Դավիթ Բլեյանն արթնացավ ֆոտոսեսիայով  իմ այֆոնի. կենգուրուի ձագի պես մեր անկողնուց, ինչպես իր պարկից, զգույշ դուրս է գալիս… Արմինե Թոփչյանն իմ առավոտվա 7։30-ի աշխատանքը չի՞ հավանի…

 

 

 

 

— Մայրիկ, մեքենադ ամբողջովին սպիտակել է, մաքրվել է, ուրախացի…- նայելով մեր ննջասենյակի պատուհանից դուրս՝ անկողնում դեռ շուռումուռ եկող մայրիկին աչքալուսա՞նք է տալիս, թե՞ հուսահատեցնում։
— Երաժշտականի տանիքն էլ ոնց որ ճերմակ ծակոցով պատած լինի։ Պապ, քո խոստումն ի՞նչ եղավ, էս ձմեռը նորից եկե՜լ է…
Ի՞նչ ասեմ… մեղավոր եմ… Բագարանի տնօրենի զանգը՝ այնքան ձյուն է եկել, ճամփեքը փակվել է, մենք երևի չկարողանանք գալ, ճամփեքը ո՜վ պիտի բացի… Արդարացում կա՞…

Բանգլադեշ, ո՞ւր ես, գալիս ենք։ Բայց դեռ… մեր ճամփորդական անձնակազմը դեռ պիտի պատրաստվի։ Իսկ Դավթին ինչ ասես՝ հակադարձում է…
— Դավի՛թ, շո՛ւտ արա…
— Դո՛ւ շուտ արա… դո՛ւ ես ուշանում…
Ճիշտ է, բոլորս պիտի արագացնենք…
— Դավի՛թ, վե՛ր կաց…
— Դո՛ւ վեր կաց…
Ճիշտ է, ես այսքան երկար անկողնում չեմ հիշում՝ երբ եմ եղել…
— Դավիթ, պրծի, մտի ցնցուղի տակ…
— Դու,- ծիծաղում է…- նորի՛ց մտի…

«Երգ երգոց. Իմ Տերյանը»

Գրական կոմպոզիցիայի փորձ:

Ինչ ճիշտ է, ճիշտ է, ամենալավ երազն, իհարկե, բաց աչքով տեսածն է… Ու ես չունեմ ոչ միայն գիրն իմ օրվա պատմելու ժամանակ, այլև ինչպես Սուսան Մարկոսյանը երեկ՝ օրվա վերջում մեր աշխատանքի պլանի քննարկման ժամանակ քմծիծաղեց, գիրը եթեր տալու ժամանակ… Մինչև եթեր դեռ ժամանակ կա, տեսնենք-տեսնենք, դեռ գիրը օրվա պիտի գրվի… Իսկ առավոտվա՝ ծեսի-ընդհանուր պարապմունքի պես մեր կյանք մտած պարտադիր սուրճը սառչում է…

— Ես չեմ քնում, ամբողջ գիշեր աչքերս բաց եմ քնում…,- Դավիթը դեռ խոսում է։
— Կարա՝ պատը ընկնի գլխիդ…
— Կարա՝ ակվարիումով ձկները ընկնեն գլխիդ… Կարա՞…
— Կարա՝ դինոզավրերը իրար վրա ընկնեն գլխիդ…
— Դավի՜թ, պրծի՜,- արանք եմ գտնում խոսելու։
— Կարա՝ ուշանա՞նք…
— Չէ՜,- կանգնում եմ ես ոտի,- էդ մեկը չէ…
Չնայած այսքա՜ն «կարա»-ից հետո, էլ ի՜նչը «չի կարա»… Արջ ախպեր, երևի ձմեռն իրոք երկարեց ու… կարա, կարա… դեռ ինչե՜ր կարա… Ողջ հունարդ դիր, էս փետրվարի 25-ի ձմեռային խաղերն էլ ճանապարհիր, հորով-մորով արա ու գարուն բեր, գարունով, երկրագործությամբ զբաղվիր, ողջ կարողություններդ դրսևորիր, տեսնենք՝ ինչի՛ ես ունակ, ա՛յ պաշտոնակատար…

Պատրաստվում ենք մարզական ստուգատեսին:

Ավելի ու ավելի երկար ժամանակ եմ անցկացնում Մայր դպրոցում, ինչպես երեկ… Ապրում եմ ամբողջական ներառական կյանքով՝ միջին ու ավագ դպրոցների պատանիների նման, նրանց հետ… Որքանով է մեր Մայր դպրոցը այսօր հարմար կրտսեր ու ավագ տարիքի ազատ պատանիների անհատական-խմբային ուսուցման պայմաններին, ուսումնական օրացույցով-անհատական պլաններով ներս ու դուրս անող հարյուրավոր 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիներին, տարատեսակ ծրագրերով լրացուցիչ կրթություն ստացողներին տարատարիք… Խոստովանեմ միանգամից՝ ես ինձ ավելի ու ավելի ներդաշնակ, ինքնավստահ յուրային եմ զգում Մայր դպրոցում, չնայած ես այստեղ որևէ կաբինետ, առանձնացված անկյուն չունեմ, ինձ տնօրենի պես չեմ էլ պահում: Ինձ հետաքրքիր է հենց առանց ինձ բնականոն ընթացքը, պատանիների ուսումնական գործունեության մեջ աննկատ ներգրավվելը…

