Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…  Լրագրող Սիրանույշ Պապյանի հեռախոսազանգն ինձ բռնեց հոկտեմբերի