Ինձ պատմել էին Գողթեցի Ներսես Տեր-Պետրոսյանի, կրթահամալիրի սովորողներ Դավթի և Վահանի հայրիկի գյուղի տան, նրա՝ հիշողության մեջ մնացող դիրքի մասին: Այստեղից՝ Գեղարդի, Աժդահակի ճանապարհին գյուղը չշրջանցելու իմ որոշումը: Այս անգամ Աժդահակը գրոհելը Գևորգ Հակոբյանի կոչին արձագանքած սեբաստացիական տասնյակով սկսեցինք մյուսներից վաղ ու առանձին, սկսեցինք Ներսեսի տնով-գյուղով․․․ Ներսեսի մասին պատմել եմ, որպես Աժդահակի հայտնագործած ճանապարհի ընկեր, գուցե և Աժդահակի խոշորացույցով յուրաքանչյուրն ավելի աժդահա է թվում, բայց այս անգամ․․․
Սովորական տուն՝ իր հորից ժառանգած հողի եզակի դիրքով, Գողթ գետի աջափնյակում, դեպի Գառնի-Ազատ գետ ձգվող պռնկին, դիմացդ, ոնց որ ափիդ մեջ, Հավուց թառը նշանավոր. ոչինչ խանգարող չկա, դու ես, մարդ, ու բնությունը՝ կիրճը, սարերը․․․ կանաչի մեջ Գառնին․․․ չգիտեմ՝ ինչից թխած, ոչ իրական երկու տարեկան Տաթևիկը, Ներսեսի յուրահատուկ ժպիտով կինը, միշտ ընդառաջող, բաց-մարդասեր՝ բոլորը, վեցերորդցի ոչ սովորական Վահանով, որ ամբողջ ճամփին կարծես Նավասարդի տոնի քառասուն հոգիանոց խմբի հրահանգիչներից լիներ․․․ Բայց․․․ Գողթը անակնկալի բերեց իր հուշարձանով, որ Ներսես և Պետրոս եղբայրները գյուղապետարանի աջակցությամբ պատրաստել էին ի հիշատակ 1936-1937թթ․ գյուղից ստալինյան զոհերի․․․ Իմ բլոգին-հանրային գործունեությանը հետևողները կհասկանան ինձ համակած ուրախությունը։ Երկար, հանրապետությունով մեկ փնտրել եմ և ահա, Գողթում, մեր սիրելի ընկերոջ քաղաքական հայացքներն ամբողջացնող այս միակի առաջ եմ իմ հույզերով․․․ Շնորհակալ եմ, որ կաս, եղբա՛յր, որ այսպիսին ես․․․
Ճամփորդական լուսանկարները՝ Տաթև Աբրահամյանի:
Իսկ Գողթ գյուղը ես մեծ ագահությամբ, որպես կառուցող աժդահա, կազատեի պարիսպներից-պատնեշներից-պատերից, ու բնությունից զրկված Հայաստանի մի տարածքին կվերադառնար կորցրած բնական դիրքը․․․ Այսպես, Հայաստանով մեկ, կառուցելու շնորհը-իրավունքը կգա հետո, երբ կքանդես-կհավաքես-կազատագրես բնական շնորհից զրկված մեր գյուղերը-բնակավայրերը, իրենց ճանապարհով կվերադարձնես ներառական միջավայր․․․ Գողթից սկսած՝ Գեղարդ գյուղով շարունակած․․․ մինչև Աժդահակի Յոթ աղբյուր կոչված հավաքատեղին․․․ Այսպես, համատարած տգեղ. բա Գեղարդի վանքային համալիրն ո՞վ է կառուցել, երկնքի՞ց է ընկել․․․Խորհրդային ու ետխորհրդային ժամանակներում միջամտել-տգեղացնում է մեր ժողովուրդն իր ունեցածը․․․
Ընթերցողը երևի սպասում էր իմ կիրակիով անընդհատությունը կորցրած 1119-րդ գրի այլ մեկնարկ՝ Դավիթ Բլեյանով, որ չորս սար (Աժդահակի ճամփին, մինչև վրանատեղի, մեր Մենուային լսելի հաշվում է)՝ Աբուլը, Ուխտասարը, Կարմիր սարը, Աժդահակը նվաճել է, երկուսը՝ Արագածն ու Արայի լեռը, հերթի է դրել, Արագածը՝ օգոստոսի 19-ին․․․ Կնքահայրեր Ալբերտ ու Գևորգ հորեղբայրներն իրար են խառնվել, թե ով է անելու Դավթի արագածյան մկրտությունը․․․
— Պա՜պ, էս ինչի՞ չեմ հոգնել, ինչո՞ւ է Աժդահակից իջնելն ավելի հեշտ․․․
— Պա՜պ, բայց Աժդահակը (իր նշանավոր՝ մատը վեր նշանով) էդքան էլ աժդահա չէր․․․Բեռնատարով Գողթից մինչև Աժդահակի յոթաղբյուր փեշերը գնացողը կիմանա՝ երկու ժամ վեր ու վար, ինը ժամ անընդհատ քայլք արևի տակ, Կարմիր սարով Աժդահակ, առավոտ իննից մինչև օրվա վերջի վեցը. ո՛չ մի տրտունջ, հումորը տեղը, խոսքի իր անցումներով-հարցերով՝ որտեղից որտեղ․․․
— Պա՜պ, դու ռուս-թուրքական Բայազետում եղե՞լ ես․․․
— Պա՜պ, բա Բլե իշխանի հայրը ո՞վ է եղել․․․
— Ճիվաղ Ստալինի՞ն են ասում, որ իմ անմեղ Արամ պապին գնդակահարել է․․․
— Պա՜պ, դու կարո՞ղ ես Հայաստանի բոլոր աժդահաներին հավաքել այս ավազանում․․․
Աժդահակ բարձունքի ճանապարհը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…
Աժդահակից իջնելիս տեսանելի են Դավիթ Բլեյանի որոշած աժդահակցիները՝ աշխարհի չորս կողմերում փռված-տարածված տեսանելի, իր հաշված 88 սարերը․․․ Աժդահակն ինձ համար հե՛նց այս ճանապարհն է, այս բարձունքից երևացողը․․․
— Հաստատ է, որ Աժդահակ օգոստոսին հաջորդ անգամ Գողթ-Գեղարդի անցումով չգամ, այլ, — ցույց եմ տալիս Դավթին, Դավթի հոգատար ուսուցիչներին, առանց ում, յուրաքանչյուրի, Դավիթը չէր ունենա այս վստահությունը, ուժը։- Բլեենց դոշով կանցնենք Սպիտակասարով, Նազելի սարով, լճերով էդ ճամփեքի, որ մենք տեսանք հեռվից, հետո նոր՝ Կարմիր սարով վերադարձ․․․
Կպատմեմ Վիշապասարից, այնքա՜ն ուրիշ էր, չեմ շրջանցի․․․
— Պա՜պ, օգոստոսի 19-ը քանի՞ օրից է․․․
Առաջին նախադասությունն է, որ լսեցի այսօր առավոտյան Դավթից սեբաստացի-սասունցի, որ մեր աչքի առաջ, Աժդահակ-Նավասարդի տոնի հավաքած տասնյակ մարդկանց ձեռամբ դարձավ Դավիթ Աժդահա․․․ Ձեր խնամքը, սիրելիներ, ձեր կոնկրետ-ուշադիր-ոգևորող վերաբերմունքը այսպիսի՝ Աժդահակից չվախեցող աժդահա լեռնագնաց ստեղծեց՝ ջնջելով տարիքային բոլոր սահմանափակումները։ Շնորհակալ եմ։ Եվ նրա ուսուցիչները՝ դասվար Լուսինե Փաշայանով, տնօրեն Տաթև Աբրահամյանով, բոլոր ծրագրերը վերանայելու փաստի առաջ էին։ Հեղինակային կրթական ծրագրի առավելություն է սա՝ անհատի կրթական պատվերը, ծրագիրը, և սա ենք անվանում ճամփորդությամբ ուսուցում։
#1119