Եթե իմ սիրելի Մարինե Ամիրջանյանի խմբագրած «Խոշորացույցով» նայենք, մեր Արևելյան դպրոցի Նատալի Նահապետյանի ամենամեծ ձեռքբերումը 2016-ին այն է, որ «Ես սովորել եմ լողալ մեջքի վրա»: «Խոշորացույց»-ի «Տարեմուտի խոստովանությունը» կարդացվում է… Կարո՞ղ ենք, սիրելի «Խոշորացույց», մենք էլ պատասխանել, կհրապարակե՞ս… Այսինքն՝ այս հարցն էն գլխից լուծված է ամեն սովորող-ուսուցիչ սեբաստացու համար՝ իր բլոգը… Սկսեցի՞նք խոստովանել… ոչ որպես այլընտրանք՝ ուսումնական գործունեության սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների հրապարակմանը… Այլ պարզապես, տարեմուտի խոստովանություն՝ «Խոշորացույցով»…  Շարունակենք Նատալիին

Սպիտա՛կ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտա՛կ ձյուն, իմ ճերմակ մանկություն:

Մեղքերին մեր թողություն ոչ միայն չբերեց դեկտեմբերի-տարեմուտի Ձմեռ պապի հրաշքը՝ այսպիսի ձյուն Երևանում, այլ ավելացրեց… Բանգալդեշում ուսումնական արձակուրդի այս օրերին խոշորացույցով ձնե մարդուկներ, մեծ ձնագնդեր, բլուրներ, սահնակով սահող, ձյունի մեջ թավալվող երեխաների-մեծահասակների ճիչեր էի փնտրում… Դա չգտանք Շենգավիթով Դավթի հետ քայլելիս, նաև Կենտրոնում. բակերի-Օղակաձևի ծածկույթները, ինչպես երգում էր «խոստանում»՝ «Չլցրին երգով քաղաքը ծեր»… Ծերացե՞լ ենք, այս ի՞նչ եղավ. ձյունն իր հեքիաթն է պատմում, ու մենք չե՞նք լսում…

Գեղարվեստի կրտսերներին՝ երկուսից չորս տարեկաններին, դաստիարակներ Օլյան ու Սոնան դուրս էին բերել խաղալու… Երևի կար իմ մասնակցությունը… Վերադարձին նրանց հանդիպեցի դռների մոտ… Տարոնը, Մոնիկան վազեցին դեպի ինձ… Ու Տարոնը.
— Բլեյան, դու իմ իսկական ընկերն ես…
Այն Տարոնը՝ չորս տարեկան, ում հետ մենք հաճախ ենք հեծանիվ վարում… Աիդա Պետրոսյանը մեզ լսում է, չէ՞։ Մեր ամառային պարտեզը ավելի նախագծային է՝ իր լողափ-լողավազան-ծովափերով, խաղերով… Ձմեռը մտնում է իր տարերքի մեջ. ես ազդարարում եմ հունվարի  9-ից «Ձմեռային պարտեզ» ուսումնական նախագծի մեկնարկը։

Ձմեռային խաղեր. Հյուսիսային դպրոց, նախակրթարան։
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի, Սոնա Կարապետյանի։

Դեկտեմբերյան ամենամյա մաթեմատիկական ֆլեշմոբը՝ բոլոր տարիքի սեբաստացիների, մաթեմատիկայից պետական քննությունը՝ շրջանավարտների, և տարեվերջյան վերելքը՝ Հատիսի գագաթից մեր աշխարհին նայելու, սրանց մասին mskh.am-ի հայտարարությունները՝ իրար տակ… Հուսադրող է այս ինստալիացիան… Չի՞ նահանջի Գևորգ Հակոբյանը…

Աշոտ Տիգրանյանն իմ էլ. փոստին ուղարկել է խոստացած նախագիծը՝ «Ամբողջատիրություն»… Մեկ տարվա համար նախատեսված այս ծավալուն ուսումնական ուսումնասիրությունը կունենա իմ հետևողական աջակցությունը… Ես կհետևեմ, որ մեր գրադարանում օր առաջ հայտնվի կրթահամալիրում 2016-ին իրականացված, սկսված-ավարտված-շարունակվող-մոռացվա՞ծ ուսումնական նախագծերի ժողովածուն, հեղինակային մանկավարժությամբ ենթադրվող խնդրագիրքը… 2017-ի հունվարի խնդիրներից է որպես արդյունք՝ նոր տարում սկսվող-շարունակվող, ավարտվող-չավարտվող ուսումնական նախագծերի ժողովածուի հրապարակումը… Լուսինե Ալեքսանյանը մեր խոստացա՞վ…

