Համե՜րգ եմ ասել․․․

Այսպիսի հուլիս-օգոստոս՝ սովորական-աշխատանքային, կրթահամալիրի Բալգլադեշում։ Անսովորը արշավախմբային-հայրենագիտական ճամփորդությունների հետևողական շարքն էր, որ ընդգրկում է հուլիս-օգոստոսի բոլոր շաբաթ-կիրակիները, ու անպայման Դավիթ Բլեյանի հետ, որևէ նշանավոր սարի-բարձունքի-տեղանքի նվաճմամբ․․․ Աժդահակի մասին կգանք-կպատմեմ. կիրակին արձակուրդային կլինի իմ բլոգում․․․ Ձեզ կարդալու ուրիշ մի բան գտեք․․․

Իսկ Դավիթ Բլեյանի հետ երևանյան տրանսպորտի մեր տեխզննումը շարունակվում է․․․ Առավոտյան հայր ու որդի մեր առօրյա խուրջիններով դուրս ենք գալիս տանից, ուղղությունը՝ ճամբարային Բանգլադեշ, այս անգամ մեզ պատահեց 28 համարի ցուցանակով երթուղայինը․․․ Տեղ կա․ տեղավորվում ենք հարմար․․․
— Բոլոր մարդիկ կարդալ գիտե՞ն, ընտրո՞ւմ են իրենց երթուղայինը․․․
— Ո՞ւր ենք գնում, պա՜պ, որտե՞ղ ենք իջնելու․․․
— Մեդիակենտրոն, Դավիթ, այնտեղից կորոշենք շարունակությունը մեր։
— Երկիր մեդիա, պա՜պ, մեր Մեդիան փոքր երկիր է․․․

Անակլիայի «Ապագայի ճամբարում»: Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Ողջ ճանապարհը հայրենագիտություն է, հարցերի հեղեղ․․․ Մի մասը պատասխանելու համար չէ. հնչում են, թող հնչեն հարցերը, լսել ենք սովորում։ Մեկ էլ հանկարծ․
— Էսպես Բաբուջենց տո՜ւն ենք գնում․․․
Քիչ հետո, երբ Րաֆֆու փողոցում ենք․․․ ես պատմում եմ․․․
— Որտե՞ղ է ծնվել Րաֆֆին․․․

Ճանապարհի մի հատված, դեպի մեր երկիր՝ Մեդիա, քայլում ենք խուրջինով, շորերով, գլխարկներով ճամփորդական, ձեռք ձեռքի․․․ մարդիկ, աջ ու ձախ, սիրով բարևում են։
Մի նոր զարմացած-համարձակ գտնվեց փողոցի մի անկյունում, հարցնում է․․․
— Ճի՞շտ է, որ ձեր թոռնիկը չէ, ձեր տղան է․․․
— Որդիս է, Դավիթ Բլեյանը,- հպարտանում եմ, ներկայացնում,- Արևմուտքի մեր ճամբար է գնում, երկիր Մեդիայով։
— Ա՜․․․
Դավիթն էլ, ոնց որ Արմինեն կասեր՝ Յուլիսիսը, Սարոյանի անմոռանալի կատակերգությունից․
— Ինչո՞ւ զարմացավ այդ մարդը, հայրի՜կ․․․
— Երևի մեր տարիքային տարբերությունից, Դավի՜թ, շատ թվաց․․․
— Քանի՞ տարով ես դու ինձանից մեծ․․․
— Քանի՞ տարով ես դու ինձնից փոքր, Դավի՜թ․․․ Խնդիր է, արի լուծենք։

Շտապել չի լինի. եթե Դավթի խնդիրն է, զգույշ ուղղումներով-հարցերով, ինքն էլ լուծում է․․․ 56-ը երկու ձևով ստացավ․․․ Շա՞տ է, Դավիթ․․․
— Ես չզարմացա, պա՜պ, 23-ից (իմ ու Արմինեի տարիքների տարբերությունը, մի այլ խնդրի լուծումը) մեծ է, 92-ից՝ փոքր․․․
Կյանքը ինձ հիմա գրավում է այսպիսի փոքր խնդիր-լուծումներով․․․ Հենց գցում եմ ինձ մեծ, մինչև վերջ հասկանալի չձևակերպածի մեջ, ձախողում եմ․․․ Ինչպես երեկվա իմ աշխատանքը․․․

Հյուսիսային դպրոցի ճամբարային օրը: Լուսանկարները Կարինե Խառատյանի:

Դավթի հետ չեմ վրիպում․ ինքը թույլ չի տալիս․․․
— Թո՜ղ, մտածում եմ, պա՜պ, ի՜նչ ես շտապում․․․
Որ շտապեցիր ի՞նչ, կամ որ շտապ-շտապ արիր, ո՞ւր հասար․․․

Որքա՜ն հայտնի երաժիշտ էր հավաքել «Սեբաստիա» սրահում երեկվա համերգը, որքա՜ն կիրթ հանդիսատես․․․ «Համերգ» նախագիծը, որ պարբերական-շարունակական պիտի լինի 2017-2018 ուստարում, Սվետա Ճաղարյանի խնամքով համակարգմամբ, երեկ մեկնարկեց․․․ Բարի եղավ, ստացվեց, կեցցեք բոլոր կազմակերպիչ-մասնակիցներով․․․ Մի՛ լարվիր, Սվետա ջան, մի՛ շտապիր, կենտրոնացիր նոր ընդունելության, նոր համալրման վրա․․․

Իսկ Մարմարյա սրահում, հոկտեմբերին սիմֆոնիկ երաժշտության համերգի մասին մենք կոնկրետ պայմանավորվեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Երեկվա համերգից տեսարա՜ն՝ ջութակահար Հայկ Դավթյանի հայր, վաստակաշատ խմբավար-դիրիժոր Յուրի Դավթյանի ու իր տիկնոջ մուտքը Մայր դպրոց, համերգասրահ․․․ Այնքա՜ն խոնարհ-ազդեցիկ էր իր մոտեցումը, իր գնահատականը մեր գործին, իր ուղղորդումը մնաց․․․
— Չշեղվե՛ք, դուք այնքա՜ն շատ բան եք արել դրա համար, այնքա՜ն կարևոր է ձեռքբերումը ձեր, որ կարող եք անհրաժեշտ մակարդակը ապահովել, որով մնաք բոլորինս․․․

— Մակարդա՜կ, Աշոտ Շամխալովիչ, մա՜-կա՜ր-դա՜կ,- այսպես ընդգծված վանկատում էր մեր ռուսերենի ուսուցիչ Իրինա Արկադիի Բաղդասարյանը, երբ հանդիպում էր մեր խելահեղ ընթացքի մեջ իրեն բավարարող դրսևորումի․․․

Երաժշտական ուրբաթը Հարավային ճամբարում: Լուսանկարները Շամիրամ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1118

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այնքան կարոտ, այնքան կրակ ու արնավառ այնքա՜ն երակ…

Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե,

Համբարձման-մաքրումի․․․ տոնական օրեր՝ Հայաստանով մեկ փոխանցումով

Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․ 

Նոր ու հին տարի, հին ու նոր քաղաք, նոր ու հին իշխանություն, հին խնդիրներ․․․ մե՜ծ քաղաք…

Մեծ քաղաքը Ամէն ինչ մեծ է մեծ քաղաքին մէջ հաճոյքը մեծ ցաւը մեծ պողոտաներուն ու շէնքերուն նման Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