Դավիթ Բլեյանը նուռ ու սերկևիլ շատ է սիրում, ինչպես և ես: Ես կարող եմ և չուտել, բայց ուրախանում եմ, երբ սեղանին դրված են լինում նռներն ու սերկևիլները, «տունս լցվեց»՝ կասեր մայրս… Սրանց ծաղի՜կը, սերկևիլի հո՜տը, բա սրանց տեսքն ու հա՜մը… Մեր սիրելի Սոֆյա Գրիգորյանը (Դավիթը, հենց տիկին Սոֆյան ուրիշ գործով շեղվում է, ասում է՝ «իսկ դու երգիր»)  մեզ իրենց այգու սերկևիլներով է հյուրասիրել… Բարիքով, ծաղիկով միշտ լինի ձեր այգին, Սոֆյա ջան, դու «Փայտե ձիուկից», «Այբ, բեն, գիմից», «Կաքավի գովքից» չշեղվես, մանկական երաժշտական խաղերից, Սոֆյա ջան, չշեղվես, դու Դավթի հետ երգի, խաղա, մնացածը թող ուրիշներն անեն…

Դավթի հետ իջնում ենք հրապարակից՝ Տիգրան Մեծ պողոտայի մայթով, մութուլույս է իրիկնային, խաչմերուկ չհասած, մի կին ինչ-որ բաներ է վաճառում, դրանց մեջ՝ նուռ… Ես երկրորդ պլանից հետևում եմ… Դավիթը մոտենում է, անմիջապես իրենով անում տարեց կնոջը, զրույցի բռնվում, կինը, երևում է, ոգևորվում է, նուռը կտրում, մի դիլիմ տալիս Դավթին… Դավթի՝ այս ագահ, համառ Բլեյանի ձեռից նուռը չես առնի… Պիտի անցնենք պողոտայի նշագծած անցումներով… Ինքը քչփորում է իր դիլիմը, հատիկ-հատիկ ուտում նուռը… Զայրանալ, բռնանալ չի կարելի, Գևորգ Հակոբյանը հետևում է մանկավարժորեն, իսկ տասնյակ սեբաստացի ուսուցիչներ հիանում են երկու ախոյան Բլեյանների՝ սկիզբ առած մարտով. ինչով է ավարտվելու… Ու, հանկարծ, մի հատիկ նուռ ընկնում է Դավթի մատիկներից… Դավիթը փողոցի մեջտեղում կռացել ու հատիկն է ման գալիս… Ես ձեռքս բարձրացրել եմ (իմ  նշանավոր, բարիկամեցողական շարժումը հայտնի է) դեպի վարորդները… Տեսարան է։ Վարորդները բարյացակամ ընդառաջում են. Դավիթը շուտ գտավ այդ հատիկը… դրեց բերանը, նայեց իրեն սպասող վարորդ-մեքենաներին, նշանավոր ժպտաց, և մենք զգույշ-արագ անցանք փողոցը… Դավիթը մինչև տուն հասնելը քչփորել, կերել, հատիկաթափ էր արել դիլիմը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթը Բ-4-ի օր չէ

— Դավի՛թ, լսեցի՞ր հայրիկի խոսքը. դու սովորո՞ւմ ես հայրիկից… Հարցնում եմ ես, երբ ընտանիքով լսում ենք իմ այս հեռուստահաղորդումը: – Չեմ ուզում,- գոռում է Դավիթը: – Ինչպե՛ս,- ասում եմ,- Դավի՛թ,

Ես Դավիթ Բլեյանն եմ

Դավիթ Բլեյանը կեցցե` առավոտյան ժամը 07-ին, կազմ ու պատրաստ ենք Արցախ մեկնումի. օրն էլ պայծառ, արցունքի պես ջինջ: Արարատյան դաշտում աշնանային առավոտը մեզ ինչպիսի՜ պատեհություն պարգևեց՝ ծովի պես մեծ-խաղաղ դաշտն ու

Դավիթը բոլ թութ կերավ, հեծանիվ քշեց, բոլ ներկայացավ

Դավիթ Բլեյանը Գևորգենց նշանավոր հայաթում ինքն իրենով էր… Սեբաստացի Միքայելը՝ Գևորգի Ազգուշ քրոջ թոռնիկը, առանձնացել էր. հայաթի տերն ու տիրակալը նրա 1,5 տարեկան եղբայր Մովսեսն ու նշանավոր Բուչոն էին, որ նկարում տեսաք…