Շախմատի լրացուցիչ կրթության պարապմունք Մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Դավիթ ու Աշոտ Բլեյաններով կարողանում ենք քայլել… ուղիղ եթերի արժանի են մեր զբոսանքները… Դուրս եկանք Չայկովսկի 30 հասցեի մեր շենքից ու վճռական բռնեցինք Ֆրունզե 18-ի ուղղությունը… Շուշանին պիտի հանդիպենք… գրկենք ու թուշիկները պաչիկ անենք. հայր ու տղա բաժանել-պայմանավորվել ենք… Վահանին էլ՝ չորս ամսական դարձող, քեռի Դավիթը հատուկ տոպրակով նվերներ է պատրաստել… Մեր շենքը, Խանջյան փողոցը մեքենաները բռնել են-լռվել-անշարժացել… Մի ուրի՜շ խցանում է… Ո՛չ մի շարժում…
— Ամենագնացով լինեինք, կբարձրանայինք մեքենաների վրայով… ճխլելով կանցնեինք, պա՛պ…
— Դավի՞թ, բա մարդի՜կ…
— Հա, պա՛պ, հասկանում եմ… Դե, հիմա բա՛ց Շուշոյի ճանապարհը…
— Ոտքով կգնանք, մետրոյով, Դավի՛թ, հետո՝ նորից ոտքով…
— Հա, պապ, քայլենք, բայց մեքենաները մայթերն են զբաղեցրել… որ լրիվ-լրիվ լցվեն, տեղ չթողնեն, ո՞նց ենք մետրո հասնելու…

Կրթահամալիրի Գեղարվեստի պարտեզում դեկտեմբերի 29-ին։

Մեր թանգարան-մետրոն՝ թևերը կտրած, մի քանի կայարանով՝ «Բաղրամյան»-ից «Գարեգին Նժդեհ», մի ուղիղ գծով փրկություն բերեց… Այսքա՜ն վախեցած վաղուց չկայի, ու ի՜նչ հակադրությունների քաղաք ենք ստեղծել՝ ինչպիսի էքստրիմ կյանքով… Շենգավթի շենքերի դատարկ բակերով, կուսական ձյունը տրորելով հասնում ենք Շուշոյենց… Ջանոյան Կարինեի աղմկոտ հարկի տակ… Բոլորս այստեղ ենք. ա՜յ քեզ Ձմեռ պապի մրցանակ՝ չորս զավակ Բլեյան՝ Աշոտի, Շուշոյով, իհարկե, չորս Բլեյան զավակի որդի՝ Վահանով զարդարված… Լեցուն, լեցուն, լեցուն իրրիկուն… Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է տեղավորելու-տեղաբաշխելու մեր Վիեննայի աղջիկ Շուշոն իր արձակուրդի երկու շաբաթը… «Խոշորացույց»-ի հատուկ հարցաթերթի՞կը լրացնի, թե՞ երևանյան օրագիր վարի իմ բլոգում… Ա՜յ քեզ սեբաստացիական նախագիծ:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 890

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմը իմ ապրածն է իրական ու դրա օրագիրը…

— Դավի՛թ ախպեր, էհե՜յ, վեր կաց, գո՜րծը մնաց… Դավիթ Բլեյանն իր ուսուցիչ մայրիկ Արմինեի ու նրա կուկուների հետ պատրաստվում է Բջնի՝ բերդ-եկեղեցի-Հրազդանի կիրճ, Սոլակի պաղ ջրեր ճամփորդության… Ճմռում է աչքերը…

Էս է որ կա, ճիշտ ես ասում…

Թումանյանն է, իհարկե, ճիշտ ասում։ Ու թասը Ստեփան եղբորս ձեռքին է այսօր… Օր եմ ասել՝ իմ հայր Թումանյան Հովհաննեսի ու իմ եղբայր Ստեփան Բլեյանի… ծննդյան: Ինչպե՞ս առաջ գցենք, կարևորենք երևանյան ուսումնական

Նոր ուղի, նոր գործընկերություն

Օգտագործելով Արատեսյան եռօրյա ճամբարի հնարավորությունը՝ հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 26-ին Եղեգնաձորի թ. 2 հիմնական դպրոցում ունեցանք բավականին ակտիվ հասարակագիտական քննարկում։ Նյութը «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքն էր: