Ասել է թե՝ ինքնուրույնության քսանհինգ տարվա կյանքը մեր, որպես անհատական ու հավաքական ինքնադրսևորման հարթակ…

Հարավարևմտյան թագավորությունով (կրթահամալիրի Բանգլադեշի՝ նույնն է թե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, ժողովրդի լեզվով ասած Բլեյանի դպրոցի) ես պարբերաբար անցնում եմ աննկատ-մի շնչով, կողքի-ինձանից դուրս հայացքով՝ գնահատելով այդ շրջանում մեկ ամսում, տասը-տասնհինգ օրում կատարվածը, փոփոխությունների արագությունը-ուղղությունը… Երեկ այդ օրն էր… Փողոցը՝ Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, թե Առնո Բաբաջանյանի, իր աղմուկով-խցանումով մի իրականություն է, հենց փողոցն անցնում ես, մտնում բնակավայր՝ Անկախ մայլա, Բ-4, թե Բ-1, Բ-2, Բ-3 թաղամասեր, այլ… աշխուժությունից-եռուզեռից քիչ բան է մնում… ձայները, կենդանությունը սկսում են մարել… Ի՞նչ է, մարդիկ միայն մեքենաներո՞ւմ են, փողոցներո՞ւմ, սիթիներո՞ւմ… ու մի քանի հայտնի բլոտի-նարդու բեսեդկաներո՞ւմ…

Մայր դպրոցի լանջերն այսօր:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Կրթահամալիրի դպրոցներում այս անգամ ոգևորվեցի Հարավային մեր դպրոցի կենդանությամբ՝ ներսում, հատկապես դրսում 4-5-րդ դասարանցիների պարտիզապուրակային գործունեությամբ` իր թափով-ծավալով… Կեցցեք, Շամիրամ և ընկերներ, 5 տարեկաններ՝ Գոհար Սմբատյանով, 6 տարեկաններ՝ Բաբուջով… հավաք-գունեղ-հավեսով… Ոգևորիչ է և մեր Սեբաստացի Մոլի հետևողականությունը

«Արարատ TV»-ում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Այո, 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հետքերով ու ՀՀ ԳԽ սեպտեմբերի 23-ի անկախ պետականության ակտով, դրանց մասնակից ոչ շարքային մահկանացուս փնտրում եմ հետքեր իմ մեջ կամ իմ շուրջ, ձեր մեջ… ինձ այն ժամանակ համակած խանդավառությունից… Դժվար է գտնել, ի՞նչ անես խանդավառության այս փշրանքների հետ, Տոնի բուտաֆորիայի՝ բեմականացման դեկորացիաների հետ… Ես սա գիտեի: Փորձեցի դեմն առնել. «Բարձունքի նվաճում» նախագիծը օրացույցով առաջ տարվեց սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 3, Արագածի չորս գագաթից թափ-շունչ հաղորդելու համար, որ սեպտեմբերի 21-ը դառնա շատերի համար ֆիզիկական թե մետաֆիզիկական սեփական բարձունքի նվաճում, ամեն մի սեբաստացի սովորող տարատարիք` սկսած 5 տարեկան Դավիթ Բլեյանից մինչև քոլեջի ուսանող, նշանի մատանիով Աստղիկ Գալշոյան, ուսուցիչ ու ծնող… Եթե ամեն մի սեբաստացի նախագծի մասնակից դարձնի մեզ անծանոթ-ծանոթ այլ անձանց-խմբերի-դպրոցների…  Հետո հընթացս փորձեցի սեղմել ծրագիրը տոնի, մի քանի մատչելի-նշան-խորհուրդ ձեռքբերումների փունջ դարձնել… Մի պուրակ, մի մաքրված բակ շրջակա միջավայրում, ավարտուն տեսքի բերված ագարակ… դպրոցական մի բակ՝ պարտեզի վերածած… Ստացվե՞ց: Ի՞նչ եղավ այսօր, սեպտեմբերի 21-ին…  Թող ամեն մարդ գնահատի:

