Հայր ու որդի երեկ երեկոյան իննի ու տասի արանքում հանկարծ, ասես պայմանավորված, իրար հրաժեշտ տվեցինք, Արմինեին թողեցինք մենակ… Դավիթ Բլեյանն իր ընտրած կիսելն այդպես էլ չխմեց, պառկեց բազմոցին, վրան քաշեց ծածկոցն ու հանգավ… իր օրվա տպավորություններով, վստահ եմ… Ես կիսելը հաճույքով խմեցի, համը կորցնելու չափ վաղուց կիսել չէի տեսել, ու այդպես էլ գլուխ չհանած օրվա տպավորություններից, չմարսած՝ վերցրի դրանք և ուղիղ անկողին…
Հա՛, կյանքում ես միշտ այսպես եմ եղել,
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչել եմ «ա՜խ»։
Վեր կացա մեկի-երկուսի արանքում գիշերվա… Բացեցի առաջին հատորը Հովհաննեսի, գտա իր «Տպավորությունները», հայրական քմծիծաղով ուղեկցեցի հանկարծ արթնացած լուսնոտ-ճամփորդ «Աշոտիկին»… Ու հիմա իմ գոլ մեղրա-կիտրոնաջրի անբաժան բաժակով, իմ պատումով, մարսում եմ օրն իմ անցած… Ներսս պահեմ՝ ի՞նչ անեմ այս՝ հազարին ամեն օր մի քայլով ևս մոտեցնողը. ընթերցող-չընթերցող, նոր օր է սկսվել, իսկի գլխի չե՞ք, իր նոր տպավորություններով, որ հրեն, հարավարևմուտքում քաղաքի հավաքվել, ինձ են սպասում…
Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ։…
Ես 14։15-ն ու 14։30-ը երեկ էլի համառորեն խառնել էի, ու գիտեմ՝ որտեղից է սա… Ամեն շաբաթյա մեդիաուրբաթ համերգները Մարմարյա սրահում նշանակված են Սուսան Մարկոսյանի կազմած օրացույցով, ամենամսյա օրացույցով, քանի՜ տարի, 15։15, իսկ վարչական խորհուրդ-մասնաժողովները՝ ամենշաբաթյա, փոխեփոխ, նույն օրացույցով՝ 15։30… Բարդ ժամակարգ է ինձ համար…
Բարեկենդանի հերոսներ. տեխնոլոգիական նախագիծ:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:
Քնարիկ Ներսիսյանի աղջիկների ու տղաների «Իմ Տերյանը. երգ երգոց» ընթերցմանը՝ ժամը 14։30, ես ո՞նց չհասնեմ…. Ու հանդիպում եմ գեղարվեստի գծանկար-գունանկարի արվեստանոցների հարթակում Մարթա Ասատրյանին… Ավագ դպրոցի նկարիչ սաները հարթակից աջ-ձախ նկարում են. Գագիկ Չարչյանն ու Կարեն Մկրտչյանը խնամքի մանկավարժության իդիլա են ստեղծել, ի՜նչ երաժշտություն է հնչում արվեստանոցներում… Վերևից՝ պատուհանից, տեսնում ենք՝ ներքին բակում ձյան վրա մի խումբ սեբաստացի տղաներ ֆուտբոլ են խաղում, մի քանիսը Ատի նշանավոր շան ցանցի առաջ են… Ու այս անմեղ, ամենօրյա մեր սեբաստացիական աշխարհի մի անկյան համար սովորական առօրյայից հանկարծ պոկվեց-գծագրվեց մի կածան, գերանե քոթուկ աստիճաններով, որով Տերյանի ունկնդիր պատանիների շարանը Մայր դպրոցից սարալանջով, Գեղարվեստի հարավային մուտքով ձգվում է դեպի «Հարթակ գեղարվեստում» ակումբը… Կեցցեք, ստացված նախագիծ է… Այսօր՝ Ավագ Եփրեմյանի հետ հանդիպմանը, ու այսպես…
Ես պիտի ուղեկցեմ, Զառա Առաքելյանին ու Սոնա Փափազյանին. ո՜նց նրանց հետ մենակ թողնեմ Գեղարվեստ-Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոց ճանապարհներին Մարգարա և Երասխահուն գյուղերի դպրոցների տնօրեն-մանկավարժների՝ մեր նոր գործընկերների խմբին… Շողիկ Պողոսյանի ջերմոց-լաբորատորիայի պատուհանն էլ ի՜նչ հարմար մանկավարժական դիտարան է կրթահամալիրի Տիարի համար ու… իմ նկարագրած գեղարվեստի կածանի նման մի կածանով հանկարծ կրտսեր պատանիների մի շարան… խուրջին-ուսապարկերով, ձնոտ արահետով դուրս եկավ Քոլեջ-արհեստագործականի զարդակիրառականի ու կարուձև-մոդելավորման արհեստանոցային պարապմունքներից ու շարժվում է Մայր դպրոց… Տեսա՞ք, որ գործում է, գիտեի՞ք, որ ես տեսնում եմ. կեցցեք, որ այսպես է… Քիչ առաջ ես Քոլեջի գեղեցկության սրահում ավագ դպրոցի աղջիկների, վարսահարդար Լինայի հետ էի. սա իրական պատում է, անուրջ չէ։
Արևելյան դպրոց-պարտեզ, «Գտեք ձեզ» ծաղրանկարների շարք:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Իսկ իմ ճանապարհին ինձ բռնեցին Փիրուզ-Աղավնու վեց տարեկանները, որ իրենց ապակու աշխարհից տեսել են կածանով շտապող իրենց Տիարին, ու աշխարհի ամենահամեղ ադիբուդիով-փոխինձով որոշել են բռնել-հյուրասիրել… Ա՜յ քեզ մանկավարժություն… Ու սա տարածել կլինի՞… Ինչպե՞ս… Բացի նրանից, որ բաց ենք, ամբողջական ներառական… Հրես, այսօր ևս երկու գյուղից՝ Բագարան-Երվանդաշատից, շաբաթ օրը՝ տասնյակ, տարին՝ հարյուր, մեր գործընկերների հետ այս խնդրի առաջ ենք։ Ուրիշ ինչպե՞ս, բացի իրար հետ, նույն տպավորություններով, նույն կյանքով ապրելուց, տարածենք-արտահանենք մեր մանկավարժությունը, ասել է թե՝ մեր կյանքը իրենցը դարձնենք…
Հանդիպման վերջում՝ Մարի Գաբանյանի խնամած ընթերցարան-կենտրոնում, ինչպես ժամեր առաջ՝ հասարակագիտության ուսումնական նախագծերի ստուգատեսի կազմակերպիչ սովորողների, ուսուցիչների մեծ խմբի հետ, ինչպես ժամեր հետո՝ օրվա վերջին, Կենտրոնում, մեր մանկավարժության այս խնդրով, մայրս կասեր շիվարած ենք…
Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Այս շվարումը տպավորություն է դարձել, ու ես իմ փոքր ընտանիքով շարունակում եմ հաղթահարել… Ուրիշ ինչպե՞ս, բարեկամներ, առանց ապրելու, առանց մեր-ձեր կյանքը փոխելու՝ ամբողջական բաց-ներառական-մատչելի դարձնելու…
Մի ձայն էլ ահա,- տկար, խղճալի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#959