«Եթե լրջորեն ենք դնում երեխայի բարոյական դաստիարակության խնդիրը, պետք է ճշտենք, թե ինչ աշխարհի համար ենք նրան պատրաստում:
Ցանկանո՞ւմ ենք, որ նրանք էլ մեզ նման տրորեն թույլերին, մեզ նման` նրանց գիտակցության մեջ էլ լռի անարդարության զգացումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն բողոքում: Որ նրանք էլ կիսաքաղաքակիրթ և կիսագազան լինեն նրանց նկատմամբ, ում կարելի է նեղացնել: Եթե այդպես չէ, ուրեմն, նախքան երեխայի բարոյական դաստիարակության մասին խոսելը պետք է վարվենք, ինչպես քուրմը խորանի առաջ. նրա նման ծնկի գանք և ամբողջ աշխարհի առաջ գիտակցենք մեր մեղքերը:
Երեխայի հասարակական դիրքի հարցը խորը և լուրջ հարց է. դա մեր ներկայի և ապագայի հարցն է:»:
Մարիա Մոնթեսորի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում», Երեխայի իրավունքները 20-րդ դարում

Մանկավարժության մեջ ես ինքնուս եմ, ինքնադաստիարակ:

Մարդիկ հակված են իրենց ստացած կրթությունը, սրանով՝ իրենց դպրոցը, իրենց ուսուցիչներին, իրենց գրքերը, իրենց ժամանակը, իրենց «սովետը» բացառիկացնելու: Ես այդ ախտով վարակված չեմ եղել երբեք, թեև իմ բլոգապատումից երևում է, ունեցել եմ լիարժեք մանկություն, պատանեկություն, երիտասարդություն: Արդար լինելու համար վստահաբար ասում եմ, որ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը, որտեղ սովորել եմ հավեսով 1962-72թթ, քաղաքի լավ համարում ունեցող դպրոցների շարքում էր:

 

«Բա որ խորհրդային կրթությունից բողոքում ես,- հարցնում են,- որտեղի՞ց քո գիտելիքները»: Ա՜յ, այստեղ է արատը, և այստե՛ղ է կրթության նորացման, հեղաշրջման ակունքը:

 

Ինչպե՞ս է մարդը, սերունդը, հասարակությունը նոր գիտելիք ստանում: Նախ և առաջ՝ ինքնուսուցմամբ: Լավ ուսուցիչներ եղել են ու կլինեն, թող շատ լինեն, բայց վտանգավոր է, որ հայաստանյան հասարակությունը, նրա դպրոցը, նրա ուսուցիչը, մասնագիտական հաստատությունը, նրա դասավանդողը շարունակում են անտեսել ինքնուսուցման գործոնը, մեր կյանքի վերափոխման բոլոր ոլորտներում: Մարիա Մոնթեսորիի «Ինքնուսուցումը և ինքնադաստիարակությունը կրտսեր դպրոցում» աշխատության վերնագիրը կարող է լինել մեր հեղինակային մանկավարժության անվանումը. նույնը՝ միջին դպրոցում, նույնը՝ կրտսեր դպրոցում, եթե իհարկե մենք կարողանանք գործել կոնկրետ ու փոքր քայլերով: Ավելին ասեմ, լավ դպրոցը վատ դպրոցից, լավ ուսուցչին վատ ուսուցչից կարելի է զանազանել այդ ինքնուսուցման, ինքնադաստիարակության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Իմ ասածը ամբողջությամբ վերաբերում է նաև նախադպրոցական զարգացմանը, նախակրթարան կամ մանկապարտեզ կոչվող հաստատությանը: Ուրիշ ինչպե՞ս շրջանցես մեր խորհրդային անցյալի՝ իր մսուր-մանակապարտեզի, տասնամյա դպրոցի, հնգամյա բուհի, իր՝ խորհրդային իներցիայով ու մեր մտավոր, հոգևոր ծուլությամբ պարտադրված ներկայի փակուղին: Ինչպե՞ս օգտագործես յուրաքանչյուրիս մտավոր ու հոգևոր ներուժը, ուղղորդված ահա՝ այսպիսի մանկավարժական տրակտատներով:

 

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ես մանկավարժական որևէ դասընթաց չեմ անցել: Հետագայում ևս, ես մանկավարժություն յուրացրել եմ ինքնուսուցման միջոցավ: Թիվ 183-րդ դպրոց, վստահ կարող եմ ասել, 1985-ին եկա իմ հայտնի մանկավարժական գրադարանով՝ Ղազարոս ԱղայանՋոն ԴյուիՋանի Ռոդարի,Մարիա ՄոնթեսորիՍելեստան Ֆրենե, Ջեյմս Փոյա… 1978-85թթ ես ագահ-անհագ էի մանկավարժական ինքնակրթության մեջ և առանձնացրել, կոնսպեկտավորել էի իմ` ձեր հայտնի մանկավարժների, ինձ հայտնի՝ հայերենով, ռուսերենով առկա աշխատությունները… Հետո, շնորհիվ իմ 1985-89թթ ինքնակրթության ավելացան նոր աշխատություններ` գլխավորապես նշված հեղինակների:

 

Ես մանկավարժական ճաշակս, ինչպես տեսնում եք, չեմ փոխել: Այդպես և գրականության, երաժշտության, ճարտարապետության մեջ: Լավ է քիչ, բայց լավ: Խորանալ է պետք: Յուրաքանչյուրս վարձատրվում ենք խորասուզման վրա ծախսած ջանքերի համար, հայտնագործություններով ու ձևավորվող համոզմունքներով, առանց որի ի՞նչ հետազատող ու հետազոտական աշխատանք: «Դպիր» ամսագիրն ավելի ուշ եղավ՝ իր տպագիր (1992-97) և էլեկտրոնային փուլերով (2006-ից), հետո եկավ կրթահամալիրի գրադարանը, իմ գործընկերների բլոգները… տիար Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի նման մշտական ընթերցողների օրինակն ու աջակցությունը…

