Թափառումը-զբոսնելը-ճամփորդությունը (կարդացեք որպես հոմանիշներ) մեթոդ է, որով ես ապրում եմ-գործում եմ-կամ (էլի կարդացեք որպես հոմանիշներ) Երևանում, Բանգլադեշում, աշխարհում… Թե չէ՝ ես վաղուց թողել էի այս «քաղաքն աղմկոտ», այս Բանգլադեշը տարտամ… Սիրելի-անբաժան ընկեր Սուսան (բաց թողեցի հոմանիշներ), ստուգաբանիր այս «տարտամ»-ը, բեր հոմանիշներ սրան… Դավիթ Բլեյանն իմ թափառումի գտնված ընկերն է` աստվածատուրիկ. ինքն էլ, ես էլ կիրակիին սպասում ենք ու թոթափած օրվա առաջին կեսում կիրակիի կենցաղը-առօրյան-ինքնաբերաբարը՝  տկլոր դուրս ենք գալիս տանից, աղբի մեծ պաշարով… Ես այս գործը` աղբահանությունը տանից, միայն Դավթին կզիջեմ… բնականաբար…

Մետրոյով, իհարկե, անցանք մեր ճանապարհի մի հատվածը, հավաստի-հայտնի-կանխորոշված… Դավիթն ուզում է, համառում է.
— Վերջին կայարանը տեսնեմ, պա՜պ…
Շարունակում ենք Բարեկամության կայարան, հետ ենք վերադառնում մի կանգառ, հայտնվում այգում «Սիրահարների», վճռական դուրս գալիս Կամերային երաժշտության թատրոնի — Ռուսական մշակույթի կենտրոնի դիմացով-«Այգեստան» սուպերմարկետով ու նույն մայթով գնում Պռոշյանով դեպի վար…

Նոր դպրոց. լողից հետո, քնից առաջ:

Ի՜նչ բարբարոս տևական, խորհրդային շրջանից, Պռոշյան փողոցի պետականաշինության-քաղաքաշինության ծրագրերով հետևողական-չընդհատվող թափով զրկել են մեզ Երևանի չնաշխարհիկ դիրքից… Մի քանի հարյուր մետր իջնում ենք բետոնե յուրահատուկ պարիսպների կողքով՝ գլխի չընկնելով, որ մի ուրիշ աշխարհ է այն կողմում՝ Զանգուն իր կիրճով, իր բլուրներով, իր Ծիծեռնակաբերդով, իր հայացքով դեպի Կիլիկիայի բլուր… դեպի Արայի լեռ… Իսկ ձախից քո աչքի առաջ Կոնդի ափաշքյարա հոշոտվող մարմինն է… Սուրբ Հովհաննես եկեղեցին որպես իրանից անջատ գլուխ է մնացել… Ի՜նչ տեսարաններ՝ կորսվա՞ծ, ի՜նչ բարբարոսություն… Որպես քաղաքական ծրագիր՝ ես քանդեցի-հավաքեցի պարիսպը Դավթի հետ, ում ես ամեն ինչ ներկայացնում եմ, թողնելով իրեն առյուծին վայել իր զբաղմունքին. նա թռիչքով անցնում է ՀՀ կառավարության Հրազդանի կիրճի ամառանոցի այգու պարսպի բազալտապատ գոտով մինչև Ուրուգվայի հրապարակ, որի բարձունքից, կածանով, հայտնաբերելով մանկական երկաթուղու տարածքը, մենք իջնում ենք Հրազդանի ձոր… Հետո քայլում ենք ձորով, կիրճով, երկաթուղով մանկական, անցնում Զանգվի մետաղե-բետոնե կամուրջներով, աջ ու ձախ ափ անցումներով։ Մենք՝ ես ու Դավիթը, լողում ենք Զանգվի ձորում… Ես չեմ կարող ասել-հրամցնել-ապացուցել բաներ՝ ինքս չանելով… Ի՜նչ Նոր ուղի, դա կոռումպացվածների՝ կեղծավորների, փարիսեցիների ճանապարհն է… Իսկ ես, հիշում եք, Նոր ուղու քաղաքական ծրագրի մի կարևոր հանգրվանում, 1992-ի նոյեմբերին, եղբայրասպան կրակը չբորբոքելու-հանգցնելու ուղով-մղումով հասա Բաքու… Ի դեպ, «կոռումպցիան» «Ձկան խանութի» ստորգետնյա անցումներում բացատրված էր՝ «այլասերում», «փչացում», «քայքայում», «ապականում»…
Երկա՜ր մնացինք ձորում, գետի մեր խաղաղ անկյունում… Ես այստեղ եմ սովորել լողալ, գետում, կանալում, ներքև, վերև, ավելի ներքև… Սովածացանք, դուրս եկանք աջ ափ, ու Դավթի քիթը խորովածի հոտ ընկավ… Մտանք «Գետափ» ռեստորան, ու շարունակելով արդեն մաքրած, ձկներով գետով զմայլվել՝ Դավիթը պատվիրեց-ընտրեց ճտի խորոված, ես՝ գարեջուր…

Ծանոթացե՛ք, իմ թափառումի նոր ընկերոջը` Դավիթ Բլեյան… Ոչ մի «օ՜ֆ», ոչ մի «հոգնել եմ»: Տուն մտանք 19:00՝ վեց ժամ ոտի տակ տված մեր հին Զանգվի Երևանը՝ Պռոշյան 1-ից մինչև տուն… Բարձրացանք ձորից Փարաջանովի թանգարանի բարձունքով, անցանք Մաշտոց-Լուսավորիչ-Պռոշյան խայտառակ անցումներով ստորգետնյա ու քաղաքապետարանի դիմացի մանկական այգով մտանք Ստեփան Շահումյանի հրապարակ, Վազգեն Սարգսյանի շատրվանների տարածք…
Սա՞ է նոր կառուցված, քսանհինգամյա հերոսական պատմությամբ ձեռքբերումների՝ հայոց մայրաքաղաքի կենտրոնը՝ իր վտանգավոր անցումով ստորգետնյա (միակ տեղը, որտեղ ես ու Դավիթը վախեցանք, աջ ու ձախ էինք նայում. ամեն ինչ սպասում ես)՝ լքված-դատարկ, կիլոմետր ձգվող 2750 շատրվանների  աջով-ձախով, հարյուրի չափ սեղան-աթոռներով, կիրակի օրով, օգոստոսի 7-ին, թաք ու բիր անցորդներով-նստածներով… Դատարկ ու փնթի, քանդված…

Այգաբաց. Սուրբ Երրորդություն եկեղեցի

Դավիթը ելքը գտավ, որոշեց հաշվել շատրվաններն ու անցնել դրանց միջով վերից-վար, վարից-վեր…
— Դու ես ասել, պա՛պ, բոլոր ջրերում-գետերում պիտի լողամ, բոլոր բաձունքները նվաճեմ… Շատրվանները միայն սիրունության համար չեն, այլ իրենց հետ լողալով խաղալու, գետն էլ միայն անցնելու համար չէ…
— Պա՛պ, Զանգուն արդեն մաքրե՞լ ես, որ լողում ենք… Պա՜պ, դու չասեցի՞ր՝ երկուսով կմաքրենք…
Իմ օրագիրն ավելի ու ավելի քաղաքական ծրագիր է հիշեցնում… Անցում եմ անում… Մահարի եմ կարդում ու Պուշկին… Պուշկինի մասին՝ վաղվա իմ գրում։ Կարդացե՛ք ինձ հետ Մահարի… Ա՛ռ ամառային այս ոսկե սինին ու թող աշունը փառահե՜ղ լինի… 1932-ի ձոն է Եղիշե Չարենցին… Ի՜նչ ամոթ է. Երևանն իր անհուն օրերի, ստեղծագործ, քանքարավոր-ազնիվ ձեռքերի ու փառավոր ելքի ազնվական երգչին՝ Վանով, Երևանի, Դիլիջանի որբանոցաններով, ստալինյան աքսորով անցած, Չարենցի, Բակունցի կողքին իր ինքնատիպությունը պահած, արժանին չի մատուցում…
Երկուշաբթի երեքով գործի ենք՝ ես, Դավիթն ու Արմինեն… Արմինեն հերթապահ է Դպրոց-պարտեզում, ես ու Դավիթը խոստանում ենք «Նախերգանք»-ը Մահարու հերթապահ Արմինե մայրիկին ու օգոստոսի 8-13-ի հերթափոխի մանկական ճամբարի ղեկավար դաստիարակ Մարինեին, այո՛, Դավթի ուսուցչին… Ահա, առաջինը իմ բլոգ եմ բերում Մահարու հենց «Նախերգանքը»՝ որպես «Գուրգեն Մահարի. ամբողջական, մեդիայում» նախագծի առաջին նյութ՝ Արմինե Աբրահամյանի ոգևորված աջակցությամբ։ Ողջույննե՜ր…

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, աշխատանքին,
Ու քրտնաթոր երգին ողջույն,
Կյանքի նման վեհ ու անգին,
Ողջույն մարդուն, կրկին ողջույն,
Միշտ բարձրացող ու շառաչուն
Ողջույն հնչող անմահ գրին,
Ողջո՜ւյն ուժին քո հարաճուն,-
Ընթերցողին ու իմ երկրին:

Արագածի հերթական հաղթահարում:
Լուսանկարները՝ մասնակիցների ֆեյսբուքյան էջերից:

Ֆոտոխմբագիր՝ Նունե Խաչիկօղլյան
#755

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անսպասելիք ի՞նչ տարի. ավետաբեր 2015

Իսկ ինչո՞ւ սպասենք… Չնայած օրվա հետ կապված բոլոր սպասելիքները արդարացան-կատարվեցին։ Լիքը օր եղավ, այնպես որ օրագիր չի դառնա իմ ասելիքը, այլ մամուլի օրվա հաղորդագրություն։ Գնացինք։ Դեկտեմբերի 29-ի առավոտյան տանից դուրս եկա՝

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Դիմում եմ սեբաստացիներին

Սեբաստացի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