Դավիթ Բլեյանի երկխոսություն դարձող մենախոսությամբ սկսենք օրվա գիրը.
— «Ապուշը» վատ բառ ա, գիտե՞ս, մայրիկ:
— Հա՞, դու որտեղի՞ց գիտես, Դավիթ:
— Բոլորն են ասում. ես գիտեմ: Հրաշքն է լավ բառ… մայրիկ…
— Դու որտեղի՞ց գիտես, Դավիթ…
— Դու ես ասել, Մերին է ասում (մեր իրոք հրաշք Մերի Առաքելյանին նկատի ունի):
— Հրաշք Դավիթ, հրաշք ես դու…
— Ես «ապուշ» չեմ ասելու, հրաշք եմ ասելու…

Էսպես քաղցր-մեղուշ առավոտյան իմ ուղեկցությամբ տանից բերած իր գրքերով մտավ մեծերի խումբ… Ես շրջեցի Դպրոց-պարտեզի բակով, ծանոթացա գյուղացիական մեր տնտեսության բարեկարգման աշխատանքներին, վերադարձին նորից այցելեցի Դավթին. ջերմ, ընդարձակ, լուսավոր, ժպտերես միջավայր:
— Դու գնա քո գործին, հայրիկ, ես ընկեր Կարինեի ու կուկուների հետ խաղում եմ…
Էսպես քաղցր-մեղուշ մեր «սրտակերը» ճանապարհեց ինձ։ Ի՞նչ պիտի ուզենան ավելին՝ նախադպրոցականի հայրիկ-մայրիկը. ես որ ստացա լիուլի…

Իրիկունը նույն քաղցր-մեղուշ լեզվով, ուրախության ճիչն էլ գումարած, դիմավորեց Դավիթն ինձ… Ես ընկա Դավթի հյուսած (անշուշտ մոր աջակցությամբ) ծուղակը.
— Հայրիկ, դու չես տխրի, որ ես 10 րոպե նայեմ Փնթի Սեթի մասին (սա հայտնի «Мойдодыр»-ն է) մուլտը…
Նայեց…
— Հայրիկ, հիմա դու քո լուրերը լսի, ես էլ մի քիչ «Ука»-ն նայեմ, իրեն ուղարկեմ՝ քնի, դու էլի չես նեղանա, կթողես, որ նայեմ…
Էս դիվանագետը՝ էս տարիքում, էս լեզվով… Նայեց…

— Դավիթ, 10 րոպեն անցավ, տես ժամացույցը…
Իջավ մեր պարտաճանաչը, «Ука»-ին իրոք ուղարկեց քնելու, մայրիկի ձեռքը բռնեց.
-Բարի գիշեր, հայրիկ, ինձ կգրկե՞ս, պաչիկ կանե՞ս…

Ես ոչինչ իմ կողմից չեմ հավելում. երեխայի հոգեբանական հասունությունը ձեռք է բերվում երեխայի հետ մեծահասակների շարունակական բավարար շփման արդյունքում:

Արմինե Թոփչյանի «Մաքուր ափսեներ» ֆոտոշարը նվեր է. այսպես են փոխանցվում կարևոր հմտություններ՝ սկսած (թե՞ ավարտած) հինգ տարեկանից. ինչպե՞ս մաքուր-հավեսով ու բարեխիղճ ուտել, այսպես, կերած-մաքուր ափսեով շնորհակալություն հայտնել խոհարարին, դաստիարակին, տնօրենին… Ինչպե՞ս ապրել (կենցաղավարել) դպրոց-պարտեզի դպրոցում՝ սկսած հինգ տարեկանից, օգնել ընկերոջը, ուշադիր լինել ուրիշի՝ հասակակցի, փոքր և մեծի նկատմամբ, սեղան դնելիս-հավաքելիս ինքնավար-ինքնուրույն լինել առավելագույն չափով, լեզվով-բերանով պլպլացնելով միշտ ափսեները, մշտական մաքուր խնամված վիճակում պահել խմբասենյակը, պարտեզը, բակը, փողոցը… Մեր ուսուցումը, որպես կրթվածություն, համատեղ ապրելու՝ ուսումնական կենցաղավարության մշակույթի փոխանցումն է՝ սրանից բխող բոլոր հմտություններով, ուսումնական նորանոր գործիքներին տիրապետելով ու միջավայրը շարունակ անվտանգ ու հետաքրքիր դարձնելով…

Տնօրենի փոստից՝ «Տիար Բլեյան, հինգ տարեկաններին խոհանոցում պատմեցի՝ երեկ ինչ էիք ասում ուտելիս ափսեները մինչև վերջ մաքրելու մասին, ու ասացի, որ հերթով, ափսեներով նկարելու եմ, հրապարակենք. տեսնեիք՝ ո՜նց սրբեցին… Անուշի (Աթայան) ուրախությանը չափ չկար…»։

Արմինե Թոփչյան ​

Նազենի աստղ Հովհաննիսյանի հարցազրույցը դուք սիրով կնայեք, իհարկե: Ոչ միայն, որ իմ սքանչելի քույրիկն է, մեր Նազենի կրտսեր Հովհաննիսյանի մորաքույրը… Նազենին հերթական անդրադարձներն է կատարում կրթահամալիրին, գնահատում մեր կրթական ծրագիրը. ինձ հատկապես հետաքրքիր էին աշխատանքով ուսուցման մասին նրա հիմնավորումները (վստահում եմ Նազենիի կենսափորձին), հայաստանյան ու ամերիկյան հայության լսարանների միջև զուգահեռները… Պաչիկներ, քույր իմ, շնորհակալ եմ:

Արտեմ Խաչատրյանի «քոմենթին» և իմ, ձեր չարտահայտված նկատառումներին մենք՝ բլոգի, օրագրի ստեղծող-ընթերցողով կանդրադառնանք. իրար լսելու և միասին գրավիչ երեկո անցկացնելու ավանդույթի ուժով կհանդիպենք նոյեմբերի 21-ին, ժամը 18.00-20.00 Մեդիա կենտրոնի ակումբում: Համեցեք, հանդիպման պատրաստությունն սկսված է…

Արտեմ ջան, օրագրի կառուցվածքը պայմանական է. գլխավորն ինքնաբուխությունն է, գրելու-պատմելու հավեսը… առանց այս ինքնաբուխ պատումի և գրելու հավեսի այս 152-րդ գիրն այնքան ծանրացած կլիներ, որ մի տեղ կթողնեի. կքված ծանրությամբ ո՞ւր քայլես, ինչո՞ւ-ինչպե՞ս «իննաձև մարմինդ քաշ տաս ութաձև»… Երբեք: Հետո… իմ կյանքն է, ես երկար եմ ապրելու-գրելու-պատմելու… Ուղարկեք հետաքրքիր ֆոտո նկարաշարքեր, տեսանյութեր, ինչպես Արգիշտիի մասին այս մեկը, որը մանկավարժական հաջողված պատում է, իհարկե… Շնորհակալ եմ, որ օրագրի հավատարիմ ընթերցողն ես, առանց այսպիսի ընկերակցության չի գրվի, չի ստեղծվի… Դու կոնկրետ հրավեր ունես, չէ՞. նոյեմբերի 20-ին, ժամը 13.30, Մայր դպրոցից Արտեմը քայլեցնում է կամավորներին՝ Նոր դպրոցի պարտեզով, Արհեստագործական քոլեջի բակով, նորաստեղծ պտղատու այգով՝ դեպի Մայր դպրոց իրականացվող ուսումնական նախագծով… Նաև այսպես է մշակվում, իրականացվում կրթահամալիրի Բանգլադեշը…

Շարունակ հետաձգում եմ, բայց ինչո՞ւ… Ակադեմիկոս-պատմաբան, Երևանի պետական համալսարանի 1966-1977 թթ. ռեկտոր Մկրտիչ Գեղամի Ներսիսյանի հետ իմ՝ Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Աշոտ Բլեյանի «առերեսման» մասին պատմելու ցանկությունը հանգիստ չի տալիս: Ի՞նչ կապ ունի նա «Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներ» շարքի հետ՝ թող պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն նույն Գրիգոր Խաչատրյանը որոշի… Բայց կապը մեր հինգ տարեկանների, նրանց մաքուր ափսեների մասին պատմության առնչությունը, ինչպես «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում Եղիշե Չարենցն է ասում, թեական չէ, էական է: Հիշո՞ւմ եք, ժամանակին ես հանդգնեցի այս վեպի մասին իմ ընթերցողական դիտարկումներով հրապարակային հանդես գալ փոքր դահլիճում՝ չերկնչելով, անգամ մասնագիտական լսարանից… Է՜յ գիտի, մեդիա, ո՞ւր էիր այն ժամանակ. պահած կլինեիր, բլոգս կշահեր, իհարկե…