 

Ես հիմա տեքստեր եմ կարդում՝ սեբաստացիների հոդվածների, թե նրանց հրամցրած թարգմանությունների տեսքով: Ու տեսեք՝ դժվարությամբ, բայց հիմնավոր վերադարձել եմ Մարիա Մոնթեսորիի կոթողային այս աշխատության ընթերցմանը: Շատ եմ ուզում` միասին կարդանք: Այս անգամ ես ընտրեցի «Երեխայի իրավունքները xx դարում»գլուխը: Ընթերցանությունը որպես մտավոր ամենալուրջ աշխատանք չի կարող անհատականության դրոշմը չունենալ: Ինչպե՞ս եք դուք այն ընթերցելու, վերընթերցելու` ձեր իրավունքն է և ձեր ռեժիմը՝ իր կիրակիով: Մի բանում ես համոզված եմ: Պիտի կարդաք այս կոթողային նշանակության ախատությունը, եթե գործընկեր եք: Շնորհակալություն մեր «Դպիր»-ին, մեր ինքնուսուցումը այսպիսով կազմակերպելու համար:

 

Երեկ Գեղարվեստի դպրոցում հանդիպեցինք կրտսեր սեբաստացիների` Արեգին և Էդգարին: Մայրությունը որքան նրբություն-գրավչություն է հաղորդել մեր Լուսինեին և սենսեյ Հայկուհուն. ակնհայտ է, որ երեկ մանկավարժական գործով զբաղված Լուսինեն ու Հայկուհին այսօր իրենց լիարժեք ու ինքնաբավ են զգում, երբ Արեգն ու Էդգարն իրենց գրկում են:

Ծնողնե՛ր, զգո՜ւյշ երեխաներից՝ նրանք ձեզ են խաղում:
Վե՜հ գործեր կատարեցեք:
Խոսեցեք Հայրենիքի՛ մասին:
Հերոսական, սխրագործական դեպքերի՛ մասին:
Ասպետնե՛ր եղեք, գեղեցի՛կ եղեք:
Դերենիկ Դեմիրճյան


Նախ՝ ընտանեկան մանկավարժական, մասնագիտական «շկոլայի» բացակայությամբ չէի կարող մանկավարժությունը որպես մասնագիտություն յուրացնել: Մանկավարժական մասնագիտությունը մեզանում ընտանեկան կրթությամբ փոխանցվել-փոխանցվո՞ւմ է, չգիտեմ:

Ամենապարզը` տվեք երեխային այնպիսի միջավայր, որը հարմարեցված է նրա մարմնի կառուցվածքին ու չափսերին և թողեք՝ ապրի: Այդ ժամանակ կզարգանա երեխայի գործունությունը, որը կզարմացնի մեզ նրանով, որ ոչ միայն հաճույքով կկատարի վարժությունները, այլ կցուցաբերի հոգեկան կյանքի իսկական դրսևորում:
Այդպիսի ներդաշնակ միջավայրում երեխան կենտրոնանում է մտավոր աշխատանքի վրա, ինչպես պարարտ հողի մեջ արմատներ տված սերմը, զարգանում է այնտեղ ու աճում միայն մեկ միջոցով` յուրաքանչյուր վարժության վրա երկարատև և բազմակի աշխատելով:
Երբ հետևում ես մանչուկներին աշխատելիս` կենտրոնացած, դեռ չձևավորված օրգանների դանդաղ շարժումներով, դանդաղ քայլվածքով, քանի որ նրանց ոտքերը կարճլիկ են, սկսում ես հասկանալ, որ երեխան ստեղծում է իր կյանքը, բացվում է, ինպես թիթեռը բոժոժից: Խանգարել նրանց պարապմունքներին, կնշանակի բռնանալ նրանց կյանքի վրա:

Մարիա Մոնթեսորի

Լավ է, որ շարունակվում է «Երևանը բլուրների վրայից» նախագիծը: Այս անգամ ճամփորդները Դպրոց պարտեզի 4-րդ դասարանցիներն են` Արմինե Աբրահամյանի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկրի ամեն կտորը՝ ուսումնական տարածք…

«Կանթեղն» սկսում-շարունակում է Երգ երգոց կարդալ… Ես լսեցի մեր աղջիկներին՝ Մանե Գևորգյանին և Ռեբեկա Խաչիկյանին… Ի՜նչ լավ կլիներ, որ Քնարիկը՝ իր խմբով, Հասմիկ Ղազարյանը՝ իր, Ելենան, Թամարը Ղահրամանյան…. թույլ չտային,

Նախագծերի առատությունն ինձ ոգևորեց

Իմ ընկեր, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը Դավթի ծնունդին մի ճոճանակ է նվիրել կախովի՝ երեք տարի գործածում ենք, տարվա բոլոր օրերին… ա՜յ քեզ որակ ու էսթետիկա… Չգիտեմ, Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտոակումբի, մեր Քոլեջի-ավագ

«Այո»-ն «այո»-ի և «ոչ»-ը «ոչ»-ի տեսքով…

Հայաստանի, կրկնում եմ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավանը, Դովեղը, Նոյեմբարյանը, Պառավաքարը… 2015թ. սեպտեմբերի 24-ին տևական ռմբակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից այնպես, որ Բերդավանում քաղաքացիական բնակչությունից՝ երկու, Պառավաքարում մեկ զոհ կա, վիրավորներ