Երկրորդ գիրքը, որ իմ սեղանին է՝ «Երկիր դրախտավայր», մտահաղացել, առաջաբանը և նախաբանը գրել, հրատարակության է պատրաստել «Հայագիտակի» հիմնադիր ղեկավար Ալբերտ Իսոյանը: Գիրքը, որ լույս է տեսնում Կարեն և Սամվել Կարապետյանների հովանավորությամբ, ինձ նվիրել  է Արամ Կարապետյանը, երբ շնորհանդեսն անգամ չէր եղել։ Ես օրագրում պարբերաբար կանդրադառնամ այս «Երկիր դրախտավայր. նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», վստահ եմ, բարեխիղճ կազմված ժողովածուին…

Լեռ Կամսարի «Մազապուրծ օրագիրը», շնորհակալ եմ, անակնկալ էր ինձ համար, նվիրեց Արամազդ Ղալամքարյանը իմ «Օրագրի» 100-րդ թողարկման առիթով… Գիտեք՝ մի Կամսար, մի Մահարի մի ամբողջ ստալինյան սերնդի արժանապատվության  պահապաններն են… Երբ  մարդն ու գրիչը մեկ են … Օրինա՞կ են մեզանում այսպիսի համեստ-անճիչ կյանքով գործիչները, նրանք կարո՞ղ են հերոս համարվել… Ինչո՞ւ չեն կարող, երբ «մոնումենտ են կառուցել» իրենց կյանքով մի ահեղ դարում, երբ միլիոնները ընդամենը լռել-փրկվել են, իսկ հազարները օգուտով ծառայել ստալինյան հրեշին և դեռ, համեցեք, Հայաստանում, մայրաքաղաքում, հպարտ ու (տեսա՞ք) ռուսերեն հուշագրությունների հաղթական շնորհանդեսով բոլոր TV-ներով, առանց դիմադրության մտնում տները… նաև՝ ստալինյան զոհերի ժառանգների։ Այո, իմ խոսքը Ա. Միկոյանի «Так было» հուշագրության մասին է: Ահա ձեզ հուշարձան, որ իր տպաքանակով կանգնեցվեց:

Ես չեմ սիրում ո՛չ լիքը գրասեղան, ո՛չ գրադարակներ, ո՛չ լցված պատեր, ո՛չ ծանրակշիռ սեղաններ…Ի՞նչ են փոխում-ավելացնում դրանք մեր կյանքին. խլում են, տանում, շեղում, խճճում… Պարզ, պարզ, մինչև վերջ պարզ՝ կենցաղում, մարդկային հարաբերություններում, գործողություններում և մտքերում. հակառակ դեպքում՝ իրար չենք լսելու  ու չենք մեկտեղվելու այս փոսից դուրս գալու համար…

ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՀ լուսավորության նախարար-ԿԳ փոխնախարար լինելուս շրջանում և դրանից հետո, անդրադարձել ենք ոչ մեկ անգամ հասարակական  կյանքի բարեփոխումների մեթոդին։ Ես հայտնի Նոր ուղու` արմատական-ազատական, ամբողջական փոփոխությունների՝ հեղաշրջման կողմնակից եմ եղել, ինչպես բացատրված է արևմտահայերենի և Ստ. Մալխասյանցի հեղինակած բացատրական բառարանում, հեղաշրջում մարդկանց գիտակցության մեջ և տնտեսական կյանքում, հասարակական հարաբերությունների ողջ սպեկտրում` կրթություն, մշակույթ, գիտություն: Տեր-Պետրոսյանն այս մոտեցումն էր ներկայացնում և իրականացնում հատվածական-արմատական փոփոխություններ տնտեսական հարաբերություններում (ազատ շուկայական տնտեսությամբ, մասնավոր սեփականությամբ), իսկ, այ, հասարակական  կյանքի մյուս ձևերում՝ կրթություն, մշակույթ, գիտություն, հանրային կյանք… պիտի  սպասել, մինչև սերունդ կփոխվի, կգա  Անկախության շրջանի սերունդը՝ նոր մտածողությամբ… Դիմանալ է պետք: Եկել է  Անկախության շրջանի սերունդը՝ 1984-96-ին և հետո ծնվածների սերունդներն են` մինչև 30 տարեկան աշխատող, ուսանող, ավագ դպրոցի սան… Այս օրերին ավագ դպրոցում ես շատ տեսքով պատանիների մեջ հանդիպեցի իրենց ծնողներին՝ խորհրդային մտածողությամբ, խորհրդային շրջանի ու նրա առաջնորդ Ստալինի գովերգմամբ… Վերարտադրվել են նրանք. վերարտադրվել է ընտանիքը, հեղաշրջումից դուրս մնացած դպրոցը, բուհը, հանրային կյանքի մյուս հատվածները… Պատահական չէ, որ ոչ իշխանական ուժերի միավորումը այսպիսի տեսք ու կառուցվածք ունի և՛ Ազատության հարթակում, և՛ հրապարակում… Ու ես մարդկայնորեն շփոթված եմ՝ իմ զավակներից, իմ սաներից, իմ կրտսեր եղբայրներից կազմված հետադիմության տպավորիչ խմբերի առաջ… Ինչպես Քրիստոսն անապատում։ Կարդանք միասին. Հովհաննես Թումանյանը սա ապրել է 23 տարեկանում.

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա:

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր — լույս ծավալի
Մարդկային կյանքի մութ անապատում:

Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…

Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…
Հունվարի 18, 1892

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես և Մենք հրապարակում

Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լևոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է չքացել էին առանց հիշատակ… Կենդանանում է 1991թ. սեպտեմբերի

Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն