Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են դպրոցին: Ի՞նչ են անում այս դեպքում մեր գործընկներները… Մենք ելք գտանք. Դավիթն արթնացել է 9.30, ես արդեն տանը չեմ. իսկ մայրիկն արագացնում է Դավթին, որ 3-րդ ժամին մայրենիի պարապմունք ունի 5-րդ դասարանում:
Դավիթը չի շտապում. ուզում է իր կիսատ թողած մուլտն ավարտի…
— Ի՞նչ ես ուզում, Դավիթ,- զայրացել է մայրիկը…
— Ուզում եմ քեզ հանեն շպրտեն դուրս դպրոցից, մնաս տանը, ես իմ մուլտիկը նայեմ, հանգիստ խաղամ տանը…
Մայրիկն էլ, կարծեմ, դեմ չէ… Ես էլ կարտահայտվեմ, երբ գործողություն դառնա։

Մի՛ փորձեք խղճահարություն արթնացնել այս գազանների մոտ… Նրանք դրանից ավելի աննահանջ են դառնում, ավելի իրենց ասածի տեր… Պիտի լինել դրության տերը` շրջանցելով բոլոր փակուղիները, չառաջացնելով դրանք, եթե բռնության, ուժային լուծման չեք դիմելու…

Իրիկունը մանկապարտեզից միասին ենք տուն գալիս. քնել է խմբում մինչև 17.15, արթնացել ամենավերջում, երբ ընկերները ոչ միայն արթնացել, այլև հաց են կերել… գնացել են տուն…

Ճանապարհին, ինչպես առավոտյան, պարզկա Մասիս էր, տեսարան «Հաղթանակ» կամրջի վրայից դեպի Մասիս. Նորագյուղի բլուրն էլ իր լույսերով՝ ոնց որ Նոր տարվա խաղալիք, ընկած Մասիսի փեշերին… Ես ու Դավիթը մոտեցանք կամրջի մեջտեղին, որտեղից կիրճն էր երևում, Զանգուն էր իրիկնային լույսի ներքո փայլատակում, հեռվում Մասիսն էր` թարմ ձյունե շղարշով…

Քայլում ենք դեպի մեր շենքը. ցուրտ է, ու լուսինը մաքուր-մաքուր է… վախեցնելու չափ…
-Ես լ ուսնից չեմ վախենում, հայրիկ: Հենց ուզենա լուսինը կծի, կասեմ` փախի, շնիկ լուսին, ու ինքը կփախնի, արևը կգա… Լուսինը շունիկի նման կծում ա՞, շունիկի նման հաչում ա՞, հայրիկ…

Էլի չի ուզում, չի քնում մեր տղան. 23.00 է արդեն: Արմինեն նյարդայնանում է:
— Հայրի՜կ,- ձգվում է ննջարանից մինչև իմ աշխատանքային անկյուն «պարանը», որով Դավիթն ինձ քաշում-տանում է իր ծոցը: Օրը պատմում է ինձ, հերթական անգամ մայրիկից ներողություն է խնդրում… մինչև կեսգիշեր…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծնվեց մանուկ, որ ցնծություն պարգևեց, Հանրապետություն…

Այնքան սպասված աղջնակը մեր` Մարիմյան Թամարիկ մայրիկի առաջնեկը… Ծնվեց։ Առավոտ բացվե՜ց, դուրս գալ-քայլելս եկավ, որքան էլ ժամը 3-ի, 4-ի արանքն է գիշերվա։ Նոր արթնացած, գոլ ջուրը սեղանիս՝ mskh.am-ի առաջին լուրը

Զատիկը քանի՞ ոտք ունի

— Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի: — Արի հաշվենք… Մեկ, երկու… Դավիթ Բլեյանի գիշերային թփթփոցին ավելացավ ևս մեկը. Մելինեն իր եղբայր Արմենին ուղեկցում է սանհանգույց… գիշերը՝ 5-ին: Քույր է՝ եղբոր

Պապի ասածը թող լինի

Կյանքն ընտրություն է, ու Դավիթ Բլեյանն ամեն օր իր ընտրությունը կատարում է, ստանում անհրաժեշտ աջակցություն ու հնարավորություն դրա համար: Ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ, եթե դա քո ընտրությունն է… Խումբ է