Կրթահամալիրի նորաստեղծ լանջերը կանա՜չ…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ինձ այս ամենից մնաց մի երազ՝ Երևանի գունավոր տպագրության տպարանի՝ խորհրդային շրջանի՝ 80-ական թվականների Հայաստանի ամենախոշոր մի կոմբինատի 20-25 հեկտարանոց քսանհինգ և ավելի տարի լքված-բարձիթողի մի տարածք Բանգլադեշի սահմանում ներկայացնել ամենապարզ լուծումների տեսքով, որպես մի նոր թաղամաս՝ սոցիալական բնակավայր, մարզահրապարակներով, լողավազանով-հնգամարտով, պուրակներով, տեխնոլոգիական սիլիկոնյան հովտով… Սա ստացվեց ու ոգևորե՞ց ինձ, որ ի՞նչ անեմ այս նոր ծրագրի հետ…

1991թ սեպտեմբերի 21-ով, թե դրանից առաջ 1988թ-ի փետրվարի արցախյան շարժման մեկնարկով հրապարակում մենք ենք` մեր անհատական թե հանրային ընդունակությամբ… Ինձ թվաց, թե նոր վերնագիր եմ գտել, ընդունակությունը փոխարինելով ինքնուրույնությամբ… Ինքնուրույնությունն է ճանապարհը մեր անհատական-հավաքական ընդունակության դրսևորման… Անկախությունը՝ որպես ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն-մեկնարկ… Ախր, անկախությունն ամենօրյա մի ընթացք է… Պարզվեց, ոչ. տարիներ առաջ ես այսպիսի վերնագրով մի ընդարձակ հրապարակում ունեցել եմ: Ու հիմա օգնեք ինձ գտնել այդ հրապարակումը:

Բարձունքի հաղթահարում. գյուղ Բուժական, Թեղենյաց վանք:
Լուսանկարները՝ 3-րդ դասարանի դասվար Արմինե Մնացականյանի:

Սեպտեմբերի 21-ին ես կլինեմ հեծանվի վրա… Դավիթն իր ընկերների մի խմբի հետ՝ Ուշիի բարձունքը կնվաճի, հետո կխաղա Քասախի հովտում… Տոն է-օր է, որքան էլ առօրյա ապրել է պետք: Հենց այդպես էլ շարունակում ենք ապրել:

Օրագրի ընթերցողները հետևո՞ւմ են Հայաստանում կառավարության նոր կազմի ձևավորման, տեղական ինքնակառավարման՝ համայնքների ղեկավարների ընտրությունների և 2017-ի համապետական ընտրությունների պատրաստության ընթացքին… Իմ օրագրում ես հրաժարվեցի ընթերցողին ուղղորդող ընթերցարաններից, որքան էլ շիտակ էի ընթերցողին ամբողջական հայացք փոխանցելու մեջ… «Կարեն Կարապետյանի ԱՊՊԱ-ն» տիպի հրապարակումները մի տեսակ արձանագրային-տեղեկատվական բնույթի են, անմեղ, ժամանակ և նյարդեր տնտեսող:

# 797

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ կենսագիրը… ձեր հիշողությունն է…

Բարի հիշեք չեմ ասում, Տերյան Վահանի պես, ու դրան հաջորդող Մնաք բարով, մնաք բարովը… Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, կենսագիր չունեմ. կամ, ինչպես իմ 1503-րդ գրի վերնագիրը՝ իմ կենսագիրը ձեր հիշողությունն

Հաղորդագրություն, այն էլ կամրջից, գիր է…

Կիևյան կամուրջի վրա հայտնվեցի հերթական հոգեհանգստից հետո, երբ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից ոտքով, սկզբում` Սվետա Ճաղարյանի հետ, Լենինգրադյան փողոցի իմ ու Սվետայի սիրելի սոսի-չինար ծառերով, սեբաստացի երգչախմբերով տարված, հետո՝ Սվետային թողեցի իրենց

Նախատոն, Տոնի ավագ շաբաթ, ու ես sos եմ հնչեցնում…

Արփինե անունով երիտասարդ ծնողը Դպրոց-պարտեզից ինձ հուզեց իր ուշադրությամբ-հետևողականությամբ-նրբանկատությամբ… Տպավորվել էի նրա ակտիվությամբ-բարեկրթությամբ՝ կլոր սեղանից։ Իսկ հիմա Մայր դպրոցում դեպի երաժշտական ուսումնական կենտրոն քայլելիս լսում եմ նրա շփոթեցնող հարցը. —