«Առավոտ» 28.10.2006

Հարգենք այս տարվա սեպտեմբերի տասներկուամյա դպրոց մուտք գործած հազարավոր հինգ-վեց տարեկաններին, նրանց բնույթին ու մարմնին արագ համապատասխան դարձնենք գործող դպրոցը` միշտ հիշելով, որ շատ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան եղածը փոխել:

 Տասներկուամյա միջնակարգ հանրակրթական դպրոցը մեզանում և՛ փաստ է, և՛ օրենք, ժամանակավրեպ է նրա դեմ պայքարը: Պարզապես պետք է այսօրվա երեխաների համար արդյունավետ դարձնել դպրոցը: Մեկ միասնական (տասնամյա թե տասներկուամյա) ընդհանուր դպրոցի գոյությունը ես անարդյունավետ եմ համարել միշտ: Հինգ-յոթ տարեկան առաջին դասարանցին ու տասներկու-տասնութ տարեկան ավարտական դասարանցին երկու տարբեր մարդիկ են: Հարգանքը նրանց նկատմամբ, իսկ կրթության մեջ փոփոխությունները` հիմնված միայն սովորողի և ուսուցչի փոխադարձ հարգանքի վրա, պարտադրում են խիզախել և ստեղծել երկու ինքնուրույն դպրոց` կրտսեր ու ավագ տարիքի երեխաների համար առանձին: Ես պնդում եմ, որ կրթության փոփոխություններին թափ, ուղղվածություն և խորություն կարելի է հաղորդել, եթե ճիշտ ընտրվեն կրթական համակարգի կառուցվածքային նոր միավորների` ինքնուրույն կրտսեր և ավագ դպրոցների մոդելները:

Կրտսեր (տարրական), միջին (հիմնական) և ավագ դպրոցները մեզանում եղել են և կան անունով միայն` որպես տասնամյա (տասներկուամյա) միասնական հանրակրթական դպրոցի աստիճաններ: Հանրապետության հազար երեք հարյուր երեսուներկու հանրակրթական դպրոցներից այսօր միայն տասներկուսն են տարրական ինքնուրույն դպրոց, այն էլ՝ հարկադրված, միշտ երազելով միջնակարգ, գոնե ութամյա դառնալու մասին: Հանրապետությունում գործում է ընդամենը հարյուր հիսունմեկ հիմնական դպրոց, որոնք նորից պայքարում են (երազում) միջնակարգի կոչման համար, և ընդամենը երեսունի չափ ավագ դպրոց` վարժարանի կամ արհեստագործական դպրոցի տեսքով: Այսպիսով` Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքային միավորը մեկ միասնական տասնամյա միջնակարգ դպրոցն է: Մենք առաջարկում ենք վեցամյա ուսուցմամբ ինքնուրույն կրտսեր դպրոցի և վեցամյա ուսուցմամբ ինքնուրույն ավագ դպրոցի մոդելներ` մեկ ու միասնական տասներկուամյա միջնակարգ դպրոցի ու միջնակարգ կրթության ծրագրի փոխարեն՝ երկու ինքնուրույն կրթական ծրագիր: Ինքնուրույն` որպես ուսումնական հաստատություններ և կրթական ծրագրեր` իրենց խնդիրներով, սովորողներով և ուսուցիչներով, կրթության բովանդակությամբ, ուսումնական գործի կազմակերպմամբ, ֆինանսավորման ու կառավարման կարգով, ուսուցողական նյութական միջավայրով (շենքով, ներքին ու արտաքին բակերով, սովորողներին հարմար ու համապատասխան կահույքով), ուսուցման միջոցներով: Կրթության և գիտության նախարարության Երևանի փորձարարական-հետազոտական միավորումում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պետական ֆինանսական աջակցությամբ իրագործվում են պետական այլընտրանքային մանկավարժության ինքնուրույն կրթական ծրագրերը` վեցամյա կրտսեր դպրոցի և վեցամյա ավագ դպրոցի մեր առաջարկած մոդելները: Սա ասում եմ ոչ որպես թերթային գովազդ:

