Հատկապես որ ինչպես փիլիսոփա Հեգելն է հաստատում` «Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ ժողովուրդներն ու պետությունները ոչ մի դաս չեն քաղում պատմությունից և ոչինչ չեն սովորում»։ 

Ինձ հարցնում են՝ ժամանակը, շրջանը,  որ ազդեցություն է թողել, որպես ամենապատմական…  Ես այն մարդկանցից եմ, ովքեր պատմությամբ հետ գնալու ժամանակ ու հավես չունեն: Իմ կյանքում պատմությունն ու պատմականը արթմնի են՝ կան, զգացնում են, օգնում ինձ հասկանալ, գնահատել կատարվածը հարյուրավոր տարիներ էն կողմ… Բլոգի իմ ընթերցարանը շրջանցել չենք կարող, եթե հերթապահ չեն ինձ ուղղված այս տիպի հարցերը… Ախր դրանք հա՛մ պատմական են, հա´մ իմ կյանքը…

Մեր նորագույն շրջանի բռնագաղթը, իրական հայրենիքի կորուստը, չեն կարող մխիթարել ոչ մի հաղթանակ նորագույն շրջանի, ո´չ իմ սքանչելի Շուշիի ազատումը, ո´չ Թարթառի հովտի բացումը… Շարունակ խոսում ենք 1988-ի փետրվարի 28-ի Սումգայիթից, որը պատմական հայրենիք չէ, Սումագայիթի հայոց եղեռնից: 1988-ի աշնանը` նոյեմբերից սկսեցինք բնագաղթել  Գանձակից (Գյանջա), և 1989-ին ամբողջովին դատարկվեց հայոց Գանձակը, Դաշքեսանը, Խորասանը, Վարդաշենը, Շեքին, Մինգեչաուրը… 1990թ. հունվարին եղավ Բաքվի հայաթափումը, հայոց ամենամեծ քաղաքային համայնքի դատարկումը, Հյուսիսային կամ Դաշտային Արցախի՝ որպես իմ իրական հայրենիքի բնաջնջումը, նրա բնիկ ժողովրդից դատարկումը` 1990-92թթ, Ազատ-Կամոյով, Գետաշեն-Մարտունաշենով, Շահումյանի շրջանով ավարտված: Նախիջևանի Ջուղայի հուշարձանի (հին գերեզմանի) ոչնչացումը, վերջնական թաղումը…

Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

Գիտե՞ք` Թումանյանի այս «Հոգեհանգիստ»-ը քանի՜ անգամ եմ կարդացել 1988-ից սկսած, մինչև….. 1991-ի մարտին, «Կոլցո» օպերացիայի օրերին հերթապահում էի Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության շենքում, որպես վարչության անդամ… Գետաշենի անկման, դատարկման լուրը ինձ խոցեց հեկեկալու աստիճան. այսպես ենք, հա՞, Հովհաննես Քաջազնունի, Հայրենիք կորցրել` Գանձակ, Խանլար, Դաշքեսան, Ազատ, Կամո, Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան…

Հանգե՜ք, իմ որբե՜ր…իզո՜ւր են հուզմունք…

Ես քաղաքականություն մտել եմ այս ամենը՝ կորուստը կանխելու, իրական հայրենիքին պաշտպան կանգնելու… իսկ հայրենիքն իրական է իր ծննդավայրում բնիկ ապրող մարդկանց հավաքանիով… Ես պատմագիր-վավերագիր չեմ, բայց ցույց տվեք այն արձանագրությունները, առանց միջամտության, որ կարելի է թերթել, սկսած ՀՀ Գերագույն խորհրդի նիստերի արձանագրություններից՝ 1991-ի սեպտեմբերի 23-ի անկախության հռչակումով, մինչև 1992թ. Շուշիի գրավումը, Գետաշեն-Շահումյանի անկումը, Արծվաշենի, կորուստը…

Որպես անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ արեցինք, որ հարևան նորանկախ Ադրբեջանի հանրապետության հետ խորհրդային շրջանում` 1988թ. փետրվարին սկիզբ առած վեճը ռազմական հակամարտության, հետո նաև պատերազմի չվերածվի: Չգիտեի՞նք, որ սրա հետևանքով հայրենիք ենք դատարկելու, գաղթական ենք դառնալու, թե՞ նորից, ինչպես 1920-ի գաղթականները, խաբված կանչելու են.` մեզի ըսին տերիտորիան է կարևոր: Սա՞ էր մեր նվաճումը. կորցինք ինչպիսի̴ հայրենիք` իր բնիկ ժողովրդով և ձեռք բերեցինք տերիտորիա` առանց ժողովրդի՞: Ես խնդրեցի այդպիսի մի տեղեկագիր կազմել մեր պատմության ուսուցիչ Աշոտ Տիգրանյանին՝ մեր մեծ վկային հայոց պատմության… Դեռ կանդրադառնամ դրան:

Երգելով ու երգերով չէ… Ավա՜ղ, անվերադարձ կորուստ ունենք, քանզի մարդու կորուստը անդարձ է: Տարագիր հայը արմատ է գցում իր նոր հանգրվանում, բնակվում, ապրում, էլ հետ դարձող չէ… Որտե՞ղ են հիմա Դաշտային Արցախի, Գետաշենի, Շահումյանի բնիկները, Բաքվի հայերը, Թարթառի հովտո՞ւմ են, Հայկական հռչակված Աղդամի տարածքո՞ւմ, Քաշաթաղի, Զանգելան-Ջեբրայելի տարածքո՞ւմ…թե՞ աշխարհով մեկ, աշխարհասփյուռ ու անվերադարձ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խնայում եմ ձեզ ու ընտրում թոփ եռյակը

Չարենցը Տերյանին էր դիմում՝ իր ինքնազարմանքն արտահայտելու համար. Սի՜րտ, քնքշությո՜ւն, սանտիմե՜նտ, — ե՜րգ, և՜ ցնորք, և՜ թախիծ… Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն: Հիմա մերն է՝ մեր բանաստեղծական ներաշխարհով ապրելու պահանջն ու այս ահեղ՝ անվերջ

Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից…

Մի մեծ ակտիվացած լսարան սպասում է Նիկոլին, սա վտանգավոր է…

Բոլոր մարդիկ ուզում են մտածել ու գործել կրեատիվ եղանակով

Ինչով են վտանգավոր բարձրակրունկ կոշիկները Գիտնականներն ապացուցել են, որ կեռասը մաքրում է անոթները Համբույրի բարերար ազդեցությունը Երկարակեցության 7 խորհուրդ Օրական մեկ բաժակ լիմոնաջրի օգտակար հատկությունները Օշոյի լավագույն 10 խորհուրդները Չափազանց