Անակնկալի աստիճան բարձր նոտայի վրա ավարտվեց նախագծային ուսումնական ճամբարների երկրորդ շաբաթը՝ իր ամենօրյա գիտագործնական կլոր սեղաններով, ամենօրյա ծրագրային համերգներով, ճամբարային աշխույժի, առօրյայի ուրբաթի- մարմարյա սրահում միասնական ամփոփիչ հավաքով, իսկական տոնախմբությամբ, երբ Մարմարյա սրահում բոլորը այնքա՜ն մասնակից են ու համակված միասնականության գաղափարով, որ չեն ուզում՝ ավարտվի․․․ Չէր կարող չավարտվել, որպեսզի սկսվի նախատեսված հաջորդ՝ հունվարյան ստուգատեսային ճամբարների կազմակերպիչների հավաքը, որ մեր ուսումնական հունվարը, որպես ուսումնական տարվա հեղինակային շրջան, ամբողջանա․․․ Բարեբախտություն է՝ թանկ գնահատելու, անհատական մակարդակում արժևորելու աստիճանի, մեր ուսումնական կյանքը ստեղծելը, որոշելը․․․ Այս շաբաթը կարևոր էր ու մնաց ահա իր դրսևորումներով ցցուն՝ ձեզ պատմելու աստիճանի։

Գիտագործնական հավաք, Արևմտյան դպրոց:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ձմեռ պապի մրցանակ-նվերների երկրորդ պարկի բովանդակությունը խոսուն է։ Հաջողությունը ինքնին կյանքով է ստեղծվում, բայց այս պարկով առանձնացված է սեբաստացի ճամբարականների հունվարյան նախագծային ճամբարային գործունեությունը։ Արևելյան դպրոց-պարտեզում հեծանվասպորտի չեմպիոն, համակրելի Էդգար Ստեփանյանի ներկայությունն այնպիսի աշխույժ էր հաղորդել ճամբարականներին, որքա՜ն կարևոր էր դարձել մեր կրտսեր տարիքի սեբաստացիների համար հեծանվավարությունում հաջողության հասած մարդը․․․ Իսկական հեծանվային երթևեկություն էր դպրոցի ողջ առաջին հարկով մեկ, շենքից դուրս գալ կարելի էր միայն գծանշած անցումով դեպի ելք։ Ֆլեշմոբը՝ հեղինակային կրթական ծրագրով ստեղծված մոբիլ-ստեղծական ուսուցման միջոցը, ոչ միայն չմոռացվեց, այլև կարևորվեց ճամբարական եռուզեռում․․․ Սկսվում է այս գործիքի կիրառման, հեղինակային կրթական ծրագրի ներառականության, միասնականացման, տարածման համերաշխության շրջանը: Այսպիսի ֆլեշմոբը իր բազմազանությամբ, ընտանիքում ձեռք բերած վստահությամբ 2017-ի մեր հաջողություններում վճռական տեղ ունի։

Արևմտյան դպրոցի սովորողները՝ Ողջաբերդում, «Ջրվեժ» անտառապարկում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Ինքնուրույնության, ինքնավստահության, ինքնակազմակերպման, ինքնագնահատականի նոր մակարդակ-փուլ արձանագրեցիք՝ սկզբունքորեն ու վճռական։ Կեցցենք մենք միասին, ճամբարականնե՛ր։ Այս որակների-ձեռքբերումների վրա է կառուցված մեր ճամբարային-ստուգատեսային գործունեության շաբաթը։ Իսկապես՝ ի՞նչն ենք օտարի-ուրիշի համար անում․․․ Է, մի՛ արեք։ Ինչի հետ համաձայն չեք՝ մի՛ արեք․.. Մենք մեր տանը ապրում ենք մեր կյանքով-ջանքով-երգով․ ուրիշները աչք ու ականջ ունեն, կվերցնեն որպես օրինակ։ Երգատները-պարատները մեր առույգ-ուրախ համերաշխ, առանց սահմանների կյանքի-հավաքների կազմակերպիչներն են․ այնքա՜ն տպավորիչ էր այս իրողությունը երեկ «Սեբաստիա» համերգասրահում, հետո՝ Մարմարյա սրահում, որ ով ականջ ունի՝ լսեց, ով աչք ունի՝ տեսավ․․․ Կեցցե՛նք մենք։

Կարևոր է, որ ստուգատեսային ուսումնական աշխատանքը մեր ճամբարային հունվարի 23-27-ի շաբաթին լրջություն, հասցեականություն հաղորդի․ ճամբարային կյանքը դառնա հարմար-խթանիչ միջավայր անհատական-խմբային անաղմուկ ուսումնահետազոտական ազատ ընտրած կարգապահ գործունեության համար։ Երեկ՝ օրվա վերջին, սրա կազմակերպիչների մեծ խմբի գրադարանային հավաքը իմ վստահությունն ավելացրեց։

Ես սիրում եմ տեքստեր, ես կարդում եմ տեքստեր քաղաքագրության, թե քաղաքականության․․․ Շնորհակալ եմ Աշոտ Տիգրանյանին, ում փոխացմամբ իմ օրը ցայգին սկսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության խոսքի ընթերցումով։ Ինագուրացիա կոչվողի հավես-ժամանակ չունեի, իսկ տեքստից մնաց․ «Այսօրվանից Ամերիկան կլինի նախ և առաջ, և մենք չենք հանդուրժի անհաջողությունը»։

Ճամբարային գործունեություն. պատրաստում ենք նկարակալներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Իսկ ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է հասցեագրել երկրի քաղաքացիներին, որն սկսվում է «Իմ ամերիկացի ընկերներ» արտահայտությամբ․․․ Տեքստն ավարտվում է «Ամերիկան մեկ մարդու նախագիծ չէ» նախադասությամբ։ Մեր միստր Յուրան կարևորում է ու օպերատիվ մեր սեփականությունն է դարձնում այսպիսի նշանակալի տեքստերը․․․ Այս համակրելի-ոչ սովորական զույգը մնաց․․․ Ամեն ինչ իմ ընկալմամբ այլ կլիներ, եթե Օբամայի նախագահական շրջանում չլիներ Սիրիական ողբերգությունը․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
# 912

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ

Ինչպե՞ս խեղճության-թշվառության այս մի դրսևորման դեմն առնենք…

Ինչի՞ համար են Դավիթ Բլեյանի ոտքի եղունգները, որ էլի երկար է թողնում, չանչեր։ Սովորական փնթի՞ է մեր տան, իմ օրագրի հերոսը… Մաքրասեր է, ամեն օր լողանում-լվացվում է, մազերը սանրում, մաքուր շորեր հագնում,

Այսպիսի ուրբաթներն են, որ գալիս ու գիր են դառնում, ցուցանակի պես…

Այդպես է եղել միշտ իմ ռեժիմում, այդպես է եղել մեր տոնացույցով սեբաստացիական, այդպես է ավանդույթի ուժով՝ ուրբաթ օրերը ամենալեցունն են գործերով, ամենախիտը ժամանակացույցով։ Հատկապես՝ անցնող 2014-2015 ուսումնական տարում։ Ասում եմ՝