Սովորական երևանյան իրականության մեջ, տարիների մանկավարժական գիտափորձի արդյունքում ծնված նոր դպրոցները` երկուսից տասներկու տարեկանների զարգացման դպրոց-պարտեզը, ազատ երեխայի վեցամյա ուսուցման կրտսեր դպրոցը, տասներեքից տասնութ տարեկանների մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական կրթության նախապատրաստման ու մասնագիտական ուսուցման ավագ դպրոցները` վեցամյա ուսուցման վարժարանը և արհեստագործական դպրոցը, քառամյա ուսուցման գեղարվեստի վարժարանը, ապացուցեցին իրենց կենսունակությունը և կարող են որպես մոդել-դպրոցներ արժեք ներկայացնել: Ահա ինչու Կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է հրապարակային լսումներ, մեր` հեղինակային մանկավարժության հիշյալ ծրագրերն արժևորելու նպատակով: Հայտնի հոգեբան Պիաժեն ժամանակին և հիմնավոր ապացուցեց, որ վեցից տասներկու տարեկանները զարգացման (ճանաչողական) առումով ներկայացնում են նույն կրթատարիքային` կոնկրետ գործողության փուլ, երբ երեխայի մտավոր գործընթացում հայտնվում են տրամաբանության և առարկաներն իրենց նմանությամբ կամ տարբերությամբ համակարգելու կարողության նախադրյալները: Նախագործողության կրթատարիքային փուլում (երկուսից վեց տարեկանում) երեխան սովորում է, թե ինչպես  ճանաչել  շրջապատը` արտաքին աշխարհի մասին ունեցած իր պատկերացումների կամ մտքերի միջոցով: Այս փուլը (երկուսից վեց տարեկանների մանկապարտեզ կամ նախակրթարան) կարող է գործել ինքնուրույն և առանձին, կարող է միաձուլվել (ինչպես մեր կրթահամալիրում) մեկ միասնական` երկուսից տասներկու տարեկան երեխաների դպրոց-պարտեզի մեջ: Կրթությունը երկարատև շարունակական ընթացք է, որի հաջողությունը շատ բանով պայմանավորված է դրա համար անհրաժեշտ իմացումի «հավես», հաջողակի վստահություն և սովորողի հմտություններ փոխանցող բազային կրթությամբ: Ինքնուրույն կրտսեր դպրոցը սովորական և ազատ երեխայի (կրթություն բոլորի համար) բազային կրթության արդյունավետ` մատչելի, բաց-ժողովրդավարական և արդար, հիգիենիկ-անվտանգ հաստատություն է, որն ապահովում է երեխայի անօտարելի իրավունքների պաշտպանությունը: Բազային կրթության դպրոցը` որպես նոր հաստատություն, կարծում եմ, անհրաժեշտ կառույց է դպրոցը մարդկայնացնելու, կենդանացնելու ճանապարհին: Ինքնուրույն կրտսեր դպրոցը, ի դեպ, կա նոր Կրթակարգով` որպես քառամյա տարրական ուսուցման մեկից չորրորդ դասարանների և ինտեգրված ուսուցման հինգից վեցերորդ դասարանների ուսուցման տրամաբանական (օրգանական) ծրագիր: Ով ծանոթ է Կրթակարգում ամրագրված հանրակրթության նոր հենքային ուսումնական պլանին, հեշտ կնկատի իմ ասածը, իսկ ինքնուրույն կրտսեր դպրոցի «մանկավարժական փիլիսոփայությանը» ես կանդրադառնամ առանձին հոդվածով: Կրտսեր դպրոցներն ավարտողներն (իսկ կրտսեր դպրոցում պիտի սովորեն ու այն պիտի ավարտեն բոլորը) իրենց ազատ ընտրությամբ ուսուցումը կշարունակեն ինքնուրույն ավագ դպրոցների հանրապետական ցանցի օղակներից մեկում: Երեխայի բազային կրթության ինքնուրույն վեցամյա ուսուցման կրտսեր դպրոցը, կամ երկուսից տասներկու տարեկանների դպրոց-պարտեզը` որպես երեխայի բազային կրթության արդյունավետ հաստատություն, հատկապես օգտակար կարող է լինել փոքր գյուղական համայնքներին: Մենք պատրաստ ենք գործուն աջակցել նախարարությանը երեսուն-քառասուն երեխայով որևէ գյուղում բազային կրթության դպրոցի (դպրոց-պարտեզի) մոդելի ստեղծման հարցում: Երեխայի բազային կրթության ինքնուրույն կրտսեր դպրոցի (դպրոց-պարտեզի) գոյությունն օրակարգի խնդիր է դարձնում նրա ուսուցչի պատրաստման և վերապատրաստման բակալավրիատի իրագործումը:

Պիաժեն երեխայի զարգացման չորրորդ փուլը (սկսվում է տասներկու տարեկանից և շարունակվում մինչև հասունություն) կոչվում է կանոնավոր գործողությունների ժամանակահատված: Այն բնութագրվում է մտածողության կանոնակարգմամբ և տրամաբանական մտածողության յուրացմամբ` առավել ճկուն դարձնելով մտավոր փորձարարությունը` տիրապետել վերացական մտքերի, առաջ քաշել վարկածներ, հասկանալ ուրիշների և սեփական գաղափարների իմաստը: Մենք մեր փորձով վստահ ենք, որ այս կրթատարիքային փուլը պիտի ունենա իր ինքնուրույն դպրոցը` որպես տարատեսակ ավագ դպրոց` վեցամյա (յոթից տասներկուերորդ դասարաններ) կամ եռամյա (տասից տասներկուերորդ դասարաններ):

Ավագ դպրոցի տարատեսակները թվարկված են Կրթակարգում, և միայն կյանքում այդ ցանկը կճշտվի ու կամբողջանա: Մենք պատրաստ ենք գործուն աջակցել նախարարությանը` որևէ մարզում գյուղական համայնքների երեխաների համար նրանց համապատասխան ավագ դպրոց ստեղծելու հարցում: Մասնագիտական ուսուցման կարգավիճակի շնորհումն ինքնուրույն ավագ դպրոցներին կարող է փրկել միջին մասնագիտական և արհեստագործական կրթության հաստատությունները (քոլեջները և ուսումնարանները)` դրանք վերածելով ինքնուրույն ավագ դպրոցների: Խոսքն իհարկե ֆինանսական (նյութական), տեխնիկական ու մանկավարժական նոր կազմակերպմամբ` ամբողջական ավագ դպրոցի մասին է:

Այո, ես առաջարկում եմ տարրալուծել միջին դպրոցի` հիմնական կրթության հինգից ութերորդ դասարաններն ինքնուրույն կրտսեր և ավագ դպրոցների կազմում` ստեղծելով կրտսեր դպրոցի ավագ հինգերորդ, վեցերորդ դասարաններ: Պարտադիր դպրոցի յոթերորդ, ութերորդ, իններորդ դասարանները կարող են դառնալ վեցամյա ինքնուրույն ավագ դպրոցի օրգանական աստիճանը (ավագ դպրոցի կրտսեր դասարաններ)` դեռահասի պարտադիր ուսուցման և ապագա (հնարավոր) մասնագիտական գործունեության միջև արդյունավետ կապեր հաստատելով: Յոթերորդ, ութերորդ, իններորդ դասարանները` որպես կրթական ծրագիր, կարող են գործել առանձին և ձևավորել ինքնուրույն պարտադիր հանրակրթական դպրոցը:

Կառուցվածքային այսպիսի փոփոխությունները հնարավոր կդարձնեն ավելի արդյունավետ օգտագործել եղած շենքերը, նյութական միջոցները` կրթական ծրագիրն անհատականացնել և երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան` մանկապարտեզ չունեցող գյուղական համայնքներում ունենալ փոքրաքանակ կրտսեր դպրոց-պարտեզներ՝ վատ օգտագործվող կիսադատարկ քաղաքային մանկապարտեզները վերածելով մեր նկարագրած կրտսեր դպրոց-պարտեզի` հարմարավետ նյութական միջավայրով, քաղաքային մոնստր-դպրոցների դեմն առնել` ստիպելով քաղաքի կենտրոնի հայտնի դպրոցներին վերջապես կրթական ծրագիր իրականացնել, արդյունավետ դարձնել ավագ դպրոցը և արդիականացնել` ներառելով աշխատուժի շուկայի և մասնագիտական կրթության համակարգ, լրացուցիչ պատնեշել երեխայի մանկությունը (ազատ զարգացումը)՝ ռեպետիտորական դպրոցից:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ…

2015թ. շարժման Բաղրամյան 2016թ. պայքարի Խորենացի Երեսուն տարի անց. քաղաքացիական անհնազանդության կախարդանքը… 16.04 Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի,

Եթե մարդու համար՝ ապա մարդու հետ…

Հանդիպում կրթահամալիրի Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի ստեղծագործական խմբի հետ։ Կարևոր մի փուլ մարդը չի մասնակցում հանրային կյանքի փոփոխություններին, ու դա կոչվում է դպրո՞ց… Աշոտ Բլեյան — Շնորհակալ եմ հրավերի համար,

Լրջացե՛ք մինչև վերջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: — Պարոն Բլեյան, վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար իրականացվող դիվերսիոն գործողությունները արդյո՞ք նախապատերազմական իրավիճակ են ստեղծում: Կա՞ դրա նախադրյալն