Ուսանողը հանդիպում է ռեկտորին. որտեղ և ինչպես: Պատմություններ Երևանի պետհամալսարանի ռեկտորների (ոչ թե հուշարձանների)՝ գիտնականների, ներդրումների) մասին, որպես իրական ուսանողի հուշագրություն, ես այսպիսի փորձ եմ անում: Պատմել եմ. 1976 թ. ես ղեկավարում էի Երևանի պետական համալսարանի ուսանողական շինարարական ջոկատների նախապատրաստական շտաբը: Այդ տարի ամռանը համալսարանի ֆակուլտետների հայաստանյան միացյալ զոնալ ջոկատի կազմում պիտի մեկնեին աշխատելու-կառուցելու (ինչպես երգում՝ «Мой адрес ни дом и ни улица, Мой адрес Советский Союз») Ռուսաստանի Մարիյ Էլ ինքնավար տարածքում… Նախկին տարիների զոնալ ջոկատի աշխատանքները ձևավորում-ղեկավարում էր պոլիտեխնիկը, համալսարան-պոլիտեխնիկ մրցակցությունն ամենուր էր, նաև ուսանողական շտաբների մեջ, և ահա, համալսարանն այսպիսի հնարավորություն էր ստացել… Ես և երախտահիշատակ Սամվել Նալբանդյանը պիտի ղեկավարեինք ռուսական կենտրոնական ոչ սևահողային գոտու մոտ հազար ուսանողից կազմված շինարարական միացյալ ջոկատները… Լսվե՞ց: Ինձ՝ չորրորդ կուրսի ուսանողիս, փոխանցեց համալսարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանը (կար այդպիսի համամիութենական երիտասարդական՝ 14-ից բարձր կազմակերպություն՝ իր համալսարանական կառույց-կոմիտեով, որի անդամ էի նաև ես), որ համալսարանի ռեկտորն ուզում է ինձ տեսնել: Արմանք-զարմանք: Ես լսել եմ նրա գոյության մասին, գիտեմ, որ կենտրոնական կորպուսի ապարանքում կա այդպիսի նշանավոր պատմաբան-ակադեմիկոս ռեկտոր: Քայլում եմ կենտրոնական մասնաշենք. առաջին հարկի վերելակի մոտ կանգնած եմ տեսնում ռեկտորին, ում այդքան մոտիկից տեսած չկայի: Խիզախության պակաս չեմ ունեցել երբեք, մոտեցա, բարևեցի զվարթ, ներկայացա… Անդրդվելի, անշարժ… ռեկտորը նայում էր ինձ… թե անհիշելի հեռուներին… Լավ էր, վերելակի դռները բացվեցին… Մտավ: Ինձ ձեռքով արեց: Ես էլ մտա: Այդքան մոտ ռեկտորին՝ անսովոր էր: Նա շարունակում էր ինձ զննել: Ճանապարհը կարճ էր, ո՜ւֆ, թե՝ ո՜ւխ, հասանք: Իջավ: Ձեռքով կանչեց: Իջա: Շարունակեց նայել: Ախր, ես շատ էի ուսանող՝ կայտառ մի պատանեկիկ… երկար մազերով…
— Դե լավ,- խոսեց,- կխոսենք (թե կշարունակենք ռեկտորատի նիստին)…

Չեմ ուզում ավելորդ ծավալ հաղորդեմ իմ օրագրին: Ռեկտորատի, թե այլ նիստ է. ինձ ու Սամվելին պիտի ներկայացնեն-հաստատեն զոնալ ղեկավարներ: Մտանք. շատ հեռու խորքում իմ ընկեր ռեկտորն է՝ ակադեմիական մունդիրով, վեհությամբ: Ներկայացրին: Լուռ են բոլորը: Սպասում են ռեկտորի խոսքին: Խոսեց վերջապես: Բառացի կարող եմ ասել. «Անցած տարվա պոլիտեխնիկի ռեկտորի նման ինձ խայտառակ չանեք»: Այդ ամառ, իրոք, լավ աշխատեցինք: Կառուցեցինք ու կառուցեցինք: Կպատմեմ, երևի…  Համամիութենական շինջոկատների դրոշն առաջին անգամ եկավ Երևանի համալսարան: Ակադեմիկոս-ռեկտորի պատիվը ոչ միայն չխայտառակեցինք, այլև բարձր պահեցինք: Առաջին ու վերջին հանդիպումն էր մեր ռեկտորի հետ: Թող քար նետի ինձ վրա այն ուսանողը, ով կարող է հպարտանալ այսպիսի պատմությամբ:

Քանդակագործ Արա Թարզյանի արվեստանոցում, կամ երբ արվեստագետը գնում է իրեն արժանի գործ և դրանով զբաղվելու միջավայր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պայծառակերպություն. դու այսպիսին ես

Մենուա Հարությունյանը սեպտեմբերի 2-ին հրավիրում է Արայի լեռ՝ Ապարանի, անտառոտ կողմից… Ես, Արմինեն, Դավիթը միանում ենք, իհարկե, սեբաստացիական այս նվաճմանը… Դավիթը այսպիսով արդարացի է, որ պատրաստվում է արդեն Կովկասի լեռնաշխարհ

Ռեժիսուրայի կարևորության տարի է 2015-ը

Դերասան ես չէի աշխատի. պատրաստի տեքստը ո՞նց կարդայի, երբ անընդհատ տեքստի հետ կլինեի ազատ իմպրովիզի ռեժիմում… Բեմադրի՞չ, հաճույքով. ֆիլմի, ներկայացման՝ համերգային թե աշխատանքային, հասարակական թե քաղաքական գործունեության… Մայր դպրոցում հունվարի

Ամենագեղեցիկ հանդիպումները՝ դեռևս չկայացած․․․

Կեցցեն մեր ուսուցիչները-մարզիչները՝ դահուկներով, իրենց պատրաստած-հարթեցրած վազքուղու վրա… Արամազդ Ղալամքարյանը փետրվարի 2-ի նիստում այնքա՜ն վստահ էր, որ իր հինգերորդցի սեբաստացի Լևոն-Հրաչյա զույգը իր ուսումնական նոր գործիքով՝ դահուկներով այնքա՜ն կհաջողի, որ կկարողանա