Մայր դպրոցի ակումբային միջավայրն ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում, ազատ մարդկանց կարգապահ-ինքնավար աշխատանքը՝ տիրապետող… Եզակի է Մարմարյա սրահը՝ իր ամեն ուրբաթ-համերգներով, որպես ամենադեմոկրատական բաց-հանրային ուսումնական տարածքը աշխարհում, երաժշտության ուսումնական կենտրոնը՝ որպես ակումբային-համերգային-մշակութային տարածք առավոտից իրիկուն, նաև շաբաթ օրը, սննդի կազմակերպումը, ընդմիջումը Մայր դպրոցում՝ բաց դռներով, անհատական ճաշակի-քմահաճույքների այսքան մատչելի հաշվառմամբ: Տպավորիչ է, երբ 10-րդցիների տարբեր խմբերի հետ Թումանյանի Անուշը-Փարվանան նաև հրապարակում պատմելու-բեմելու խնդիր ես լուծում, երբ 6-8-րդ դասարանցիների երգեցիկ մեծ խմբի հետ հանկարծ սկսում ես Թումանյան կարդալ՝  էն էլ «Քրիստոսն անապատում», «Պատրանք», «Համերգ»… ու Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» երգում… Այսպես-իրական կենդանի պատրաստվում ենք … ուրբաթին…

«Անհաղթ աքլորը». Խաղում ենք Թումանյան:

Հյուսիսային դպրոց-պարտեզ, 6տարեկաններ:

Երբ մութ է-գիշեր է, մարդիկ պառկած են անձայն, չի նշանակում թե քնած են… չեն տեսնում իրոք, չեն մտածում-անրջում իրոք… Գրի տող-վերնագիրը Պարույր Սևակինն է…

Լավագույնը
Լավագույն ժպիտ ասվածը, անշուշտ,
Փակ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների`
Բաց աչքերովը:

Երկու տարի երկու ամիս և ավելի, շուրջ 800 օր, 1999-2001-ին, հայտնի քննչական Նուբարաշենի մեկուսարանի տարբեր խցերում, մի խցում՝ մինչև տասը-տասնմեկ անծանոթ-հարազատ դարձած կալանավոր մարդկանց ընկերակցությամբ, ես ամենաանհատական մարդկային ֆենոմենն այս՝ քունը, ուսումնասիրել եմ, մաթեմատիկական-բնագիտական-բանաստեղծական-կենցաղային անալիզի ենթարկել… Երբ մարդիկ պիտի քնած լինեին ու իբր քնած են, չեն խանգարում, որ մարդիկ ամենահարազատ, հարազատ դարձած, օտար, կողքիդ թե վերևում-ներքևում, որ քնած են, քնեն, որ իրար չխանգարեն… Գիտես, երբ է գալու հերթապահ տեսուչը, բացելու է մետաղե դռան «գլազոկը», իբր անձայն, ստուգելու, որ այս պայմանավորվածությունը, որ ռեժիմ է դարձել, անխախտ գործի… Այնպես որ, գիշեր է, մութ է, ձյուն է գալիս, ինչ անում ես-տեսնում ես, երազում ես, այո, բաց աչքերով, որ մյուսներին չխանգարես, որ իրենք էլ չմիջամտեն քո բաց աչքով տեսածին…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#958

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորեցնելու առաջին նախապայմանի մասին է իմ գիրը

Ցայտնոտի մեջ եմ. այդպես է միշտ, երբ իմ էլ. փոստը կես օրով-մեկ օրով բրախում եմ, մեր Նունե Մովսիսյանի պապի հորդորով՝ ա՛յ տա, բրախի՜, բրախի՝ թող գնա… Չի գնում, մնում է,

Կղզի, բայց ոչ երբեք կղզիացած

«Դպիր» ամսագրին ես միշտ մոտեցել եմ ընդգծված հարգանքով՝ մանկավարժական առաջադեմ պարբերականի հարկի-դերի գիտակցմամբ։ Մեր Սուսան Մարկոսյանը՝ էլեկտրոնային «Դպիրի» հիմնադիր խմբագիրը եթե միայն կամ գլխավորապես «Դպիրով» զբաղվեր… Այս որոշումը միայն իրենից

Համերգից առաջ, համերգին ու համերգից հետո

Համերգ, հանուն որի այս 300 կմ-ի չափ ճանապարհն ես հաղթահարել, բազում արգելքներ… Ու «Սեբաստացիներ» երգչախմբով, բեմական նոր զգեստներով, մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ բեմ ես բարձրանում… Թբիլիսիի ազատ համալսարանի ու